Վենետիկ. Մուրադ-Ռաֆաելյանի այս ամռան ճռռոցը - Mediamax.am

Վենետիկ. Մուրադ-Ռաֆաելյանի այս ամռան ճռռոցը
6045 դիտում

Վենետիկ. Մուրադ-Ռաֆաելյանի այս ամռան ճռռոցը


Չգիտեմ էլ ինչպես սկվեց սիրավեպս այդ քաղաքի հետ, բայց որ տեւելու է հավետ՝ դա հաստատ է։ Վենետիկում ես ինձ տանն եմ զգացել առաջին օրից։ Տան զգացողությունը անկասկած հայկականությունն է, որը կա ադ քաղաքում՝ անաղմուկ, գողտրիկ, քաղաքակիրթ, անքյաբաբ հայկականությունը։

Կարելի է թափառել ամենասիրուն, ամենակետրոնական, լաբիրինթ հիշեցնող, նեղլիկ փողոցներով եւ հայտնվել «Բարի եկար» հայերեն գրությանը. այն հրավիրում է ներս՝ դեպի հայկական եկեղեցի, որի կապույտ գավթին հարյուրավոր աստղեր են փայլփլում։  



Դե իսկ դեպի հայկական կղզի՝ Սուրբ Ղազար, ամեն օր կարելի է հասնել նստելով  նավ-ավտոբուս՝ վապորետտո՝ ուղիղ ժամը երկուսին եւ հպարտանալ Մխիթարյան միաբանության կղզու հայերեն, հնամենի, կաշվեկազմ գրքերով լի գրադարանով, թանգարանով, 92-ամյա հայր Արիստակեսի պայծառ մտքով, ինքնատիպ եկեղեցով։

Մխիթարյան Միաբանությունը հիմնադրվել է 1701 թվականին Պոլսում, այն հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկյան վանականների միաբանություն է։ Միաբանությունը հայագիտական, թարգմանչական, հրատարակչական, գիտական, կրոնական   հսկայական ժառանգություն ունի, որի արխիվներն այսօր ի ուրախություն շատերիս թվայնացվում են։    

Միաբանությունը եվրոպայում ունի շինություններ, տարածքներ, որոնք վարձով հանձնելով՝ առ այսօր ապրում են եւ՛ վանականները եւ՛ պահպանվում նրանց պատկանող կրթօջախները։

Ես Վենետիկում մնում եմ հենց այդպիսի շինությունում՝ Պալացո Կե Զենոբիոյում։ Այս բարձր, նկարազարդ առաստաղով, որմնանկարներով, քանդակներով, մարմարե հատակով, խորհրդավոր… անբացատրելի գեղեցիկ, հայելապատ, բարոկո ոճով կառուցված պալատը ոչ միայն աչքին է հաճելի, այն սրտիդ խորքն է մտնում ու պատսպարվում ամենատաքուկ անկյունում հենց այն պատճառով, որ բացարձակ հայկական է…

Սա Մուրադ-Ռաֆաելյան վարժարանի շենքն է։1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականների` Ռաֆայելի եւ Մուրադի կտակի համաձայն Մխիթարյանները հիմնում են վարժարան, որը 1850 թվականից տեղափոխվում է այս պալատ։



Մուրադ-Ռաֆայելյան գիշերօթիկ վարժարանը եղել է Վենետիկի միաբանության գիտակրթական կենտրոններից մեկը։ Այն ակադեմիական բարձր չափանիշներին համապատասխան կրթություն էր տալիս, որի լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայական եւ իրավունք ստանում առանց քննությունների ընդունվել Եվրոպայի համալսարաններ: Բայց ամենն անցյալում է…



Այսօր թափառելով կախարդական բռնակներով դատարկ շենքում՝ կարելի է գտնել հին կահույքով դասասենյակները. դռան վերեւում գրված՝ գիտադարան, բնագիտարան. կարելի է գտնել այս վարժարանում ուսանած Դանիել Վարուժանին, վարժարանի հարյուրամյակին (1936) նվիրված հուշատախտակներ։

Վարժարանը փակվել է 1997 թվականին։ Ասում են, աշակերտների քչացման եւ ֆինանսների սղության պատճառով։ Հետագայում շենքը սկսել է ծառայել որպես մշակութային, կրթական ոչ սիստեմատիկ միջոցառումների վայր, իսկ վերեւի հարկերը որպես հյուրանոց հատուկենտ, ոչ պահանջկոտ հյուրերի համար։

2017 թվականի ամռանն այստեղ էին գտնվում Վենետիկի Բիենալեի հայկական եւ տիբեթյան տաղավարերը։



Ես ու ընկերուհիս՝ Զոյան, երբ վենետիկյան երեկոների ջերմ մթնոլորտից ուզում ենք տուն վերադառնալ քնելու, իսկ շրջապատող մարդիկ համոզում են, որ մի քիչ էլ մնանք, միշտ ասում ենք. «Մուրադն ու Ռաֆայելը մեզ են սպասում։ Պարտավոր ենք շուտ գնալ։ Խանդոտ ամուսիններ ունենք»։ Իտալացիները լսելով մեր ամուսինների խրոխտ անունները, միշտ հարգանքով ցտեսություն են մաղթում մեզ։ Ես ու ընկերուհիս ծիծաղներս զսպելով քայլում ենք դեպի մեր սիրելի տուն՝ Մուրադ-Ռաֆաելյան։

Այս կատակը ծիծաղելի է, մինչ այն պահը, երբ փողոցում ես։ Իսկ մութ, ճռռացող աստիճանավանդակով քո սենյակ հասնելուց ավելի սարսափելի բան չկա՝ թվում է ուրվականները հետդ քայլում են շենքում։



Պալատը իրոք դղրդում, ճռռում ու տնքում է։ Այն վթարային է։ Վենետիկը ամբողջապես կառուցված է ջրի վրա։ Շենքը կարիք ունի միջազգային չափանիշներին համաձայն հիմնովին վերականգնման՝ ամենակարեւորը հիմքը, հետո մնացյալը։

Մուրադ-Ռաֆաելյանի այս ամռան ճռռոցը ինձ համար ոչ այնքան սարսափելի էր, որքան տխուր… այն ինձ փոքրացնում էր… անզորացնում… մղկտացնում…ապացուցում, որ աղքատ եմ եւ գումար չունեմ իրեն օգնելու…

Շենքում շշուկներ էին պտտվում՝ այն շատ երկար ժամանակով (99 տարի) վարձով են տալիս այլազգ ընկերությանը։

Շշուկներն ասում էին, որ սա ոչ միայն ՎԵՐՋՆ է հույսի, թե կվերաբացվի հնամենի, բարձրակարգ գիտական կրթօջախը, այլեւ ՍԿԻԶԲԸ չնաշխարհիկ շենքը հավետ կորցնելու։

Իսկ Մուրադն ու Ռաֆաելը այս շենքը ո՞ւմ էին նվիրել եւ ի՞նչ նպատակի ծառայելու համար։

Շարունակելի

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին