ԱՄՆ-ի Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Ուսումնասիրելով նոր օրինագիծը` ՌԲԿ-ում (РБК) հոդված գրելու նպատակով, սկսեցի մտածել, թե ինչպիսի՞ հետեւանքներ այն կարող է ունենալ Հայաստանի համար:
Շատերին կարող է թվալ, թե Վաշինգտոնի եւ Կրեմլի միջեւ ներկայիս քաղաքական ընդհարումները ոչ մի կերպ չեն ազդի տարածաշրջանային կոնֆիգուրացիայի վրա: Երկու տարի առաջ կհամաձայնեի այդ պնդման հետ, սակայն այսօր իրավիճակը գնալով վատթարանում է: Մենք ամեն օր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում խորացող ճգնաժամի ականատեսն ենք դառնում, որը չի կարող չանհանգստացնել պաշտոնական Երեւանին: Երկու գերտերությունների միջեւ յուրաքանչյուր այրված կամուրջ նվազեցնում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող քաղաքական խուսանավման հնարավորությունները:
Ամերիկյան պատմության մեջ շատ հազվադեպ են այն իրավիճակները, երբ 530 օրենսդիրներից 517-ը, անկախ կուսակցական եւ խմբակցային պատկանելությունից, միավորվում են ինչ-որ օրինագծի շուրջ: Ավելին, Exxon Mobil եւ Chevron կորպորացիաների վարձած խոշորագույն նավթային լոբբիստները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ չկարողացան ազդել Կոնգրեսի որոշման վրա: Օրենսդիր իշխանությունն, ըստ էության, իր վրա վերցրեց ԱՄՆ-ի գլոբալ շահերի պաշտպանի գործառույթը: Կոնգրեսականների եւ սենատորների ճնշող մեծամասնությունը վերջին ութ տարիների ընթացքում պնդում էր դեմոկրատ Օբամայի թուլության մասին, ում քաղաքականությունը կասկածի տակ դրեց Միացյալ Նահանգների համաշխարհային լիդերությունը:
Սակայն վարչակազմի ներսում քաղաքական տարաձայնությունները եւ Թրամփի՝ Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու ցանկությունը, որը սպառնում էր միաբեւեռ աշխարհի գոյատեւմանը, ստիպեցին կուսակցական վերնախավին գործել ինքնուրույն: Հանրապետականների ցանկությունը՝ ապացուցելու աշխարհին, որ ԱՄՆ-ը չի հեռացել թատերաբեմից եւ որեւէ դիրք չի զիջում (ոչ Սիրիան, ոչ էլ Ուկրաինան), ինչպես նաեւ Թրամփից վրեժխնդիր լինելու դեմոկրատների ձգտումը՝ սեփական թեկնածուի պարտության համար, ում քարոզարշավի համար հսկայական ֆինանսական միջոցներ էին ներդրվել, միավորեցին կուսակցական վերնախավերին մեկ հզոր բռունցքի մեջ: Այժմ հարվածները հասնում են բոլոր նրանց, ովքեր փորձում են միջամտել գործընթացին: Ընդունելով այդ պատժամիջոցները՝ Կոնգրեսը տնտեսական կորուստների դատապարտեց ոչ միայն Եվրոպայում իր դաշնակիցներին, այլեւ իր խոշոր հարկատուներին:
Այժմ ամերիկյան նավթային ընկերությունները կարող են մասնակցել միայն այն նախագծերին, որոնցում ռուսական մասնաբաժինը 33%-ից ավել չէ: Ակնհայտ դարձավ, որ կուսակցական վերնախավերը պատրաստ են նաեւ «սպանել» «Հյուսիսային հոսք-2» նախագիծը, որպեսզի Ռուսաստանին թույլ չտան ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում: Այլ կերպ ասած, հստակ ազդանշան է ուղարկված այն մասին, որ եվրոպացիները պետք է նավթը գնեն իրենց դաշնակիցներից, այլ ոչ թե հակառակորդներից: Ընդհանուր առմամբ, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի տարբեր մասնագիտական հանձնաժողովներում լսումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս պատժամիջոցների փաթեթը միայն սկիզբն է: Ըստ նոր փաստաթղթի՝ Կոնգրեսն արգելում է նախագահին ինքնուրույն որոշում կայացնել պատժամիջոցների չեղարկման կամ սահմանափակման վերաբերյալ: Այդպիսով, Կապիտոլիումը, փաստորեն, խաղից դուրս թողեց Սպիտակ տանը, քանի որ «գրպանային» կամ բացարձակ վետո դնելու ցանկացած փորձ կհաղթահարվի ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Ի՞նչ սպառնալիքներ է պարունակում այս իրավիճակը Հայաստանի համար:
Նախ եւ առաջ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: Հարաբերական կայունությունը սահմանին պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը եւ Մոսկվան շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանման հարցում: Պատժամիջոցների առաջին տարիներին կողմերը համաձայնության էին գալիս ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Սակայն այսօր դիտարկվում է ոչ միայն հարաբերությունների կտրուկ վատթարացում, այլ նաեւ ուժերի եւ շահերի վերախմբավորում:
Ադրբեջանի կողմից հարձակողական սպառազինությունների վերջին գնումների ավելի քան 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Սա խոսում է նախագահ Օբամայի նախագահության օրոք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում երկարատեւ լճացումից հետո ռուսական քաղաքական գործոնի կտրուկ ուժեղացման մասին:
Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում նույնպես ճգնաժամ է: Ամերիկացիները չեն թաքցնում անբարեհաճ վերաբերմունքը Էրդողանի վարչակարգի նկատմամբ, որն անելանելիությունից՝ ավելի շատ է նայում դեպի Մոսկվա: Վերջերս Թուրքիան պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ: Որոշ ազդեցիկ ամերիկացի զինվորականներ այդ գործարքի առթիվ մտահոգություն հայտնեցին, քանի որ Մոսկվան առաջին անգամ է այդ համալիրները մատակարարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին: Ավելին, դեռ 5 տարի առաջ ամերիկացիները հրաժարվեցին Անկարային փոխանցել իրենց ՀՕՊ տեխնոլոգիաները՝ չցանկանալով տարածաշրջանում ուժեղացնել նրա ռազմաքաղաքական դիրքերը: Սպիտակ տունը գիտակցում է, որ ուժեղ Թուրքիան միշտ անկանխատեսելի եւ ագրեսիվ է (Կիպրոսի հյուսիսային հատվածի զավթումը 1974թ.):
Վաճառելով Ս-400-ը թուրքերին՝ Մոսկվան ցանկանում է գնել քաղաքական կշիռ: Սակայն այժմ պարզ չէ, թե ում ազդեցությունը կլինի ավելի ուժեղ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան (վերջինս հանդիսանում է ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ) թուրքական տանդեմինը Կրեմլի վրա, թե՞ հակառակը: Ավելին, անհասկանալի է, թե ինչ գին ստիպված կլինի վճարել Մոսկվան Անկարայի եւ Բաքվի հետ քաղաքական երկխոսության խորացման համար:
Երկրորդ, եթե ԱՄՆ-ն արգելափակի «Հյուսիսային հոսք-2»-ը եւ շարունակի սահմանափակել Ռուսաստանի հնարավորություններն էներգետիկ, բանկային եւ ռազմատեխնիկական ոլորտներում, Մոսկվան ստիպված կլինի փնտրել գումար աշխատելու այլընտրանքային ուղիներ: Նման հանգամանքներում Ռուսաստանն ավելի շատ զենք կվաճառի այն երկրներին, որոնք գտնվում են ամերիկյան ազդեցությունից դուրս կամ այլեւս կողմնորոշված չեն դեպի Վաշինգտոն: Այդպիսի երկրներից մեկն Ադրբեջանն է, որն, անկասկած, կօգտագործի ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը քաղաքական եւ ռազմատեխնիկական օգուտներ ստանալու համար:
Երրորդը Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն է: Իմաստ չունի մանրամասնել այդ ոլորտում զարգացումների սցենարը, քանի որ Հայաստանի տնտեսական ինքնազգացողությունն ուղղակիորեն կախված է Մոսկվայի դրությունից: Նման պայմաններում հայկական կողմը պետք է նախաձեռնի քաղաքական-դիվանագիտական միջոցառումների համալիր: Նախ եւ առաջ, անհրաժեշտ է ուժեղացնել դիվանագիտական եւ լոբբիստական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում: Այդ աշխատանքն իր մեջ պետք է ներառի ոչ միայն քաղաքական երկխոսության տարրեր, այլեւ համագործակցություն քաղաքական որոշումների կայացման վրա ազդող առաջատար ԶԼՄ-ների եւ վերլուծական կենտրոնների հետ: Այդ երկրներում հայկական դիվանագիտական առաքելությունների ներկայիս կազմերը չունեն բավականաչափ մասնագիտական կոմպետենտություն եւ լոբբիստական հմտություններ՝ այդ բարդ խնդիրը կատարելու համար:
Այս դեպքում որոշ գործառույթներ պետք է փոխանցել մասնագետ լոբբիստներին, ովքեր տիրապետում են պետական հատվածի, ԶԼՄ-ների, վերլուծական կենտրոնների, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքի բոլոր նրբություններին:
Երկրորդ, խիստ անհրաժեշտ է գտնել նոր ազդակներ Վաշինգտոնի հետ երկխոսության զարգացման համար: Ներկայացուցիչների պալատում հայկական հարցերով խումբը, որի կազմում է խոսնակ Փոլ Ռայանը՝ Կոնգրեսում ամենաազդեցիկ հանրապետականը, ամբողջությամբ պետք է կենտրոնանա հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների ամրապնդման լոբբիի վրա:
Անհրաժեշտ է միշտ ձեռքը զարկերակին պահել՝ գիտակցելով, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում թույլ է տալիս պահպանել տարածաշրջանի հավասարակշռությունը, քանի դեռ ԱՄՆ-ը տիրապետում է Բաքվում եւ Անկարայում «տաք գլուխներին» զսպելու մեխանիզմներին:
Երրորդ, Հայաստանը պետք է գտնի իր տեղը փոփոխվող Մերձավոր Արեւելքում: Ներկայիս կոնֆիգուրացիան, որի պարագայում Իրանը եւ Իսրայելը ստիպված կլինեն համաձայնության գալ, մեծ հնարավորություններ է բացում Երեւանի համար: Եվ, վերջապես, կարեւոր է ուշադրություն դարձնել ազդեցության այլ կենտրոնների ձեւավորմանը, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային գործընթացներով (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա):
Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: