Ձայնս եմ ծախում, հո խիղճս էլ չեմ ծախում - Mediamax.am

Ձայնս եմ  ծախում, հո խիղճս էլ  չեմ ծախում
3066 դիտում

Ձայնս եմ ծախում, հո խիղճս էլ չեմ ծախում


Սասուն Միքայելյանը 2017 թվականի ապրիլի 2-ին դարձավ պատգամավոր, իսկ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղի սահմաններին աննախադեպ թեժության մարտեր սկսվեցին, նա քաղաքապետի թեկնածու էր։ Թեկնածուն թողեց ընտրաշավը, մեկնեց մարտական դիրքեր։ Փաստն արձանագրեցին նաեւ նրա նկատմամբ առանձնակի համակրություն չտածող լրատվամիջոցները։ Ընտրարշավի օրերին նա հայրենիքի ամենախոցելի տեղում էր, ինչն ընտրական տեխնոլոգները դիտարկում էին իբրեւ հանգամանք, որ պիտի գնահատի ընտրողը։ Ընտրողը գնահատեց ու համարեց ոչ բավարար պայման Սասուն Միքայելյանին քաղաքապետ ընտրելու համար: Ընտրվեց այլ թեկնածու։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես պնդեց, որ Սասուն Միքայելյանի օգտին տրված բոլոր ձայներին տեր են կանգնել, ոչ մի ձայն չի կեղծվել, պարզապես նրան մրցակցի համեմատ ավելի քիչ ձայներ էին տվել։

Անշուշտ, թեկնածուի` մարտական դիրքերում գտնվելը, նրան քաղաքապետ ընտրելու համար բացարձակ ելակետ չէ, բայց, ըստ երեւույթին, չընտրելու ելակետ էլ չէ:  Ուրեմն որն էր այն մոտիվացիան, որն ավելի զորեղ ազդեցություն թողեց ընտրողի որոշման վրա։ Մյուս թեկնածուի նվիրված աշխատա՞նքը, ընտրողի համար բոլոր հարցերում նրա պատրաստակամությու՞նը, քաղաքի բարեկարգությու՞նը, թե մեկ ա՞յլ հանգամանք։

Սա բացառիկ դեպք չէր, հրապարակային մի քանի պնդում եղավ եւ ոչ ոք առանձնապես չվիճարկեց ընտրակաշառքի ամենազորության մասին պնդումը։ Պնդում էին այդ օրը քվեարկածներն ու դիտարկածները……..որ շարքային ընտրողը սպասում էր իր ստանալիքին…….

- Լավ էր,- 1999-ին գյուղերից մեկում ինձ ասաց ընտանիքի բոլոր անդամների համար ընտրակաշառք վերցրած մեկը,- հողի էլ, ջրի էլ վարձերը մուծեցի։

-Իսկ ու՞մ օգտին քվեարկեցիր։

-Ում համար որ փողը վերցրել էի։

-Ասում են` ձեր գյուղում փողը մեկ թեկնածուն է բաժանել, բայց մարդիկ մեկ ուրիշի օգտին են քվեարկել։

-Ես ուրիշի հետ գործ չունեմ, ես ձայնս եմ ծախում, հո՞  խիղճս էլ չեմ ծախում:

Ընտրակաշառքը մատաղ չէ, որ ընդունելի լինի, բայց երեւույթը դեռեւս (հուսամ` ոչ այլեւս) հայաստանյան ընտրական մշակույթի անքակտելի մասն է, բառն անձնապես առաջին անգամ լսել եմ նախընտրական գործընթացում 1995-ին կամ 1996–ին։ Հեղինակային իրավունքը, եթե ինքն էլ որեւէ այլ մեկից չի լսել, պատկանում է Արամ Գասպարի Սարգսյանին, ով բառն Ազատության հրապարակում իր ելույթում գործածեց։

Հետո ինչեր ասես չլսեցինք,  էլ` տուկի թել, էլ` մուրաբա, էլ`կալգոտկա, էլ`ծխախոտ, էլ`երկու կիլոգրամ բրինձ`100 գրամ թերակշռած, կամ էլ` կոշիկի մեկ թայը` մյուսը ընտրվելուց հետո տալու պայմանով։ Այս վերջին ընտրություններին, կարծես, ապրանքային տեսականին ընտրական մշակույթից դուրս էր մղվել ու բոլոր նախընտրությունների առանցքում դրվել է մեկ բացարձակ արժեք `ազգային արժույթը։ Հիմա էլ այս ընտրություններում պարտվածներն են պնդում, ՆԱԵՎ քաղաքական գործունեություն ծավալող ուժերը պայմանավորվել էին, բաժանում ենք 10 000-ական դրամ։

Ոչ մեկ ապացույց, որ այդպես է, սակայն նաեւ ոչ մեկ ապացույց, որ այդպես չէ։ Բայց ավելի տպավորիչը ներկայացվող երկրորդ թիվն է,  ընդգրկման ծավալը, քվեարկածների շուրջ 70-80 տոկոսը։

Եթե իրոք այդպես է, այլեւս սոսկ ընտրական մշակույթի խնդիր չէ ընտրակաշառքը։ Դա արդեն հասարակական հիմնախնդիր է իր մասշտաբայնությունից բխող բնութագրիչներով. դրանք արդեն առանձին այդօրինակ դեպքեր չեն, դա արդեն հասարակության վարքագծային դրսեւորում է, բայց ինչպիսի՞ հասարակության, քաղաքացիական, արդյո՞ք, արդիական, դեմոկրատական երկիր կառուցող հասարակությա՞ն, որ ունակ է լինելու մրցակցել այսօրվա բազմորոգայթ աշխարհում։
Հարցին պատասխան չեմ տալու, ձեր թույլտվությամբ ընդամենը հարցը հնչեցրեցի, պատասխանը յուրաքանչյուրը թող ձեւակերպի ըստ իր արժեհամակարգի։

Ու թե ընտրակաշառք երեւույթը պարսավողների թիվը շատ մեծ լինի, մեկ անմեղ հարց էլ ինձ թույլ կտամ, այդ ինչ է կոչվում, երբ քվեարկում են ըստ մեկ արժեքաբանության, բայց «ցուցափեղկվում» մեկ այլով………….

Հայաստանցին իր ընտրությունը կատարել է` գրեթե ոչ ոք լրջորեն չի վիճարկում ընտրության արդյունքները, կեղծիքների մասին պնդումներ էլ առանձնապես չկան, ընտրողը քվեն տվել է իր մոտիվացիաներից ելնելով, հետեւաբար, ըստ իր ընտրության տրամաբանության, արժանի է իր քվեարկությանը` հինգ տարի անխախտ ժամկետով` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ քվեարկության արդյունքները հասարակական մեծ դժգոհությունների մասին դատելու որեւէ հիմք չեն տալիս։ Ըստ նույն այդ վիճակագրության, դժգոհություն առկա է քվեարկողների 15-20 տոկոսի մեջ ընդամենը: 50 տոկոսը գոհ է Հանրապետական կուսակցության քաղաքականությունից (եթե գոհ չեն, ինչու են քվեարկել), 30 տոկոսը Ծառուկյանի, 7 տոկոսը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի գործունեությունից: Հետեւաբար, ձեւավորվելիք իշխանության խնդիրն է մտածել մնացած 15 տոկոսի մասին, որպեսզի Հայաստանը դառնա լիակատար երջանկության երկիր:

Եթե որեւէ մեկը համաձայն չէ այս թվերի հետ, ապա թող ի ցույց դնի հասարակության մեջ տրամադրությունները եւ առհասարակ, հասարակության մոտեցումները չափելու այլ գործիք, քան ընտրությունն է ու հանրաքվեն: Գուցե կա այդպիսին, ինչ իմանամ……

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին