Գիտելիքի օրն է …. ուրեմն` Դավիթ Մուրադյան, Երևանում բնակվող Մտածող - Mediamax.am

Գիտելիքի օրն է …. ուրեմն` Դավիթ Մուրադյան, Երևանում բնակվող Մտածող
3589 դիտում

Գիտելիքի օրն է …. ուրեմն` Դավիթ Մուրադյան, Երևանում բնակվող Մտածող


Գիտելիքի օրն է, երևի թե, ամենաիմաստալից առիթը խոսել Բանի ու Բան ստեղծողի մասին … և այդ է պատճառը, որ այսօր պիտի օրինաչափություններից դուրս լինեմ ու հակառակ արմատացած կարգին, տուրք չտամ բոլորեքյան հնչող մաղթանքի ու բաժակաճառի լեզվին, թեպետ այսօր դա, գուցե թե, ընդունելի ու թույլատրելի է: Չեմ խոսի նաև կրթության էության ու նպատակների մասին … դա էլ գուցե այլ առիթով ...

Այսօր Երևանում ապրող եզակի Մտածողի` Դավիթ Մուրադյանի մասին եմ խոսելու, ում մտորումն ըստ էության համառորեն գալիս է նորոգելու մեր ինքնության մատրիցայի երանգները, մերթ փոխելով երևույթները գնահատելու դիտանկյունը, մերթ՝ խորությունից դուրս բերելով հայտնի անցքերի ու իրողությունների գուցե թաքուն, գուցե չնկատված-չքննարկված ուղերձները, մերթ էլ` ապրված ու հայտնի իմաստներով շարում է միանգամայն նոր խորապատկեր, ասել է թե՝ ձևակերպում նոր ԳԻՏԵԼԻՔ:

 …. ու եթե նա որևէ բանի մասին խոսում է, ապա դա ոչ թե դեպքի կամ անցքի մասին է, այլ պատմահոսքը բնորոշող եղելության, որով ոչ թե տարեգրության մի դրվագն է գնահատվում, այլ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՆ է մանրամասնվում` պատմության կամ համակյանքի այս կամ այն մեկ բնութագրական դետալով ևս։

… ուրեմն` Դավիթ Մուրադյան, Երևանում բնակվող Մտածող ... սեղանիս է նրա վերջին գիրքը, որն ինձ հասավ 21-ի տարեվերջին, ամիսներ ձեռքից ձեռք անցավ ՔԴԵԴ/YSPS-ում (Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց), ընթերցվեց ու վերընթերցվեց և ահա արդեն մի քանի ամիս նորից ինձ մոտ է ...  այս գրքի մասին, իհարկե կարելի է լռել, բայց այդ դեպքում կորցնողը կլինի ոչ այնքան հեղինակը, որքան ընթերցողը և հանրությունն առհասարակ …



… բայց …. հանրություն էլ կա, հանրություն էլ …  տարբեր են ժամանակներում դոմինանտող արժեքները, ուստի և տարբեր են սերունդները … «գրքերը բարձր էին մեզնից, երբ դեռ երեխաներ էինք։ Ինչը նշանակում էր, որ «Գուլիվերը» կամ «Իննսուներեքը» վերցնելու համար ստիպված էիր աթոռակի վրա կանգնել։ Իսկ «Դեկամերոնն» ամենավերին շարքում էր` առանց այլևայլությունների ակնարկելով, որ առայժմ աճել ու մեծանալ է պետք …. Գրքերը մեզնից բարձր էին, նրանց հասնել էր անհրաժեշտ …. Իսկ այսօրվա երիտասարդ երևանցիները բոլորովին այլ բան են հիշում։ Յոթ կամ տաս տարեկան հասակում, երբ ծնողների ձեռքը բռնած, քայլում էին Վերնիսաժի մատույցներով, ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ հատորները շարված էին ասֆալտին ու վաճառվում էին ջրի գնով … գրքեր տեսնելու համար արդեն ոչ թե վեր, այլ ցած պիտի նայեիր` ոտնամաններիդ ուղղությամբ» …

Դավիթ Մուրադյանը չի գնահատում, ընդամենը նկարագրում է, բայց այնպես, որ նկարագրությունը դառնում է նկարագիր …. այսպես, ակամա … դուր է գալիս, թե ոչ, բայց այսպես …. էկզիստենցիալ իրականություն, որ հազարավորների աչքերում պատկեր է սոսկ, իսկ ինքը դուրս է բերել տեսարանի արժեքային իմաստն ու բանաձևել … «այսպես արդեն գրքերն են մեզ կարդում» …. բովանդակափոխվել է հանրային հարացույցը. «դպրոցների կողքին գործող գրադարանը փակվեց, հետո դարձավ մթերային խանութ։ Ի՜նչ պակաս մեսիջ աշակերտներին՝ առևտուրն ավելի կարևոր է, քան միտք լուսավորելը։ Նույն տարիներին «Ակադեմկնիգան» վերածվեց կազինոյի։ Սոցիալական կողմնացույցի փոփոխություն։ Տեսեք, թե ինչն է այսօր հարգի»։

Մինչդեռ այլ էր հետդարակեսի Երևանը, և առաջին հերթին արժեքային հարթությունում, ուր երբ քայլում էր «…. բանաստեղծ Գեղամ Սարյանը, մազերի ճերմակ բոլորակը մինչև ուսերը, սպիտակ մեխակը կրծքագրպանում, և Պրոսպեկտ-Պուշկին խաչմերուկում խմբված «գվարդիական» տղեքը` ութն անց քսան բեղերով, անմիջապես ձգվում էին ու սսկվում, որովհետև այդպիսի մարդու ներկայությամբ հայհոյախառն խոսք չէր կարելի»։

…. և այդ` այլ` հետդարակեսի Երևանի մտավոր քուրայում կատարվում էր անիմանալի, աննկատ բովանդակավորվող ու ձևակերպվելու համար դեռևս իմաստային ուրվագծեր չունեցող մի բան …. քլքլթում, նախապատրաստվում էր 88-ը.

«Երևան։ Անցած դար։ Օպերա։

Հրապարակ, որտեղ սկսեցին հավաքվել, երբ Տիգրան Պետրոսյանը խաղում էր Միխայիլ Բոտվիննիկի հետ։ Շախմատային գահի մրցապայքար … սահմանագիծ, որը կամաց-կամաց հասկացանք հետո։ Սովետական գավառ էինք, դարձանք աշխարհի հետ չափվող։ Նորից սկսեցինք իմաստավորել մեր ով լինելը»։

Տիգրան Պետրոսյանն աշխարհին ասաց` այդ ԵՍ եմ … բայց ոչ միայն նա …իսկ դա այն ժամանակներում էր, երբ ցեղասպանությունից անցել էր գրեթե կես դար, երբ մեջք շտկող ամենայն քայլ արժանապատվությամբ էր սնում ինքնագիտակցությունը մեր` այդ ՄԵՆՔ ենք …

…. այդ այն նույն ժամանակներում էր, երբ մարդիկ ոչ թե դեռ, այլ որպես բովանդակային ժամանցի վայր էին կինո գնում ու դա էր այն միջավայրը, որի առաջարկած տեսականին հստակ պատկերացում էր տալիս անհատական ճաշակի մասին … ու մինչ գրքերը պիտի կարդային մեզ, այդպես նախընտրած ֆիլմերն էին այս կամ այն չափով նաև մեր ինքնությունը բնութագրում … ու բնական է, որ հետդարակեսին վերընթաց ապրող կինոն տեղի ունեցողին առաջիններից մեկը պիտի արձագանքեր … «սիրում եմ երկու հայկական ֆիլմ։ Մեկը կոչվում է «Բարև, ԵՍ եմ»`այստեղ անհատն է, նրա բաց ու հարուստ եսը։ Մյուսը`«ՄԵՆՔ ենք, մեր սարերը»` ազգի իմաստուն հավաքականությունը։ Բարև, ես եմ։ Իմ ծնունդով հայ եմ ու մարդ։ Ունեմ իմ հիշատակներն ու հավատարմությունը, բայց կարող եմ խոսել բոլորի հետ»։

… բայց ո՞վ էր «ճակատագրի այն ընտրյալը», որ բոլորի հետ խոսելուց բացի, ավելի բոլորի փոխարեն պիտի խոսեր: Այս մտածումով է հատկապես Դավիթ Մուրադյանը «բացահայտում» Չարենցին. «հայ գրականության Փոքր Մհերը։ Ինչ ահռելի բեռան տակ էր նա ու քանի բանաստեղծի փոխարեն էր ապրում։ Նա գրականություն էր մտել մի ողբերգական ժամանակով, երբ քառասունին անգամ չհասած, զոհվել էին Սիամանթոն, Սևակը, Վարուժանը, Տերյանը և հայոց հոգևոր գոյածիրի մեջ բացվել էին «օզոնային խոռոչներ»։

Ի՜նչ թափ էր հաղորդել այդ փաղանգը մեր բանաստեղծությանն ու լեզվին։ Ի՜նչ գեղեցկորեն էր բերում մեր ավանդական հացին երգը, հեթանոսական տարերքն ու նարեկացիական տիեզերականությունը դեպի քսաներորդ դար, որքա՜ն բնականորեն էր շաղկապում մեր մշակույթի կենաց արմատն Արևմուտքի ու Արևելքի, այդ ժամանակների գեղարվեստական գիտակցության, եվրոպական նորագույնի հետ։ Իրենք էին, որ Չարենցին էլ այդ փաղանգի մեջ ընդգրկելով, քսաներորդ դարի հայ գրականությունը դարձնելու էին … համաշխարհային։ Ողջը մնաց Չարենցի վրա։ Ինքն այդ խաչը տարավ։ Նրա սիմֆոնիզմն այդտեղից է։ Ուրիշ սիմֆոնիստ ունե՞նք։

Այս ամենից հետո՝ ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական բանաձևը Արևմուտքի ու Արևելքի կամ Հյուսիսի ու Հարավի մեր ՀԱՆԳՈՒՑԱԿԵՏՈՒՄ»։

Բայց Դավիթ Մուրադյանը հարցին պատասխան չի որոնում …. այն նույնիսկ քաղաքակրթական ընտրության հարց էլ չէ …. նախախնամության սահմանումն է այդպիսին՝ Հայաստանը կամուրջ չէ, ՀԱՆԳՈՒՅՑ է … այն արմատների մեջ է՝ ՀԱՅԿՅԱՆ մեր նախասկզբով՝ «Արևելքի հնախորհուրդ հոգին է իր մեջ, Արևմուտքի միշտ պրպտող միտքը՝ ճակատին ... Ավանդույթի կենրոնաձիգ ուժ։ Ժամանակի հետ նորանալու տաղանդ»։

… ու երբ Դավիթ Մուրադյան անունով Մտածողն է ինքնությունը բանաձևում, ներդաշնակվում են ոչ միայն ավանդականի ու արդիականի ուղերձները, այլև աշխարհագրականի ու քաղաքակրթականի տարերքները, ու այն իրողության գիտակցմամբ, որ եթե պատմության վաղնջությունից ես երրորդ հազարամյակ հասել, ուրեմն ամեն ինչ չէ, որ բացատրելի է պարզագույն ընկալումների տիրույթում ու այդ հանգույց ասվածում էլ են առկա բովանդակային նրբերանգներ` Հայաստանն Արևելք է, բայց Ասիա չէ, Եվրոպա է, բայց Արևմուտք չէ …  

«Բայց ո՞րտեղ է հայը։ Մեջտեղու՞մ։
Չէ, միջին թվաբանականը մեզ համար չէ ...
Մերը հնուց անտի սկիզբ առած կրկնագոյությունն է … երկգագաթ Արարատի նման…աշխարհների հավասարակշռության կետը»։



Հայկից մինչև Չարենց և ցայսօրը մեր այդ հավասարակշռության բովանդակային շերտերը վերծանողի անունը Դավիթ Մուրադյան է և նա ապրում է Երևանում ….  ու նրա «Ձեռքով գրված նամակներն» էլ կոչվում են … խոհաշարք …. որտեղ ներդաշնակ փոխլրացման մեջ են ներևարտահայեցումների բանաձևած իմաստները, և որոնցով Մուրադյանը մեկ առանցքի մեջ ու շուրջ հավաքում-ծեփում է առնվազն երկու ԲԱՆ. հայկական քաղաքակրթական բովանդակության շտրիխները և դրա մեջ ձևավորված-ձևավորվող ՄԱՐԴՈՒ էության իր պատկերացրած կատարելատիպը, այն, ինչն ինչ-որ չափով կա արդեն և ավելի  այն` ինչ դեռ  կարելի է ու պետք է երազել … նա դրա մասին մտածել է ու ի հետևանս`  իդեական թանձրության գիր է հեղինակել … ուստի Մուրադյանի գիրքը դանդաղորեն է հարկավոր ընթերցել, որտեղ գրեթե կենսաբանաձևերի աստիճանի բերված մտքերը եթե հանրորեն կարևորվեն, կարող են հիմնադրույթներ դառնալ, ինքնության մատրիցայի` ու այդ հիմքով 21-րդ դարում, կամ գուցե շատ ավելի երկարաժամկետ, հայությանն ուղեկցելիք ազգային գաղափարախոսության թթխմորին հունցվել, եթե այդպիսին ունենալու կամք ու այն ձևակերպող հասարակություն ու էլիտա լինի … գիրք, որ նորովի, արդիական հայացք  է դեպի արմատները՝  հայոց վաղնջությունից  մինչև  օրս ...



Սա գիր է պարտադիր ընթերցանության շարքից …. «Ձեռքով գրված նամակներ» խոհաշարքը` Հայաստանում հեղինակված լավագույն գրքերից մեկը։

Ուստի առաջարկում եմ.

ՀՀ կառավարությանը՝ Դավիթ Մուրադյան Մտածողն ապրում է Երևանում։ Նա գնահատված չէ այնքան, որքան պետք է լիներ … ոչ որպես Մտածող, ոչ որպես Անհատականություն։ Գտեք նրան արժանին մատուցելու ձևը ու մի հապաղեք այս հարցում։ Նրա ձևակերպած բովանդակությունները խորունկ մտածումների արգասիք են, մտավոր բարձունքից տեսանելիով անտեսանելին դիտարկած արձանագրումներ …

Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությանը՝ հակված եմ կարծել, որ այս հարցում համախոհներ ենք՝ միտքը պետք է գնահատվի։ Անհատական պայմանագիր կնքեք նրա հետ ու վճարեք միտք գնահատելու հանգույն, ՄՏՔԻ մտոք…  որպեսզի նա ծայրից ծայր անցնի Հայաստանը, ԲԱՆախոսություններով հանդես գա բոլոր մարզերում, մտածումներն իր փոխանցի հանրակրթության ու մասնագիտական կրթության փորձառուներին, որպեսզի նրա խոհաշարքը վերջիններիս միջոցով մտնի դպրոցներ ու համալսարաններ` փոխանցելու խորունկ ինքնաճանաչման ու հեռահայաց աշխարհատեսության բովանդակություններ: Սրանք կարևոր անկյունաքարեր են քսանմեկերորդ դարում նախ ինքներս մեզ, իսկ հետո մեր տեղը գտնելու գործում

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին