Լուսառաք ներկայության սպասումով… - Mediamax.am

Լուսառաք ներկայության սպասումով…
3230 դիտում

Լուսառաք ներկայության սպասումով…


Փետրվարի 2-ը Կոստան Զարյանի ծննդյան օրն է:

Այսօր նա բացակա է ... հուսամ դեռ, հուսամ առժամյա ... հույսն, ասում են, վերջինն է մեռնում ... բայց նա Երևանում պետք է լինի ներկա` որպես կերպ ու մտածողություն, առնվազն որպես աշխարհատեսություն, և եթե կուզեք, նույնիսկ որպես աշխարհազգացողություն, դեռ այսքանը ... դրա համար արվելիք նվազագույնը նրա սոսկական ներկայության արձանագրումն է` արձանի տեղակայումը ... իմաստավոր ներկայությունը, թեպետ շատ սահմանափակ տիրույթում, որ այս կամ այն չափով արդեն իսկ առկա է, դրանից հետո հուսամ, նորովի պիտի գա ...

Բայց հիմա կոնկրետի մասին. կա անկյուն քաղաքամայր Երևանում, որտեղ նա պետք է լինի հավերժորեն ներկա … այնտեղ, որտեղ նախախնամությամբ վերին, գուցե թե կամոք բարձրյալության Երևանի ու Կարառայի եղբայրությունն է կամարվել, այնտեղ, որտեղ հայ հողից երկինք են կարկառվել հրաշագործ ձեռքերը Քրիստոսի ... ագուցվել է այդտեղ մի չվերծանված  իմաստ, որը չգիտես ինչու չի քննվել ու դիտարկվել, չի գիտակցվել ու ձևակերպվել ... այդտեղ է տեղը նաև Կոստան Զարյանի ու սխալ է լինելու ասելը, թե նա այնտեղ է լինելու հուշարձանի տեսքով կամ որպես հուշարձան, որովհետև Մտածողը որպես մտային կոթող, թեկուզ անարձան կամ անհուշարձան, այլևս ներկա է իր՝ իրականությունը խորությամբ և ոչ մակերեսով դիտարկելու առաքելությամբ ու պատգամով: Հետևաբար, Երևանում նա պետք է լինի ոչ թե սոսկ բրոնզաձույլ կամ քարե ներկայություն, այլ ոգեղենության առաքյալ, լուսառաք մտքի ճառագայթում, խորին իմաստների պատգամախոս … սա է ակնկալիքը …



Բայց նրա կերպը կերտելը դժվար է լինելու … որովհետև ազնվականի կերպար քանդակելու համար ինքդ պիտի այդպիսինը լինես, գոնե մի քիչ … այդպիսի՞ք այսօրվա Հայաստանում … ով գիտե, գուցե կան … մտավորականությու՞ն … երևի … մտավորականնե՞ր … այո` մի քանիսը, բայց և՝ ընդամենը … այդուհանդերձ, թեպետ  հայաստանյան այսօրվա իրականությունում նրա գոյացրած կենսատարածքն աննշան է, թեպետ այսօրվա տարաբնույթ էլիտաների ու հանրության արժեքներում նրա մտքերը ոչ այնքան ընկալված են, որքան գուցե թե  անտեսված, բայց  միևնույնն է, դա այն կենսատարածքն է, առանց որի ճշմարիտ  ինքնաճանաչումը՝  աշխարհաճանաչմամբ առարկայացող, գրեթե անհնար է:  Այդ  դեպքում ինքնաճանաչումը, եթե այդպիսի նպատակ ձևակերպվի անգամ, կլինի կաղ, կլինի թերի, որովհետև առավելագույնը կարճ տարածքի վրա զետեղված  հայելում կարտացոլվես և ոչ հերյանական խորհրդածումով հայված զարյանական իմաստավոր ծովի անեզրության ու անհորիզոնությունից ստացվող արձագանքների չափումներում՝ հայերը լավ մարդիկ են, բայց ափսոս, որ ծով չունեն … հորիզոնը կարճ է, հեռուն չեն տեսնում …            

Իսկ նա չափել է, ոչ միայն ծովն է չափել, այլև տեղ-տեղ նույնիսկ տիեզերքն է չափագրել ու որպես չափման միավոր մեզ ժառանգել է ԱՍՏՂԱՇԽԱՐՀՆ իր անչափելիությամբ՝  լույսերով ու  կրակներով, լեգենդների ու առասպելների ոգեղենությամբ և վերջապես` աչքով տեսնվող ու նույնիսկ չտեսնվող, բայց մտքով ճանաչվող իմաստներով ու իրականությամբ … սա է ՀԱՅԿՅԱՆ չափումը, սա է ՀԱՅԿՅԱՆ ուղին, որը լուսավորող կրակը ոգեղեն խոյանքն է ու իմաստնությունը վիթխարատես մտքի… այսպիսին է նա ու որպես ԱԶՆՎԱԿԱՆԱԿԱՆ  ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ,  ժամանակների, քաղաքակրթությունների ու տարբեր աշխարհների հետ խոսելու համար հայությունն իր սրտի կենտրոնում պիտի ունենա այդ աշխարհները դիտարկած, պեղած, կշռադատած ու այլևս հանդարտորեն չափող ու հայության ստեղծած ու ունեցածի հետ իր բաղդատող-համադրողին … մայրաքաղաքում, Երևանում …

Այո՝ նրա կերպը կերտելը դժվար, գուցե թե անհնար է լինելու, բայց նա պետք է լինի ներկայություն՝ նախ և առաջ … ոչ թե սոսկ ներկա, ոչ միայն որպես ..., որպես …, որպես …, այլ՝ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ …

Տեղանքը, որ անուն չունի, գալիս է անպատմությունից: Մեծի դիտարկումն է: Սա Երևանն է, ու գուցե թե ճիշտ է, որ նախախնամության բերումով կոնկրետացաված անուն չունի Զարյանական կոչվելիք անկյունը, այն վայրը, որտեղ Երևանն ու Կարառան, Քրիստոսի աջ ու ահյակով, բարեկամություն են կամրջել։ Կարառա, Երևան … անիմանալի նախախնամությամբ, գուցե թե անվերծանելի մի գաղտնատեսությամբ առաջինը նրանց Զարյանն է մեկտեղել` մեկ էջի մեջ. «Մեծ պատերազմի վերջին շրջանին, երբ Դաշնակից պետությունների հաղթության մասին այլևս կասկած չկար և, ավա՜ղ, կասկած չկար նաև Հայաստանի վերջնական ազատագրման մասին, Ֆլորենցիայի մտավորականներն ու արվեստագետները ինձ հարցնում էին, թե ինչ կարող են անել իմ հայրենիքի համար։ Ես պատասխանեցի, որ լավագույնն է Կարառայի մաքուր մարմարիոնով արտաքանդակել Միքելանջելոյի Դավիթը (որ կանգնած է այն Պալացո Վիկոյի դռան առջև, ուր 1916-ին հայ պատվիրակությունը Եվրոպայում երկչոտ ձայնով հօմ ռուլ (home rule-Ա.Զ.) էր աղերսում հայերի համար, մենք, Քաղաքապետության մասնակցությամբ ու քաղաքական ընկերությունների հետ միասին, առաջին անգամ պահանջեցինք Հայաստանի անկախությունը և հայերին զինակից ազգ համարելու անհրաժեշտությունը) և այդ արձանը ղրկել նոր շինվելիք մայրաքաղաքի հրապարակի վրա դրվելու համար։ Մյուս օրը տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ բացատրեցի, որ առաջարկս երկու նպատակ ուներ. նախ անապատի վերածված մի վայրում կբարձրանար իտալական հանճարը, բարեկամությունը և մեր կռիվը հատկանշող մի գլուխգործոց և ապա` այդ արձանի հոյակապ ու ներդաշնակ ներկայությունը կթելադրեր մայրաքաղաքի կառուցման բնույթը, և Միքելանջելոյի ոգին անկարելի կդարձներ ամեն տեսակ անճաշակություն» ...



Դավիթը Հայաստան չեկավ …. փոխարենը եկավ Հիսուսը … պատմությունն արդեն իսկ առասպել է դառնում … Հիսուսը չպիտի գար Հայաստան, բայց եկավ … իր իմաստին, ավելի ճիշտ` իր խորհրդին բնորոշ անքնին ընթացքով … ու Երևանում խոնարհ խոյանքով մարմարիոնե ձեռքեր կարկառվեցին դեպի երկինք … այդ ձեռքերը … Կարառայի նվերը … հռչակվեց Իտալիո և Հայաստանի բարեկամության հուշարձան … մասունքն անավարտ արձանի Հիսուսի, որ հարության իմաստն իր ազգանվան մեջ կրող մի հայ քանդակագործ (Արա Հարությունյան) տեսավ Կարառայի մարմարի քարհանքում ու մայրաքաղաքը մեր այն (ասում են նաև, թե պատճենը) նվեր  ստացավ … Աստվածորդու արարչագործ էության ներկայություն Երևանում, անվերծանելի մի իրագործում, որ աստվածաշնչյան Դավթի մասին մտքով էր հղացվել … զարյանական մտքով …

Հիսուսը եկավ ու արդեն պարզ է, որ նրա գալուստը Հայաստան երբեք էլ չի ավարտվելու … որովհետև չպիտի գար կամ չպիտի գար այնպես, ինչպես եկավ, բայց երևի թե չէր կարող չգալ …  եկավ ՁԵՌԱՄԲ ու երևի դա էր միակ ձևն այդօրվա գալստյան … վաղուց է, որ անավարտ գալուստն ավարտված է, իսկ մեր այսօրը, թեկուզ և հանուն անխափան ընթացքի, նոր հղացումներ է պահանջում … ուրեմն դառնանք արմատներին` Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Կարարայի մարմարը արձանված է Երևանում, բայց Կոստան Զարյանը բացակա է, բացակա է այնպես, ինչպես Մարգարեն իր գավառում հարգված չի լինում: Հիսուսաբառ՝ «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ» … սակայն` Ունամունոն  նրան ՈՒՍՈՒՑԻՉ էր ասում … սխալ չէ այդպես կոչել Մտածողին, ում կենսահայացքը ՀԱՄԱԿՅԱՆՔ ՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀ ընդգրկումներով է չափվում …ու եթե նա կյանքի վերջին Երևան վերադարձած չլիներ, գուցե թե այդպիսինը չլիներ կամ մի քիչ այլ լիներ նրան աշակերտած այն Լևոն Ներսիսյանը, ում լսելու համար բժշկականից կամ պոլիտեխնիկից էլ էին ուսանողներ դասից փախչում…

Իսկ եթե համարում ենք, որ ֆիզիկական բնազդներից ու զուտ աչքով տեսածից անդին կա նաև այլ աշխարհ, որտեղ գոյում են ԱՆՀՈՒՆԸ, ԱՆԸՆԴԳՐԿԵԼԻՆ, ԱՆԾԻՐԸ …. որտեղ խորախորին խորհուրդներ են ապրում ու աստղաշխարհից հասած ուղերձներում սերնդակերտ զորություններ են թաքնված, ուրեմն նա ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ պիտի լինի Երևանում …

Այդուհանդերձ ու այնուամենայնիվ … չեմ զարմանա, եթե ձայն բառբառոյ յանապատի կամ մերժում լինի արձագանքը, բայց որին վաղուց  գրված-տրված է պատասխանը. «գիտե՞ն, արդյոք,  այն աղքատամիտ պարոնները, սրբապիղծները, որ կքրթմնջեն մեզի դեմ, կզգա՞ն արդյոք, որ այս րոպեիս … մտավոր ու հոգևոր սնանկություն ենք ներկայացնում, որ արվեստը և գրականությունը միակ միջոցն են, որով կրնանք արտահատել թաքնված ազգային հանճարը և մեր գոյության պատճառը հաստատել:

Նայեցեք ձեր  շուրջը և ըսեք. ո՞րն է մեր ազգային իդեալը, ու՞ր է ստեղծագործ ու կենդանի խոսքը, ի՞նչ կրոնք կդավանինք, ի՜նչ կուզենք և ու՜ր կերթանք» ...

Զարյանի գալը, Զարյանի ներկայությունը, մեզ վերագտնելու մի շավիղը` մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը։ Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա …

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին