Հիշելով Ռոն Ասմուսին - Mediamax.am

Հիշելով Ռոն Ասմուսին
5028 դիտում

Հիշելով Ռոն Ասմուսին


Ապրիլի 30-ին մահացավ իմ ավագ ընկերը` ամերիկացի քաղաքագետ եւ նախկին դիվանագետ Ռոնալդ Ասմուսը: Ռոնը երկար պայքարեց քաղցկեղի դեմ, բայց հեռացավ ընդամենը 53 տարեկանում:

Առաջին անգամ Ռոնին հանդիպեցի 2004թ. ամռանը Երեւանում: Ռոնը, ով ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի առանցքային աշխատակիցներից էր, գլխավորում էր ամերիկացի քաղաքագետների եւ հետազոտողների մի մեծ խումբ, որը այցելել էր Հարավային Կովկասի երեք երկրներ` լինելով նաեւ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Այդ օրը երկար խոսեցինք Ռոնի հետ: Ես ասում էի, որ արեւմտյան մամուլը եւ քաղաքագետները բավական գիտելիքներ չունեն Հայաստանի մասին եւ շատ հաճախ առաջնորդվում են կարծրատիպերով: Ռոնն առաջարկեց, որ ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամը դառնա Մեդիամաքսի բաժանորդը եւ լրատվություն ստանա “հենց Հայաստանից, ոչ թե երրորդ աղբյուրներից”: Ռոնի մեկնելուց հետո մենք պարբերաբար շփվում էինք` մտքեր փոխանակելով փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղի եւ դերի, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարների մասին:

90-ական թվականների սկզբին Ռոն Ասմուսը առաջիններից մեկն էր, ով սկսեց խոսել դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անհրաժեշտության մասին: Նա դարձավ այդ ընդլայնման «ինտելեկտուալ ճարտարապետներից» մեկը, իսկ 1997-2000թթ. զբաղեցրեց ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը եւ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ զբաղվեց նաեւ կիրառական առումով: Մերձբալթյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի ունեցավ նաեւ Ռոնի համառ ջանքերի շնորհիվ:

Մեր ծանոթությունից ընդամենը մեկ տարի անց Ռոնն ինձ առաջարկեց դառնալ Սեւծովյան տարածաշրջանի համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որում ես պատիվ ունեցա գրեթե 1.5 տարի ներկայացնել Հայաստանը: Աշխատանքը այս խմբում ինձ տվեց բազմաթիվ արժեքավոր ծանոթություններ ամենատարբեր մարդկանց հետ: Հենց այս խմբի շնորհիվ ես ծանոթացա Պիտեր Սեմնեբիի հետ, ով նոր էր նշանակվել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Երբ Մեդիամաքսը հարցազրույց էր անում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, մեզ այդ հարցում օգնում էր Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը, ով այդ խմբում ներկայացնում էր Ադրբեջանը: Այս ցանկը կարելի է շարունակել: Ռոնն իմ առջեւ շատ դռներ բացեց, եւ շատ բաներ, որ նախկինում անհնար էին թվում, միանգամայն հնարավոր դարձան:

Նախավերջին անգամ Ռոնին հանդիպեցի 2009թ. փետրվարին` Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում: Նրան փոխանցեցի իր հեղինակած «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի` 2008թ. ամռանը մեր կողմից հրատարակված հայերեն տարբերակը: Ռոնը շատ զուսպ մարդ էր, բայց զգացվում էր, որ իրեն չափազանց հաճելի է տեսնել այդ գիրքը հայերեն: Նա պետք է 2008 թվականին գար Երեւան` մասնակցելու գրքի շնորհանդեսին, սակայն չկարողացավ: Դրանից հետո հաճախ էր ասում ինձ. «Ես չեմ մոռացել, որ պարտք եմ քեզ` պետք է Հայաստան այցելեմ»: Վերջին անգամ Ռոնին տեսա նախորդ տարվա դեկտեմբերին` պատահական հանդիպեցինք Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Նա լավ տեսք ուներ եւ ասում էր, որ ապաքինվում է բազմաթիվ բուժումներից հետո:

Ավաղ, Ռոնին չհաջողվեց հաղթել հիվանդությանը: Ես կորցրեցի ավագ ընկերոջս` մի մարդու, ով չնայած աշխարհի քաղաքական էլիտայում իր զբաղեցրած բարձր դիրքին, միշտ ինձ վերաբերվում էր որպես հավասարի: Ես կկարոտեմ քեզ, Ռոն Ասմուս, ու միշտ շնորհակալ կլինեմ քեզ այն ամենի համար, ինչ դու արեցիր ինձ համար:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին