Երբ անկախ Քուրդիստանը պետք չէ քրդերին - Mediamax.am

Երբ անկախ Քուրդիստանը պետք չէ քրդերին
15702 դիտում

Երբ անկախ Քուրդիստանը պետք չէ քրդերին


Վերջին շրջանում, մանավանդ ռուսական կործանիչի՝ թուրքերի կողմից ոչնչացումից հետո, հիմնականում ռուսական մամուլում ու վերլուծական շրջանակներում բավականին ակտիվորեն քննարկվում է Անկախ Քուրդիստանի ստեղծման հնարավորությունը։

Չնայած նրան, որ քրդական գործոնն ակտիվ դեր է խաղում Թուրքիայում եւ Սիրիայում, սակայն համարվում է, որ անկախ ազգային պետականության ստեղծման համար ամենամեծ շանսերն ունեն իրաքյան քրդերը, որոնք արդեն 10 տարի է, ինչ փաստացի անկախություն ունեն Իրաքում՝ կառավարություն, բանակ եւ ոստիկանություն։ Սակայն անգամ այս փաստացի անկախ միավորումը պետություն դառնալու շանսեր քիչ ունի, ինչի հիմքում ընկած են ոչ թե արտաքին քաղաքական, այլ ներքին որակական հատկանիշները։ Դրանց հիմնական մասերից է հենց այն, որ Իրաքյան Քուրդիսատնում ստեղծված բոլոր քաղաքական եւ պետական ինստիտուտները ֆորմալ բնույթ են կրում, իրականում կայացած չեն եւ կայացման ուղիով չեն գնում։

Բերենք Իրաքյան Քուրդիստանի քաղաքական հիմնական ինստիտուտներից մեկի՝ կառավարության օրինակը։

Իրաքյան Քուրդիստանի նախագահն է Մասուդ Բարզանին, ով հենց իրենց՝ քրդերի կողմից ընդունված օրենքով սահմանված 2 շրջան նախագահելուց (4 եւ 4 տարի) չի ցանկանում լքել իր պաշտոնը եւ ղեկավարում է դե-ֆակտո անկախ Քուրդիստանն արդեն 10 տարուց ավել։ Նրա եղբորորդին՝ Նեչիրվան Բարզանին, զբաղեցնում է Քուրդիստանի վարչապետի պաշտոնը։ Բարզանիի քեռին՝ Խոշյար Զաբերին, ֆինանսների նախարարն է։ Բարզանիի ավագ որդին՝ Մասրուր Բարզանին, հետախուզության նախարարն է։ Մյուս որդին՝ Մանսուր Բարզանին, բանակի գեներալ է, գեներալ է նաեւ Բարզանի մյուս եղբայրը՝ Վաջի Բարզանին։ Երկրի ամենահարուստ մարդը՝ Սիրվան Բարզանին, Մասուդ Բարզանիի մյուս եղբորորդին է։ Եվ այսպես շարունակ։

Նման ընտանեկան պետություններ Մերձավոր Արեւելքում կան եւ միշտ եղել են, սակայն նրանք՝ ի տարբերություն Իրաքյան Քուրդիստանի, անցել են կայացման այլ ճանապարհ։ Դրանք կամ ի սկզբանե ստեղծվել են որպես դինաստիկ պետություններ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, կամ լինելով ֆորմալ առումով կիսաժողովրդավարական հանրապետություններ, ներքին կենտրոնացման արդյունքում վերածվել են մեկ մարդու իշխանության։ Դրա օրինակն են Սադամ Հուսեյնի Իրաքը կամ Հաֆեզ Ասադի Սիրիան։ Սակայն անգամ այս երկու իշխանությունների դեպքում էլ կառավարության եւ ընտանիքի ինտեգրումն Իրաքյան Քուրդիստանի աստիճանի երբեք չի հասել։

Վերջինս՝ ի տարբերություն վերը նշված օրինակների, չի հանդիսանում ոչ միապետություն, ոչ էլ ստեղծվել է արդեն իսկ գոյություն ունեցող ֆորմալ ինստիտուտների հիման վրա։ Այլ հակառակը՝ այսպես կոչված պետականաշինությունը, որը պետք է ընթանա պետական ինստիտուտների ձեւավորմանը զուգահեռ, իրականացվում է ձեւավորման անհրաժեշտություն ունեցող ինստիտուտների վերացմամբ։ 

Քաղաքագիտական առումով նոնսենսային իրավիճակ է․ կառուցել պետություն պետական ինստիտուտների ոչնչացման եղանակով։ Նման բան չի լինում։

Սակայն սա խնդրի բավականին ֆորմալ մասն է։ Իրական կյանքն էլ ավելի խոսուն է։ Երբ պետականության ստեղծման ճանապարհն ընտրած միավորման ղեկավարի՝ Մասուդ Բարզանիի, որդիները, երկուսն էլ հանդիսանալով բարձր պաշտոնյաներ, իրենց կանանց ուղարկում են Միացյալ Նահանգներ ծննդաբերելու, որպեսզի նորածինները դառնան ԱՄՆ քաղաքացիներ, խոսել իշխանության երկարաժամկետ պետականաշինական ռազմավարության մասին չի կարելի։ Ավելին, իրականում սա վկայում է հակառակի մասին։

Սեւակ Սարուխանյանը «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին