Անկախության 24 տարիների պատմությունը - Mediamax.am

Անկախության 24 տարիների պատմությունը
3485 դիտում

Անկախության 24 տարիների պատմությունը


Հայ եւ օտարերկրյա պատմաբանների համար առանձնահատուկ դժվարություն է ներկայացնում Հայաստանի անկախության տարիների պատմության համակողմանի ներկայացումը։ Դրա պատճառները քիչ չեն, սակայն առանձնակի խոչընդոտող գործոն է հանդիսանում այն հանգամանքը, որ բացառությամբ մի քանի փորձերի (Ժ. Լիպարիտյան, Վ. Օսկանյան, Վ. Մանուկյան, Ս. Բաբայան եւ այլք)` անցած տարիներին առաջնային դեր ունեցած քաղաքական եւ ռազմական գործիչները շարունակում են իրենց լռության ուխտը։

Նրանցից գրեթե բոլորն էլ ունեն իրենց լռության պատճառները. ոմանք դա անում են կարծելով, որ եթե սկսեն անկեղծորեն գրել անցած տարիների մասին, ապա ոմանց համար երեւան կգան ցավոտ փաստեր։ Ոմանք էլ համոզված են, որ անցած տարիները դեռ շատ քիչ են անցած-դարձածը ամփոփելու եւ պատմության դատին հանձնելու համար։ Շատերի մոտ էլ կա այն վստահությունը, որ նրանք դեռ ասելիք ու անելիք ունեն քաղաքականության մեջ, հետեւաբար, հուշերի կերպով անկեղծանալը կարող է դժվար գնահատելի հետեւանքներ ունենալ նրանց քաղաքական հավակնությունների վրա։

Մինչդեռ քաղաքականության մեջ ոչ ոք եւ ոչինչ հավերժ չէ։ Մերօրյա քաղաքական գործընթացները, ամենատարած դժգոհության դրսեւորումները նոր սերնդի մոտ ձեւավորել է տպավորություն, որ անկախության շրջանում գրեթե միշտ այս կերպ է եղել։ Անկախության տարիների ընթացքում եղել են բազում իրադարձություններ, զարգացումներ ու դրվագներ, որոնցում հայորդիների ունեցած ձեռքբերումները եւ նվաճումները պատիվ կբերեին յուրաքանչյուր ազգին։ Իհարկե, պատմությունը միայն հերոսների մասին չէ, այն նաեւ հակահերոսների ու դասեր քաղելու մասին է։ Անկեղծ ու փաստարկված քաղաքական հուշագրությունները, քննական վերլուծությունները եւ ինքնակենսագրական աշխատանքները մեզ կօգնեն այլ ու առավել բազմազան դիտանկյուններից նայել անցած տարիներին։ Դա կօգնի պարզություն մտցնել որոշ հարցերում եւ հասկանալ որոշ դեպքերի պատճառահետեւանքային կապերը։

Անցած տարիների քաղաքական գործիչները պարտք են պատմությանը եւ մեր երիտասարդ պետականությանը։ Մեր պետությունը դժվար է կայանում, քանի որ անկեղծության ու պատասխանատվության պակաս կա։ Անկեղծություն սեփական ձեռքբերումների եւ բացթողումների, եւ պատասխնատվություն երեկվա, ներկա ու վաղվա Հայաստանի նկատմամբ։

Ոմանք հորդորում են մեր հայացքները սեւեռել ապագային շրջելով մերօրյա պատմության թերթը, իսկ իրականում, այդ պատմությունը պետք է գրել, որպեսզի թերթը կարողանանք շրջել։ Անկախ նրանից թե հանրապետության առաջին, երկրորդ եւ գործող նախագահները, վարչապետները եւ այլ գործիչներն ինչ քաղաքական հավակնություններ ունեն, նրանք են եղել անցած քաղաքական գործընթացների ճարտարապետները, հետեւաբար, նրանք պարտավոր են ներկայացնել այն ամենը ինչը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ անցած տարիները։ Ոչ պակաս կարեւոր են նաեւ հանրապետության ղեկավարների, այլ քաղաքական ու ռազմական գործիչների աջակիցների, խորհրդականների եւ մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հուշերը եւ դիտարկումները։ Ակնհայտ է, որ գաղտնազերծման մասին օրենքով պայմանավորված կամ քաղաքական գործընթացների տրամաբանությամբ դրդված պաշտոնավարման տարիներին եւ դրանից հետո նրանք չէին կարող շատ բաների մասին խոսել։ Հասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ նրանք, ովքեր կցանկանան թղթին հանձնել իրենց հուշերը, անշուշտ, շատ բաների մասին կնախընտրեն լռել կամ դրանց կանդրադառնան ոչ ցանկալի խորությամբ եւ համակողմանիությամբ, ինչն անխուսափելի է ցանկացած պարագայում։

Հայաստանի անկախության պատմությանը քիչ հայտնի եւ անհայտ էջերի մասին ոչ պակաս կարեւոր ասելիք ունեն նաեւ հանրապետության այն վաստակաշատ լրագրողները, որոնք խոշորացույցով հետեւել են վերջին քառորդ դարի իրադարձություններին։ Տեսածի ու լսածի մեծ մասը նրանք հանձնել են թղթին, իսկ հսկայածավալ ոչ պակաս հետաքրքիր պատմություններ ամբարված են նրանց դարակներում կամ նոթատետրերում։ Կիսվեք դրանց հետ, երեւան բերեք նոր էջեր, հարստացրեք ներկա ու գալիք սերունդներին։
 
Հայաստանյան եւ Սփյուռքի կրթական հաստատություններում հայոց նորագույն շրջանի պատմության դասավանդումը ավելի հեշտ ու հետաքրքիր դարձնելու համար այս հարցն ունի անհետաձգելի կարեւորություն։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին