Էրդողանը տապալեց «գնդապետների հեղաշրջումը» - Mediamax.am

Էրդողանը տապալեց «գնդապետների հեղաշրջումը»
5263 դիտում

Էրդողանը տապալեց «գնդապետների հեղաշրջումը»


Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում վերջին 12 ժամերի ընթացքում, աննախադեպ էր ծավալների եւ արձագանքների առումներով, սակայն ամենեւին էլ նոր երեւույթ չէր։ Թուրքիան զինվորական հեղաշրջումների այնպիսի հարուստ փորձ ունի, որ առաջին իսկ ժամերից կարելի է կարծիք կազմել դրա ընթացքի եւ հնարավոր ելքի մասին։

Այս հեղաշրջումը չստացվեց այնպես, ինչպես չէին ստացվել Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ հեղաշրջումները։ 1960 թ. ի վեր տեղի է ունեցել հինգ ռազմական միջամտության եւ հեղաշրջում (1960, 1971, 1980, 1997, 2007 թթ.), սակայն քիչ հայտնի են չստացվածները։

Օրինակ, 1958-1963 թթ. մի շարք սպաներ, հիմնականում գնդապետներ, փորձում էին հեղաշրջման փորձեր կատարել։ Թուրքիայի պատմությամբ հետաքրքրվողների համար առավել հայտնի են Ջեմալ Թուրալի կամ Թալյաթ Այդեմիրի անունները: Վերջինս 1962-63 թթ. նման երկու անհաջող ռազմական հեղաշրջման փորձ էր կատարել։

Կարելի է ասել, որ Թուրքիայում կա զինվորական հեղաշրջումների իրականացման ձեռնարկ, որով կարելի է ուղղորդվել հեղաշրջման ընթացքի վերաբերյալ գնահատականների հարցում։ Այս հեղաշրջման փորձը առաջին ժամերից ընթացավ դասական ճանապարհով. կարեւոր կոմունիկացիոն հանգույցների նկատմամբ հսկողության սահմանում, հեռահաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողություն եւ ուղերձ ազգաբնակչությանն այն մասին, որ սպաները կփորձեն կարգ ու կանոն հաստատել։

Մնացած բոլոր առումներով այն բավական յուրահատուկ ընթացք ունեցավ։ Այն նաեւ բավական արյունալի ստացվեց՝ նախնական տվյալներով 90 զոհերի եւ շուրջ 1000 վիրավորների մասին պնդումներն աննախադեպ են։ Նախկին ռազմական հեղաշրջումները կամ դրանց փորձերը նման արյունալի ընթացք չեն ստացել, թեեւ ձերբակալումների թվով 1980 թ. կմնա անգերազանցելի։

Այն հանգամանքը, որ հեղաշրջման փորձն իրականացվել էր գլխավորապես գնդապետների մակարդակում եւս վկայում է այն մասին, որ այն ոչ միանշանակ ընթացք էր ստանալու։ Թուրքիայի քաղաքական պատմությունը վկայում է, որ ռազմական միջամտությունները հաջողության են հասնում, երբ դրանք իրականացվում կամ պլանավորվում են բարձրագույն զինվորական հրամանատարության մակարդակում, այսինքն, ԳՇ-ի առաջնային դերակատարմամբ։ Բացակայում էր նաեւ ընդգծված առաջնորդի գործոնը, թեեւ շրջանառվում էր գնդապետ Քյոսեի անունը։

Զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանումը համարվում էր Էրդողանի ամենակարեւոր նվաճումներից մեկը։ Այդ համոզմունքն ակնհայտորեն կասկածի տակ դրվեց անցած գիշեր, երբ ԶՈՒ Առաջին բանակի մի հատվածը, որ իրեն անվանեց «Թուրքիայի խաղաղության խորհուրդ», որոշեց իշխանությունը վերցնել՝ գործելով եւ դասական, եւ տարօրինակ մեթոդներով։

Այս ամենով հանդերձ քեմալականության սկզբունքներ դավանող զինվորականությունը շարունակում է մնալ այն այլընտրանքային բեւեռը, որն ունակ է հակազդելու Էրդողանին։ Զինվորականության մեջ նրանք այնքան շատ չեն, ինչպես նախկինում, բայց քիչ էլ չեն։ Ռազմական ուսումնական հաստատություններում տարեկան մոտ 1000 ժամ նվիրվում է Աթաթյուրքի սկզբունքների ուսումնասիրությանը, ու դրանք անհետեւանք չեն կարող մնալ։

«Տարօրինակ», «հուսահատների», «արհեստական», «գնդապետների» հեղաշրջում անվանումները ստացած այս փորձի մասին դեռ երկար կխոսվի։ Այդ հեղաշրջման կազմակերպիչները թեեւ պլանավորել էին մի քանի քայլեր, սակայն մի շարք հարցերում թերագնահատել էին Էրդողանին եւ նրա աջակիցների կարողությունները։

Ահաբեկչությունների դեմ պայքարող, քաղաքացիական պատերազմում մխրճված թուրքական կառավարության համար սա մեծ հարված էր։ Երկիրը շարունակում է խիստ բեւեռացված մնալ։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին