Մարտահրավերների եւ բաց թողնված հնարավորությունների տարի - Mediamax.am

Մարտահրավերների եւ բաց թողնված հնարավորությունների տարի
1856 դիտում

Մարտահրավերների եւ բաց թողնված հնարավորությունների տարի


Տարին մոտենում է ավարտին` ստիպելով խորհել անցած 12 ամիսների մասին։ Նախորդ տարիներից 2015-ը տարբերվում էր մի շարք առումներով, սակայն ավելի շատ էին մարտահրավերները, մտահոգությունները եւ բաց թողնված հնարավորությունները։

Հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ։ Թե այդ օրը, թե մնացած ամիսների ընթացքում այդ իրադարձությունը մարդկանց մեծ մասի համար մնաց աննկատ։ Խոստացված տնտեսական հնարավորությունները շարունակում են ուշանալ։ Սակայն հունվարը հիշվեց մեկ այլ ահասարսուռ հանցագործությամբ։ Հունվարի 12-ին Պերմյակով ազգանունով չկայացած զինվորականը Գյումրիում ոչնչացրեց Ավետիսյանների ընտանիքի երեք սերունդներին` ցնցելով բոլորին եւ յուրաքանչյուրին։ Հին ամանորը հայությունը դիմավորեց աղոթելով անմեղ զոհերի հոգու հանգստության եւ կենդանի մնացած փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկելու համար։ 7 օր մահվան հետ կռիվ տալուց հետո հունվարի 19-ին փոքրիկը եւս կյանքից հեռացավ` բոլորին ստիպելով մտածել ավելի բարի աշխարհ արարելու մասին։

Հունվարի 29-ին ընդունվեց «Համահայկական հռչակագիրը», որը կոչված էր նոր մակարդակի բարձրացնել հայոց պահանջատիրությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եւ սահմանել հետագա պայքարի որակական ու բովանդակային նոր նշաձող։ Հետագա 3-4 ամիսներն անցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորագրի ներքո։ Այն հնարավորություն դարձավ, որպեսզի ամբողջ աշխարհը եւս մեկ անգամ խորհի Թուրքիայի անպատժելի ժխտողական քաղաքականության, մարդկության դեմ իրականացված ու վաղեմություն չունեցող հանցագործության մասին։ 100-րդ տարելիցին նվիրված համահայկական միջոցառումներն աչքի ընկան կազմակերպվածության բարձր մակարդակով։

2015 թ. ինչ-որ բան փոխեց Ցեղասպանության հարցի մասին մտածող յուրաքանչյուրի մտքում։ Դժվար է բացատրել, թե ինչ, սակայն կա խորքային զգացում, որ հայոց պահանջատիրության, ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերում հայությունը հասունության մի նոր փուլ թեւակոխեց։ Դանդաղորեն ուրվագծվեց ավելի համակարգված պահանջատիրության ճանապարհային քարտեզը։

Հունվարի 31-ին հասարակությունը ցնցվեց մեկ այլ վայրագությունից, որը տեղի ունեցավ Բերձորում։ Կազմակերպիչների իրական դրդապատճառներն անհասկանալի մնացին թե՜ տուժողների համար, թե՜ հասարակության համար եւ, ժանրի բոլոր կանոնների համաձայն, ոչ մեկն էլ պատասխանատվության չենթարկվեց։

Փետրվարին Հայաստանը ներքաղաքական լարված օրեր ապրեց։ Ընդդիմադիր դաշտում գործող ԲՀԿ-ին ստիպեցին սահմանափակել քաղաքական հավակնությունները, իսկ նրա ղեկավարին զրկեցին քաղաքականության մեջ ասելիք ունենալու իրավունքից։ Այն դարձավ ՀՀ նորագույն պատմության այն եզակի դեպքերից մեկը, երբ իշխանությունների ճնշման տակ, մեկ այլ կուսակցության ղեկավարը, որն «ընդունել էր մարտահրավերն ու որոշել էր գնալ մինչեւ հաղթանակ», հրաժարական տվեց քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Հունիսին ալեկոծվեց Բաղրամյան պողոտայում արդարություն պահանջող երիտասարդությունը։ «Էլեկտրիկ Երեւան»-ը զգոնության կոչ էր ուղղված ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջ տրվի էներգետիկ ոլորտում տիրող քաոսին եւ անարդյունավետ կառավարմանը։ Հայաստանն ալեկոծվեց, իսկ ռուսաստանյան մամուլը ջղաձգվեց` փորձելով աղավաղել իրականությունը։ Ի հայտ եկան բացահայտումները ցույց տվեցին, որ ՀԷՑ-ի երկարամյա կառավարիչների հանցավոր ապաշնորհության պատճառով տեղի են ունեցել աղաղակող խախտումներ։

Տարվա կարեւոր իրադարձություններից էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որի նպատակն էր փոխել երկրի կառավարման համակարգը։ Հանրաքվեի արդյունքների օրինականությունը կրկին հարցականի տակ դրվեց, իսկ հասարակության մի մասն էլ հանրաքվեն ընկալեց որպես բաց թողնված հնարավորություն։

Տնտեսական զարգացման ցուցանիշները շարունակում են մնալ խիստ մտահոգիչ մակարդակում։ Տարվա ընթացքում աղքատության ցուցանիշների էական կրճատում չարձանագրվեց, արդյունքում հանրապետության յուրաքանչյուր երրորդ երեխան շարունակում է ապրել աղքատության պայմաններում։

Այս տարի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում։ Պատերազմը շարունակում է ընդարձակվել ներառելով նոր աշխարհաքաղաքական հակասություններ, ռեսուրսներ եւ միջոցներ։ Նոյեմբերի 24-ից հետո կտրուկ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, որոնց բարելավումը, ըստ Պուտինի, այս պահին տեսանելի չէ։

Տարին գլխավորապես կհիշվի նաեւ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային մեծածավալ բախումներով։ 12 ամիս շարունակ երկու սահմանների երկայնքով էլ պահպանվեց լարվածությունը։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ինտենսիվությունը եւ տարաբնույթ ռազմական գործողությունները էլ ավելի անորոշ են դարձնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ Այս տարի ռազմի դաշտում օգտագործվեցին նոր, ավելի մեծ տրամաչափի եւ առավել մահաբեր զենք ու զինամթերք։ Հայաստանը ստիպված էր հայտարարել, որ, ըստ էության, հրադադարի ռեժիմ այլեւս չկա։ Միջազգային հանրությունը մեկ տարի շարունակ կրկին ցույց տվեց, որ անկարող է սանձել Ադրբեջանի հանցավոր իշխանություններին։ Առավել ցավալի էր մեր հերոս հայորդիների կորստյան փաստը։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար նահատակվեցին երիտասարդներ, որոնց երազանքները մնացին անկատար։ Հեռանալով դեպի հավերժը` նրանք մեզ ավանդեցին այս հող ու ջրի համար առավել սկզբունքորեն պայքարել։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին