Արարատից Մալիբու - Mediamax.am

Արարատից Մալիբու
5042 դիտում

Արարատից Մալիբու


Վերջերս Թեհրանում էի: Բախտս բերեց՝ հանդիպեցի տաքսու մի հայ վարորդի, որը սիրով մի լավ պտտեցրեց ինձ քաղաքով մեկ: Հետն էլ մի քանի «պարսկահայերեն» բառ սովորեցրեց. օրինակ` չգիտեի, որ ֆուտբոլի մրցավարը կարող է նաեւ «իրավարար» կոչվել կամ մեր հայկական ավանդական «սվետաֆորը»` «ճրագ»: Այս ամենը մի կողմ` մի բան նկատեցի, որն էլ դարձավ խորհումիս հերթական առիթը:

Որպես հայրենասիրության եւ հայրենիքի կարոտի վառ վկայություն` վարորդը ձայներիզների միջից պեղեց «հայերեն» զզվելի մի ձայնագրություն: Ես էլ, մարդու զգացմունքները չվիրավորելու համար, ստիպված մի քանի օր ուղեղս լցնում էի հայության հետ որեւէ կապ չունեցող «խաչիկ-վաչիկոտ» երաժշտությամբ: Գուցե մտածեք, որ սա երաժշտության ոլորտի սովորական հարց է, բայց արի ու տես, որ մեր ինքնաճանաչողության ցուցիչներից մեկն է:

Իրականում, սա դարձավ այն առիթը, որ ստիպեց ինձ մտքումս իրար հետեւից առաջ քաշել մի շարք «ինչուներ» եւ «ինչպեսներ»:

Այսպես, ինչպե՞ս է, որ Հայաստան դրսից ներմուծվում է անորակ բովանդակություն ու դա մեր երկրում «հայկականացվում» է եւ իբրեւ մշակութային «արժեք»` արտահանվում դեպի Սփյուռք: Ինչո՞ւ է երեւանյան սովորական տաքսին անվանվում Tropika taxi service, իսկ հեռավոր գյուղի խանութը կոչվում Malibu: Չեմ հավատում, որ սա արվել է, որպեսզի գյուղացի պապիկ-տատիկները չխառնեն գյուղի խանութները կամ 07-ի ուղեւորն իրեն զգա ավելի լավ երկրում: Եվ այսպիսի օրինակներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրդ կարող եք շարքն անվերջ լրացնել: Մի խոսքով, Հայաստանը Սփյուռքին սնում է անորակ նյութով, որի հետադարձ պատասխանը տրամաբանորեն լինում է «գլենդել լայֆ»-ոտ սերիալների ներմուծումը հայրենիք: Սա խոսում է մեր ինքնությանն առնչվող լրջագույն խնդիրների մասին. ասում ենք, որ հայ ենք, բայց դրա ներքո շատերը պատկերացնում են ամբողջովին այլ բովանդակություն:

Մի շատ կարեւոր փաստ կա: Ցեղասպանություն ենք տեսել նաեւ նրա համար, որ եղել ենք տարբեր մեր հարեւաններից. խոսել ենք հայերեն, ստեղծագործել ենք այլ ձեռագրով, հագել ենք տարբերվող զգեստեր եւ Աստծո հետ շփվել ենք մեզ բնորոշ առանձնահատկություններով: Ու այսքանից հետո, երբ նորից հրաշքով վերածնվում ենք, «մալիբուն» դառնում է մեր բնորոշիչներից մեկը:

Մեր պատմության տարբեր փուլերում հայությունը միշտ էլ ունեցել է մշակութային եւ առավելապես ինքնության պահպանության խնդիրներ, սակայն երբեմն շատ ճիշտ պահերի իրականացվել են այնպիսի ռազմավարական ծրագրեր, որոնց հաշվին շարունակել ենք իբրեւ հայ շնչել: Ցավոք, քսանհինգ տարի է՝ այս փոքր երկրում չենք կարողանում գոնե մասնակի լուծել այսպիսի խնդիրները: Օր օրի ինքնության՝ մեկը մյուսից անհեթեթ դրսեւորումներ ենք նկատում, դա էլ քիչ է, զբաղված ենք այդ ամենի ինտենսիվ արտահանմամբ: Հուսանք, որ գոնե հարյուրամյակի ոգեկոչումը կլինի այն եզակի առիթը, որ մասնավոր բազում ծրագրերը կամբողջականանան մեկ ռազմավարական տեսլականի մեջ, եւ հայության շրջանում կլինի ինքնաճանաչողության տեսանելի փոփոխություն:

Նարեկ Աշուղաթոյանը «Ծիրանի մշակութային հանգոյցի» ղեկավարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին