100-ամյակի միջոցառումների մի դրվագի մասին... - Mediamax.am

100-ամյակի միջոցառումների մի դրվագի մասին...
6297 դիտում

100-ամյակի միջոցառումների մի դրվագի մասին...


Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համահայկական միջոցառումների ամբողջական պատկերը, կարծես, ուրվագծվում է։ Նախատեսված բազմաբնույթ միջոցառումների շարքում մի քանիսն իրավամբ հետաքրքրական են, աննախադեպ եւ ուղղված դեպի ապագան, մյուսները, ավելի ճիշտ՝ մեծ մասը, ավանդական են եւ մեկանգամյա։

Այս շարքում ամենաշատ հանդիպում են գիտաժողովները։ Կանգ չառնելով ընդհանրացումների եւ բացառությունների վրա՝ կարող ենք պնդել, որ դրանց ճնշող մեծամասնությունը կազմակերպվում են ստեղծագործական պարապուրդից դրդված։

100-ամյակի նախօրեին հայաստանյան բուհերի, գիտական հաստատությունների, անգամ առանձին ֆակուլտետների մեծ մասը իրենց պարտքն են համարում գիտաժողովներ անցկացնել՝ համոզված լինելով, որ մեծագույն ավանդ են ներդնելու ցեղասպանության ուսումնասիրության կամ հարակից հարցերի լուսաբանման գործում։ Դրանցից շատերը պատրաստվում են հապճեպ, «ով դիմի, նա կմասնակցի» սկզբունքով, առաջարկված թեմաների մակերեսային քննարկման պայմաններում։

Գիտաժողովների անցկացման նման մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ ցույց է տալիս, թե շատերն ինչպես են վերաբերում այդ միջոցառումներին ընդհանրապես, եւ սեփական գործին ու մասնագիտական պարտականություններին մասնավորապես։

Գիտաժողովների ընթացքում, հատկապես հայաստանյան, ձանձրալի է լսել որոշ ելույթներ, որոնց հեղինակները զլացել են գոնե մեկ թղթի վրա ժողովել իրենց մտքերը։ Որոշ զեկուցողների կարծիքով էլ նրանց հեղինակությունը թույլ է տալիս տասնյակ րոպեներ զբաղեցնել ներկաների ուշադրությունը՝ առանց ուշագրավ մի թեզ իսկ առաջարկելու կամ կրկնելով նախկինում բազմաթիվ անգամներ հնչեցրած մտքերը։

Բուհ-ում դասավանդող մասնագետներս հաճախ են նեղսրտում, թե ինչու՞ ուսանողների մեծ մասը չի մասնակցում գիտաժողովներին։ Իսկ միթե՞ նրանց սպասում են հետաքրքիր ելույթներ, միթե՞ նրանք չեն ձանձրանա ու հերթական զեկույցի մեկնարկից 2 րոպե անց չեն շտապի իրենց ձանձրույթը խեղդել սոցիալական ցանցերում։

Գիտաժողովները կարող են օգտակար լինել, եթե դրանց նախապատրաստական աշխատանքները սկսվում են առնվազն մեկ տարի առաջ, երբ մասնակիցները պարտավորվում են գիտաժողովից ամիսներ առաջ հանձնեն ոչ միայն իրենց թեզերը, այլ նաեւ ելույթի եւ ապագա հոդվածի ամբողջական, սակայն ոչ անպայմանորեն վերջնական տարբերակները։ Գիտաժողովները արդյունավետ են, եթե առնվազն զեկուցողները եւ նիստը վարողները արդեն ծանոթացել են միմյանց հոդվածներին եւ հարցի ու պատասխանի ժամանակ լինելու է փոխշահավետ քննարկում։ Այլ ոչ թե այն դեպքերը, երբ բացակայում է հարց ու պատասխանի բաժինը, իսկ նիստ վարողը բավարարվում է ներկաներին շնորհակալություն հայտնելով եւ չի ցանկանում անգամ ամփոփել զեկուցումների հիմնական դրույթները։

Ինքնանպատակ գիտաժողովների անցկացումը եւ դրանց վրա գումարների վատնումը արտացոլում է նաեւ գիտահետազոտական որոշ ոլորտներում առկա խնդիրները։ Շատերի համոզմամբ, գիտաժողովների անցկացումը ինքնին գիտական կարեւոր ներբերում է։ Ցավոք, դա այդպես չէ։  Զեկուցողները պարտավոր են հարգել թե՜ սեփական մասնագիտական սկզբունքները, թե՜ ներկաների ժամանակը։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին