Ատոմակայանի վերջին շունչը - Mediamax.am

Ատոմակայանի վերջին շունչը
30282 դիտում

Ատոմակայանի վերջին շունչը


Հայ-ռուսական՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման նպատակով $ 300 մլն (հիմնական մասով` վարկային) տրամադրման մասին համաձայնագիրը կարեւոր շրջադարձային կետ է Հայաստանի էներգետիկ համակարգի համար։

Ատոմակայանի կյանքը կերկարացվի 10-15 տարով, ինչը Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին որոշակի կենսունակություն կապահովի, սակայն կարձանագրվի նաեւ այն փաստը, որ Հայաստանում ատոմային էներգետիկան 15 տարի հետո, ամենայն հավանականությամբ, կվերանա։

Ասածս տարօրինակ կթվա, քանի որ Հայաստանը դեռեւս չի հրաժարվել նոր էներգաբլոկ կառուցելու նախագծից: Սակայն այն կյանքի կոչելու հնարավորությունն այսօր մինիմալ է, եւ հիմնարար պատճառը ներդրումների բացակայությունն է։

Անցած տարիների ընթացքում հնարավոր չեղավ միջազգային ներդրումային հետաքրքրություն առաջացնել նոր ատոմակայանի նախագծի նկատմամբ, որի արժեքը գնահատվում է $ 5-6 մլրդ։ Ամենայն հավանականությամբ, նման հետարքրքություն չի էլ առաջանա, քանի որ նախագիծը տնտեսական գրավչություն չունի։ Սա պայմանավորված է նրանով, որ անհայտ է էլեկտրաէներգիայի սպառման շուկան։ Հայաստանի տնտեսություն 1000 մՎտ հզորությամբ կայանի կարիք չունի, քանի որ սպառումը երկրում սահմանափակ է եւ առկա են այլ՝ ջերմային եւ հիդրո հզորություններ։

Արտաքին շուկա արտահանելու հնարավորություններ այսօր եւ մոտակա շրջանում դժվար թե լինեն։ Խոշորագույն շուկայի հետ՝ Թուրքիայի, սահմանը փակ է եւ հայտնի չէ, թե անգամ բացման դեպքում հարեւան երկիրը կցանկանա՞ եւ/կամ Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրելու կարիք կունենա՞։ Կարիքն այս դեպքում զուտ տնտեսական գործոն է, քանի որ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է սեփական հզորությունները, իսկ սպասվելիք ռուս-թուրքական նոր գազատարի կառուցումը Անկարային մեծ ծավալների էժան ռուսական գազ ստանալու շանս կտա, ինչն, իր հերթին, ջերմային էներգիայի զարգացումն էլ առավել գրավիչ կդարձնի։ Բացի այդ, Թուրքիան սեփական ատոմային կայաններ է կառուցում։

Վրաստանը վաղուց արդեն դադարել է էլեկտրաէներգիա ներկրող լինել (չհաշված սեզոնային փոքր ծավալները) եւ վերածվում է խոշոր արտահանողի։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն նույնպես զարգացնում է սեփական հզորությունները, սակայն, միեւնույն ժամանակ, դժվար թե պատրաստ լինի մեծ գին վճարել ներկրվող էլեկտրաէներգիայի համար։ Իսկ նոր հայկական ԱԷԿ-ում արտադրվելիք էլեկտրաէներգիայի գինը անհամեմատ բարձր է լինելու։

Վերջին հանգամանքին Հայաստանի հանրային քննարկումներում քիչ ուշադրություն է դարձվում, քանի որ մարդիկ սովոր են ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան գնահատել որպես ամենաէժանը։ Դա այդպես է գործող ԱԷԿ-ի դեպքում, որը «հայկական» է կոչվում միայն պայմանականորեն։ Հայաստանի Հանրապետություն այն կառուցելու համար 1 լումա անգամ չի ծախսել եւ կայանը հանդիսացել է ԽՍՀՄ նախագիծ։ Իսկ սա նշանակում է, որ կայանը չունի եւ չի ունեցել ներդրումների վերադարձման խնդիր։

Նոր ատոմակայանի կառուցման դեպքում դրանից բաց թողնվող էլեկտրաէներգիայի գնի մեջ տեսակարար մեծ կշիռ է ունենալու հենց ներդրումների վերադարձը, ինչն այդ գինը առավել բարձր է դարձնելու։ Թուրքիայում, որտեղ ռուսական կողմը կառուցում է նման ատոմակայան, կայանից բաց թողնվող 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի գինը կազմելու է մոտ 62 դրամ ՝ առանց բաշխումն իրականացնող ընկերության մարժայի, որը Թուրքիայի դեպքում վերջնական գինը կարող է հասցնել 100 դրամին համարժեք գումարի։ Ակնհայտ է, որ հայաստանյան սպառողը իրեն չի կարող թույլ տալ նման գին վճարել։

Ինչեւէ, Մեծամորի գործող ատոմակայանը խորհրդային ժամանակներից մեզ մնացած խոշորագույն կառույցն է, որը անկախացումից հետո շարունակել է աշխատել եւ կարեւոր դեր խաղալ ՀՀ տնտեսական կյանքում։ Սակայն եկել է ժամանակը, երբ տեսանելի է այս կառույցի աշխատանքից դուրս բերման իրական հեռանկարը, ինչը Հայաստանի առջեւ դնելու է այլընտրանքային նոր հզորության ստեղծման ռազմավարական խնդիրը։

Սեւակ Սարուխանյանը Ջորջթաունի համալսարանի Ֆուլբրայթ հրավիրված գիտաշխատող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին