Մասունքից դեպի վերածնունդ - Mediamax.am

Մասունքից դեպի վերածնունդ
25281 դիտում

Մասունքից դեպի վերածնունդ


Արվեստանոցիս պահարանի իմ ամենասիրած դարակում մասունքի պես պահպանում եմ պապիցս փոխանցված հայկական ասեղնագործության մի քանի կտոր: Այնքան փոքր դրվագներ են, որ դժվարանում եմ հասկանալ, թե գործնականում ինչի են ծառայել: Գիտեմ միայն, որ այդ սրբազան մասունքները մեզ են հասել մեր պատմական հայրենիքի տարբեր շրջաններից: Տարհանումից առաջ հայ կանայք իրենց ամենաթանկ իրերի հետ մեկտեղ վերցնում էին (եթե այդպիսի առիթ ունենում էին) նմանատիպ ձեռագործ իրեր կամ դրանցից պահպանված դրվագներ: Գուցե անգիտակցաբար, բայց զգում էին, որ այդ դրվագների մեջ թաքնված է լինելու մեր մշակույթի հետագա վերածննդի իրական հույսը:



Խորհրդային շրջանում, երբ ազգային մշակույթի եւ կորցրած հայրենքի մասին արտահայտվելիս մարդիկ խոսում էին որոշակի զսպվածությամբ, մի շարք մտավորականներ կարողացան մշակութային նմանօրինակ մասունքների հիման վրա վերակենդանացնել ազգային մեռնող արժեքները: Խոսքը չի վերաբերում լոկ ասեղնագործությանը, այլ` արհեստների հիմնական ճյուղերի յուրահատուկ տեխնոլոգիաներին: Այդպես, խորհրդային շրջանում ժողովրդական վարպետների մի ողջ սերունդ, թեկուզ եւ ոչ խիստ բացահայտ հայտարարություններով, զբաղված էր մեր սպանված արժեքների վերակենդանացմամբ: Շատ անգամ լսել եմ, որ սա հենց վարպետաց վրեժի տեսակն էր` ընդդեմ իրագործված մշակութային ցեղասպանության:

Ըստ էության, Ցեղասպանություն վերապրածները, իրենց կյանքի գնով փրկելով բազում մշակութային նմուշներ, անուղղակի պատգամ թողեցին մեզ, որ կորցրածը վերակենդանացնենք: Մենք էլ` երբեմն արժեւորելով ոչ այնքան նպատակայինը, մոռանում ենք մեր շատ ավելի կարեւոր ռազմավարական առաքելությունների մասին:

Այս տարի ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այս առթիվ ստեղծագործական դաշտում նկատում ենք վշտով գերսնված մշակութային բազմաքանակ դրսեւորումներ: Կազմակերպվում են միջոցառումներ, որոնց մի մասը դժվար թե լուծում է որեւէ խնդիր միջազգային քարոզչության եւ պահանջատիրության առումով կամ ինչ-որ կերպ մխիթարում մեր ցավը, սակայն կլանում է հսկայական ռեսուրսներ: Նկատի ունենալով այս պատկերը` հատկապես տարելիցի շեմին ցանկալի է առավել ծրագրեր իրականացնել փրկված մշակութային մասունքների ուսումնասիրության եւ դրանց պատրաստման մեթոդների վերականգնման ուղղությամբ: Այլ կերպ ասված` ռազմավարություն մշակվի եւ բոլոր ազնիվ մարդկանց մշակութային ջանքերը զուտ ցավի համատեքստում ստեղծագործելուց ուղղորդվի դեպի մեր կորսված մշակութային դպրոցների (ինչպես օրինակ` Վանի ոսկերչական դպրոցի ավանդույթներ եւ այլն) վերակենդանացում: Նմանատիպ ամեն մի ծրագիր պետական կամ մասնավոր աջակցությամբ ցանկալի կլիներ վերածվեր լուրջ կրթական նախաձեռնությունների, որպեսզի երաշխավորվեր ժառանգության պահպանության եւ մշակութային զարգացման իրական շարունակականությունը:

Գիտական եւ ստեղծագործ մարդկանց շրջանում արդեն կատարվել են հսկայական աշխատանքներ (բացվել են թանգարաններ, կատարվել են ուսումնասիրություններ, հայտնի վարպետներ կրթել են աշակերտներ) ուստի մեծ ռազմավարական ծրագիր սկսելու համար այսօր առկա են բոլոր հիմքերը: Արդյունքում` ինքներս շատ արագ կնկատենք, թե ինչպես է նորովի արտացոլվում մեր նախնյաց եւ այսօրվա սերնդի մշակութային կապը, որը փաստացի մեր մշակույթի զարգացման կարեւորագույն հիմքերից է: Այս կապի բացակայության վառ վկայությունները մեզանում ցավոք շատ են. երբեմն շատերիս մոտ զարմանք է առաջանում, թե ինչպես Հռիփսիմեի տաճար եւ այլ արժեքներ թողած ազգն այսօր հիմնականում ստեղծում է մեկը մյուսից անճաշակ կառույցներ եւ «արժեքներ», որոնք որեւէ կապ չունեն ժամանակակից մշակութային տենդեցների եւ առավելապես` ազգային մշակույթի հետ:

Ամեն դեպքում` ազգային եւ պետական մակարդակում շարունակելու ենք պահանջատեր լինել մեր իրավունքներին եւ ձգտելու ենք հասնել մեր արդար դատին, սակայն անկախ արդյունքներից, մեր ազգային վրեժը որոշ չափով լուծվելու է վերապրած յուրաքանչյուր մասունքից մի ամբողջ դպրոց վերակառուցելով ու սերունդ կրթելով: Վստահ եմ, որ սա նաեւ մեր այն նախնյաց ցանկությունն է, ովքեր թանկարժեք իրեր փրկելու փոխարեն նոր հարության հույսով ճառընտիր կամ այլ մասունքներ էին դուրս բերում հավիտենական կորստից:

Նարեկ Աշուղաթոյանը «Ծիրանի մշակութային հանգոյցի» ղեկավարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին