Սուտը մեկ օր է ապրում - Mediamax.am

Սուտը մեկ օր է ապրում
11865 դիտում

Սուտը մեկ օր է ապրում


Ամեն անգամ, երբ Հայաստանում որեւէ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, անմիջապես համացանցում սնկի պես աճում են կայքեր, որոնք փորձում են դրանից օգուտ քաղել՝ հայտնիություն ձեռք բերել կամ ապահովել լրացուցիչ այցելություններ: Եվ նույն պահին հասարակությունում սկիզբ են առնում խոսակցություններն այն մասին, թե ինչպես կարելի է զսպել կամ արգելափակել նման կայքերը: Հնչում են տարբեր առաջարկներ՝ սկսած «ամոթի պատ» ստեղծելուց ավարտած այդ կայքերի ղեկավարներին հրապարակավ մտրակելով:

Գյումրիի ողբերգությունը կրկին անգամ արդիական դարձրեց այս թեմայի քննարկումը, իսկ հայ-ադրբեջանական սահմանում կատարվող իրադարձությունները հուշում են, որ առաջիկայում սա կարող է ազգային անվտանգության խնդրի վերածվել, քանզի տեղեկատվական անվտանգությունն ամբողջ աշխարհում ազգային անվտանգության բաղկացուցիչ եւ շատ կարեւոր մասն է: Այս սյունակում ես կփորձեմ ներկայացնել այն մեթոդները եւ հնարքները, որոնք սովորաբար կիրառում են այդ լրատվամիջոցները՝ ստանալով մեծ թվով այցելություններ եւ կամա թե ակամա վտանգելով տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաեւ կներկայացնեմ այն նախադրյալները, որոնք յուրահատուկ զսպաշապիկ կարող են դառնալ նման մեդիաների համար:   

Սովորաբար այդ կայքերի կիրառած մեթոդները սահմանափակ են.

-    ապատեղեկատվություն. A կայքը գրում է, որ իր հավաստի տեղեկություններով տեղի է ունեցել հետեւյալը, իսկ B կայքը զարգացնում է թեման՝ հղում կատարելով անանուն ականատեսներին: Միեւնույն ժամանակ, այդ կայքերից ոչ մեկ չի փորձում ստանալ պաշտոնական հերքում կամ հաստատում;

-    կեղծիք. կայքը միտումնավոր կեղծում է ստացված տեղեկությունը՝ ավելացնելով որոշ «էքսկլյուզիվ» մանրամասներ, որոնք իրականում կառուցված են ենթադրությունների վրա;

-    չստուգված տեղեկություն. կայքը հրապարակում է առաջին իսկ աղբյուրից ստացված լուրը, որը հաճախ սոցիալական ցանցի կեղծ օգտատեր է (ֆեյք);

-    չարաշահում. թեման կարծես սպառված է, բայց կայքը ձգտում է վերակենդանացնել այն՝ ավելացնելով նորանոր «ականատեսների» վկայություններ կամ «փաստաթղթեր»;

-    կասկածամտություն. կայքը կասկածի տակ է առնում պաշտոնական կամ հաստատված տեղեկությունը՝ առաջադրելով սեփական վարկածները եւ հույսը դնելով ընթերցողների համանման հույզերի վրա;

-    սկանդալ. կայքը փնտրում եւ գտնում է սկանդալի էլեմենտներ այնտեղ, ուր դրանք չկան, եւ մատուցում դրանք ընթերցողին հուզական երանգներով եւ բառապաշարով;

-    չափազանցում. կայքը միտումնավոր չափազանցնում է այս կամ այն փաստի կարեւորությունը հանրության համար եւ մատուցում այն ընթերցողին գրավող բառապաշարով՝ շեշտը դնելով վերնագրի սենսացիոն բաղկացուցչի վրա;

-    «փորձագետի» կարծիք. մեր հանրության մեջ շատ են մարդիկ, ովքեր երազում են հայտնի դառնալ, եւ ամենակարճ ճանապարհը դեպի հայտնություն ասուլիսներն ու «փորձագիտական» հարցազրույցներն են;

-    ոչ ադեկվատ մեկնաբանություն. հաճախ  ֆեյսբուքյան օգտատիրոջ ոչ միանշանակ կամ ոչ ադեկվատ մեկնաբանությունն ավելի շատ «քլիքեր» է բերում կայքերին, քան լավ հոդվածը կամ լուրը: Ինչը դրդում է նրանց ոչ ադեկվատ մեկնաբանների մի ամբողջ բանակ պահել:

Հիմա, երբ թվարկեցինք մանիպուլյացիոն հիմնական (բայց ոչ բոլոր) հնարքներն ու մեթոդները, փորձենք տեսնել, թե ինչպես կարելի է դրանց դեմ պայքարել:

Բաժանեմ պատասխանս երեք մասի:

1.    Ի՞նչ պետք է անի իշխանությունը.

-    արտակարգ յուրաքանչյուր դեպքի ժամանակ գերատեսչությունները պետք է պայմանավորվեն, թե ով ինչ մասով է պատասխանատու հանրությանն իրազեկելու համար: Օպտիմալ տարբերակը, ինչպես զարգացած մի շարք երկրներում է, մամուլի պատասխանատուներից բաղկացած շտաբի աշխատանքն է, որում ընդգրկվում են ուժային կառույցների, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ եւ որոնց, ըստ անհրաժեշտության, միանում են այլ գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ; 

-    համապատասխան գերատեսչության մամուլի ծառայությունը պետք է օպերատիվ կերպով ներկայացնի իրավիճակը՝ չսպասելով լրագրողների հարցերին: Որքան ավելի նախաձեռնող լինի կառույցը, այնքան ավելի քիչ տեղ կմնա կեղծիքին եւ շահարկումներին;

-    պետք է կատարել թեմային վերաբերող հրապարակումների մոնիտորինգ եւ արագ արձագանքել ապատեղեկատվությանը եւ կեղծիքին;

-    դեպքի վայրում կարելի է մի քանի ժամը մեկ ճեպազրույց կազմակերպել եւ տեղեկացնել վերջին զարգացումների մասին;

-    օգտագործել Թվիթերը եւ Ֆեյսբուքը վերջին լուրերը հաղորդելու համար;

-    հերքել ակնհայտ կեղծ տեղեկությունները;

-    եւ ամենակարեւորը՝ բարձրացնել հասարակության մեդիագրագիտության մակարդակը: Այս աշխատանքը, ի դեպ, պետք է սկսել դեռեւս դպրոցներից՝ ինֆորմատիկայի դասերի ժամանակ բացատրելով երեխաներին, թե ինչպես խուսափել կեղծիքից եւ ստից:

2.    Ի՞նչ պետք է անի հասարակությունը.

-    որքան էլ զարմանալի թվա, հիմնական անելիքն այստեղ հենց հասարակությանն է: Ցանկացած հասարակությունն ինքն է մշակում զսպման եւ հակակշիռների համակարգի (checks and balances) մեխանիզմները՝ համապատասխան պահանջներ դնելով թե իշխանության, թե մեդիայի առջեւ: Ակնհայտ է, որ Հայաստանում այս համակարգն առայժմ չի գործում; 

-    անհրաժեշտ է իմունիտետ ձեռք բերել նման կայքերից՝ սովորելով տարբերել «թացը» «չորից», չէ՞ որ «դեղին» մամուլ կա գրեթե բոլոր երկրներում, բայց, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ դրանք չեն թաքցնում եւ ձեւացնում, թե «դեղին» չեն;

-    պետք է բարձրացնի հանրային մեդիագրագիտության մակարդակը. չի կարելի բազմիցս նույն փոսը ընկնել, ի վերջո, կարելի է հիշել, թե որ կայքերին կարելի է վստահել, որոնց՝ ոչ;

-    պետք չէ հավատալ այն ամենին, ինչ գրվում կամ խոսվում է համացանցում. թերահավատությունը եւ քննողական մտածելակերպը լավ զենք են կեղծիքի տարածման դեմ;

-    «ամոթի պատ», այսինքն՝ սեւ ցուցակ ստեղծելու գաղափարը վատը չէ, սակայն հարց է ծագում՝ իսկ ո՞վ է դատավորը: Մեր երկրում չկա այնպիսի մարմին, որի գնահատականները բացարձակ ընդունելի լինեն թե լրագրողների, թե հասարակության համար: Այնպես որ, յուրաքանչյուրը կարող է իր սեփական սեւ ցուցակը կազմել:  

3.    Ի՞նչ կարող են անել էթիկական եւ մասնագիտական բարձր չափանիշներ պահպանող ԶԼՄ-ները.

-    «կեղծիք» բառի հականիշը «ճշմարտությունն» է: Ընդամենը հարկավոր է ստույգ, հավաստի լուրեր տարածել, եւ երբ դրանց չափաբաժինն ինֆորմացիոն տարածությունում գերակայի, այլեւս ոչինչ սարսափելի չի թվա;

-    անհրաժեշտ է համակերպվել այն մտքի հետ, որ «դեղին» մամուլն ավելի մասսայական է, բայց նաեւ գիտակցել, որ ԶԼՄ-ի նկատմամբ վստահությունը չի չափվում «լայքերով» կամ «վիզիթներով»;

-    ուժերն իսկապես հավասար չեն, բայց հիշենք. սուտն ապրում է մեկ օր, իսկ ճշմարտությունը հարատեւ է:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Տեղեկատվական պատերազմներ» եւ «Նոր մեդիա» առարկաների դասախոս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին