1965 թվականի ոգին եւ 2015-ը - Mediamax.am

1965 թվականի ոգին եւ 2015-ը
6697 դիտում

1965 թվականի ոգին եւ 2015-ը


Եվս չորս ամիս եւ հայությանը հուզող հարցերից մեկը կդառնա «հետո ի՞նչ»-ը։

1915 թ․ արհավիրքին հաջորդած հինգ տասնամյակների ընթացքում աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայ ցեղասպանության ցավն ու վիշտը վերապրում էր յուրովի: Ոմանք լռելով ու կարոտով, ոմանք՝ գնդակահարելով ցեղասպանության կազմակերպիչներին, ուրիշները փորձելով ազատագրել Արեւմտյան Հայաստանը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, մյուսներն էլ՝ շենացնելով մեր հայրենիքի մի բուռ հատվածը։ Այն չամոքվող վիշտ էր, տառապանքի պատասխանատվություն, որոնք մեր պապերը կրեցին այնպես, ինչպես կարող էին։

Հետո եկավ 1965 թվականի ազգային պոռթկումը։ Այն հասունանում էր վաղուց՝ ամեն օր իր մեջ ներքաշելով ցասումի մի կաթիլ։ 1965 թվականը հայությանը ստիպեց դեն նետել պարտադրված հիշակորստյան քողը, այն դարձավ ազգային ու հավաքական ես-ի վերարժեքավորման առիթ ու պատճառ, ինչպես նաեւ՝ պատմությունը, ներկան եւ ապագան կամրջող իրադարձություն։ Դժվար է ամբողջությամբ չհամաձայնել իմ գործընկերներ Հարություն Մարությանի եւ Սուրեն Մանուկյանի պնդումների հետ ու չշեշտել, որ 1965թ. հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր հիշարժան իրադարձություններն իրենց մեջ կրում են թե՜ ցեղասպանության հիշողությունը, թե՜ 1965 թ. ոգին․ այդ թվում եւ՜ 1988 թ․ շարժումը, եւ՜ արցախյան հաղթանակները։ 1965 թ. մտավորականությունը՝ երիտասարդության հետ ձեռք ձեռքի տված, իրականացրեց անիրականանալին՝ շեղեց իրադարձությունների անխռով ընթացքը ու լիցքավորեց ապագան։

Հիսունամյա հերթական շրջանը մոտենում է ավարտին, սկսվում է նորը։ Ի՞նչ ենք ամբարել ապագայի համար։ Ի՞նչ ենք ներդրել 2015 թվականի եւ «դրանից հետո»-ի մեջ։ Անշուշտ, հիսունամյակ ասվածը խիստ հարաբերական ու հարմարեցված պարբերակում է, անշուշտ, այն նաեւ բավական երկար ժամանակահատված է, սակայն հայության համար այն խորհուրդ ունի։

Մեր միապաղաղ ու նյութականացված իրականությունը մի քանի երես ունի։ Սպառողական հասարակությանը միայն նյութականը չէ, որ հետաքրքրում է։ Հոգեւորի ու երկարաժամկետ նպատակների ունայնությունից է, որ սկիզբ են առել մեզ շրջապատող անարդարության դրսեւորումները ու վեր է խոյացել միջակությունը։

Թուրքիայում շատերը վստահ են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվել է նրա համար, որ այն ամեն օր Թուրքիայից տեսանելի լինի։ Ամենօրյա ինքնահոսի մեջ մենք հակված ենք ինքնախարազանել մեզ, թերագնահատել մեր հավաքական ուժը, մեր կարեւորությունը, մեր ունակությունները եւ հնարավորությունները։ Համակերպվելով անորոշության հետ՝ տրվել ենք իրադարձությունների ընթացքին՝ մոռանալով զանազանել առաջնայինն ու երկրորդայինը։

Ի՞նչ անել 2015 թվականին եւ դրանից հետո։ 2015-ի անելիքների մասին հայությունը սկսել է անշտապ խոսել առնվազն մի քանի տարի առաջ ու դրա շնորհիվ կարողացել է փոխել քննարկումների ուղղությունը եւ շեշտադրումները: Արդյունքում, կարծես թե ձեւավորվել է ընդհանուր մոտեցում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին զուգահեռ Թուրքիայի հետ պետք է խոսել առավելապես հատուցման (իրավական, քաղաքական, էթիկական եւ այլն) մասին:  Տեղապտույտ հիշեցնող նախկին պնդումներից ու ճապաղ ձեւակերպումներից սա առանձնանում է: Այժմ կարիք կա առավել մանրամասն քննարկենք ու մեր մեջ հասունացնենք նոր պահանջի բաղադրիչները, քանակականացնենք հայության կրած վնասի չափը եւ առավել հստակ լինենք։

«Հետո» պետք է սովորենք նպատակներ դնել, որոնք կլինեն կարճաժամկետից անդին, ինչպես նաեւ՝ իրականանալի, ուսանելի եւ գրավիչ։ Նպատակը կծնի նվիրյալներ եւ իրականացնողներ ու ընթացքը կշարունակվի: Պատվով կրենք հերթական փուլի պատասխանատվությունը եւ այն չդարձենք համընթաց քամիների գերին։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին