Ամեն անգամ Ստամբուլի Քումքափի թաղամասով դեպի հայկական եկեղեցի քայլելիս խորը հույսով եմ լցվում, որ այս անգամ ավելի քիչ ներգաղթյալ կտեսնեմ Հայաստանից։ Սակայն ամեն անգամ հուսալքվում եմ, երբ տեսնում եմ, որ մարդկանց քանակը չի պակասել. առնվազն որեւէ տեսանելի փոփոխություն չկա։
Ասում են, որ Ստամբուլի նորեկ հայերից շատերը տնտեսապես բավականին հաջողել են. սակայն նման փաստեր կունենան այս հարցով մասնագիտորեն զբաղվողները։ Ինքս հիմնականում տեսնում եմ տնային շորերով եւ շատ անգամ հատակին նստած առեւտրականների, որոնց կյանքի սոցիալական պայմանները ակներեւ քիչ բանով են տարբերվում Հայաստանի աղքատների կյանքից։ Հաջողակների մասին լուրջ կասկածներ ունեմ, որոնք, կրկնում եմ, փաստերով հաստատված չեն: Պարզապես կարծում եմ, որ մի տարածքում, որտեղ որեւէ իրավական կարգավիճակ չունես, հաջողակ համարվել չի կարելի։
Ի՞նչ են անում այս մարդիկ այստեղ։ Հակված չեմ այս հարցին պատասխան փնտրելիս հղում կատարել պատմական անցյալին. հարցն ինձ համար զուտ սոցիալական է։ Եթե այստեղ աղքատ ես, ապա, ներողություն եմ խնդրում ցինիզմիս համար, նույնպիսի աղքատ կարող ես լինել նաեւ Հայաստանում, որտեղ սակայն ՝ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, ունես իրավական կարգավիճակ եւ սոցիալական լայն կամ նեղ, բայց ամեն դեպքում Ստամբուլի հետ համեմատած ավելի ամուր եւ կայուն միջավայր։
Այս հարցին մի անգամ ինձ Ստամբուլի փողոցներից մեկում պատասխանեց մի նախկին դաշնակահար, որը հողաթափերով եւ կեղտոտ շորերով բեռ էր կրում ինչպես ինքն ասաց «հարազատ քրդի» խանութ.
- Էս գործը ես Հայաստանում կամաչեմ անել։ Բա ամոթ չ՞ի։
Նման «ամոթի» երեւույթը շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր նոր համայնքներում։ Մարդիկ գնացել են, հաջողության չեն հասել, սակայն ամաչում են հետ վերադառնալ եւ փորձել նորից սկսել կամ գոնե նույն գործը Հայաստանում անել։
Ինչու՞ է այդպես։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։
Սակայն գտնում եմ, որ սրա պատճառներից մեկն այսպես կոչված «հայրենասիրական քարոզչությունն է»։ Ամեն անգամ հեռուստացույցով արտասահմանում հաջողության հասած հայերի մասին հաղորդում նայելիս՝ մտածում եմ այն մասին, որ պաթետիկ եւ ուռա-հայրենասիրական տեքստերով նման նյութերը ուղղակի արտագաղթի քարոզ են։ Հայի կյանքը երկրից դուրս նկարագրվում է զուտ դրական տերմիններով, իսկ մի քանի տասնյակի կյանքի հաջողությունները՝ որպես ազգային օրինաչափություն։ Անկեղծ ասեմ, նման հաղորդում նայելիս հետո անգամ ես շատ անգամ ինքս ինձ հարց եմ տալիս. ի՞նչ եմ ես անում այս փոքր եւ աղքատ երկրում, երբ դրսում այսքան լավ է, իսկ «հայի տեսակը»՝ հաջողակ։
Իսկ եթե փորձեք հեռուստատեսությամբ հաղորդում փնտրել այդ բեռնակիր աշխատող դաշնակահարի մասին, համոզված եղեք՝ չեք գտնի։ Տասնյակ հազարավորների տապալված կյանքը ստորադասվում է մի քանի տասնյակի հաջողված կյանքերին։ Ինչ-որ առումով սա սոցիալական սելեկցիայի նման մի բան է. պաշտանմունքի վերածել ընտրյալներին եւ մոռացության մատնել թշվառներին։
Սակայն վերադառնամ Քումքափի վերջին այցիս ամենախորը տպավորությանը. դա հատակին նստած մի կին էր, որի «տաղավարը» կարելի էր որոշ վերապահումներով «հայաստանյան» անվանել՝ հատակին փռված սփռոցի վրա վաճառվում էին «Կալվե» մայոնեզ, ռուսական «Յուբիլեյնոյե» թխվածքաբլիթ եւ ուկրանիական խտացված կաթ։ Այս տեսականին, հավանաբար, շատերի մոտ կարոտախտ է առաջացնում առ լքված հայրենիք եւ հնարավորություն է տալիս հիշել նախկին կյանքը։
Խտացված կաթը՝ որպես մի կտոր հայրենիք։
Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: