Ամերիկյան մարտահրավերը Ղարաբաղի հարցում - Mediamax.am

Ամերիկյան մարտահրավերը Ղարաբաղի հարցում
7126 դիտում

Ամերիկյան մարտահրավերը Ղարաբաղի հարցում


Առաջին անգամ երկար տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ առանձին քաղաքական հայտարարությամբ՝ 1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Կարնեգի հիմնադրամում իր ելույթի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը հորդորեց Երեւանին ու Բաքվին ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման գործընթացում: Դա զուսպ, բայց այնուամենայնիվ մարտահրավեր էր:

Հակամարտության կողմերը սովոր են մեղադրել միջնորդներին ԼՂ խնդրում առաջընթաց արձանագրելու անկարողության մեջ: Դիվանագիտության մեջ ընդունված ոճով, Ուորլիքը պատասխանեց այդ մեղադրանքներին եւ հիշեցրեց կողմերին այն քայլերի մասին, որոնք վերջիններս կարող էին ձեռնարկել:

Ակնառու էր այն փաստը, որ սա ուղերձ էր ԱՄՆ կառավարության եւ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի անունից:  Վերջին տարիների ընթացքում Մինսկի խմբի ամենաթույլ կողմը համանախագահների՝ հանրային դիվանագիտություն ցուցաբերելու պակասն է: Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացվող փաստերը լցրել էին եթերը, մինչդեռ միջազգային միջնորդները դրանց շատ քիչ են հակադարձում: Եվ համանախագահներից մեկից որոշակի ճշմարտություն լսելը ոգեւորիչ էր:

Ուորլիքը շատ ուշադիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբում Վաշինգտոնի եւ Մոսկվայի գործընկերությունը ընդգծելիս`չնայած ուկրաինական ճգնաժամը: Մոսկվան եւ Փարիզը տեղեկացված էին այս ելույթի մասին եւ, ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հրադադարի համաձայնագրի տարեդարձի կապակցությամբ հանդես կգան առանձին հայտարարությամբ:   

Բայց ելույթի տեքստից երեւում է, որ եթե հակամարտության կողմերը ավելի հավակնոտ լինեն, Վաշինգտոնը ավելի շատ միջոցներ կներդնի հակամարտության կարգավորման համար:

Ամերիկացի համանախագահը ընդունեց Ադրբեջանի հիասթափությունը` հրադադարի ստորագրումից 20 տարի անց տարածքները շարունակում են գրավված մնալ, իսկ փախստականներն անկարող են տուն վերադառնալ: Բայց նա նաեւ հիշեցրեց Բաքվին, որ շփման գծում հրադադարի մանդատի ամրապնդումը կօգնի կյանքեր փրկել: Ելույթում նաեւ ընդգծված էր, որ միջնորդները Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին քվեարկությունը` «երկկողմ համաձայնեցված եւ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը», ընկալում են որպես պարտադիր պայման:

Ուորլիքը սատարեց «երկրորդ մակարդակի» կամ հանրային դիվանագիտությանը՝ հետեւյալ կերպ իր աջակցությունը հայտնելով Բաքվում թիրախի տակ գտնվող ադրբեջանցի ակտիվիստներին՝ «հարատեւ խաղաղությունը պետք է կառուցվի ոչ թե թղթի վրա, այլ հավատի, վստահության եւ երկու երկրների ժողովուրդների մասնակցությամբ»:

Նա նաեւ նշեց, որ «ցանկացած կայուն խաղաղություն պետք է արտացոլի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի մոտեցումները»: Սա կոդավորված հիշեցում է այն մասին, որ որոշակի պահից սկսած Մինսկի խումբն ակնկալում է Ղարաբաղի հայերին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ:

Ուղերձներ կային նաեւ հայկական կողմի համար: Դեսպանը հստակ օգտագործեց «գրավյալ տարածքներ» արտահայտությունը՝ բնութագրելով Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական տարածքները եւ ասելով, որ Լաչինի միջանցքը, որը միացնում է Ղարաբաղը եւ Հայաստանը, պետք է լինի միջանցք, այլ ոչ թե ամբողջական շրջան:

2011 թ. Կազանի հանդիպման ձախողումից հետո, հայերը պնդում էին, որ ցանկանում են շարունակել բանակցությունները այդ օրերին քննարկվող փաստաթղթի շուրջ:  Այդ չափազանց զգուշավոր մոտեցումն ես անվանում եմ «պասիվ ագրեսիվ»: Հրավիրելով կողմերին «ձեռնարկել վերջին, խիզախ քայլը»՝ Ուորլիքը, կարծես, դրդում էր հայերին առավել մեծ ստեղծարարություն ցուցաբերել:

«Իրատեսական չէ կարծել, թե պատահական հանդիպումները բավարար են հարատեւ խաղաղության հասնելու համար» արտահայտությունը, կարծես, ակնարկ է այն մասին, որ երկու երկրների արտգործնախարարները չեն կարող ինքնուրույն լուծել խնդիրը եւ նախագահները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն:

Դեսպանի ելույթը, իհարկե, կմասնատվի, սխալ կմեջբերվի, կուղեկցվի ցինիկ մեկնաբանություններով: Բայց այն պարունակում է բազմաթիվ տարրեր նրանց համար, ովքեր այն ուշադիր ընթերցեցին, եւ եթե դրանք հաշվի առնվեն, ապա կարող են նպաստել իրական խաղաղ գործընթացին:       

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին