«Աղդամ` այդպիսի քաղաք չկա» - Mediamax.am

«Աղդամ` այդպիսի քաղաք չկա»
11711 դիտում

«Աղդամ` այդպիսի քաղաք չկա»


Ադրբեջանում ներկայացրել են «Օկուպացված Աղդամը» համակարգչային խաղը: Չես հասկանա` խաղ է, ռազմական-հայրենասիրական ոգու դաստիարակության համար մարզասարք, թե՞ քարոզչության դիդակտիկ նյութ: Երբ նպատակն այդքան էլ պարզ չէ, միշտ շիլափլավ է ստացվում: Իրականում, գաղափարը մեծ հաշվով հասկանալի է` դաստիարակել երիտասարդությանը ռազմա-հայրենասիրական ոգով: Սակայն կատարումը բավականին գավառական է, այնքան, որ անգամ ափսոսում ես:

Խաղը, մեղմ ասած, բավականին հնացած տեսք ունի: Կարող եք ինքներդ համոզվել, դիտելով գովազդային հոլովակը: Բացի այդ, այս խաղն արդեն երկրորդն է: Որոշ ժամանակ առաջ ներկայացվել էր Աղդամի խաղից գրեթե ոչնչով չտարբերվող «Օկուպացված Շուշի» խաղը: Տարբերությունն ընդամենը լանդշաֆտի մեջ է. պետք է վազել հերթական «օկուպացված տարածքով» եւ կրակել հայ զավթիչների վրա: Երեւի թե, խաղի նախագծողները հասկացել են, որ նախագահ Իլհամ Ալիևը նման բաների վրա գումարներ է թափում եւ որոշել են իրար ետեւից նման խաղեր ներկայացնել: Բոլորի համար էլ լավ է` մամուլը գրում է, նախագահական աշխատակազմը ժպտում է, նախագծողները գումար են վաստակում:

Նախագծողների համար աշխատանքի ծավալը բավականին մեծ է` իրար ետեւից կարելի է ներկայացնել «Օկուպացված Քելբաջարը», Ֆիզուլին, Լաչինը: Պետք չէ մոռանալ նաեւ Զաբուխ գյուղի մասին, որը բավականին յուրօրինակ կերպով մտավ պատերազմական պատմության մեջ: Մի խոսքով, տղաները կարող են նման կերպով եւս մի տասնհինգ տարի անհոգ ապրել ու գումար վաստակել` միայն դեկորացիաները փոփոխելով:

Սակայն օբյեկտիվ տրամաբանության տեսանկյունից այդքան էլ պարզ չէ, թե ի՞նչ իմաստ ունին իրար ետեւից նախագծել խաղեր, որոնք երիտասարդ սերունդը դաստիարակում են այն ոգով, որ հայերը կրկին ինչ-որ բան օկուպացրել են: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի շոկ կապրեն այդ նույն երիտասարդները, որոնք խաղը խաղալուց ինտերնետում կտեսնեն այսօրվա Աղդամի լուսանկարները…
 
Ավելի լավ է հոգ տանել այն մասին, որպեսզի չընկնել համակարգչային խաղերի մեջ: Իհարկե`խոսքը լուրջ համակարգչային խաղերի մասին է: Օրինակ, Battlefield 4 խաղն ունի «Ձկնորսությունը Բաքվում» սյուժե, որտեղ քաղաքը ներկայացված է որպես ավերված ռազմի դաշտ, որում իրար կրակելով վազում են ամերիկացիները եւ ռուսները: Սա ավելի վատ է, որովհետեւ, եթե Աղդամի խաղը մի 200 տեղացի կիբեր-հայրենասերներ խաղան, ապա Battlefield 4 խաղում են միլիոնավոր մարդիկ, որոնք ոչ այդքան լավ տպավորություններ են ստանում Ապշերոնի մասին:

Պարկերով մանաթներ ունեցող բաքվեցի գործիչներին մի առաջարկ ունեմ` ներդրեք ձեր փողերը Rovio ընկերության հետ համագործակցության մեջ: Վերջերս թողարկվել է Angry Birds Star Wars խաղը, որը նախագծվել է LucasArts-ի հետ համատեղ: Իսկ միգուցե չվախենա՞ք եւ ֆինանսավորեք Angry Birds Safar Abiyev խաղը: Արդյունքը տպավորիչ կլինի:

Վերջում, վերադառնալով Աղդամի խաղին` մի հին անեկդոտ կպատմեմ, որը համացանցում վեց տար առաջ տարածվեց: Սակայն, ասում են, որ դա անգամ անեկդոտ չէ, այլ իրական դեպք:

Մոսկվայում շատ ադրբեջանցիներ ոստիկանությունում են աշխատում:
Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկի եղբայրը Մոսկվայում էր: Նա ղարաբաղցի է: Կանգնեցրեցին, սկսեցին գրանցման թուղթ պահանջել, ասացին, որ կեղծ է եւ բաժին տեղափոխեցին: Բաժնի պետը ոմն Հուսեյնովն էր: 

Երկխոսություն.

-Որտեղի՞ց ես:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
-Նման հանրապետություն չկա, - ջղային ասում է պետը, - Ո՞ր քաղաքից: 
- Ստեփանակերտից:
-Չկա նման քաղաք, - աչքերը կարմրեցին, հաստատ ճնշումը բարձրացավ:

Մի խոսքով, ստուգեցին գրանցումը, համոզվեցին, որ կեղծ չէ, այլեւս բան չի մնում անելու, պետք է բաց թողնել: Վերադարձնում են փաստաթղթերը:

-Պարոն պետ, իսկ դուք ո՞ր քաղաքից եք:
-Աղդամից:
-Այդպիսի քաղաք չկա:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին