Սիրիական պատերազմի հայկական տաշեղը - Mediamax.am

Սիրիական պատերազմի հայկական տաշեղը
3894 դիտում

Սիրիական պատերազմի հայկական տաշեղը


Մի քանի տարի առաջ այցելել էի Հորդանան, որտեղ մասնակցում էի էներգախնայողության թեմայով մի միջազգային կոնֆերանսի։ Այնպես ստացվեց, որ մայրաքաղաք Ամմանում 2 հայի հանդիպեցի։ Մեկի անունը Հայկազ էր` նա խոշոր ոսկերչական խանութի սեփականատեր էր, սակայն անընդհատ բողոքում էր կյանքի դժվարություններից ու նեղություններից։ Մյուսի անունը Հարություն էր` նա էլ Ամմանի շուկայում ապակյա իրերի փոքր եւ համեստ խանութ ուներ, սակայն շատ գոհ էր կյանքից եւ ասում էր, որ երջանիկ է ու ուրախ, քանի որ ապրում է խաղաղ երկրում։

Չնայած Հայկազի եւ Հարությունի տարբերություններին, նրանք հայկական համայնքի կյանքին առնչվող հարցին նմանատիպ պատասխան էին տալիս. «Լավ է, բայց դե մենք փոքր համայնք ենք, իսկ Հալեպում ու Բեյրությում լրիվ այլ կյանք է՝ ավելի ակտիվ եւ հայկական»։

Եվ իսկապես, հենց Հալեպն ու Բեյրութն են տասնամյակների ընթացքում հանդիսացել արեւմտահայության մշակութային մայրաքաղաքները։ Հատուկ եմ նշում արեւմտահայության, քանի որ Ցեղասպանությունից հետո հենց Լիբանանում եւ Սիրիայում էին ստեղծվել խոշորագույն հայկական համայնքները, որտեղ եռում էր Եղեռնից մազապուրծ եղած արեւմտահայության բեկորների մշակութային, քաղաքական եւ տնտեսական կյանքը։

Հենց այս երկրների հայկական համայնքներ են իրենց վրա կրել Սփյուռքի հայապահպանման բեռը, այստեղ են հրատարակվել արեւմտահայերենով գրված գրքերի մեծ մասը։ Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, Բեյրութն ու Հալեպը տասնյակ հազարավոր ամերիկահայերի եւ եվրոպահայերի համար հանդիսացել եւ դեռեւս հանդիսանում են, ինչպես իմ սփյուռքահայ ծանոթներից մեկն է ասում, «հայ տատիկների քաղաքներ». այստեղ, իրենց տատերի, պապերի, քեռիների եւ այլ ազգականների տներում են իրենց ամառային արձակուրդներն անցկացրել հազարավոր հայ երեխաներ եւ երիտասարդներ, որոնք ծնվելով եւ մեծանալով Լոս Անջելեսում կամ Մարսելում՝ Լիբանանում եւ Սիրիայում կարողացել են վերադառնալ իրենց ակունքներին, լավացնել կամ անգամ յուրացնել հայերենը եւ պահպանել իրենց հայկական ինքնությունը։ Այս իմաստով Մերձավոր Արեւելքի հայ համայնքները խոշոր հաշվով հայկական Սփյուռքի մետրոպոլիաներն են, որոնք հայապահպանման գործում ոչ պակաս ավանդ ունեն, քան եկեղեցին։

Այսօր Սիրիայի հայկական համայնքը կանգնած է վերացման եզրին։ Ինձ համար ակնհայտ է, որ Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայում ստեղծվելու է մի իրավիճակ, որում առանցքային դերակատար են լինելու ծայրահեղ իսլամիստները. նրանք, ում համար իդեալական պետության մոդել է հանդիսանում Սաուդյան Արաբիան։ Մի երկիր, որի քաղաքացի կարող են լինել միայն մուսուլմանները եւ որտեղ չկա ոչ մի քրիստոնեական եկեղեցի՝ չհաշված 4-րդ դարի 1 սիրիական եկեղեցու ավերակները, որոնց չի թույլատրվում այցելել անգամ զբոսաշրջիկներին։

Ինձ համար ակնհայտ է նաեւ, որ Սիրիայում հաջողություն հասնելուց հետո իսլամիստները գրոհելու են Լիբանանը, որի շիական համայնքը եւ վերջինիս ռազմա-քաղաքական կառույց հանդիսացող «Հիզբալլան» մեծ գլխացավանք են ներկայացնում թե սունի ծայրահեղականների, թե նրանց այս պահին աջակցողների համար։ Սա ոչ միայն զուտ սիրիական խաղ է, այլ ավելի մեծ, որի նպատակն է Իրանի եւ նրա դաշնակիցների թուլացումն ու խաղից դուրս հանումը։ Ցավոք, այս մեծ խաղում հայկական համայնքները, ինչպես ռուսական ասացվածքն է ասում, հենց այն տաշեղն են, որը թռչելու է ծառը հատելիս։

Չեմ ցանկանում ծայրահեղական կարծիք հայտնել, սակայն իր հետեւանքներով Սիրիայի տապալումը պատմական առումով կարող է կործանարար լինել Եղեռնի արդյունքում ձեւավորված ողջ հայկական Սփյուռքի համար։ Եվ դառնալին այն է, որ այս չարիքը թակում է հայության դուռը հենց Եղեռնի 100-ամյակի նախօրյակին։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին