«Թեթչերիզմը» համբուրգյան հաշվով - Mediamax.am

«Թեթչերիզմը» համբուրգյան հաշվով
13611 դիտում

«Թեթչերիզմը» համբուրգյան հաշվով


Մարգարետ Թեթչերի մասին գրելու մտադրությունս, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նրա հուղարկավորության օրը Լոնդոնում էի։ Նախօրոք կարդացել էի այն «տոնակատարությունների» մասին, որոնք պատրաստվում էին կազմակերպել Բրիտանիայի նախկին վարչապետին հատուկ կերպող չսիրող բրիտանացիները։

Հավանաբար, Մարգարեթ Թեթչերին չսիրելու համար հիմնարար սոցիալ-տնտեսական պատճառներ կան, քանի որ «թեթչերիզմը» լուրջ հարված է հասցրել բրիտանական արդյունաբերությանը եւ, ինչպես իմ լավ մոսկովյան ծանոթ պրոֆեսոր Ալեքսեյ Կուզմինն է գրում, «անվերադարձ կործանել է այն եւ հզոր Բրիտանիային դարձրել Նյու-Յորքին կից ֆինանսական գրասենյակ»։ Իհարկե, Լոնդոնն այսօր հանդիսանում է համաշխարհային ֆինանսական կենտրոններից մեկը, սակայն ներկայումս Եվրոպայում ծավալված ճգնաժամի պայմաններում ակնհայտ է դառնում, որ այդ ճգնաժամից դուրս գալու լծակները եւ միջոցները գտնվում են ոչ թե ֆինանսական կենտրոն Լոնդոնում, այլ Բեռլինում, որը թե ֆինանսական շուկաների, եւ թե ծառայությունների առաջարկման տեսանկյունից Եվրոպայի համար որեւէ նշանակություն ունեցող մայրաքաղաք չի հանդիսանում։ Սակայն` ունենալով արտահանմանն ուղղված հզոր արդյունաբերություն, տիրապետում է բավականին միջոցների Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը լինելու եւ ուրիշներին պարտքային փոսից հանելու համար։

Այսօրվա Բրիտանիայի եւ Գերմանիայի համեմատությունն, իրականում, ոչ այնքան տնտեսական եւ քաղաքական է, այլ աշխարհայացքային։ Առաջինը Թեթչերի օրոք գնաց տրանզակցիոն, ծառայությունների մատուցմանն ուղղված տնտեսության կառուցման ճանապարհով, երկրորդը՝ պահպանեց ավանդական եւ արդյունաբերության վրա հիմնված տնտեսության կառուցվածքը։ Արդյունքում Բրիտանիան այսօր փորձում է պահպանել տնտեսական կայունությունն իր երկրի սահմաններում, Գերմանիան՝ փորձում է տնտեսական ճգնաժամից դուրս հանել ողջ Եվրոպան՝ զուգահեռաբար ամրապնդելով իր քաղաքական դիրքերն ու ազդեցությունը ԵՄ տարածաշրջանում։ Համեմատությունը Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ, այսպիսով, հաստատ առաջինի օգտին չէ։

Սակայն ոչ պակաս հետաքրքիր է այն, թե ինչպես ենք մենք՝ հետխորհրդային տարածքի բնակիչներս, վերաբերվում Թեթչերին եւ «թեթչերիզմին»։ Այս հարցում իրար են խառնված մի քանի գործոններ՝առաջին հերթին քաղաքական եւ մշակութային, բայց երբեք ոչ տնտեսական։

Շատերը, մանավանդ նրանք, ով բավականին բացասական են վերաբերվում կոմունիստական անցյալին, Թեթչերով հիանում են, քանի որ հենց նրա օրոք քայքայվեց Խորհրդային Միությունը, եւ «երկաթյա լեդին» այդ քայքայման խորհրդանիշներից մեկն էր։ Չնայած, որ Թեթչերն ինքը, իհարկե, այդ քայքայման հեղինակը չէր. հեղինակները, թեկուզ եւ անգիտակից, ապրում էին ԽՍՀՄ տարածքում։ Խոսքն այն գործիչների մասին է, որոնք տասնամյակներ շարունակ ստեղծում էին անմրցունակ քաղաքական ու տնտեսական համակարգ, որը վերջ ի վերջո պետք է փլուզվեր։ Իսկ փլուզվելուց հետո, իհարկե, միշտ ավելի հեշտ եւ պակաս պատասխանատու է մեղավորներ փնտրել դրսում՝ նրանց վրա բարդելով սեփական պետության եւ հասարակության անհաջողությունները։ Սա էլ մեր հետխորհրդային իրականության մեկ այլ բնորոշիչներից է. մեղավորները դրսում են, իսկ մենք խելացի ենք եւ անմեղ։

Ոմանք էլ հետխորհրդային տարածքում Թեթչերով հիանում էին մշակութային եւ սեռային գործոններից ելնելով. Բրիտանիայի առաջին կին-վարչապետը, «երկաթյա լեդի», ամուր ձեռք եւ այլն։ Թեթչերն ապացուցեց, որ մեծ տերությունը կարող է կոշտ եւ անկոտրուն ղեկավարվել կնոջ կողմից, ինչն, իրապես, քաղաքական մշակույթի տեսանկյունից բավական հեղափոխական երեւույթ էր։ Այսօր գրեթե նույն բանն անում է Գերմանիայի վարչապետը, որի օրոք, սակայն, իրականցվում է բացարձակ այլ տնտեսական քաղաքականություն, քան այն, որը կիրառվում էր «թեթչերիզմի» շրջանակներում։

Այսպես թե այնպես, համոզված եմ, որ մեկ սերունդ հետո Թեթչերի եւ «թեթչերիզմի» քաղաքականությունը թե մեզ մոտ, եւ թե Բրիտանիայում կգնահատվի պակաս էմոցիոնալ ձեւով կամ, ինչպես ընդունված է ասել, «համբուրգյան հաշվով»։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին