Ուսանողական շարժումը խնդիրներ է ձեւակերպում - Mediamax.am

Ուսանողական շարժումը խնդիրներ է ձեւակերպում
11183 դիտում

Ուսանողական շարժումը խնդիրներ է ձեւակերպում


Հայաստանի նման ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներում «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քաղաքականացրեք», «մենք ապաքաղաքական ուժ ենք» արտահայտությունները ամենաքաղաքականացված հայտարարություններն են հանդիսանում: Երբ ռեժիմը վերահսկում է երկրի ռեսուրսների մեծ մասը եւ իր իշխանությունը տարածում գոյություն ունեցող պետական եւ ոչ պետական ինստիտուտների վրա, այդպիսի երկրում քաղաքականությունով չզբաղվել հնարավոր չէ:

Հայաստանում գործող բուհերը հիմնականում գտնվում են պետության հետ սերտաճած Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով ցանկացած գործողություն բուհերի շրջանակում դառնում է քաղաքական, քանի որ դրա արդյունքում գործողություն կատարողը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով անմիջապես գործ է ունենում եւ պետության,  կուսակցության, եւ ռեժիմի հետ: Այդ իսկ պատճառով ուսանողների ցանկացած գործողություն անհատական, թե խմբային մակարդակում դառնում է քաղաքական` անկախ առաջ քաշած հարցից:

Հայաստանում մեկնարկած ուսանողական շարժումը միանշանակ քաղաքական գործընթաց է: Երբեմն, ակցիային մասնակցող ուսանողները փորձում են այն ներկայացնել իբրեւ ոչ քաղաքական, սակայն հենց իրենց առաջադրած խնդիրը խոսում է քաղաքական լինելու մասին: Բուհերի ադմինիստրացիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, հորդորում են շարժման մասնակիցներին չքաղաքականացնել համալսարանը, կամ այդ գործընթացը: Սակայն նրանք մոռանում են, որ բուհերը քաղաքականացված են, կամ ավելի ճիշտ կլինի ասել` կուսակցականացված են:

Բուհերի մեծ մասի Խորհրդի անդամները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, եւ Խորհուրդները ղեկավարում են մեծամասամբ ՀՀԿ ներկայացուցիչները: Հանրապետական կուսակցությունը տարբեր ճանապարհներով միջամտում է բուհերի ներքին կյանքին: Բուհերի ինքնավարությունը խախտվում է դե ֆակտո եւ դե յուրե գործող ինստիտուտների շնորհիվ:

Այսօր արդեն ուսանողական շարժումը որոշակի հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվում: Դասադուլի կոչերից բացի, առավել հստակ խնդիրների ձեւակերպման գործընթաց է սկսում: Ուսանողներից մեկը դասադուլ է սկսում ԵՊՀ-ի ներքին խնդիրներին վերաբերվող օրակարգով: Նա իր պաստառներով փորձելու է բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք նկատել է իր ուսման ընթացքում: Սա արդեն խոսում է շարժման դինամիկ լինելու մասին, ինչպես նաեւ` անմիջապես ուսանողական կյանքին վերաբերվող խնդիրների ձեւակերպման մասին: Շարժման հաջողության մասին է խոսում նաեւ Գյումրիում եւ Վանաձորում սկսված ուսանողական ակցիաները:

Կարեւոր է` շարժումը կարողանա նաեւ համալսարանների ներքին կյանքին վերաբերող հարցեր բարձրացնի: Եթե ուսանողները ցանկանում են սովորել ազատ համալսարանում` պետք է ազատեն համալսարանները Հանրապետական կուսակցությունից: Իսկ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինեն նույնիսկ օրենսդրական փոփոխություններ, ինչը մեծ աշխատանք եւ պայքար է պահանջվում:

Երեկ Ազատության հրապարկում ուսանողները կազմակերպել էին «Բերքլին 60-ականներին» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է 60-ականներին ԱՄՆ-ի առաջադեմ քաղաքական ակտիվիզմի էպիկենտրոններից մեկի մասին: Կարծես թե Բերքլիի ուսանողների առաջադրած հարցերը քիչ են տարբերվում մեր այսօրվա խնդիրներից: Եթե ուսանողները կարողանան նրանց նման եւս ձեւակերպել իրենց խնդիրները եւ պայքարել այդ խնդիրների լուծման համար, ապա մենք կարող ենք ունենալ ոչ միայն կրթական նոր որակ, այլեւ նոր տեսակի պետություն: Իսկ այդ ամենը արդեն կախված է այսօրվա ուսանողից:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին