Armnet 2012. Ի՞նչ, որտե՞ղ, ու՞մ - Mediamax.am

Armnet 2012. Ի՞նչ, որտե՞ղ, ու՞մ
13300 դիտում

Armnet 2012. Ի՞նչ, որտե՞ղ, ու՞մ


2012 թվականը կհիշվի բազմաթիվ լավ ու վատ իրադարձություններով: Մի բան հստակ է` տարին բավականին հագեցած էր այն պատճառով, որ հայերն ամուր խրվեցին ինտերնետի մեջ: Մենք դարձանք սոցիալական ցանցերի ստրուկները եւ այժմ առանց դրանց մեզ մոտ չեն սկսվում ոչ ընտրությունները, ոչ էլ կահույքի զեղչային վաճառքները:  

Ցանցում մենք շատ-շատ ենք

Բավականին դժվար է հստակ իմանալ, թե քանի՞ հայաստանցի կա ինտերնետում: Կան պաշտոնական տվյալներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որոնց համաձայն 2012 թվականի սկզբին ինտերնետ-կապի օգտագործողներ էին համարվում Հայաստանի բնակչության 60%-ը, կամ էլ 1,8 միլիոն մարդ: Մեկ տարի առաջ ցուցանիշը կազմում էր 47%: Իսկ եթե ուսումնասիրենք վերջին տարիների վիճակագրությունը, ապա աճն ուղղակի թռիչքային է` բոլորս լավ հիշում ենք, թե ինչպիսին էր ինտերնետի վիճակը մեր երկրում 3-4 տարի առաջ:

Իհարկե, պաշտոնական թվերը կարելի է վիճարկել, դրանք ուռճացված համարել: Առավել եւս, որ հստակ բաժանում չկա, թե ո՞ր տոկոսն է օգտվում բջջային ինտերնետից, որը` լայնաշերտ եւ այլն: Սակայն փաստն այն է, որ ինտերնետից օգտվում են շատերը, իսկ երիտասարդներից` գրեթե բոլորը:

Ֆեյսբուքն ընդդեմ Одноклассники-ի

Հայաստանում կա սոցիալական կայքերի տարանջատում: Одноклассники-ում ավելի շատ օգտատեր կա, իսկ Ֆեյսբուքը առավել մեծ ազդեցություն ունի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վրա: 2012 թվականին առաջին անգամ  Одноклассники-ի աճի տեմպն ընկավ, իսկ հետո ընդհանրապես դադարեց` կանգ առնելով ամսական 700 հազար ակտիվ բաժանորդների վրա: Տարեվերջի տվյալներով, Ֆեյսբուքը Հայաստանում Одноклассники-ից երկու անգամ քիչ օգտատեր ունի` շուրջ 370 հազար: Սակայն այս տարվա ընթացքում Ֆեյսբուքն աճել է շուրջ երկու անգամ, այսինքն` շուտով կհասնի եւ կգերազանցի Одноклассники-ին:

Մաշտոցի պուրակ եւ այլ ձեռքբերումներ

Արդեն երկու տարի է, ինչ ցանցը սկսել է օգտագործվել ակտիվ քաղաքացիների կողմից: Հավանաբար, 2012 թվականի ամենաաղմկոտ գործը Մաշտոցի պուրակը բուտիկներից եւ դրանց առեղծվածային տերերից ազատելու եւ կանաչ տարածքները պահպանելու գործն էր:

Շատ այլ արշավներ էլ կային. Արա Ասլանյանը եւ ընկերները գումար էին հավաքում փոքրիկ Սարգիսի համար, շարունակական եւ տեւական պայքար է ընթանում Թեղուտի համար: Կարեւորն այն է, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանը չեն ընկալում որպես մի մեծ ռեստորան կամ աղբարկղ, հասկացան, որ ինտերնետը այն կարեւորագույն գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս աշխարհը դեպի լավը փոխել: 

Ընտրություններ, ընտրություններ…

Մայիսին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, տարվա վերջում սկսվեց նախապատրաստությունը նախագահական ընտրություններին: Ընտրությունները հայկական ինտերնետին մեծ քանակությամբ ցածրորակ լրատվական կայքեր «նվիրեցին», որոնք հապճեպորեն ստեղծվում էին կուսակցությունների կողմից` լրատվական դաշտում գերիշխելու նպատակով: Բացի դրանից, Ֆեյսբուք լցվեցին հազարավոր ֆեյքեր` երիտասարդ կուսակցական բրիգադները փորձում էին իրենց PR անել եւ սեւացնել հակառակորդներին: Այսօր էլ շատերի ընկերների ցանկում փոշոտված քաղաքական ֆեյքեր կան:

Ընտրությունները հետաքրքիր էին նաեւ այն առումով, որ առաջին անգամ ներքաղաքական դաշտում օգտագործվեցին հաքերական հարձակումներ` մայիսին ուժեղ DDoS հարձակման ենթարկվեցին 1in.am, Blognews.am, iDitord.org. կայքերը: Նման հարձակումների դեպքում պատվիրատուին գտնելը գրեթե անհնար է, սակայն պարզ է, որ դրանք ներսից էին:

Կիբերպատերազմիկ

Ինչ վերաբերում է հայկական ցանցի հարձակումներին, ապա ինչպես միշտ, ադրբեջանցի հաքերները գիշերները չեն քնում եւ կոտրում են հայկական կայքերը: Հայ հաքերները նույնպես ակտիվացան, ինչը բավականին անսպասելի էր: Այս տարվա հիշարժան դեպքերից էր ադրբեջանցի քարոզիչ-լրագրողների էլեկտրոնային նամակագրության բացահայտումը հայկական Hamazoosp եւ Անանուն Հաքերյան խմբերի կողմից, ինչն արվել էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը: Իսկ սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցավ փոքր, բայց կոշտ կիբերպատերազմ, որը հրահրվել էր հայ սպայի մարդասպանի ազատ արձակմամբ եւ հերոսացմամբ: Կիբեր հարձակումներին մասնակցում էր «Հայկական կիբեր բանակ» հաքերական խումբը, ինչպես նաեւ մի շարք այլ խմբեր եւ անհատ հաքերներ: Հարձակումների արդյունքում խախտվել էր մի շարք ադրբեջանական տեղեկատվական կայքերի, ինչպես նաեւ մի քանի նախարարությունների եւ նախագահ Ալիեւի կայքերի աշխատանքը: Շատ հայկական կայքեր եւս խնդիրներ ունեցան հարձակումների արդյունքում:

Մեմեր

Եվ վերջապես, տարին բերքատու էր ինտերնետ մեմերի առումով: Արդեն շրջանառության մեջ են մտել եւ ճանաչելի են դարձել հետեւյալ արտահայտությունները` «Տարոն, ախր գեղեցիկ չի», «Դու լրիվ ոնց որ խառնում ես սաղ», «Давай досвидания!»: Բացի այդ, շատերի համար մատնաքաշը ճանաչելի ինտերնետ-կերպար դարձավ, էլ չասած քաղաքապետարանի կողմից Երեւանի տոնական զարդարանքների վերաբերյալ բազմատեսակ ստեղծագործական վարիացիաների մասին: Ցանցում նման ուրախ մեմերը միշտ էլ շատ են եղել, սակայն Արմնետի համար հենց 2012 թվականը բեկումնային դարձավ դրանց ստեղծման եւ տարածման տեսանկյունից:

Մի խոսքով, Հայաստանը վերջնականապես բացահայտեց իր համար համացանցը: Այժմ պետք է ձգտել, որպեսզի համացանցն իր համար ավելի մանրամասն բացահայտի Հայաստանը:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին