Մոնթեն` իմ հիշողություններում - Mediamax.am

Մոնթեն` իմ հիշողություններում
20838 դիտում

Մոնթեն` իմ հիշողություններում


Փետրվարյան ցուրտ գիշեր էր Մարտունիում` Արցախում, երեխաներով մայրական կողմի տատիկ-պապիկի տանն էինք ու սպասում էինք մեր հյուրին: Մեզ արդեն ասել էին, որ շուտով հյուր ենք ունենալու, նա գալիս է առաջին գծից մեր հարազատների հետ, որպեսզի արագ ընթրեն ու վերադառնան: Շուտով դրսում ձայներ լսվեցին եւ հասկացանք, որ նրանք եկել են: Դուռը բացվեց, ներս մտավ զենքով մի տղամարդ` կազմվածքով շատ մեծ չէր, բայց նրա մասին իմ լսած պատմությունների ազդեցությունից ինձ թվաց, թե նա ամենահսկա տղամարդն է, որը կարող է հաղթել բոլորին: Նրա հետեւից ներս մտան ծանոթ դեմքեր` մեր հարազատները:

Շուտով տղամարդիկ տեղավորվեցին սեղանի շուրջ, որի կենտրոնում վառվում էր մոմը` լուսավորելով նրանց դեմքերը:  Ուշադիր հետեւում էի այդ մարդուն, ում մասին անթիվ պատմություններ էինք լսել եւ գիտեինք, որ թուրքերը 00 ազդականչը լսելուց վախենում են, քանի որ նա ամենաուժեղն էր ու ոչ մեկից չէր վախենում:

Լսել էի նաեւ, որ նա հիմնականում մածուն է ուտում եւ չի սիրում ալկոհոլ օգտագործել: Երբ սեղանը բացեցին, նա իսկապես հրաժարվեց խմիչքից, ինչպես նաեւ մնացած ուտելիքներից` հետեւելու է իր սովորույթին եւ մածուն էր ուտելու: Քիչ անց ընթրիքն ավարտվեց:

Հարազատ դարձած տղամարդն առաջինը հետ քաշեց իր աթոռը, վերցրեց AK-74-ը, որը դրել էր սեղանից քիչ հեռու, մոտեցավ մեզ` երեխաններիս: Հարցրեց` ինչպե՞ս ենք եւ ստանալով մեր դրական պատասխանը, գնաց դեպի դուռը:

Դա իմ միակ իրական հանդիպումն էր Մոնթեի հետ: Հետագայում հաճախ էի պատմություններ լսում նրա մասին: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմում էր, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք թուրք տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:

1993 թվականին հունիսի 12-ին կրկին տատիկ-պապիկիս տանն էի, երբ լսեցի Մոնթեի մահվան գույժը: Երկար ժամանակ չէի ուզում համակերպվել այդ լուրի իրական լինելու հետ: Երկար լաց էի լինում... Նույնիսկ 9-10 տարեկան երեխայի հոգու մեջ նա իր տեղն ուներ…

Երեկ Մոնթեն 55 տարեկան կդառնար: Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ միջոցը Արցախի ներկայիս տարածքի պահպանումն է, քանզի այդ տարածքի ցանկացած զիջում մեր պատմության վերջին էջը թերթելու վտանգ կստեղծի: Ասում են` Մոնթեն իր պատկերացրած Արցախի քարտեզն է ունեցել, որը քիչ է տարբերվում ներկայիս Արցախի քարտեզից: Այդ Արցախի ստեղծումը ու պահպանումը իսկապես կլինի նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին