Պատերազմի ընդլայնվող դաշտը - Mediamax.am

Պատերազմի ընդլայնվող դաշտը
6381 դիտում

Պատերազմի ընդլայնվող դաշտը


Ժամանակին Կառլ ֆոն Կլաուզեվիցը գրել էր. «Պատերազմը ֆիզիկական ճիգի ու տառապանքի բնագավառ է»: Եթե Կլաուզեվիցը ապրեր մեր օրերում, ապա դժվար թե նման բան գրեր, քանի որ մեր օրերում պատերազմի դաշտը ընդլայնվել է` իր մեջ ներառելով նաեւ վիրտուալ ճակատամարտերը, որտեղ ֆիզիկական տառապանքը նվազագույնի է հասցված: Վիրտուալ պատերազմները ավելի շատ մտավոր ճիգ են պահանջում, եւ միայն մտավոր ունակությունների շնորհիվ հնարավոր է այդ դաշտում հաղթանակ ապահովել:   

Այսօր պաղեստինա-իսրայելական հակամարտությունը նոր փուլ է մտել, որտեղ կողմերը մտավոր ճիգեր չեն խնայում վիրտուալ ոլորտում հաղթանակ ապահովելու համար: Կողմերի դաշտային գործողությունները թեժացել են: Պաղեստինցիները արկեր են արձակում Գազայի հատվածից, իսկ Իսրայելը ռմբակոծում է պաղեստինյան բնակավայրերը Գազայում: Գազայից արձակվող արկերը արդեն հասնում են Թել Ավիվ, ինչը նոր իրավիճակ է ստեղծում հակամարտությունում:

Դաշտային գործողություններից բացի, կողմերը պայքար են տանում սոցիալական ցանցերում` փորձելով դրանց միջոցով ինֆորմացիոն դաշտում եւս հաղթանակ ապահովել: Եթե նախկինում խոշոր մեդիա-ընկերություններն էին հակամարտության լուսաբանման հիմնական գործոն հանդիսանում եւ նրանց վրա ազդելով հնարավոր էր հանրային դրական կարծիք ստեղծել հակամարտության այս կամ այն կողմի մասին, ապա այժմ սոցիալական ցանցերը եւս նման դեր ունեն: Կողմերը փորձում են վիրտուալ աշխարհում շահել մարդկանց համակրանքը եւ իրենց մասին պատմող նյութը կամ ստատուսը հնարավորինս հասանելի դարձնեն share-ի կամ retweet-ի միջոցով:

Twitter-ում կողմերը փորձում էին թրենդային դարձնել իրենց կողմից օգտագործվող հեշթեգերը: Հիմնականում օգտագործում էին #GazaUnderAttack եւ #IsraelUnderFire հեշթեգերը: Այստեղ հետաքրքիր է նաեւ բառերի ընտրությունը. եթե հրեաները հիմնականում օգտագործում էին «կրակել» բառը, ապա պաղեստինցիները օգտագործում են «հարձակվել» բառը:

Facebook-ում Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական էջը ակտիվ ձեւով պատերազմի մասին նյութեր եւ ինֆոգրաֆիկա էր տեղադրում եւ խնդրում հետեւողներին share անել: Ի դեպ, այստեղ մեծ ակտիվություն են ցուցաբերում Պաղեստինի կողմնակիցները, ովքեր փորձում են ցույց տալ, որ Իսրայելը խախտում է պաղեստինցիների իրավունքները:

Ճիշտ է, վիրտուալ ոլորտը որոշիչ գործոնը չէ հաղթանակ ապահովելու համար, սակայն կարեւոր է: Ինչպես Ջոզեֆ Նայն է նշում, «հաղթանակը կախված է ոչ միայն նրանից, թե ում բանակն է հաղթում, այլ նաեւ` թե ում պատմությունն է հաղթում»:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլից մենք կարող ենք շատ բան սովորել: Նախ` պետք է կարողանանք սոցիալական ցանցերում ավելի ներկայացված լինենք: Այստեղ կարեւոր դեր ունեն կառավարական մարմինները` ի դեմս պաշտպանության նախարարության, որը ինֆորմացիոն հիմնական աղբյուրը պետք է լինի: Պաշտպանության նախարարությունը պետք է Facebook-ում ու Twitter-ում համախոհների լայն զանգված ստեղծի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ինֆորմացիոն ճակատում պատրաստված լինելու համար:

Շատ կարեւոր է նաեւ սփյուռքի ներգրավումն այդ համախոհների ցանկում, քանի որ ցանկացած retweet կամ share սփյուռքի ներկայացուցիչների կողմից ինֆորմացիան հասանելի է դարձնում աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց համար:

21-րդ դարում պատերազմի դաշտը ավելի է ընդլայնվում, եւ հաղթանակի համար անհրաժեշտություն է դառնում, որպեսզի պետությունը ունակ լինի բոլոր ճակատներում հաղթանակ տանել: Դրա համար անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատրաստված լինել, որպեսզի հակահարվածը թշնամուն լինի բոլոր ուղղություններով, որի դեպքում հաղթանակն էլ վերջնական կլինի: 

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին