Կուսակցությունների «անհետացման» վտանգը - Mediamax.am

Կուսակցությունների «անհետացման» վտանգը
11870 դիտում

Կուսակցությունների «անհետացման» վտանգը


Վերջին շրջանում աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններում մասնագետները քննարկում են կուսակցությունների թուլացման եւ հնարավոր «անհետացման» հարցը: Խնդիրն այն է, որ կուսակցությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներում որոշ չափով թուլացել է: Նաեւ նվազել է կուսակցությունների անդամների թիվը, որի հիմնական պատճառներից մեկը անդամության վճարն է:

Օրինակ, Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության անդամավճարը 20 եվրո է: Եվրոպայի մի շարք երկրներում եւս կուսակցության անդամակցությունը որոշակի գումար է արժենում քաղաքացու համար: Սակայն այսօր ինտերնետի տրամադրած հնարավորություններն, ըստ էության, անվճար են, եւ քաղաքացիները կարողանում հենց ինտերնետի միջոցով իրենց հուզող խնդիրների լուծման համար ինքնուրույն ուղիներ որոնել:

Նոր իրավիճակում կուսակցությունները հաճախ պասիվ դիրքորոշում են ունենում տարբեր խնդիրների նկատմամբ, քանի որ ունակ չեն լինում վերհանել այդ խնդիրները  եւ լուծում տալ դրանց: Դրա պատճառներից նաեւ այն հանգամանքը, որ կուսակցությունները հաճախ անմիջապես ներգրաված են լինում այդ խնդիրների առաջացման գործընթացում:

Հասարակության տարբեր ակտիվ խմբերի կողմից խնդիրների վերհանման հետաքրքիր օրինակ են հանդիսանում “Occupy” շարժումները` աշխարհի տարբեր երկրներում: Միացյալ Նահանգներում ֆինանսական շուկայում ստեղծված խնդիրները Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունները չփորձեցին լուծում տալ, եւ նրանց փոխարեն դա փորձեցին անել “Occupy Wall Street” շարժման մասնակիցները: Գրեթե նույնը կատարվեց “Tea Party” շարժման ժամանակ: Ճիշտ է, վերջինիս դեպքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներգրավված են եղել շարժման մեջ, սակայն նրանք դա անում էին որպես շարժման մասնակիցներ, այլ ոչ թե կուսակցության ներկայացուցիչներ:

Այսօր Ալեքսեյ Նավալնին իր բլոգի միջոցով կարողանում է օրակարգ բերել այնպիսի խնդիրներ, որոնց լուծման համար Ռուսաստանի տարբեր կուսակցություններ տեւական ժամանակ ոչինչ չեն կարողացել անել: Նավալնու ազդեցությունը Ռուսաստանում երբեմն կարող է գերազանցել որոշ կուսակցությունների ազդեցությանը:

Հայաստանում վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած գրեթե բոլոր խնդիրները օրակարգ են բերվել հասարակության տարբեր ակտիվ խմբերի կողմից: Դրա վառ օրինակներն են պայքարը Կինո Մոսկվայի ամառային դահլիճի, Թռչկանի, Մաշտոցի այգու, Թեղուտի անտառի համար:
Այսօր Գյումրի քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը: Նրանք հանդես են գալիս որպես հասարակական ակտիվ մարդկանցից կազմված խումբ, ովքեր ցանկություն ունեն ներկայացված լինեն տեղական ինքնակառավարման մարմիններում: Արցախում նախագահական ընտրություններից հետո Վիտալի Բալասանյանի թիմը որոշեց ոչ թե կուսակցություն ստեղծել, այլ` շարժում: Այս երեւույթները վկայում են կուսակցությունների այլընտրանքային ինստիտուտների ի հայտ գալու եւ լայն տարածում ստանալու մասին:

Ֆեյսբուքում «Փրկենք Թեղուտը» հասարակական խումբը ավելի շատ անդամներ ունի, քան որեւէ կուսակցություն: Թեղուտի պաշտպանության խումբը նույնիսկ կարողանում է խնդիրը գլոբալ դարձնել. նման օրինակ է Սերժ Թանգյանի մասնակցությունը Թեղուտի պաշտպանության գործընթացին:

Աշխարհում կուսակցությունների դերակատարության ու նրանց միջոցների նվազեցման միտում է նկատվում: Հասարակական տարբեր ակտիվ խմբերը առավել կենսունակ են դարձել ինֆորմացիոն դարաշրջանում եւ հաճախ առավել արդյունավետ են լուծումներ որոնում առկա խնդիրների համար: Եթե այս միտումը շարունակվի, ապա հնարավոր է, որ կուսակցությունները հեռանան պատմության թատերաբեմից` իրենց տեղը զիջելով նոր ձեւավորվող հասարակական ինստիտուտներին, եւ այդ  իրավիճակում ներկայացուցչական մարմինների կազմավորման մոդելը վերանայման կարիք է ունենալու:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին