Խաղաղ կյանքից` պատերազմ - Mediamax.am

Խաղաղ կյանքից` պատերազմ
13717 դիտում

Խաղաղ կյանքից` պատերազմ


1988թ. փետրվարի 22-ին Ասկերան ավանում միտինգ էր:  Ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները ժամանել էին շրջկենտրոն` զսպելու ծավալվող Արցախյան շարժումը: Ես, խորհրդային շարքային քաղաքացիս, միտինգի մասին տեղեկացա ուշացումով եւ շտապեցի ցույցի վայր: Մեզ մոտեցավ մեկը եւ ասաց, որ Աղդամի շրջանից բազմահազարանոց ամբոխ է շարժվում  Խանապատի ու Ասկերանի ուղղությամբ` ճանապարհին ավերելով ամեն ինչ: Ես չհավատացի այդ մարդուն, քանզի խորհրդային տարիներին անհնար էր այդպիսի բան պատկերացնել: Սակայն նույն տեղեկությունները ստանալով տարբեր մարդկանցից` մի քանի հոգով շտապեցինք տուն` զինվելով մեր անձնական որսորդական հրացաններով եւ շարժվեցինք դեպի Ասկերանի արեւելյան մասերը (Աղդամի ուղղություն): Ընդսմին պարզ դարձավ, որ ադրբեջանցիների ամբոխը ուզում էր մտնել Ասկերան ավան: Վստահ եմ, որ եթե նրանք հաջողեին, սկսվելու էին ջարդեր, որոնք վերածվելու էին ցեղասպանության ամբողջ ԼՂԻՄ տարածքում: Երբ մենք դիրքեր զբաղեցրինք, հարձակվող ադրբեջանցիների եւ մեր միջեւ հեռավորություն 100-150 մետր էր: Մի քանի կրակոց եւ  ամբոխը վիրավորներ տալով` նահանջեց: Այստեղից սկսեց իմ ներգրավվածությունը ինքնապաշտպանական ուժերում:

Այս դեպքից հետո Ասկերանի շրջանում սկսեցի ձեւավորել ինքնապաշտպանական ջոկատներ եւ արդեն 1991թ. հոկտեմբերից, խորհրդային զորքերի դուրս գալուց հետո,  դարձա ինքնապաշտպանական կանոնավոր ուժերի հրամանատար: 1992թ. օգոստոսի 14-ին նշանակվեցի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար եւ մինչեւ 1996թ. հոկտեմբեր հանդիսացա այս գնդի հրամանատարը:

Գունդը, բացի Ասկերանի պաշտպանությունից, մասնակցել է Ղարաբաղի բոլոր ուղղությունների պաշտպանողական եւ հարձակվողական մարտերին: Ասկերանի այսօրվա սահմանները գնդի հերոսական ուղու վառ ապացույցն են:

Ղարաբաղցիներիս` խաղաղ կյանքից պատերազմի անցնելու արդյունքը ողբերգական եղավ Ադրբեջանի համար: Այսօր էլ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում ԼՂ հարցը ուժային տարբերակով լուծելու վերաբերյալ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք չունեինք կանոնավոր բանակ, համապատասխան մարդկային եւ նյութական ռեսուրսներ, Ղարաբաղն էլ կրկնակի շրջափակման մեջ էր. միակ կապը Հայաստանի հետ օդային կապն էր, Արցախի տարածքի հայկական բնակավայրերն էլ իրենց հերթին շրջափակված էին ադրբեջանական բնակավայրերով: Չնայած այս ամենին, մենք տարանք փառահեղ հաղթանակ: Այսօր Արցախի Հանրապետությունն ունի պարզեցված մի տարածք` Սահմանադրությամբ ամրագրված պետական սահմաններով, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են եւ ամբողջ տարածքը վերահսկվում է ԼՂՀ իշխանությունների կողմից: Ունենք ժամանակակից պաշտպանության բանակ` իր մոբիլիզացիոն ռեսուրսով եւ նյութական ապահովվածությամբ:

Նոր պատերազմը կջնջի Ադրբեջանը աշխարհի քաղաքական քարտեզից: Կա տարբերակ, որի համաձայն Ադրբեջանը կարող է սկսել դիրքային հրետակոծություններ: Այս դեպքում ԼՂՀ կտա համարժեք պատասխան, ինչը ցավալի կլինի Ադրբեջանի համար: Ադրբեջանի մեկ միլիոնից ավելի բնակիչ ապրում է ԼՂՀ սահմանակից շրջաններում եւ նրանց տարհանման պատասխանատվությունը կմնա Ադրբեջանի իշխանությունների վրա:

Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է, Արցախի հերոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին