Մի հանդիպման պատմություն - Mediamax.am

Մի հանդիպման պատմություն
8538 դիտում

Մի հանդիպման պատմություն


Որպես նորանշանակ նախարար՝ 1998թ. նախագահ Քոչարյանն իմ առջև խնդիր էր դրել Լեռնային Ղարաբաղի հարցում նախ բեկանել Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ձևավորված փուլային լուծման նպատակահարմարության գաղափարը և երկրորդ՝ գաղափարական նոր դաշտ ստեղծել, որի շրջանակում միջազգային հանրության համար ընդունելի կլիներ դիտարկել ԼՂ հիմնահարցի կարգավորման համապարփակ լուծումը:

Պետք է արձանագրել, որ միջազգային հանրության աջակցությունը փուլային լուծմանը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ ոք չէր հավատում, որ ԼՂ կարգավիճակի շուրջ հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել կողմերի միջև: Մի կողմից Ադրբեջանը պնդում էր ԼՂ ինքնավար կարգավիճակի վրա` իր տարածքային ամբողջականության շրջանակում, մյուս կողմից՝ հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի էր Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Կարգավիճակի հարցում միջազգային հանրությունը նախապատվությունը տալիս էր ադրբեջանական մոտեցմանը, ինչը բոլորի համար բացահայտեց Լիսաբոնի հայտարարությունը, որն արեց ԵԱՀԿ գործող նախագահը 1996թ. ԵԱՀԿ գագաթաժողովի ավարտին:

Մեզ համար սա փակուղային վիճակ էր: Փակուղին այն էր, որ եթե մենք մերժում ենք փուլային մոտեցումը և պնդում, որ կարգավիճակի հարցը ներառվի բանակցությունների օրակարգում, ապա բախվում ենք տարածքային ամբողջականության անսասան սկզբունքին: Մյուս կողմից՝ եթե մերժում ենք ինքնավարության ցանկացած տեսակ, ուրեմն մեզ այլընտրանք չի մնում, քան առաջ շարժվել փուլային տարբերակով: Ուստի այդ փակուղուց դուրս գալու համար ահնրաժեշտ էր կարգավիճակի հարցում գաղափարական նոր դաշտ ստեղծել, որի շրջանակում հնարավոր կլիներ խոսել կարգավիճակի մասին՝ մի կողմից առանց հարուցելու միջազգային հանրության զայրույթն ու հակակրանքը և մյուս կողմից` առանց զիջելու մեր սկզբունքային դիրքերը և առանց հարուցելու հայ ժողովրդի ցասումն ու նախատինքը:


ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին

Քոչարյանի և իմ մտքում Լեռնային Ղարաբաղի կատարյալ ինքնորոշումը, այսինքն` անկախությունը կամ Հայաստանի հետ միացումը, անսակարկելի էր, դա մեր գերագույն նպատակն էր: Մեր առջև ծառացած խնդիրն այն էր, թե ինչպես հասնել այդ նպատակին: Այդ օրերին նման վերջնանպատակի բացահայտումը և դրա բացահայտ հետապնդումը դիվանագիտական կոպիտ սխալ կլիներ: Մենք չէինք ունենա միջազգային որևէ աջակցություն. իրականում, անհրաժեշտ էր միջանկյալ մի փուլ, որի ընթացքում պետք էր ցուցաբերել դիվանագիտական ճկունություն` ձևավորված կարծրատիպերը հաղթահարելու համար:

Ահավասիկ, այս մտորումների արդյունքում ծնվեցին մի քանի տարբեր ձևակերպումներ, որոնք և ուղենիշ հանդիսացան այդ փուլում մեր դիվանագիտական գործունեության և գաղափարական հիմնավորումների համար: Նախ՝ շրջանառության մեջ դրվեց մեզ համար ընդունելի լուծման սկզբունքների եռյակը. առաջինը՝ ԼՂ և Ադրբեջանի միջև հորիզոնական հարաբերություններ, երկրորդը՝ ԼՂ և Հայաստանի միջև ցամաքային կապ և երրորդը՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքը: Կարգավիճակի առումով շրջանառության մեջ դրվեց հարցի ոչ կոնվենցիանալ մոտեցման գաղափարը, որի դրսևորումներից մեկը եղավ «փաստորեն անկախ, իրավականորեն ոչ Ադրբեջանի կազմում» ձևակերպումը: Մեր փաստարկներում ներմուծեցինք նաև իրավական տարրը: Մենք բացատրեցինք, որ սա պարզապես ինքորոշում չէ, այլ ինքնորոշում է մի ժողովրդի՝ այնպիսի տարածքի վրա, որի հանդեպ Ադրբեջանը չի կարող իրավական հավակնություններ ունենալ, քանի որ ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: 1918-20 թթ., երբ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, կարճաժամկետ անկախություն ձեռք բերեց, Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէր: 1991թ., երբ ԽՍՀՄ փլուզման արդյունքում մեր երկրները անկախացան, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանրաքվե անցկացրեց խորհրդային օրենսդրության շրջանակում և քվեարկեց Ադրբեջանից դուրս գալու օգտին: Այդպիսով, 1991թ. ևս ԼՂ-ն անկախ Ադրբեջանի մաս չի եղել:

Գաղափարական այսպիսի զինանոցով ես իմ նախարարական գործունեությունը սկսեցի: Առաջին հանդիպումը, որտեղ այս գաղափարները գործի դրեցի, Պրիմակովի հետ հանդիպումն էր (տե՛ս նախորդ գրառումս): Այս թեմայով իմ երկրորդ  կարևոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ էր Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի միջնորդությամբ:

Մի օր Քոչարյանը հյուրընկալված է եղել լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի` Կաննում խարիսխ գցած շքեղ նավի վրա: Այդ օրերին այնտեղ է եղել նաև Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին, որը բարեկամական հարաբերություններ ուներ իր հայրենակից Վաչե Մանուկյանի հետ: Օգտվելով առիթից՝ Հարիրին իր նավի վրա ճաշկերույթի է հրավիրել Քոչարյանին և Մանուկյանին: Ճաշի ընթացքում զրույց է ծավալվել նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Մինչ այդ, Հարիրին, տեղեկանալով, որ ԼՂ կարգավորման գործընթացը փակուղի է մտել և որ Ֆրանսիան միջնորդ երկրներից մեկն է, ասել էր, որ մտերմիկ, բարեկամական հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ և Քոչարյանին առաջարկել էր` առաջին իսկ հնարավորության դեպքում առիթ ստեղծել, որ Հայաստանն իր մոտեցումները մանրամասն ներակայացնի նրան:

1998թ. մայիսի 28-ին ես Լյուքսեմբուրգում էի` մասնակցելու ՆԱՏՕ-ի Համգործակցության խորհրդի նախարարական հանդիպմանը: Ուշ երեկոյան զանգ եկավ Քոչարյանից. նա ինձ հանձնարարեց անմիջապես մեկնել Բեյրութ` հանդիպելու Ֆրանսիայի նախագահին և նրան ներկայացնելու Հայաստանի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում:

Այդ օրերին Շիրակը պաշտոնական այցով Լիբանանում էր, և վարչապետ Հարիրին արդեն ստացել էր նախագահ Շիրակի համաձայնությունը այդ հանդիպումը կազմակերպելու համար: Նույն օրը օրվա երկրորդ կեսին ժամանեցի Բեյրութ: Լեբանանում ՀՀ դեսպան Արման Նավասարդյանի հետ միասին ինձ դիմավորելու էր եկել Հարիրիի օգնական Արա Սիսերյանը: Նա հենց այնտեղ, օդանավակայանում մանրամասներ ներկայացրեց հանդիպման ժամանակի, վայրի և արարողակարգային մի քանի այլ հարցերի մասին: Ես հրավիրված էի մասնակցելու մայիսի 30-ի երեկոյան կայնալիք` Հարիրիի կողմից Շիրակի պատվին տրվող պաշտոնական ճաշին, որը պետք է կայանար Բեյրութի արևմտյան մասում գտնվող Հարիրիի առանձնատան ընդունելությունների սրահում: Մինչև ճաշը սկսվելը, ես Շիրակի և Հարիրիի հետ պետք է առանձնանայի վերջինիս աշխատասենյակում, որտեղ շուրջ 30 րոպե պետք է զրուցեինք ԼՂ կարգավորման հարցի շուրջ: Ճիշտ այդպես էլ եղավ:

1998թ. մայիսի 30-ին, ժամը 19:45-ին ես արդեն Հարիրիի աշխատասենյակում էի և սպասում էի նրանց ժամանելուն: Ուղիղ ժամը 20:00-ին ներս մտան Հարիրին ու Շիրակը: Միմյանց ողջունելուց և Հարիրիի հետ մի քանի նախադասություն արաբերենով փոխանակելուց հետո, անցանք անգլերենի և բուն նյութին: Ընդհամենը երկու շաբաթ առաջ, Մոսկվայում Պրիմակովի հետ հանդիպումը կարծես նախափորձ լիներ այս հանդիպման համար: Այստեղ արդեն իմ խնդրին էր մեր մոտեցումները համատեղելի դարձնել համաեվրոպական շահերի և սկզբունքների հետ: Ոչ կոնվենցիոնալ մոտեցման գաղափարը և դե ֆակտո անկախ, դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում բանաձևը միանգամայն հասկանլի դարձավ Շիրակի համար: Քննարկումների և ինձ ուղղված պարզաբանող մի քանի հարցերից հետո Շիրակը հայացքն ուղղեց Հարիրիին և ասաց. «Սա ինձ արդեն հնարավորությոն կտա ներգրավվելու և աշխատելու կողմերի հետ»: Եվ իրոք, հաջորդ մի քանի տարիների ընթացքում Շիրակը դարձավ բանակցությունների հիմնական շարժիչ ուժը: Նրա անձնական մասնակցության շնորհիվ բանակցությունները գաղափարական լուրջ բեկում ապրեցին:

Լուսանկարը՝ անձնական արխիվից:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին