Երեք տարի առաջ գրել էի World Giving Index ուսումնասիրության մասին, որը վերլուծում է տարբեր երկրներում մարդկանց վարքը բարեգործության տեսանկյունից, ներառյալ Հայաստանը։ Այս տարի Հայաստանը դուրս է մնացել ուսումնասիրվող երկրների ցանկից, բայց արդյունքները եւ դրանց ետեւում թաքնված պատճառները շատ հետաքրքիր են եւ կարող են շատ օգտակար լինել Հայաստանում բարեգործական կազմակերպությունների համար՝ իրենց աշխատանքի բարելավման տեսանկյունից։
Այս տարի արդյունքները ներկայացվում են երկու հիմնական բաժիններով՝ բարերարների գործունեությունը եւ բարեգործական կազմակերպությունների աշխատանքը։ Սկսենք բարերարների մասին վերլուծությունից։ Իսկ մյուս բաժինը կներկայացնեմ հաջորդ սյունակում։
Աշխարհի բնակչության 2/3ը նվիրատվություն է կատարել 2024-ին
Աշխարհում ամենատարածված նվիրատվության ձեւը մարդկանց ուղղակիորեն օգնություն ցուցաբերելն է (38%), որին հաջորդում են բարեգործական կազմակերպություններին նվիրատվությունները (36%) եւ կրոնական նվիրատվությունները (25%)։
Աֆրիկան ամենաառատաձեռն մայրցամաքն է
Աֆրիկան առաջատարն է երկու չափանիշով․ մարդիկ նվիրատվություններ են անում իրենց եկամտի ամենամեծ բաժնով (1.54%) եւ բնակչության ամենաբարձր տոկոսն է մասնակցում նվիրատվություններին (72%)։
Նիգերիան ամենաառատաձեռն երկիրն է
2024 թվականին Նիգերիայի բնակիչները միջինում իրենց անձնական եկամտի 2.83%-ը նվիրաբերել են սոցիալական խնդիրների լուծման համար։
Նիգերիացիների բարեգործական միտվածությունը պայմանավորված է իրենց համայնքային արժեքներով․ նրանք ունեն ավելի քան 300 ազգային խմբեր, սակայն արտակարգ իրավիճակներում արագ միավորվում են՝ առաջնորդվելով համոզմամբ, որ իրական բարեկեցությունը հնարավոր չէ մեկուսացման մեջ, եւ անհատի բարօրությունը կապված է համայնքի բարօրության հետ։
Հարուստ երկրներն ավելի քիչ նվիրատվություններ են կատարում
Բարձր եկամուտ ունեցող երկրների մարդիկ իրենց եկամուտների փոքր բաժինն են նվիրաբերում՝ միջինում միայն 0.7%։ Աշխարհում ամենաոչառատաձեռն հինգ երկրներից երեքը G7 երկրների շարքում են՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Ճապոնիա։
Երեխաներին եւ երիտասարդներին վերաբերող խնդիրները մեծամասնության ուշադրության կենտրոնում են
Երեխաներին ու երիտասարդներին ուղղված նպատակը միակն է, որ մտնում է բոլոր աշխարհամասերի հինգ առաջնահերթությունների մեջ։ Աֆրիկայում առաջատարն են կրոնական կազմակերպությունները, Ասիայում՝ աղքատության հաղթահարման ծրագրերը, իսկ Եվրոպայում՝ մարդասիրական օգնությունն ու աղետների արձագանքը։ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում առավել աջակցություն ստացող նպատակներից է անօթեւանության խնդիրը, մինչդեռ Ավստրալիայում առաջին տեղում են առողջապահական բարեգործական կազմակերպությունները։
Հետաքրքիր է, որ կրոնական հիմքով աջակցություն ցուցաբերած մարդկանց մեծ մասը նշել է, որ իրենց հանգանակությունը իրականում ուղղված չէ եղել հենց կրոնական կազմակերպությանը/նպատակին։ Մինչեւ 37% կրոնական նվիրատուներ աջակցել են ոչ կրոնական ուղղվածություն ունեցող նպատակների՝ ինչպիսիք են աղքատության նվազեցումը, անօթեւաններին աջակցությունը կամ մարդասիրական օգնությունը։ Սա ցույց է տալիս, թե որքան լայնորեն է կրոնը խթանում բարեգործությունը տարբեր ոլորտներում։
Ինչու՞ մարդիկ չեն անում բարեգործություն
Գումար չնվիրաբերելու համար նշված գլխավոր պատճառը եղել է ֆինանսական հնարավորության բացակայությունը։ Այլ պատճառներից են.
- Նախընտրում եմ այլ տեսակի աջակցություն ցուցաբերել,
- Չեմ վստահում, որ կազմակերպությունները ճիշտ կօգտագործեն իմ գումարը,
- Ոչ ոք չի առաջարկել նվիրաբերել,
- Չգիտեմ որեւէ բարեգործական կազմակերպություն։
Ըստ ուսումնասիրության, ամենաարդյունավետ խթանիչներից են՝
- Ավելի շատ իմանալ, թե տված գումարն ինչպես է օգտագործվելու/տնօրինվելու,
- Ավելի շատ իմանալ կազմակերպության արդյունքների եւ ազդեցության մասին։
Այստեղից հետեւություն, թե բարեգործական կազմակերպություններն ինչի մասին պետք է անպայման պատմեն տարբեր հարթակներում։
Որքան մեծ է հասարակական ճնշումը, այնքան մեծ է մարդկանց բարեգործական պատրաստակամությունը
Սոցիալական նորմերը սահմանում են, թե ինչ վարքագիծ է ընդունելի կամ սպասելի հասարակության մեջ։ “Ինչու՞ եք նվիրատվություն կատարել վերջին տարում” հարցին տված 15 պատասխանից վեցը սոցիալական նորմերին են վերաբերում, օրինակ՝
- Իմ կրոնը խթանում է բարեգործություն։
- Իրականում ես չէի մտածել այդ մասին։ Կարծես, ընդունված է, որ մարդիկ պետք է հանգանակություններ անեն։
- Ես ուզում էի օրինակ ծառայել մյուսների համար։
- Կարծես, ընտրություն չունեի։ Ինձ մեղավոր կզգայի, եթե ասեի ոչ։
- Ուզում էի աջակցել իմ համայնքին։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս սոցիալական նորմերը խիստ կապված են նվիրաբերված գումարի չափի հետ (եկամտի ինչ բաժին են կազմում)։
Սոցիալական նորմերն առավել ուժեղ են Սաուդյան Արաբիայում, որտեղ յուրաքանչյուր նվիրատու միջինը նշել է թվարկած պատճառներից 2.27-ը։ Իսկ Շվեդիայում եւ Շվեյցարիայում այդ ցուցանիշը 0.74 է։ Այն երկրներում, որտեղ մեկ նվիրատվության սոցիալական պատճառի միջինը մեկից քիչ է, եկամտի նվիրաբերված բաժինը կազմում է ընդամենը 0.56%։ Այդ երկրներից են՝ Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Ուրուգվայ, Ֆինլանդիա, Արգենտինա եւ այլն։ Այն 20 երկրներում, որտեղ մեկ նվիրատու միջինում նշել է 1.98 սոցիալական պատճառ, եկամտի նվիրաբերված բաժինը միջինում 1.61% է՝ գրեթե երեք անգամ ավելի։ Այդ երկրներից են՝ Ինդոնեզիա, Թունիս, Սուդան, Մալայզիա, Նիգերիա։
Թեպետ բարեգործական կազմակերպությունները կարող են փոխել իրենց հաղորդակցման ձեւը՝ ավելի մեծ վստահություն ներշնչելու համար, սոցիալական նորմերի վրա ազդելը շատ ավելի բարդ է։ Բարեգործության մշակույթի երկարաժամկետ պահպանման եւ զարգացման համար կարեւոր է խրախուսել մարդկանց սոցիալական զգացումները բոլոր մշակույթներում։
Կառավարությունները կարող են խթանել բարեգործությունը
Ըստ վիճակագրության, 42 երկրներում, որտեղ մարդկանց մեծամասնությունը համաձայն է, որ կառավարությունը խրախուսում է նվիրատվություններ անել, բնակչությունը իրենց եկամտի համեմատ միջինում 1.7 անգամ ավելի շատ է նվիրաբերել բարեգործությանը։ Բացի դրանից, այդ երկրների բնակիչներն ավելի շատ են վստահում բարեգործական կազմակերպություններին եւ համարում են դրանք ավելի կարեւոր հասարակության համար։ Այս 42 երկրները նույնն են, որտեղ սոցիալական նորմերը, որոնք ազդում են նվիրատվությունների վրա, ամենաուժեղն են։
Շարմաղ Սաքունցը ԱՊՐԻ Արմենիայի Ֆոնդհայթայթման եւ բարերարների հետ կապերի ղեկավարն է, Fundraisers Club Armenia-ի համահիմնադիրը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: