Արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագիրը տևական ժամանակ է մեկնարկել է, սակայն կարծես այդպես էլ չի հաջողում լայն պահանջարկ վայելել տեղահանվածների շրջանում։ Ծրագրի մասին բուռն քննարկումները թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր մեդիայում համեմված են սովորաբար մանիպուլատիվ, խտրական, ատելության ու անհանդուրժողականության քարոզով ու ինչպես միշտ պարունակում են ամեն ինչ՝ բացի անհրաժեշտ տեղեկատվությունից։
Արցախից 2023-ի սեպտեմբերին տեղահանված իմ ընտանիքը երկրորդ անգամ էր գաղթում, առաջինը՝ Հադրութից։ Մինչ 2020-ը նրանք նույնպես, ինչպես արցախցիների զգալի մասը, երբևէ վարձով չեն ապրել, ամբողջ կյանքը ծառայել են Հայկական բանակում, մեղր են քամել ու շենացրել տունը, որտեղ, ինչպես ամուսինս է ասում՝ «Մաման ամեն գույնի վարդ ուներ»։ Կյանք է, ինչ ասես որ գլխիդ չի գա, իսկ գաղթականը սովորաբար սգալու շատ ժամանակ չունի, մերոնք՝ նույնպես։ Որոշել ենք, ավելի ճիշտ՝ քննարկման ենթակա էլ չի եղել, որ մեր նոր վարդերի պարտեզը Հայաստանից դուրս ծաղկել չի կարող, դրա համար էլ վերջին տեղահանումից այս կողմ ամեն օր աշխատում, փորձում, տքնում, երբեմն՝ ընկնում ու վեր կենում և չենք գանգատվում։
Մեր ընտրությունն էլ սկսել ենք մայրաքաղաքի տարբերակը բացառելուց՝ ոչ մի վայրկյան տուրք չտալով «մարզում գործ չկա», «հեռու է», «Երևանից դուրս կյանքը մեռած է» և նմանատիպ հարյուրավոր թերահավատ համոզումներին։ Մինչ օրս էլ հույս ունենք, որ մեր ընտրությունը՝ Հադրութի պես կանաչաշատ Իջևանը, որն արդեն հասցրել են սիրել մեր նոր մեղուները, մեզ հուսախաբ չի անելու, մենք էլ նրան։
Որպես Հայաստանում մնալ ցանկացող ընտանիք՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք բնակապահովման սույն ծրագրից օգտվելու կառավարության առաջարկը։ Ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով. այս տարի դրան կարող են դիմել 3 և ավելի անչափահաս ունեցող ընտանիքներն, ինչպես նաև զոհվածների ընտանիքներն ու ընտանիքներ, որտեղ կա գոնե մեկ հաշմանդամություն ունեցող անձ։ Եթե խոցելի խմբերից ոչ մեկում չեք, բայց ցանկանում եք չերկարաձգել ձեր հերթն ու առաջին փուլով դիմել, կարող եք անել դա վարկառու ճանաչվելով և հավելյալ հիփոթեքային վարկի դիմելով։ Այս դեպքում կարիք ունեք բարձր աշխատավարձի, որը մարզերում, ի դեպ, հազվագյուտ երևույթ է։ Եթե ոչ՝ սպասում եք ծրագրի ձեր փուլի հերթին՝ 2026 և 2027 թթ․-ի ընթացքում, այս տարվա ապրիլից արդեն իսկ չունենալով տան վարձավճարների պետական աջակցությունը։
Ստացված հավաստագրով պետությունը պարտավորվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տեղահանված անձի փոխարեն 3-5 մլն դրամի չափով (կախված տան գնման կամ կառուցման համար ընտրված մարզից) մարել բանկում բացված վարկը, դիմումատուն իրավունք ունի նաև հավելյալ հիփոթեքային վարկի դիմել, եթե առաջարկվող գումարը պակասում է։ 10 տարվա ընթացքում տունը վաճառել, փոխանակել ընտանիքները չեն կարող։
Ծրագրին տեղահանվածի դիմումը ընդունվում և հաստատվում է բավականին արագ։ Կառավարությունն առաջարկում է մի քանի բանկերի ցուցակ, որոնց հետ համագործակցում է այս ծրագրի շրջանակում։
Լավ, ի՞նչն է խանգարում 100 000 տնավեր մարդու օգտվելու նման՝ անթերի թվացող ծրագրից, տուն ունենալ, ազատվել կախյալ վիճակից ու մի քանի ամիսը մեկ այստեղից այնտեղ տեղափոխվելուց։
Քանի որ, փաստորեն, «տառապանքս փորձ ունի», փորձեմ առանձնացնել հենց այդ, առաջին հայացքից չերևացող, բայց լրջագույն խոչընդոտները.
1․Արցախցիների զգալի մասը ունի չլուծված խնդիրներ բանկերի հետ՝ շրջափակման ժամանակ չմարված վարկեր, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց վարկերը ներվել են՝ այս մարդկանց անունները մնում են բանկերի «սև ցուցակներում» և մի շարք ընտանիքներ արդեն իսկ տան գնման հավաստագիրը ձեռքին մերժվում են բանկերի կողմից ու շարունակում անտուն մնալ։ Հավաստագրի ժամկետը, ի դեպ, մեկ տարի է։
2․ Տեղեկատվությունը տեղահանվածների շրջանում պտտվում է ներքին, երբեմն շատ խնդրահարույց խողովակներով, այստեղից այնտեղից լսածի հիման վրա, իսկ հստակ հանրամատչելի ուղեցույցներ չկան։
Արդարության համար նշեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները բավականին բարյացակամ և սպառիչ են պատասխանում դիմումատուի հարցերին, պատրաստակամ են և սրտացավ, սակայն ակնհայտ է, որ իրենք էլ միշտ չէ, որ տիրապետում են ամբողջական տեղեկատվությանը կամ որոշ առանցքային հարցերի անդրադառնում են միայն հարցնելու դեպքում։ Օրինակ՝ շատ տեղահանվածներ վկայագիրը ստանալուց հետո են միայն գլխի ընկել, որ պետք է ունենան մաքուր վարկային պատմություն, այլապես հավաստագիրը ձեռքներին միևնույնն է՝ անտուն են մնալու, կամ՝ վկայագիրը ստանալուն պես ավտոմատ զրկվում են տան վարձերի և կոմունալ ծախսերի համար նախատեսված պետական աջակցությունից, մինչդեռ ձեռք բերված շատ տներ ամիսների նորոգման կարիք ունեն։
3․Կառավարության պահանջներից է ծրագրից օգտվելու դեպքում ՀՀ քաղաքացիության ընդունումը։ Ոչ մեկս գլխի չընկավ, թե այդ ո՞րտեղի քաղաքացի էին արցախցիները մինչ այդ, հատկապես՝ ըստ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավող կառավարության ղեկավարի, բայց ինչևէ, գործից խոսենք։ Այս պահանջի անտրամաբանականության չափ էլ այլ ուժեր ձեռքից եկածն անում են համոզելու մարդկանց, որ «արցախյան անձնագրերից հրաժարվելու դեպքում կզրկվեք վերադարձի, փոխհատուցման, ամեն ինչի հնարավորությունից»։ Ինչ խոսք, անպատասխանատու հայրենասիրությունը միշտ է լավ վաճառվել մեր երկրում, հատկապես երբ կարելի է դրանով խաղալ խիստ խոցելի հոգեվիճակում գտնվող, վերադարձի հույսի համար ամեն ինչ տալու պատրաստ, բազմիցս «թակված» մարդկանց զգացմունքների հետ։
4․Ծրագիրը, ինչպես նշվեց, հիփոթեքային վարկի աջակցությունը հաշվարկում է անձով, այլ ոչ թե ընտանիքով, և երկու տարվա մեջ կամ նույնիսկ դրանից առաջ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնացած տեղահանվածները հավելյալ ֆինանսական «բեռ» են վաստակում, եթե ամուսնացած են «ոչ արցախցի» անձանց հետ։ Անձամբ ոչ ես, ոչ իմ երեխան այս օգնությանը հավակնել չենք կարողանալու, չնայած օրինական ամուսնությանը, որը հենց Արցախում ու հենց շրջափակման մեջ է կնքվել։ Սրա հետ մեկտեղ պետությունը թերացել է աջակցությունների բաշխման վերահսկման հարցում, երբ մի շարք անբարեխիղճ անձինք, որոնք տարիներ ի վեր ապրում են ՀՀ-ում, սակայն պահպանել են արցախյան գրանցումը և հաջողել են 2023-ի միգրացիոն ցուցակում հայտնվել տարատեսակ խորամանկությունների հաշվին, լիաթոք օգտվում են տարբեր աջակցություններից՝ իմ և ձեր հարկերի հաշվին։
5․Զավեշտալիների շարքից։ Երկրի թիվ մեկ իշխանական պրոպագանդիստը վերջերս Հանրայինի եթերում Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ բանավիճելիս շատ վստահ պնդում էր. «Այդ գումարներով հանգիստ կարելի է տուն գնել մարզերում»։ Առաջին հայացքից՝ հա էլի, ինչ են ուզում այս մարդիկ, էլի գոհ չե՞ն… Հրավիրում եմ տվյալ անձին Իջևան, որտեղ իմ ընտանիքին հասանելիք 12 մլն դրամով սարքին տուն, այո, գրեթե չկա։ Շուկայի խայտառակ վիճակն ու մի քանի ամսում երկինք հասած մարզային տների գները պետությունը վերահսկելու ռեսուրս, իհարկե, չունի։ Չհասկանալը, թե ինչու մի քանի պատերազմ տեսած ու հոգեբանորեն դեռ չվերականգնված մարդկանց մեծ մասը պատրաստ չէ սահմանամերձ համայնքներում հաստատվել, այն էլ երկրի անվտանգության նման խոցելի փուլում՝ առնվազն տարօրինակ է, իսկ պետական հեռուստաալիքով անընդհատ մարդկանց սա երեսով տալը՝ անբարո։
6․Եվ վերջապես՝ մարդիկ չեն վստահում այս իշխանությանը։ Սա կարծիք չէ, սա փաստ է։ Երկար կարելի է խոսել, թե «հաղթելու ենք»-ից մինչև այստեղ ճանապարհին ով ում ավելի շատ նեղացրեց, բայց այս սյունակն այդ մասին չէ։ Մարդիկ իսկապես չեն վստահում, չեն հավատում, որ նրանց այս անգամ էլ «չեն քաշի», դրսում չեն թողնի, անձնագիր փոխելով կամ բանկերի դռների արանքում այլ պատմության մեջ չեն գցի։ Եթե սրան էլ գումարենք այն խիստ թունավոր միջավայրը, որի համահեղինակներից են արցախցիների դեմ այլևս անտանելի մասշտաբի ատելության խոսքի պատվո պահակ ՔՊ անդամներից մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ… Ապա պարզից էլ պարզ է դառնում, թե ինչու են մարդիկ, ում երկրի երկրորդ դեմքի մակարդակով անվանել են դասալիքների հավաքածու, այսքան թերահավատ ու մեկուսացած։
Ամփոփելով, ինչպես կասեր դասականը, արձանագրենք. այո՛, ՀՀ-ն իր համեստ միջոցներով գուցե ի վիճակի չէ ավելի մեծ բան առաջարկել տեղահանված 100 000 հայերին։ Այո՛, ՀՀ-ն չէ օկուպացրել նրանց տները, թեև իր քաղաքական որոշումներով ու Արցախի անվտանգության երաշխավորը լինելով կրում է պատասխանատվություն այս անձանց ապագայի համար։ Այո՛, մեր պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն որպես պետություն հնարավորինս արագ մշակում է ծրագիր՝ տնավեր հայերին մեր երկրում տանիք տալու համար, և սա կարո՛ղ է լավ շանս լինել հայրենիքում մնալ ցանկացողների համար։
Կարո՞ղ ենք փաստել, որ ծրագրի անհաջողության պատասխանատուն միայն դիմացի կողմի «կամակորությունն է»՝ հազիվ թե։
Կարո՞ղ ենք հավատալ, որ կառավարությունը գոնե այս հարցում պատրաստ է «մեր ու ձեր» չանել, քարը փեշից թափել ու քննարկել ծրագրի առկա կիկսերը՝ նոր ատելության քարոզի լծվելու փոխարեն՝ դժվար թե։
Կարո՞ղ ենք հավատալ, որ եթե մեր գերխնդիրը լիներ դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ ունեցող ՀՀ-ում այս մարդկանց ամեն գնով պահելը, ապա մենք դրա ձևը կգտնեինք և ո՛չ ընդդիմադիր շրջանակները, ո՛չ էլ մեկ այլ ուժ չէր կարող խաղարկել այս մարդկանց էմոցիաները՝ առանց մեկնաբանության։
Եվ ընդհանրապես՝ կարո՞ղ ենք… Ցավն էլ երևի դա է, որ մենք իրականում շատ բան կարող ենք, բայց, ինչպես Իջևանում են ասում, «գլխի չենք»։
Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: