«Ուղղորդիչներ», որ կօգնեն ապրել «կորոնավիրուսի հետ» - Mediamax.am

«Ուղղորդիչներ», որ կօգնեն ապրել «կորոնավիրուսի հետ»
17420 դիտում

«Ուղղորդիչներ», որ կօգնեն ապրել «կորոնավիրուսի հետ»


Նոր տեսակի կորոնավիրուսի «պարտադրած» տնտեսական սահմանափակումներն այսօր շատ երկրների են կանգնեցրել տնտեսական ճգնաժամի շեմին, ու մինչ որոշ երկրներ շարունակում են պահպանել խիստ կարանտինային ռեժիմը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կյանքը վերադառնալու է բնականոն հունին եւ տնտեսական սահմանափակումները, քայլ առ քայլ, կվերացվեն։

Մյուս կողմից, թե' ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե' փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրենց ելույթներում հաճախ խոսում են մեր առօրյայում վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչը մեզ կսովորեցնի հարմարվել կորոնավիրուսային աշխարհին։

«Բոլորս արդեն անգիր ենք արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ քայլերը»,- կասեք դուք․ լվանալ ձեռքերը, չհպվել դեմքին, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել նույնիսկ ախտահանիչները, անհրաժեշտության դեպքում կրել դիմակ ու ձեռնոց։

Ամիսներ շարունակ էլ պարեր բեմադրեցինք այս թեմայով, էլ երգեր գրեցինք, ոմանք նույնիսկ չափածո ստեղծագործությունների ժանրը չխնայեցին։ Թվում է՝ հնարավոր ամեն ինչ արդեն ասված ու արված է, մնում է անգիր իմացածը կիրառել ու վերջապես վերադառնալ բնականոն կյանքին։ Բայց, որքանո՞վ եք վստահ, որ այս անգիր արված քայլերը ձեր կյանքի ու առօրյայի անբաժան մասն են դարձել։ Երբեւէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե օրվա ընթացքում քանի անգամ եք ավտոմատ գործողություններ իրականացնում։ Մեկի մոտ դա կարող է լինել միշտ նույն սրճարան այցելելը, մյուսի մոտ՝ միշտ միեւնույն դարակում պայուսակը դնելը, նույնիսկ, հագուստի ընտրությունը, երբեմն, կարող է ավտոմատացված լինել՝ եթե հատուկ առիթ չունի մտածելու, թե այդ օրն ինչ հագնել։ Իսկ երբեւէ մտածե՞լ եք, որ այդ սովորությունները դուք կերտել եք ինքներդ ձեզ համար՝ որպեսզի ուղեղն ազատեք ավելորդ ծանրաբեռնվածությունից ու անվերջ որոշումներ կայացնելու բեռից։

Երբ խոսում ենք «վարքագծային փոփոխության» մասին, հաճախ խոսքը ցանկալի վարքագիծը հենց սովորությունների դաշտ բերելուն է վերաբերում, սակայն բոլորս էլ գիտենք, որ սովորություններ փոխելը կամ նոր սովորություն «ստեղծելը» հեշտ գործ չէ. ծխելը թողնել, կամ երկուշաբթի օրվանից մարզվել ցանկացողները, կարծում եմ, լավ կհասկանան։ Ինչպես ծխելը, այնպես էլ այս դեպքում դեպքին հպվելը այն սովորություններն են, որոնք պետք է հաղթահարել կամ փոխարինել՝ գոնե մինչեւ համավարակի վտանգի չեզոքացումը։

Իսկ ինչպե՞ս դա անել։

Սոցիալական ցանկալի վարքագծի ապահովման տարբերակներից մեկը, այսպես կոչված, «ուղղորդիչների» (անգլերեն՝nudge, թեթեւակի հրում, տես՝ Ռ․Թալեր) ստեղծումն է: Ուղղորդիչները ստեղծվում են հենց այն բանի համար, որպեսզի հեշտացնեն որոշումների կայացման գործընթացը եւ գուցե աստիճանաբար կերտեն նոր սովորություններ։

Ենթադրենք, ձեր կազմակերպությունը որոշում է, որ միանում է կորոնավիրուսի դեմ պայքարի սոցիալական ծրագրերից մեկին, եւ դրա համար պահանջվում է ձեր մասնակցությունը։ Ուղղորդիչների կիրառման տրամաբանությունը կազմակերպության ղեկավարությանը կհուշի, որ մասնակցել ցանկացող աշխատակիցներին կարելի է հավաքագրել ոչ թե գրանցման ճանապարհով, այլ գրանցումը չչեղարկելու։ Այսինքն՝ աշխատակիցները պետք է որոշում կայացնեն ոչ թե մասնակցելու, այլ մասնակցությունը չեղարկելու վերաբերյալ՝ պահպանելով կամավորության սկզբունքը։ Ուղղորդիչներն արդյունավետությամբ կարող են կիրառվել նաեւ այնպիսի հանրային վայրերում, ինչպիսիք են հանրախանութները կամ սրճարանները։ Հանրախանութներում ալկոգելը կարող է դրված լինել լավ տեսանելի եւ հեշտ հասանելի տեղում՝ ամեն անգամ մեզ հիշեցնելով, որ պետք է ձեռքերն ախտահանող հեղուկ գնել, կամ սրճարաններում դեպի լվացարաններ տանող ոտնաթաթերը նույնպես կհիշեցնեն ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին։ Այժմ հանրախանութներում կարող ենք տեսնել մեկ մետր հեռավորություն պահպանելու վերաբերյալ գծանշումներ, սա նույնպես ուղղորդիչների կիրառման դասական օրինակ է։

Ուղղորդիչների կիրառումն ամբողջ աշխարհում մի շարք հարցեր է առաջացնում էթիկայի տեսանկյունից։ Ստացվում է, որ ստեղծելով այս կամ որոշումը կայացնելու համար առավել հարմար միջավայր՝ մենք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում ենք այդ որոշումների կայացման վրա: Հարց է առաջանում, որքանո՞վ է սա արդարացի հասարակության նկատմամբ։ Կարծում եմ՝ ցանկացած գործիքի կիրառման ընդունելիությունը մեծապես կախված է կիրառման նպատակից։

Ուղղորդիչների կիրառումը կարող է հասարակական կոնսենսուսի մի տարբերակ դառնալ, երբ պահպանելով մարդու ազատ ընտրության իրավունքը՝ պատասխանատու կառույցները կարողանում են սոցիալական առավել ընդունելի վարքագիծ ապահովել։ Օրինակ, Միացյալ Թագավորությունը նոր կորոնավիրուսի վարակի տարածման առաջին իսկ օրերից որդեգրել է վարքագծային տնտեսագիտության այս գործիքը կիրառելու քաղաքականություն, ինչը տարբեր հակասական քննարկումների առիթ է դարձել երկրում, բայց եւ բարձրացրել է քաղաքացիների անհատական պատասխանատվության մակարդակը։

Ի դեպ, ուղղորդիչները կարող են կիրառվել ոչ միայն կազմակերպությունների, այլեւ հենց մեր ու մեր ընտանիքների կողմից։ Ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկին խնդրեք ամեն անգամ ծափ տալ այն ժամանակ, երբ ավտոմատ կերպով հպվում եք ձեր դեմքին, մի քիչ ավելի ստեղծարար կամ հումորով ընտանիքի անդամները կարող են գործընթացն իրական խաղի վերածել՝ հատկապես եթե տանը փոքրիկ երեխաներ կան։

Ուղղորդիչների ստեղծումը «վարքագծային փոփոխություն» ապահովելու ռազմավարություններից մեկն է միայն։ Նման մոտեցումների մասին կարելի է երկար խոսել եւ բանավիճել։ Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր ռազմավարության արդյունավետությունը մեծապես կախված է մեր ու մեր հարազատների առողջությունը չվտանգելու գիտակցումից ու սոցիալական պատասխանատվությունից։ Կարծում եմ՝ վերջին օրերին շատերս հասկացանք, որ առանց այդ սոցիումի կյանքը բավական ձանձրալի է դառնում։

Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանող:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին