Գենդերային հավասարության շուրջ իրականության որոնումները - Mediamax.am

Գենդերային հավասարության շուրջ իրականության որոնումները
7216 դիտում

Գենդերային հավասարության շուրջ իրականության որոնումները


ՀՀ կառավարության բարձր պաշտոններում կանանց նշանակումները, ԱՄՆ նախագահական ընտրությունները, սեռով պայմանավորված աբորտների քննարկումը վերջին շրջանի հասարակական դիսկուրսում կարծես ակտիվացրել են գենդերային դերերի թեման։

Այն շատ զգայուն է մեր հասարակությունում և, ինչպես ցանկացած զգայուն թեմա, դրա շուրջ եղած կարծիքներն ու մոտեցումները մեծամասամբ ծայրահեղացված են, այլապես դրանք հանրային լայն դիսկուրս դժվար թե գեներացնեին։ Ցանկացած գաղափարական բանավեճի դեպքում փորձում եմ ինձ երկու կողմերում էլ պատկերացնել, կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ՝ մինչև հասնեմ խնդրի արմատին և գտնեմ հավասարակշռված տարբերակը։ Եվ ահա՝ որոշեցի գենդերային թեմաների վերաբերյալ իմ մտավարժանքով կիսվել ձեզ հետ․ փորձենք միասին հասկանալ, թե երկու կողմերի՝ իրար ուղղված «գրանտակեր» ու «հետադիմական» մեղադրանքների ետևում իրականում ինչ է թաքնված։

Նախ՝ ևս մեկ անգամ բացատրենք գենդերի և սեռի տարբերությունը։ Սեռը կենսաբանական երևույթ է, տրվում է բնության կողմից՝ բեղմնավորման պահին, այն կախված չէ մարդու ռասայից, կրոնից, սոցիալական կարգավիճակից, ծնվելու ժամանակաշրջանից և հասարակական այլ առանձնահատկություններից։ Գենդերն այն դերն է, որը փոխկապակցվում է այդ կենսաբանական սեռերին և կարող է խիստ տարբեր լինել հասարակությունից հասարակություն, ժամանակաշրջանից ժամանակաշրջան։ Այսպես, եթե դուք աղջիկ եք (սեռը) և ծնվել եք Հին Հռոմում, կենսաբանորեն դուք ոչնչով չեք տարբերվում Իտալիայի այսօրվա կին քաղաքացուց, բայց ձեզ տրվող հասարակական կարգավիճակը (գենդերը) լրջորեն տարբերվում է։

Գենդերային դերերը երբեմն նաև տղամարդկանց են կրակը գցում

Սովորաբար ընդունված է խոսել կանանց գենդերային առանձնահատկություններից, մինչդեռ գենդերային կարծրատիպերը վերաբերում են նաև տղամարդկանց։ Ճիշտ է, որպես կանոն դրանք ավելի սահմանափակող են լինում կանանց դեպքում, սակայն տղամարդիկ նույնպես կարող են դրանց զոհը դառնալ։ Այսպես՝ շատ հասարակություններում տղամարդիկ «ստիպված են» շատ ուժեղ, երբեմն՝ ագրեսիվ լինել, գումար վաստակել և ապահովել ընտանիքը, ամեն «հա»-ին, «չէ»-ին չհուզվել, չզբաղվել այնպիսի գործերով, որոնք տվյալ շրջանում հասարակության շրջանում տաբուացված են տղամարդկանց համար և այլն։ Բայց կյանքը կատակ բան չէ․երբեմն տղամարդիկ նույնպես կարող են չկարողանալ ապահովել ընտանիքն ապրուստով։ Սովորաբար գենդերային կարծրատիպերի դեմ պայքարող շարժումները պիտակավորվում են որպես «ընտանիք քայքայող» հոսանքներ, սակայն ի՞նչ է պատահում, երբ, օրինակ, կայացած ընտանիքում տղամարդու գործերը լավ չեն գնում, և տևական ժամանակ կինն է ստանձնում ընտանիքն ապրուստով ապահովելու առաքելությունը։ Նույնիսկ եթե արտաքուստ ամեն ինչ հիանալի թվա, տղամարդու գլխին հսկայական կարծրատիպային ճնշում է կախվում, որը հաղթահարելու համար պետք է իրապես շատ ուժեղ լինել, որպեսզի ընտանիքը պահպանի։

Կարծրատիպերը խանգարում են ընտանիք կազմել

Հայաստանում և կանանց, և տղամարդկանց ամուսնության միջին տարիքը մեծացել է։ Եթե 2012-ին կանայք միջինում ամուսնանում էին 25, իսկ տղամարդիկ 28 տարեկանում, ապա 10 տարի անց կանանց դեպքում այդ թիվը դարձել է մոտ 28, իսկ տղամարդկանց դեպքում՝ 31 (աղբյուր՝ armstat.am): Երևի թե շատ եք լսել այս արտահայտությունը․ «տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, եթե ուզում ես երջանիկ լինել՝ հիմարիկ ձևացիր»։ Իրականում, կարծում եմ, տղամարդիկ շատ սիրում են խելացի կանանց, ավելին՝ հակառակ դեպքում ձանձրանում են։ Հիմնական մարտահրավերը հենց ճնշող գենդերային կարծրատիպերն են այն մասին, որ կինը չի կարող ավելի խելացի և կայացած լինել։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում այժմ․ աշխատաշուկայում կանանց առաջընթացի անիվը դժվար թե հաջողվի կանգնեցնել (և պետք էլ չի՝ հենց նույնիսկ հայրենասիրական ու պետականաշինության մղումներով․ բնակչության կեսի տնտեսական ներուժից հրաժարվելը պետության համար ինքնասպանություն է) ամուսնության տարիքը գնալով մեծանում է, կանայք, բնականաբար, ավելի կայացած են լինում ամուսնանալիս, իսկ կարծրատիպերը խանգարում են տղամարդկանց հեշտությամբ երջանիկ ընտանիք ստեղծել։ Հետևաբար, եթե խոսում ենք ընտանեկան արժեքներից և ընտանիքի կարևորությունից, մի շարք թունավոր կարծրատիպերից ձերբազատվելու կարիք ունենք։

Կրոնները մեղավոր չեն

Հաճախ գենդերային առանձնահատկությունները սկսում են արդարացնել կրոնով։ Իրականում, երբ ուսումնասիրում ենք, ասենք, քրիստոնեության կամ իսլամի պատմությունն ու դրանց ստեղծման ու տարածման ժամանակաշրջանը, տեսնում ենք, որ այս կրոնները ոչ միայն չեն սահմանափակել կանանց դերը, այլև տվյալ ժամանակաշրջանի համար բավական առաջադիմական են եղել և նույնիսկ լրացուցիչ իրավունքներով են օժտել կանանց։

Պատմականորեն կնոջ և տղամարդու դերային տարբերությունները գիտնականներն ու հետազոտողները փորձել են բացատրել տարբեր գործոններով՝ հողագործական հասարակություններում տղամարդու ուժի կարևորությունը, մայրությամբ պայմանավորված սահմանափակումները, սոցիալական դինամիկաները և այլն։ Ճշմարտությունը գտնվում է այդ բոլոր տեսությունների երևի թե մեջտեղում, բայց կրոնները ոչ թե եկել ու սահմանել են այդ առանձնահատկությունները, այլ արձանագրել են դրանք՝ կանանց համար որոշակի բարելավմամբ (կա հիպոթեզ, որ այս մոտեցման արդյունքում կանայք այդ ուսմունքների տարածման գործում կարևորագույն դեր են ունեցել)։

Խնդիրը ոչ թե հավասարությունն է, այլ երջանիկ լինելը

Այսօր շատերը կարող են ասել, որ մեր երկրում գենդերային անհավասարություն չկա, քանի որ օրենսդրական դաշտը կանանց տալիս է բոլոր հնարավորությունները։ Իրականում օրենսդրական դաշտը ամբողջական պատկերի միայն մի օղակն է․ անհավասարություն կա՝ սկսած անհավասար վարձատրությունից ու ղեկավար պաշտոններում կանանց սահմանափակ թվից (ինչի սոցիալ-հոգեբանական պատճառները կարող ենք երկար վերլուծել), վերջացրած ընտանեկան բռնության դեպքերով և դրանց զոհերի բուլինգով։

Իրականում, եթե վերանանք ծայրահեղություններից, գենդերային հավասարությունը ընդամենն իրավունքի իրացման մասին է։ Ես շատ եմ սիրում խոհանոց, մեծ սիրով կարող եմ ամեն օր պատրաստել ընտանիքիս համար, ինձ աշխարհի ամենաերջանիկն եմ զգում մայրիկի դերում և գիտակցված ընտրել եմ աշխատանքային առաջընթացս այս փուլում դանդաղեցնելու ճանապարհը՝ հանուն փոքրիկիս։ Կարելի է ասել՝ լիարժեքորեն կրում եմ կնոջ դերի բոլոր ատրիբուտները։ Բայց այստեղ մի նրբություն կա․ այդ ամենն իմ ընտրությունն է։ Գենդերային հավասարության պայքարն այդ ընտրությունն ունենալու համար է։

Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, ռազմավարական հաղորդակցության մասնագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին