Մաս Ե
Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…
Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի
Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ
Կարդացեք նաեւ Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ
Տիբերիա հասանք Գոլանի բարձունքների եզրով: Մյուս կողմում Սիրիան է: Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար, բայց իրականում բոլորովին այլ արարողություն է: Մեզ հնարավորություն է տրվում նավի վրա բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը: Ու ուխտավորների մեր խումբը ինքնաբուխ սկսում է երգել Հայաստանի Հանրապետության հիմնը, որ գուցե այդպես երբեք չի հնչել Հայաստանում՝ անգամ ակադեմիական լավագույն նվագախմբերի ու երգչախմբերի կատարմամբ: Դա ոչ թե հայկական հիմն է Տիբերական ծովում, այլ՝ անանվանելի մի ծես՝ արցունքոտ, բայց երջանիկ աչքերով… Իսկ հետո մենք սկսում ենք երգել ՙԿիլիկիան՚… Ու Տիբերական ծովը սկսում է տարուբերվել, ալիքները հաստատ արձագանքում են մեզ ու գուցե զիլ, կերկեր, կարոտից մի քիչ խզված մեր ձայնը ընդմիշտ մնալու է ալիքների անանց հիշողության մեջ՝ տեղավորվելով ինչ-որ տեղ՝ ծովի հատակին, որտեղ ապրում են հազարամյակներով ջրասույզ նավերը…
Ես հագուստներով հնարավորինս շատ քայլում եմ ծովի միջով, ջուրը ոչ միայն թափանցիկ է, այլև տաք ու փափուկ: Ուզում եմ՝ պահպանել ծովի, որ իրականում լճակ է ու երկու անուն ունի՝ Գալիլեայի ծովակ ու Տիբերական ծով, զգացողությունը, հիշել այս թափանցիկ ջրերը, ալիքների ձայնը, արևի… Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Անհավանական սև, որ նվազագույնը տարօրինակ էր, որովհետև ջրերը ոչ միայն ողորկում, այլև գունավորում են քարերը:
***
Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիլեացիները նրան ընդունել են հարազատի պես: Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ եթե Երուսաղեմը Գալիլեայում լիներ, պատմությունն այլ ընթացք էր ունենալու: Պարզապես այստեղ բոլորովին այլ Իսրայել է: Գալիլեայի ծովակի ափերին պահպանվել են Հիսուսի բազում սրբավայրեր: Նախ՝ Երանիների լեռան եկեղեցին: Կարապետ սարկավագը երանիները համեմատում է պատվիրանների հետ, ու հորդորում սիրել: Երանիները իսկապես էլ պատվիրանների մի քիչ ավելի ընդարձակ մեկնաբանությունն են, որ բացատրում են ինչ անել ու ինչ չանել: Իսկ եկեղեցին համախմբում է ամենատարբեր մարդկանց ու նրանց հոսքը Հիսուսի ոտնահետքերով չի դադարում: Ես, իհարկե, վստահ չեմ, որ ուխտագնացությունը հավատի վկայություն է, որովհետև Հիսուսին հավատալու համար բոլորովին պարտադիր չէ տեսնել այն տունը, ուր նա ապրել է կամ այն այն տունը, ուր նա հարսանիքում պակասած գինին մոր խնդրանքով ավելացրել է՝ ջուրը գինիացնելով, այն վայրը, որտեղ նա երկու նկանակ հացով ու երկու ձկով հինգ հազար մարդու է կերակրել: Ես նաև վստահ չեմ, որ ուխտագնացությունը հավատն ամրապնդում կամ հզորացնում է: Բայց լիովին վստահ եմ, որ բոլոր այս օրերին Երուսաղեմում, Բեթղեհեմում, Գալիելեայում, Թաբոր լեռան վրա, Հորդանան գետում, Մեռյալ ծովում, Տիբերիայում, Կանայում, ամենուր, ուր եղել ու չենք եղել, մեզ հետ են եղել լույսն ու աղը: Իսկ դա հենց այնպես ու պատահաբար չի տրվում: Պատվիրաններն ու երանիները, որ հիմքերի հիմքում են, մինչև հիմա էլ չեն դարձել կենսակերպ, որովհետև մարդիկ իրենց գոյության սկզբից մինչև այսօր չեն կարողանում հաղթահարել վախը, ապրելու վախը, ու ամեն ինչ անում են պաշտպանվելու համար իրենց նմանից, ու նրանք բոլորը ստեղծված են Աստծո պատկերով ու նմանությամբ: Ընդամենը այդքանը, հոգով նրանք շատ հեռու են իրենց պատկերից ու Աստծո նմանությունից:
***
Տաբղայի հինգ հազարի կերակրման եկեղեցին ևս շատ գեղեցիկ ու փոքրիկ կառույց է՝ համարյա զբոսաշրջային թեմաներով, եկեղեցու շուրջբոլորը բացօթյա խորաններ են, որտեղ իրենց ազգակիցներին բազմալեզու զբոսավարները անդուլ ու անդադրում պատմում ու պատմում են Հիսուսի կյանքը, իսկ նրանք լսում են, լսում, հետո նկարվում համարյա ամեն քարի ու ամեն ծառի հետ:
Կափառնայումը Տիբերիական ծովակի ափին է: Այստեղ Հիսուսը հանդիպեց Անդրեասին, որ ձկնորս էր ու կանչեց նրան, Անդրեասը իր հետ բերեց ձկնորս եղբորը՝ Պետրոսին ու Հիսուսը նրանց կոչեց հետայսու ոչ թե ձկներ, այլ մարդկանց հոգիները որսալ: Հիսուսը Կափառնայումում ապրում էր Պետրոսի զոքանչի տանը: Կափառնայումը պահպանում և Պետրոսի, և իր զոքանչի տունը: Ու էլի մի քանի տներ, որտեղով անցել է պատմությունը: Տխուր պատմությունը՝ Հիսուսի համբարձումից հետո նրա աշակերտները վերադառնում են իրենց նախկին կյանքին ու անգամ Պետրոսը նորից ձեռքն է առնում ուռկանը: Եվ պետք էր Հիսուսի վերադարձը, որպեսզի նրանք համոզվեին, որ պատմությունը նոր միայն պիտի սկսվի ու առաջին անգամ իրենք պիտի լինեն ԱՌԱՋԻՆ:
Մեզ տանում են առափնյա ռեստորան՝ ճաշի, որտեղ միայն ձուկ են մատուցում ու պատմում են հինավուրց ավանդությունը՝ Տիբերական ծովում դեռ լողում են ձկներ, որոնց գլխին երկու սև կետեր կան՝ Պետրոսի մատնահետքերն են: Նաև հորդորում են մատուցվող ձկները ճաշակել …փշերով, եթե ուզում ենք, որ մեր նվիրական ցանկությունը կատարվի: Խոստովանեմ՝ իմ ձուկը փշերով եմ կերել, դժվար չէր, փափուկ փշեր էին, ոչ էլ ծակում էին, իսկ ցանկությունս, իրոք, կատարվեց:
…Վաղը մեկնում ենք Թել Ավիվ, ուրեմն՝ Յաֆֆա և Նիկողայոսի Հայոց վանքը: Թել Ավիվ, այսինքն՝ Միջերկրական ծով, և դա բոլորովին այլ պատմություն է, եթե ընդհանրապես իմաստ ունի պատմությունը մասնատել, ինչպես իմաստ ունի համարել, թե տարբեր գրողներ դարեր շարունակ գրել են տարբեր գրքեր, գուցե ընդհանրապես գրողը մեկն է ու գրվողն էլ մեկ գիրք է:
Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…
Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի
Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ
Կարդացեք նաեւ Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ
Շարունակելի:
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: