Կյանքի եւ մահվան մասին…. - Mediamax.am

Կյանքի եւ մահվան մասին….
8420 դիտում

Կյանքի եւ մահվան մասին….


Մարդկային գոյության ինչ-որ անհասկանալի տրամաբանությամբ գրեթե միաժամանակ կյանքից հեռացան Սթիվ Ջոբսը եւ Վասիլի Ալեքսանյանը. նրանց ապրած կյանքն ինձ համար դարձավ անհատական համակարգչի հիմնադիր Ջոբսի կողմից հռչակված` անխուսափելի ճշմարտության ապացույց.

«Մահն, ըստ էության, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն մաքրում է հինը` ճանապարհ բացելով նորի համար: Ձեր ժամանակը սահամանափակ է, այնպես որ մի վատնեք այն` ապրելով մեկ ուրիշի կողմից հնարած կյանքը: Ձեր սիրտը լսելու համարձակություն ունեցեք եւ ապրեք սեփական խելքով»:

Վասիլի Ալեքսանյանը կյանքից հեռացավ 39 տարեկանում. նա ՅՈՒԿՈՍ-ի նախկին իրավաբանն էր, եւ երեք տարի մնաց բանտում` արդեն անբուժելի հիվանդ լինելով: Ալեքսանյանի մեղավորությունն այն էր, որ հրաժարվեց ցուցմունքներ տալ Խոդորովսկու դեմ: Եվ ինձ համար միեւնույն է, մեղավոր էր Խոդորովսկին, թե` ոչ: Իրավացի էր Ալեքսանյանը, թե ոչ` դա նույնպես կարեւոր չէ: Սա իր ընտրությունն էր: Մի ընտրություն, որը ծանրացած էր վերջին ավտովթարի ժամանակ արյան արտակարգ ներարկման հետեւանքով ստացած ՁԻԱՀ-ով, իսկ բանտում` տուբերկուլյոզով եւ գրեթե ամբողջական կուրությամբ: Ծանր հիվանդ մարդը միեւնույն է լռում էր: Նրան ազատություն էին առաջարկում, իսկ դա նշանակում էր` բուժում եւ կյանք, բայց նա լռում էր:

Նրան ազատ արձակեցին համեմատաբար վերջերս` մեռնելու: Թաղման ժամանակ նրա հայրը խնդրեց զերծ մնալ «իրավիճակի քաղաքականացումից»: Եվ իսկապես` նա չէր պայքարում իշխանության համար, նա չկուտակեց միլիարդների կարողություն: Լինելով բարձրակարգ իրավաբան, Մոսկվայի պետհամալսարանի եւ Հարվարդի շրջանավարտ` նա պարզապես աշխատում էր այն ժամանակ առավել հաջողակ ընկերություններից մեկում:

Վասիլի Ալեքսանյանի կյանքն ու մահը պարզ մարդու անկոտրում խիզախության  ցուցադրություն էր, ով բախտի կամքով ընկել էր պետական մեքենայի անիվների տակ: Ով հրաժարվեց իր մասնագիտական համոզմունքներին հակասող
ցուցմունքներ տալ: Երիտասարդներին ուղղված՝ Սթենֆորդի համալսարանի իր հայտնի ճառում Սթիվ Ջոբսն ասել էր. “Սոված եւ խելագար մնացեք”: Իսկ Վասիլի Ալեքսանյանը մահացու հիվանդ մնաց բանտում՝ անխելամիտ չդավաճանելով իր մասնագիտական եւ մարդկային սկզբունքներին: Մահացավ: Կարծես չհաղթեց: Բայց չէ՞ որ ասում են “Մահով մահին հաղթեց”:

Չգիտեմ, թե ինչու մեր հասարակությունն այսպիսի անտարբերություն դրսեւորեց մի մարդու հանդեպ, ում ողբերգական կյանքն ու մահը արձագանք ստացան ողջ աշխարհում: Չէ՞ որ Ալեքսանյանի հոգեհանգստյան պատարագն անցավ հայերեն լեզվով, իսկ արարողությունն անցկացրեց Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը: Սովորաբար մենք ուր ասես չենք փնտրում հայկական արմատներ: Հպարտանում ենք հայկական ծագում ունեցող ցանկացած պոռնոաստղով: Իսկ ահա մահացավ մի մարդ, ում կյանքն ու մահը, վստահ եմ, դեռ կդառնան փոքր, բայց մեծ մարդու սխրանքի պատմություն:
 
Ու չնայած առաջին հայացքից նրա գործողություններն ոչ մի կերպ չեն տեղավորվում ժամանակակից հայի մասին տպավորությունների շրջանակում` խելացի, խորամանկ եւ գործնական, ես հպարտ եմ, որ այս մարդը հայ էր: Օլիգարխ չէր, գեներալ չէր, երգիչ չէր: Պարզապես սկզբունքային եւ անզիջում մարդ:

Եվս մեկ բան: Հիշում եք, ինչ էր մեր մասին ասում Դերենիկ Դեմիրճյանն իր “Հայը” էսսեում. “Նրա սրտի խորքում գերի արծվի վիրավորանք կա…”: “Ինձ ոչինչ հարկավոր չէ, - ասում է նա իրեն չարչարողներին, - ոչինչ չեմ ուզում ձեզնից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը: Եթե սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան` իմ ազատությունը”:

Այս բոլորը Վասիլի Ալեքսանյանի մասին է:

Նաիրա Մելքումյանը «Այբենգիր» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է: 1997-2002թթ. զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնը, 2002-2007թթ. եղել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին