Գագիկ Հարությունյան. Հենման կետը մեր ներսում է - Mediamax.am

Գագիկ Հարությունյան. Հենման կետը մեր ներսում է
4882 դիտում

Գագիկ Հարությունյան. Հենման կետը մեր ներսում է


Կարդացեք նաեւ. Գագիկ Հարությունյան. Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը
 
«Հայաստանի Հանրապետությունում» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ իմ ևս մեկ հարցազրուց եմ ուզում հիշատակել, որ տպագրվել է 2000-ին «Դարավերջ-դարասկիզբ» խորագրով, բայց մենախոսության տեսքով՝ հարցերը հանած. «Մարդկային կայուն զարգացման ապահովում» վերնագրով:

***

20-րդ դարի 100 տարին մարդկության պատմության մեջ յուրահատուկ տեղում է: Վերջերս սահմանադրական իրավունքի կենտրոնում սեմինար անցկացրինք ՙ21-րդ դար. Հասարակության կայուն զարգացում և իմունային համակարգի գործողությունը՚ թեմայով: 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին մարդկությունն իր առջև խնդիր է դնում ոչ միայն կենսաբանական տեսակի՝ մարդու իմունային համակարգի կարգավորումը, այլև մարդկանց հանրության՝ հասարակության իմունային կարգավորումը: Գիտնականներն ընդհանրացնում էին, որ 20-րդ դարը մարդկության պատմության ամենախայտառակ դարն էր, որովհետև մարդկությունն իրեն առաջադրել էր ինչպես ապրելու խնդիրը՝ առանց լուծում գտնելու: Ինչպե՞ս ապրել, որ մարդկության կազմակերպված գոյը կարողանա մարդակերպ շարունակություն ունենալ: Ինչպե՞ս ապրել, որ մարդկային հասարակությունը դինամիկ զարգանա՝ ներդաշնակ բնութան զարգացմամբ: Այդ հարցադրումների արդյունքում դարավերջին հաշվում ենք 130 միլիոն զոհ: Պատմության ընթացքում, հեղափոխությունների, պատերազմների մեջ ոչ մի դարում այսքան զոհեր չէին եղել: Թվում է՝ մի կողմից գիտություն, տեխնիկա, միջոցներ, կատարելագործում, տիեզերքի յուրացում, մյուս կողմից՝ մարդկային գոյի, հարաբերությունների, ապրելակերպի ու միջավայրի առումով ոչ մի փոփոխություն:

Ինչպիսի՞ն է լինելու 21-րդ դարը: Կրկնվելու՞ են 20-րդ դարի հարցադրումները: Նու՞յն պատասխաններն են տրվելու:

20-րդ դարը հայ ժողովրդի համար այս հարցերի ենթատեքստով դիտելիս՝ միանշանակ է, որ փոքրիկ Հայաստանը մշտապես հայտնվում էր պատմության շրջապտույտում: 19-րդ դարից մեր դարասկիզբը հակասությունների այնպիսի սրում էր առաջադրել, որ մի երկրի թագաժառանգի սպանությունը համաշխարհային պատերազմի առիթ դարձավ: Առիթ և ոչ թե պատճառ: Դա նշանակում է, որ հասարակական հարաբերություններում ներպետական և միջպետական հակասությունները հասել էին հասարակական երկրաշարժի վիճակի: Առաջին համաշխարհային պատերազմի կիզակետում հայտնվեց մի ժողովուրդ, որը մարդկությանը դարերով պահպանած արժեքներ ուներ փոխանցելու և գրեթե կոտրեց մեջքը՝ 1,5 միլիոն զոհ: Ազգային ինքնության ամբողջ համակարգի փլուզում: Խորհրդային տարիները, որքան էլ արժեհամակարգերի և այլ ձևախեղումներ եղան, ժողովրդի ֆիզիկական գոյության առումով փրկություն էին, ժողովուրդը շտկեց մեջքը: Հայ ժողովուրդը դարձյալ հայտնվեց միջազգային հարաբերությունների լուծման ոլորտում երկրորդ համաշխարհային պատերազմում: Ի՞նչ էր ադ պատերազմը: Եվրոպայի կենտրոնում հասարակական գոյի, հասարակական կեցության նոր փնտրտուքների անհաջող արդյունք: Նացիոնալ-սոցիալիզմը քաղաքական ուսմունք էր, որ դարձյալ դնում էր ինչպե՞ս ապրելու հարցը: Լուծման մեջ հայերս դարձյալ հարյուր հազարավոր զոհեր ունեցանք:

Դարավերջը մեզ համար այլ նկարագիր ունի՝ մենք ստացանք հերթական հնարավորությունը պետականության պայմաններում մեր ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու, ստեղծելու պետություն: Որքա՞ն է այդ հնարավորությունն իրականանում, որքա՞ն է պետականությունն իր բուն առաքելությանը ծառայում այսօր և կծառայի՞ հետագայում, կունենա՞նք միջազգային քաղաքակրթությանը ներդաշնակված, բարեկիրթ ազգային պետություն, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործական ներուժի ազատ զարգացման լիարժեք հնարավորություններ կունենան: Այս խնդրի լուծումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք թվում են այբբենական ճշմարտություններ, բայց ընկալման միասնության չեն հասել: Օրինակ՝ ո՞րն է մեր զարգացման ներուժը, որը պետք է գոյապայքարի հարթությունից փոխադրվի զարգացման հարթություն: Ինչպե՞ս է գործադրվում այդ ներուժը: Այսօր մենք ունե՞նք ուղեծրային տեղափոխություն ապահովող կրիտիկական էներգիայի զանգվածը, թե՞ շրջապտույտի մեջ ենք, բայց չենք գիտակցում՝ օղակի մեջ ընկած սկյուռի նման վազում ենք-վազում՝ մինչև ուժասպառություն: Իսկապես կա՞ այդ ելքը, կարո՞ղ ենք հաղթահարել դժվարությունները, կառաջնորդե՞ն մեզ հույսը, հավատը, սերը: Թե՞ հույսը վերածվելու է շարունակական հուսահատության, սերն՝ ատելության, հավատը՝ համատարած անհավատության: Սա ճանապարհ չէ: Սա ճանապարհ է ոչ մի տեղ: Իրական ճանապարհը պետք է խարսխված լինի իրական արժեքների վրա: Ունե՞նք այդ արժեքները: Այսօր այդ հարցերին պատասխանելը հնարավորություն կտա ելք գտնել: Հարցը վերաբերում է թե պետական մեքենային, թե ընդհանրապես հասարակական հարաբերությունների կառավարմանը, թե տնտեսությանը, թե սոցիալական ոլորտին: Բայց հարցերի հարցն է, թե ի՞նչ արժեհամակարգով ենք այս ամենը որոշելու: Ժամանակին ասում էին՝ հենման կետ տվեք և երկրագունդը շուռ կտանք: Հենման կետը մեր ներսում է: Որո՞նք են այն աքսիոմատիկ կետերը, որոնց հենվելով մեզնից յուրաքանչյուրը պիտի դառնա պետության քաղաքացի ու պետականության կրող: Ազատության տեր: Ազատությունը հնարավորություն է, որ մարդը կարողանա իր ընդունակությունները լիարժեք գործադրել:

Առաջին հիմնական խնդիրներից մեկը տարածության և ժամանակի նոր ընկալունակության, նոր արժեհամակարգի հաստատումն է: Շատ հարցեր կան և քաղաքական, և կրթական, և գիտական, և դաստիարակության ոլորտներում: Դասախոսական աշխատանքում համոզվել եմ, որ տաղանդավոր ուսանողներ կան՝ զերծ մտածողության բարդույթներից, բայց անհամակարգ մոտեցումը երիտասարդության ներքին էներգիան չի նպատակամղում ստեղծագործական հունով: Դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ պետության ապագայի համար:

Վերջերս հեռուստատեսությամբ բժշկական թեմայով հաղորդում էր, ռուս գիտնականները ընդհուպ մոտեցել են քաղցկեղի բուժմանը: Երբ օրգանիզմում տեղի է ունենում բջջի այլակերպում, առաջին հերթին իմունային համակարգն է պայքարում օրգանիզմի հավասարակշռությունը վերականգնելու համար: Չարորակ ուռուցքի պարագայում այլակերպված բջջի վերարտադրման դեմ իմունային համակարգը չի պայքարում: Բժիշկները փորձում են ակտիվացնել իմունային համակարգը, որպեսզի կասեցնեն այլակերպված բջջի վերարտադրությունը և մետաստազների առաջացումը: Նույն պատկերն է հասարակական կյանքում: Եթե հասարակությունը չի ճանաչում իր ընդերքում առաջացած իռացիոնալը և չի պայքարում, իռացիոնալը հանգեցնում է արժեհամակարգի այլակերպությունների: Այս առումով բացառիկ մեծ է պետության դերը: Արդյո՞ք պետությունը պետք է դիտորդի դերում լինի ինչ-ինչ հարցերում: Թե՞ պետությունը պետք է ակտիվ պետական կառավարում իրականացնի նոր հասարակական հարաբերությունների ձևավորման գործում: Մենք անցնում ենք նոր հասարակական հարաբերությունների, վերարտադրական ամբողջ համակարգը պետք է աշխատի նոր տրամաբանությամբ: Բնության բոլոր երևույթներն ունեն իրենց բնական օրենքները: Ամբողջ հասարակական համակարգ է փոխվում, ստեղծվում են շուկայական տնտեսական հարաբերություններ, պետությունը պետք է նստի ու սպասի՞ մինչև շուկան ձևավորվի: Արդյո՞ք վարչական թելադրանքի փոխարինումը մոնոպոլ թելադրանքով կամ մաֆիական թելադրանքով ավելի սարսափելի չէ: Ավելի կործանարար: Ազատ շուկան ենթադրում է ոչ թե թելադրանքի փոխարինում ուրիշ թելադրանքով, այլ ազատ մրցակցություն: Ազատություն: Պաշտպանված ազատություն: Նույնը՝ ժողովրդավարությունը: Եթե փորձեք պարզել, այսօր Հայաստանում 3,5 միլիոն մեկնաբանություն կտրվի ժողովրդավարությանը, որը, սակայն, առաջին հերթին ենթադրում է ուժի ցրում և այնպիսի հարաբերությունների ձևավորում, որտեղ մարդը ստանում է իր բնական իրավունքներին համապատասխան քաղաքացիական ազատություն: Այսինքն՝ իր ազատության այնպիսի դրսևորում, որը չի խոչընդոտում մյուսների ազատության դրսևորմանը, և հստակեցված է ինքնարտահայտման դաշտը: Դա լինում է ժողովրդի անմիջական մասնակցությամբ կառավարման ներկայացուցչական մարմինների ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը: Այդ հարաբերությունները պետք է իրավաբանորեն պաշտպանված լինեն: Այսօր ժողովրդավարությունը շատերին թվում է մի զանգուլակ, որ պիտի դրսեցիների համար հնչեցնենք՝ ապացուցելու, թե մենք էլ ունենք, մենք, որ դեռ այն ժամանակ էինք ժողովրդավար, երբ շատ ժողովուրդներ չկային էլ… Այս բիրտ մեծամտությունը մեր դեմ է ուղղվում ի վերջո: Բայց մինչև ե՞րբ մենք պետք է մեր պատմության թիկունքում թաքնվենք, իսկ այսօ՞րը… Իսկ այսօր մեր բանական և իմաստավորված ընկալումը ո՞րն է: Արդյո՞ք անցյալի արժեքները մեզ համար դարձել են գործող, նյութականացված, ապրող արժեքներ: Պետությունը պետք է ստեղծի այն նախադրյալները, որ արժեքները միս ու արյուն ստանան:

Մենք ասում ենք, որ ամենամեծ արժեքը մարդն է, նրա ինտելեկտուալ կարողությունները: Ո՞ր ռեսուրն է այսօր ամենից վատ օգտագործվում: Ո՞ր ոլորտում նույնիսկ օրենսդրական կարգավորում չկա: Կրթական համակարգը՝ օրինակ: Կոոպերատիվ և մասնավոր բուհերում սովորող հազարավոր ուսանողներ հայտնվում են անհեթեթ վիճակում, երբ կոոպերատիվների մասին օրենքով կրթություն է կազմակերպվում՝ չարտոնագրելով կրթության մակարդակն ու որակը: Սահմանադրության 36-րդ հոդվածով մարդուն ստեղծագործական ազատություն և գիտական ստեղծագործության իրավունք է տրվում, մինչդեռ այսօր պետական պաշտոնյան իրավունք ունի այդ բուհերի շրջանավարտներին ասել՝ դու գիտությամբ զբաղվել չես կարող, քո դիպլոմն արտոնագրված չէ: Ի՞նչ վերաբերմունք պիտի ունենա քաղաքացին իր պետության նկատմամբ:

Պետությունը վերափոխումների ընթացքում պետք է կառավարողի իր դերը լիարժեք կատարի: ԱՄՆ-ում Ջեֆերսոնի ժամանակներից մինչև 20-րդ դարի 30-ականները հիմնական խնդիրը պետության մասնակցությունն էր հասարակական կառավարմանը: Չի եղել մի այնպիսի հասարակարգ, որտեղ պետության դերն այնպես ու այնքան ժխտվի, ինչպես մենք ենք անում անցումային խնդիրները լուծելիս: Պետությունը պիտի կարողանա և անցումը կառավարել, և ճգնաժամային կառավարման լծակներն օգտագործել, և նախադրյալներ ստեղծել նոր հասարակական-տնտեսական հարաբերությունների ձևավորման համար:

Ինչու՞ է այսքան տարածվում աղանդավորությունը: Արդյո՞ք աղանդավորությունը միան հոգևոր ոլորտում է: Այսօր բոլոր ոլորտներում համատարած աղանդավորություն գոյություն ունի: Սա չարիք է, որ ծնվում է անորոշությունից: Անհեռանկարայնությունից: Արժեհամակարգերի բացակայությունից, ուր թացն ու չորը խառնված են: Իսկ ինչու՞ է ստեղծվել պետությունը Հիշենք Պլատոնին, նա մի պարզ սահմանում է տալիս՝ մարդու պահանջմունքներից ծնված անհրաժեշտություն: Մենք ուզում ենք ինչ-որ բան անել, բայց առանձին-առանձին հնարավոր չէ, ստեղծում ենք մի մարմին, որին լիազորում ենք անել այն, ինչ առանձին-առանձին հնարավոր չէ, ստեղծում ենք մի մարմին, որին լիազորում ենք անել այն, ինչ առանձին-առանձին չենք կարողանում: Պետությունը մարդկանց, հասարակության պահանջմունքներից ծնված միջոց է, որ պետք է կարողանա հասարակությանն առաջնորդել և երբեք չի կարող կողքից նայել հասարակությանը: Պետությունն ինքնանպատակ չէ, երեք հիմնական առաքելություն ունի, և պետական իշխանությունը ձևավորվում է այդ սկզբունքներով՝ սահմանել ընդհանուր գոյի հիմնական կանոնները, ամբողջ ժողովրդի մասնակցությամբ գործադրել այդ կանոնները, վերահսկել, որ գործադրվեն սահմանված կարգով: Օրենսդիր, գործադիր, դատական համակարգի միջոցով պետական կառավարումն ակտիվ դեր է: Ակտիվ է և չորրորդ իշխանության դերը՝ նպաստել այդ լիազորությունների լիարժեքությանը, այսինքն՝ հասարակությանը տեղեկացնել՝ ինչպես են իրականացվում պետության իրավասությունները և ձևավորել հասարակական կարծիքը՝ կողմնորոշել հասարակական սուբյեկտներին և ինստիտուցիոնալ համակարգը պահել իր շրջանակներում: Մամուլն ընդհուպ դասվում է սահմանադրական վերահսկողության ինստիտուտների թվին՝ իբրև սահմանադրական օրինականության պահպանման հասարակական վերահսկիչ: Ինչպե՞ս ենք մտնում նոր հազարամյակ: Որո՞նք մեր դարի դասերը: Մարդկությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, որպեսզի գտնի հեղափոխականության հաղթահարման կամ հասարակական բացասական էներգիայի առաջանցիկ կուտակման խնդրի լուծումը: Բնության կատակլիզմները ոչ թե ներդաշնակությունն են խախտում, այլ խախտված հավասարակշռությունն են վերականգնում: Եթե տեղի է ունենում բացասական լիցքերի կուտակում, որը հասնում է կրիտիկական զանգվածի, լուծումը պայթյունն է: Նույնը մարդկային հարաբերություններում՝ բացասական փոփոխությունները հարաբերությունների չպարզաբանման դեպքում հանգեցում են վիճաբանությունների և հարաբերությունների հնարավոր խզման: Հասարակական հարաբերություններում կուտակված չլուծված հարցերը պայթուցիկ լուծումներ են ունենում հեղափոխությունների ու պատերազմների տեսքով: Եթե հնարավոր լինի ժամանակին լուծումներ գտնել, կապահովվի հասարակության դինամիկ զարգացումը: Այսօր այս խնդիրը ՄԱԿ-ի կառույցներն անվանում են մարդկային կայուն զարգացման ապահովում: Դարավերջի և դարասկզբի գերագույն խնդիրը դա է: Եվ խնդիրների խնդիրն է նոր հազարամյակում մարդակերպ ապրելու հնարավորության ստեղծումը, եթե չենք ուզում շարունակել ջունգլիների օրենքներով ապրել:

Հայաստանի Հանրապետության համար, բնականաբար, պետք է ազգային պետականության պայմաններում ազգապահպան գործընթացները շարունակել: Ազգային միասնության գաղափարը պետք է կարգախոսից իրականություն դարձնենք և մեր Հայաստան-սփյուռք-Արցախ հաստատված վիճակն արյան ու ավիշի կապով ամրակայենք: Դա հնարավորություն կտա գոյապայքարային վիճակից զարգացման վիճակի անցնել: Այսօր մենք ունենք հնչեղ կոչեր ու գեղեցիկ պատկերացումներ: 21-րդ դարում պետք է ունենանք զարգացման ծրագիր իրականացնելու իրական նախադրյալներ:

***

Դե ֆակտո 24 տարի անց էլ մենք չունեցանք այդ զարգացման ծրագիրը, որովհետև չձևակերպեցինք ազգային շահը: Բոլոր իշխանությունների բոլոր կառավարությունները ունեցան իրենց ծրագիրն ու պետական բյուջե ձևավորեցին, բայց դա չեղավ ՊԵՏՈՒԹՅԱՆ բյուջե, որովհետև պետությունն ու հասարակությունը Պլատոնին լրիվ մոռացել են…

Կարդացեք նաեւ. Գագիկ Հարությունյան. Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին