Գագիկ Հարությունյան. Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը - Mediamax.am

Գագիկ Հարությունյան. Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը
5546 դիտում

Գագիկ Հարությունյան. Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը


Առաջին անգամ նրան հանդիպել եմ, երբ Գերագույն խորհրդի փոխնախագահ էր: Առաջին տպավորությունս՝ ինչքան բազմախոս է: Արդեն չեմ հիշում, թե քանի՞ հարցազրույց եմ արել (ոչ բոլորն են պահպանվել), և ի՞նչ պաշտոն ուներ նա այդ ժամանակ, որովհետև նա ոչ միայն բազմախոս, այլև՝ բազմապաշտոն է եղել՝ սկսած ԵՊՀ-ում ու Ժողտնտեսության ինստիտուտում դասախոսելուց, (նաև Հարավսլավիայում հրավիրված դասախոս լինելուց) մինչև ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, հետո ՀՀ ԳԽ փոխնախագահ, ՀՀ փոխնախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ ու ԲԴԽ նախագահ լինելը:

Եղել են նաև ոչ գործնական հանդիպումներ՝ տարբեր միջոցառումների շրջանակներում, ու միշտ մտածել եմ՝ առաջին տպավորությունը ճիշտ է լինում: Տարիների հետ ոչ միայն երկուսս ենք փոխվել, այլև՝ պետությունը ու կյանքը: Վերջին անգամ նրան տեսա չորս տարի առաջ, մարդաշատ մի վայրում ու մինչ վարանում էի՝ կճանաչի՞-չի՞ ճանաչի, ինքը բարևեց ու հարցրեց՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ անում: Հերթապահ պատասխան տվեցի, ծիծաղեց ու ասաց՝ ես էլ, թեպետ ես չէի հարցրել, Դուք ո՞նց եք:

***

1996-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետութիւն»-ում նրա հետ հերթական հարցազրույցը վերնագրել էի «Լինենք ազգային արժեքները վերարտադրող ազգ»: Գագիկ Հարությունյանն այդ ժամանակ ՍԴ նախագահ էր:

-ՀՀ 1995-ին ընդունված Սահմանադրության համաձայն՝ 1996-ին ստեղծվեց Սահմանադրական դատարանը՝ իբրև պետական համակարգի կարևորագույն ինստիտուտ: Այլ նորանկախ պետություններ ունե՞ն Սահմանադրական դատարան, ե՞րբ և ինչպե՞ս են Սահմանադրական դատարաններ ստեղծվել այլ երկրներում: Ես գիտեմ, որ 60 երկրների սահմանադրություններ, 40 երկրների օրենքներ, սահմանադրական վերահսկողության միջազգային փորձի ծավալուն վերլուծություններ կան Ձեզ մոտ: Իհարկե, այդ ամենը ուսումնասիրելու ժամանակ է պետք…

-Սահմանադրական դատարանները, որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված ինստիտուտներ, ամբողջ աշխարհում ձևավորվել են 50-ականներին: Սահմանադրական վերահսկողության եվրոպական մոդելի ձևավորման առաջին փորձերը դարասկզբին արվեցին Ավստրիայում, Չեխիայում, Իսպանիայում, սակայն հաջողության չհասան: Միայն երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ստեղծվեցին սահմանադրական դատարաններ: ԱՊՀ բոլոր նորանկախ երկրները հիմնականում որդեգրեցին սահմանադրական վերահսկողության մասնագիտացված ինստիտուտների ստեղծման պրակտիկան, եվրոպական մոդելը հատկապես արդյունավետ է գործում անցման շրջաններում և ճկուն ձևով ապահովում է իրավական դաշտի ներդաշնակությունը, խուսափելով ներքին հակասություններից, որոշակիորեն վերահսկելով իշխանությունների տարանջատման հաշվեկշռի պահպանումը, ապահովելով իշխանության տարբեր թևերի արդյունավետ գործունեությունը, միջազգային պայմանագրերի առումով՝ իշխանությունների գործնական իրավասությունները, նորմատիվ ակտերի ընդունման ընթացքում՝ սահմանադրորեն հաստատագրված հաշվեկշիռը: Շատ քիչ երկրներ այլ ճանապարհներ ընտրեցին: Օրինակ՝ Էստոնիայում ձևավորվեց արդարադատության կանցլերի ինստիտուտ, որը գրեթե միակն է աշխարհում: Նմանատիպ այլ փորձ կա Պորտուգալիայում, որտեղ երկու համակարգեր համակցված են: Լատվիայի Սահմանադրությամբ ընդհանրապես չի նախատեսվում Սահմանադրական դատարան, նրանք ամբողջությամբ ընդունեցին դարասկզբի իրենց Սահմանադրությունը և վերահսկողությունը կանոնակարգում են օրենքներով: Միջազգային փորձը վկայում է, որ սահմանադրականն դատարանները Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես չեն ձևավորվում՝ անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: Օրինակ, Իտալիայում Սահմանադրությամբ նախատեսված էր սահմանադրական դատարան ձևավորել 1947-ին, իրականում սկսեց գործել 1956-ին: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ձևավորվեց 1958-ին, արդյունավետ գործել սկսեց 1973-ին: Ըստ իս, սահմանադրական դատարանը պիտի ձևավորվի Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, որովհետև աշխարհի փորձը ցույց տվեց, որ հնարավոր է իշխանության բռնազավթում նաև օրենքի ճանապարհով: Սահմանադրական դատարանի ինստիտուտի շատ տեսաբաններ, մասնավորապես ավստրիացի Հանս Կելզենը, առաջադրում էին այդ թեզը դարասկզբին և արդեն զգուշացնում, որ Եվրոպայում հնարավոր է իշխանության վտանգավոր կենտրոնացում: Կյանքը ցույց տվեց, որ ֆաշիզմը իշխանության հասավ ոչ հեղափոխական ճանապարհով, այլ իրավականորեն իշխանության բռնազավթումով: Եվրոպական պետությունները երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո ձեռնամուխ եղան այս համակարգի ստեղծմանը նաև ֆաշիզմի նոր դրսևորումները կանխելու նպատակով: Հատկապես անցումային շրջաններում, երբ օրենսդրական դաշտը բավականին ակտիվ է լրացվում, հսկայական չափերով նորմատիվ փաստաթղթեր են արտադրվում, պետք է խիստ վերահսկողություն, որպեսզի այդ փաստաթղթերը իրավական կյանքում հակասական գործընթացներ չհրահրեն, հաստատվի հավասարակշռություն Սահմանադրության շրջանակներում:

Սահմանադրական դատարանները նորանկախ տարբեր պետություններում տարբեր գործառնություններ ունեն: Հետաքրքիր առանձնահատկություններ կան Ուզբեկստանում, որտեղ նույնիսկ սահմանադրական դատարանին օրենսդրական նախաձեռնության իրավունք է վերապահվում: Շատ հետաքրքիր է նաև Ղրղզստանի փորձը, ուր նախագահական ընտրությունների արդյունքները նախ հաստատում է Սահմանադրական դատարանը և հրապարակում: Լեհաստանում գործում է սահմանադրական տրիբունալ, որի ընդունած որոշումները Սեյմը քննարկում է վետոյի իրավունքով: Այս պարագան յուրօրինակ օգտագործվեց Ղազախստանում, որտեղ ստեղծվեց Ֆրանսիայի տիպի վերահսկողության ինստիտուտ՝ սահմանադրական խորհուրդ, որի որոշումների նկատմամբ նախագահն ունի վետոյի իրավունք: Սահմանադրական ինստիտուտները, բնականաբար, ձևավորվում են ըստ տվյալ երկրի հասարակական հարաբերությունների առանձնահատկությունների, բայց կան որոշակի խնդիրներ, որոնք պարտադիր պետք է այդ ինստիտուտները լուծեն, հակառակ պարագայում կբովանդակազրկվեն: Առաջին հերթին դա վերաբերում է օրենքների և նորմատիվային ակտերի սահմանադրականության հարցի որոշմանը: Հայաստանում միջազգային պայմանագրերի առաջին քննարկումը կատարվում է Սահմանադրական դատարանում, մեր համաձայնությունից հետո միայն ԱԺ-ն քննարկում է վավերացնելու խնդիրը:

Եթե մենք անհամապատասխանություն ենք գտնում, խորհրդարանի կանոնակարգի 79-րդ հոդվածով պայմանագիրն այլևս քննարկման առարկա դառնալ չի կարող: Այս տարի ՀՀ Սահմանադրական դատարանը երկու միջազգային պայմանագիր է մերժել այդ պատճառով: ՍԴ գործառնության կարևոր պայմաններից է նրա աբստրակտ վերահսկողությունը: Սահմանադրական դատարանների փորձն ուսումնասիրելիս նկատում ենք շատ հետաքրքիր հատկություններ: Օրինակ, Թուրքիայում, Ավստրիայում, հիմնականում դաշնային կառուցվածք ունեցող երկրներում, սահմանադրական դատարանները որպես մասնագիտացված դատարաններ, աստիճանաբար նաև ընդհանուր իրավասության դատական գործառնություն են ստանձնում օրենքով նախատեսված կարգով: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ՍԴ բարձր հեղինակությունն օգտագործվում է պետության համար կարևորագույն գործերը քննելիս: Օրինակ, Թուրքիայում հանրապետության նախագահի, բոլոր պատգամավորների, դատական համակարգի աշխատողների քրեական գործերը քննարկվում են ՍԴ-ում, և այդ քննության ընթացքում ՍԴ-ն գործում է որպես գերագույն դատարան, որը ստանձնում է արդարադատության գերագույն մարմնի գործառնություն: Այսպիսի զարգացումը բավականին վտանգավոր է, որովհետև սահմանադրական դատարանները իրենց բուն գործառնությունից կարող են հեռանալ: Մասնավորապես Թուրքիայում Սահմանադրական դատարանը Սահմանադրության շուրջ որոշումները կայացնում է ավելի շուտ փաստաթղթի ընդունման ձևի, քան բովանդակության առումով: Շատ օրենքներ ընդհանրապես քննարկման ենթակա չեն: Սահմանադրական դատարաններն առաջին հերթին և հիմնականում պետք է իրականացնեն տարանջատված իշխանությունների գործունեության հաշվեկշռի ապահովումը և բոլոր տիպի նորմատիվային ակտերի սահմանադրականության որոշման խնդիրը: Օրինակ, այս խնդիրը նուրբ ու հետաքրքիր լուծված է Վրաստանում, որտեղ ընդունվել է օրգանական օրենք ՍԴ-ի մասին: Վրաստանում ՍԴ-ն բաժանված է երկու պալատների (կոլեգիաների): Եթե երկրի նախագահը գործել է քրեորեն պատժելի որևէ արարք, ՍԴ-ն քննում է նրա ֆունկցիոնալ պարտականությունների կատարման սահմանադրականության հարցը՝ իր գործունեությամբ խախտե՞լ է նա Սահմանադրությունը, թե՞ ոչ, իսկ գերագույն դատարանը քննում է քրեորեն պատժելիք արարքի հարցը: Դաշնային կառուցվածք ունեցող բոլոր երկրների ՍԴ-ների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում նաև սուբյեկտների շահերը: Ուզբեկստանում, օրինակ, շատ նրբորեն են հաշվի առնված Կարակալպակիայի շահերը սահմանադրական վերահսկողության բոլոր փուլերում:

Երբ կարդում ենք Ադրբեջանի ՍԴ-ի իրավասությունների ու գործունեության կարգը և համեմատում ենք Նախիջևանին վերաբերող ամպագոռգոռ հայտարարությունները և որոշակի գործառնությունը պետական մեխանիզմներում, տեսնում ենք, որ Նախիջևանը հավասարեցված է սովորական մի մարզի, որը որևէ լուրջ իրավասություն չունի: Ձեր առաջադրած հարցը այնքան ընդգրկուն է, որ հնարավոր չէ հարցազրույցով սպառել, միայն փաստեմ, որ նորանկախ հանրապետություններում ստեղծված են մասնագիտացված սահմանադրական վերահսկողության ինստիտուտներ, դրանց ձևավորումը կատարվում է ընդհանուր որոշակի օրինաչափությունների շրջանակներում. Սահմանադրությամբ նշված են հիմնական սկզբունքները, ընդունվել են օրենքներ սահմանադրական դատարանների մասին: Ամբողջ աշխարհում ձևավորումը կատարվում է երեք հիմնական կարգով՝ ա) բոլոր անդամներին ընտրում կամ նշանակում է խորհրդարանը, բ) որոշ մասին խորհրդարանը, որոշ մասին երկրի նախագահը կամ ղեկավարը, գ) նախագահը, խորհրդարանը, դատական իշխանությունների ներկայացուցիչները: Սովորաբար ՍԴ-ի գործունեության համար նախատեսվում է մեծ ժամկետ (միայն մի քանի երկրներում՝ 5 տարի), որպեսզի հնարավոր լինի ՍԴ անդամների անկախությունն ապահովել ընտրություններով փոփոխվող իշխանություններից: Որոշ երկրներում նախատեսվում են երեք տարին մեկ անդամների ռոտացիաներ: Իսկ երկրների զգալի մասում գործում է անդամների անփոփոխելիության սկզբունքը:

-Մեր երկրում Սահմանադրական դատարան ստեղծվեց պետության գոյության հինգերորդ տարում, ի՞նչ զարգացումների հետևանք էր, ներքին և արտաքին ի՞նչ խնդիրներ են քննվում ՍԴ-ում:

-Սահմանադրական դատարան ստեղծվեց հինգերորդ տարում, որովհետև Սահմանադրությունն ընդունվեց չորրորդ տարում: ՍԴ-ի ստեղծման հանգամանքը նախատեսվում է դեռևս նախկին ԳԽ-ի մասին օրենքում, բայց, իհարկե, ՍԴ-ի գոյությունն արդարացվում է այն դեպքում, երբ կա սահմանադրորեն իշխանությունների հստակ տարանջատում, սահմանված են զսպումներն ու հակակշիռները, մեխանիզմը որոշարկված է և պետք է ապահովել նորմատիվային ակտերի սահմանադրականությունը: ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո ՍԴ-ն ձևավորվեց շատ արագ: Մեր աշխատանքային 48 և գործով 25 նիստերում քննության առարկա են դարձել միջազգային փաստաթղթերը և կոնվենցիաները, երկկողմանի պայմանագրերը:

-Իբրև ՍԴ նախագահ, նորանկախ պետության կայացման գործում ո՞րն եք համարում ՍԴ-ի դերն ու գործունեության նպատակը:

-Մենք որդեգրել ենք բացարձակ անաչառության սկզբունքը: Իմ խորին համոզմամբ՝ ՍԴ-ն կամ պետք է այդպես աշխատի կամ չպետք է գոյություն ունենա: ՍԴ-ն չի կարող հայեցողական դիրքորոշում ունենալ, Սահմանադրության սկզբունքների պաշտպանությունը հասարակական կայունության գրավականն է: Մենք պետք է պահպանենք քաղաքացու իրավունքներից սկսած՝ պետության և հասարակության իրավունքները: Գործունեության մի քանի ամիսներին մենք բազմաթիվ նախաձեռնություններ ենք իրագործել, Հայաստանում ձևավորվել է սահմանադրական իրավունքի կենտրոն, որ չափազանց կարևոր ինստիտուտ է: Մեծ աշխատանք կատարվեց սահմանադրական վերահսկողության հարցերին առնչվող սուբյեկտների հետ, դատական համակարգի հետ կոնսուլտացիաներ, քննարկումներ եղան, մշակվեց թեմատիկա, որոնցով սեմինարներ պիտի անցկացվեն, որպեսզի մարդիկ իրազեկվեն ՍԴ գործառնության և գործունեության մասին: Մեծ աշխատանք է տարվել նաև ուսանողների, դպրոցականների համար ճանաչողական բնույթի 7-8 գրքերի ստեղծման առումով: Վերլուծություններ կլինեն ՀՀ ժողովրդավարության և սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ: Պետական իշխանության այսպիսի մարմին Հայաստանում գոյություն չի ունեցել, ՍԴ-ն պետության անհրաժեշտ խորհրդանիշ է, որը պետք է ձևավորել ոչ թե խրուշչովյան տների հոգեբանությամբ՝ այսօր կառուցենք, ժամանակավորապես կհարմարվենք, վաղը կքանդենք, այլ՝ մեր տաճարների կառուցման հոգեբանությամբ՝ դարերի համար:

-ՍԴ-ն նաև երկրի ժողովրդավարության մակարդա՞կն է որոշում:

-Ընդհանուր առմամբ՝ այո, բայց ժողովրդավարական հասարակության ընկալման տարբեր մակարդակներում ՍԴ-ն իր գործունեությամբ պետք է ապահովի իր դերի ճիշտ ընկալումը և ժողովրդավարական ինստիտուցիոնալ համակարգերի ճիշտ ձևավորումը: ՍԴ-ն պիտի ճիշտ գրրծի ժողովրդավարության հաստատման փուլում և կարող է գործընթացն ակտիվացնել՝ արգելելով իշխանության բռնազավթումը:

-Վերանայելու՞ է ՍԴ-ն 1991-1996-ին ընդունված օրենքները: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:

-ՍԴ-ն օրենքով իրավասու չէ գործ քննարկել առանց հայցադիմումի: Ինչպես այլ երկրներ, մենք ևս ունենք այդ հիմնահարցը, որի լուծման համար ուրույն ուղի ենք ընտրել՝ ձևավորված է աշխատանքային խումբ, որը պետք է վերլուծի մեր իրավական դաշտի գործառնությունը և համադրի Սահմանադրությանը: Արդարադատության նախարարության մասնագետների օգնությամբ 1941 գործող իրավական ակտեր մուտքագրված են մեր համակարգիչներում՝ Սահմանադրության հետ բոլոր առնչություններով և այժմ վերլուծվում է դրանց համապատասխանությունը: Մենք որոշում կայացնել չենք կարող, բայց սահմանադրորեն ոչ ոք զրկված չէ առաջարկության իրավունքից, հետևաբար վերլուծության արդյունքները առաջարկության կարգով կներկայացվեն ԱԺ հանձնաժողովներին, կառավարությանը և նախագահին, որպեսզի հաշվի առնվեն ու համապատասխան փոփոխություններ կատարվեն: Եթե դա չարվի և մենք համոզված լինենք, որ գործող ակտը հակասահմանադրական է, կխնդրենք  ԱԺ պատգամավորներին կամ ՀՀ նախագահին հայց ներկայացնել ՍԴ, որից հետո կկայացվի որոշում:

-Փաստորեն՝ ՍԴ-ն նաև կանխարգելիչ գործոն է:

-Անշուշտ, ՍԴ առկայությունն արդեն իսկ շոշափելի գործոն է, նորմատիվային ակտեր ընդունող բոլոր ինստիտուտները այսօր իրենց գործունեությունը համապատասխանեցնում են Սահմանադրության հետ: Աս առումով՝ ՍԴ-ն նաև հոգեբանական պաշտպանվածություն է ապահովում ՀՀ քաղաքացիների համար:

-Սահմանադրական դատարանի ապագան՝ ըստ Ձեզ:

-ՍԴ ապագան անմիջապես առնչված է պետության ապագային ու պայմանավորում է այդ ապագան: Եթե ՍԴ-ն իր գործունեությունը անաչառ ու հստակ իրականացնի, եթե գործի անկախ դատական համակարգ և հարգվի օրենքը, մեր երկիրը կունենա իրոք իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն: Այլապես արջի ծառայություն կմատուցենք մեր երկրին: ՍԴ-ն հսկայական անելիքներ ունի, թե կայացման, թե գործունեության, թե մեր առանձնահատկություններից ելնելով՝ միջազգային փորձի ուսումնասիրման առումով: Մեր նշանաբանը պետք է լինի անաչառորեն ապահովել սահմանադրականությունը իրավական ակտերում, օրենքի գերակայությունը հասարակական կյանքում, ինչպես ասված է մեր երդման մեջ: Ուստի և ՍԴ-ն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություններ:

-Հայաստանը և Դուք 2000 թվականին:

-Հայաստանը 2000 թվականին կլինի ծաղկուն ու արդեն զարգացած երկիր: Եթե հանկարծ չփորձենք՝ տեղիք տալով բախտագուշակությանը, պոպուլիզմին ու կեղծիքին, նորից ավերել ամեն ինչ ու փորձել նոր սկիզբ դնել: Դա կարող է նաև ճակատագրական լինել: Թեև քիչ ժամանակ է մնում, ես լավատես եմ: Մեր հասարակությունը գտել է առաջընթացի ուղին և 21-րդ դարում արդեն հաղթահարած է լինելու թույլ մարդու, տրտնջացող, բողոքող մարդու իր սինդրոմը: Ցանկացած երկրում միշտ դժվարություններ կան ու լինելու են: Մարդը միշտ անբավարարվածության որոշակի դաշտում է, դա զարգացման բնական ընթացք է, կարևորը, որ այդ անբավարարվածությունը չլինի անարդարության արգասիք: Հասարակությունը չպետք է եսակենտրոն լինի, առաջմղիչը ազգային գիտակցությունն է, և հասարակությունը կարող է վերարտադրվել միայն դրական լիցքով: Կարծում եմ, որ 2000 թվականին ու հետո էլ ես կլինեմ աշխատանքային այն դաշտում, ուր կարևորվում է գործը:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է դարավերջի և ո՞րը դարասկզբի Հայաստանի խորհրդանիշը:

-Դարասկզբին մենք տոնելու ենք քրիստոնեության՝ իբրև պետական կրոն հաստատման 1700-ամյակը, և դա մեծ խորհուրդ ունի: Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց չորրորդ դարում, երբ պետությունն ու եկեղեցին, աշխարհիկ ու հոգևոր կյանքը ներդաշնակ զարգացման փուլում էին, դա ստեղծագործական վերածնունդ էր: Ես կարծում եմ, որ դարավերջն ու դարասկիզբը կլինեն նոր ժամանակներին բնորոշ վերածնունդ: Կուտակված ստեղծագործական լիցքը պետք է պայթյունով դուրս գա, նպատակաուղղվի նաև պետականության զարգացմանը, հասարակական գիտակցությունը պետք է ընկալի ու յուրացնի այդ գաղափարը: Չասենք, թե ներկա սերունդն ի վիճակի չէ այդ անել: Անցման շրջանում արժեհամակարգերը արագ չեն փոփոխվում: Նարեկացին ասում էր, որ մարդու մեղքերը նրա հանցանքը չեն, այլ՝ դժբախտությունը: Եթե մարդը մոլորվել է, հայացքը ուղղված է երեկվան, խճճվել է իր բարդույթներում, չպետք է չարությամբ մերժել նրան, պետք է սատարել մարդուն ու օգնել բարձրանալու, օգնել, որ երեկվա օրից գա այսօր ու այսօրից գնա ապագա: Երեկվա արժեքներով ապրող մարդը մեղավոր չէ, վաղվա օրվա ճշմարտացիության մեջ պիտի համոզենք մարդուն, դարձնենք այդ ճշմարտության, այդ իրականության կերտողը: Մարդը պետք է իմաստավորի իր գործունեությունը, հանցագործություն է, երբ շեշտը դրվում է մարդկանց բնազդների և ոչ թե բանականության վրա: Մեր ժամանակն այսօր խորությամբ չենք ընկալում, բայց դարասկզբին հաղթահարած կլինենք նաև այդ բարդույթը և կդառնանք պետական մտածողություն ունեցող ու պետական գործելակերպ որդեգրած ազգ: Այսօրվա նշանաբանը լացուկոծը, աղբարկղեր քրքրելով թերություններ վերհանելը չպետք է լինի, այլ հաղթահարումը, որքան շուտ հաղթահարենք, այնքան շուտ կմտածենք հեռանկարների մասին և ազգային արժեքների պահպանությունը որդեգրած ազգից կկարողանանք դառնալ ազգային արժեքներ արտադրող ազգ:

***

Հիմա կարդում եմ իմ իսկ վարած հարցազրույցը ու մտածում եմ՝ ինչ լավն էինք 1996-ին, ինչ սպասումներ ունեինք մեզնից ու մեր ապագայից, ի՞նչ կատարվեց, ուրեմն, որ հենց 1996-ին ու արդեն երկու տարի հետո ամեն ինչ խառնվեց իրար և ՍԴ նույն նախագահը արդեն մի քանի տարի հետո նույն պաշտոնում հակասում էր ինքն իրեն: Ու չասենք, որ ժամանակն էր այդպիսին, ժամանակը միշտ նույնն է՝ մենք ենք բովանդակություն հաղորդում մեր գործողություններով:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին