Սեզար Գուեկյանն ու Ահմեթ Էրթեգյունը - Mediamax.am

Սեզար Գուեկյանն ու Ահմեթ Էրթեգյունը
6179 դիտում

Սեզար Գուեկյանն ու Ահմեթ Էրթեգյունը


Այս շաբաթ տեղեկացանք, որ Gibson Brands-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Սեզար Գուեկյանին ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում:

Ռոք երաժշտության սիրահարները գիտեն, որ էլեկտրական կիթառների աշխարհում Gibson-ը նույնն է, ինչ Mersedes Benz-ը՝ ավտոմոբիլային ոլորտում: Սեզար Գուեկյանը արգենտինահայ է, երկու բարձրագույն կրթություն է ստացել գործարար կառավարման ոլորտում, սակայն մշտապես տարված է եղել երաժշտությամբ եւ ինքն էլ կիթառ է նվագում: 2021 թվականին նա միացել էր «Հայաստան» հիմնադրամի փառատոնին՝ խոսելով 2020 թվականի պատերազմի արհավիրքների մասին:

Քանի որ Գուեկյանի նշանակումը ողջունած երաժիշտների թվում էր Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, նամակ եմ գրել նրա մենեջերին՝ խնդրելով հնարավորության դեպքում օգնել կապ հաստատել Gibson Brands-ի նոր ղեկավարի հետ՝ հարցազրույց վարելու համար:

Հուսանք, կստացվի, մանավանդ, որ Այոմի-Gibson-Մեդիամաքս ձեւաչափով համագործակցության մեկ հաջող փորձ արդեն ունենք: 2019 թվականին, Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի այցին ընդառաջ, կազմակերպել էինք Iommi_Gibson_Mediamax մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Խորեն Միքայելյանը: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում Թոնի Այոմին Խորենին հանձնեց իր կողմից ստորագրված Gibson SG Standard 2019 Ebony կիթառը:

Gibson է նվագում նաեւ Led Zeppelin-ի կիթառահար Ջիմի Փեյջը: Led Zeppelin-ը, հնարավոր է, չէր հասնի համաշխարհային փառքի գագաթնակետին, եթե չլիներ ազգությամբ թուրք Ահմեթ Էրթեգյունը՝ ամերիկյան Atlantic Records ստուդիայի համահիմնադիրն ու նախագահը: Հենց նա էր լսել Led Zeppelin-ի դեմո ձայնագրությունը եւ հասկացել, որ խումբը մեծ ապագա ունի: Դաշինք կազմելով խմբի մենեջեր Պիտեր Գրանտի հետ, Ահմեթ Էրթեգյունը երկար տարիներ հոգ էր տանում Led Zeppelin-ի մասին:

Ժամանակին Ահմեթ Էրթեգյունը ֆինանսավորել է Հայոց Ցեղասպանությունը հերքող տարբեր նախաձեռնություններ: Այդ «առաքելությունը» նա ժառանգել էր հորից. 1930-ականների ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Էրթեգյունը ջանք չէր խնայել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարությունը «համոզի» MGM ստուդիային հրաժարվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա ֆիլմ նկարելու գաղափարից:

Բայց, ինչպես նրա մահից հետո վկայել են Հարութ Սասունյանը եւ Սերժ Թանգյանը, կյանքի վերջին տարիներին Էրթեգյունն ասում էր, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից, սակայն զերծ էր մնում այդ մասին հրապարակայնորեն խոսելուց:

Վերջին անգամ Led Zeppelin-ի անդամները եւ հանգուցյալ Ջոն Բոնեմի որդին միասին բեմ են բարձրացել հենց Ահմեթ Էրթեգյունի հիշատակին նվիրված համերգին` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: Kashmir-ի այս կատարումը հենց այդ համերգից է.



Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին