Մեր ժողովրդագրական իրավիճակը, կանանց ներուժն ու առանցքային դերը - Mediamax.am

Մեր ժողովրդագրական իրավիճակը, կանանց ներուժն ու առանցքային դերը
2814 դիտում

Մեր ժողովրդագրական իրավիճակը, կանանց ներուժն ու առանցքային դերը


Գաղտնիք չէ, որ ժողովրդագրական հիմնախնդիրները տեւական ժամանակ է, ինչ մտահոգության, լուծումների փնտրտուքի եւ դրանց շտկմանը կամ առնվազն մեղմմանն ուղղված քայլերի առիթ են Հայաստանում։

Իսկապես, 90-ականներից ի վեր, բացի կյանքի սպասվող տեւողության աճից, դժվար է ժողովրդագրական հիմնական գործոններից որեւէ մեկի առումով դրական դիտարկում անել մեր երկրի համար։

Հայաստանի բնակչությունը շարունակաբար նվազել է։ Ըստ 1989-ի մարդահամարի՝ մշտական բնակչությունը կազմել է մոտ 3 միլիոն 448 հազար 600 մարդ, իսկ ահա 2022 թ.-ի մարդահամարի նախնական արդյունքներով՝ այդ թիվը կազմում է 2 միլիոն 928 հազար 914՝ մոտ 480 հազարով պակաս։

Միայն հետխորհրդային առաջին տասնամյակում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Եվ միտումը չի փոխվել. 2000-ից այս կողմ ուղեւորափոխադրումների հաշվեկշիռը, այսինքն՝ ժամանողների եւ մեկնողների տարբերությունը, ավելի քան 400 հազար է։

Ծնունդների տարեկան թիվը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 1990-ի մոտ 80 հազարից իջնելով մինչեւ 36 հազար 353՝ 2022 թ.-ին։ Արդյունքում, բնական հավելաճը, որը ծնունդների եւ մահերի տարբերությունն է, տարեկան մոտ 60 հազարից իջել է մինչ մոտ 10 հազար։ Ծնելիության գումարային գործակիցը, որը նախկինում բարձր էր պարզ վերարտադրության 2.1 շեմից, մոտ 30 տարի արդեն այդ շեմից ցածր է եւ կայունացել է 1.6-1.7-ի սահմաններում։

Հայաստանի բնակչությունը նաեւ ծերացող է. 1990-ից ի վեր, 60+ բնակիչների մասնաբաժինն աճել է մոտ երկու անգամ (10%-ից 19.8%), 65+-ը՝ 2.3 անգամ (5.6%-ից 12.9%), 80+-ը՝ մոտ երեք անգամ (1.1%-ից 3.1%)։

Եվ մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ այս միտումները շարունակվելու են։ Իհարկե, առնվազն եթե ոչինչ չարվի եւ իրադրության փոփոխման համար քայլեր չձեռնարկվեն։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ առաջին բանը, որ շատերը մտածում են որպես հնարավոր եւ, գուցե, ամենակարեւոր լուծում, կանանց՝ ավելի շատ երեխաներ ունենալն է։

Տրամաբանությունը պարզ է։ Ծնելիության բարձր մակարդակը թույլ կտա կանգնեցնել բնակչության նվազումը կամ նույնիսկ հասնել դրա աճի: Արդյունքում, որոշ ժամանակ անց, աշխատունակ բնակչության մասնաբաժինը կաճի, ինչը թույլ կտա մեղմել երկրի տնտեսության վրա ընկած ճնշումը եւ կայունացնել սոցիալական, կենսաթոշակային, առողջապահական համակարգերը։ Բնակչության աճը կվերածվի տնտեսական աճի, ինչն էլ կբերի բարեկեցության։

Բայց այստեղ երկու հիմնավոր խնդիր կա։

Նախ, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ծնելիության մակարդակը բարձրացնելը շատ բարդ եւ ահռելի միջոցների հետ կապված խնդիր է, իսկ պարզ վերարտադրության վերադարձնելը՝ գրեթե անհնարին։ Շատ ցածր ծնելիությամբ մի շարք երկրներ, օրինակ՝ Հարավային Կորեան, տարիներ շարունակ հսկայական միջոցներ ներդնելով, փորձել են ծնելիության մակարդակը վերադարձնել պարզ վերարտադրության՝ 2.1-ի, բայց դրանցից ոչ մեկը նույնիսկ չի մոտեցել այդ ցուցանիշին։

Նույնիսկ, եթե պատկերացնենք շատ քիչ հավանական սցենար, որ Հայաստանում հաջողվել է ծնելիության մակարդակը հասցնել պարզ վերարտադրության, միեւնույնն է, եթե մեր երկրում այլ առանցքային փոփոխություններ չլինեն, որոնք, մասնավորապես, կմեղմեն արտագաղթի պատճառները, ապա այդ մեծացած թվով նոր բնակչությունը, հասակ առնելուց հետո, պարզապես կլքի երկիրը, մեզ կանգնեցնելով նույն հին, կոտրած տաշտակի առջեւ։

Երկրորդ հիմնավոր խնդիրն այն ծուղակն է, որտեղ, ծնելիությունն ամեն գնով թիրախավորելու դեպքում, կարող են հայտնվել մեր կանայք եւ աղջիկները։ Այն է՝ դիտվել ոչ թե հասարակության լիարժեք, գործուն անդամներ, այլ սոսկ անդեմ վերարտադրողական գործիքներ։ Սա ոչ միայն արժանապատվությունը նվաստացնող, իրավունքները ոտնահարող, այլեւ երկրի բարգավաճմանը լրջորեն հարվածող մտայնություն է, քանի որ սահմանափակում է երկրի բնակչության կեսի ներդրումը տնտեսական, սոցիալական, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում։

Սա ամենեւին չի նշանակում, որ ծնելիությունը խթանելու ջանքերն, անպայման, վատ բան են: Դրանք կարող են եւ պետք է լինեն ժողովրդագրական փոփոխությունները կառավարելու միջոցառումների ավելի լայն փաթեթի մաս։ Սակայն չպիտի լինեն հարկադրական, եւ պետք է հարգվեն կանանց իրավունքները:

Այստեղ բանալին ոչ թե ծնունդների թիրախ թիվն է, այլ ծնունդների ցանկալի թիվը։ Արեւելյան Եվրոպայում մարդկանց մեծամասնությունը կցանկանար ունենալ երկու կամ ավելի երեխա, բայց, ի վերջո, ունենում է մեկը կամ չի ունենում: Նման իրավիճակ է նաեւ Հայաստանում, երբ մեր զույգերը մեծ մասամբ ուզում են ունենալ երեք երեխա, բայց ունենում են մեկը կամ երկուսը։

Հետեւաբար, պետք է հասկանալ, թե ինչ խոչընդոտներ են, որ թույլ չեն տալիս մարդկանց իրականացնել իրենց վերարտադրողական մտադրությունները եւ վերացնել ծնունդների իրական եւ ցանկալի թվերի միջեւ տարբերությունը. այստեղ է, որ կարելի է իրական փոփոխություն բերել:

Եվ այս հարցում կարեւորագույն նշանակություն ունի այն, որ մեր երկրում, հատկապես՝ կանանց համար, ստեղծված լինեն աշխատանքը, մասնագիտական զարգացումը եւ ընտանիքն ու իրենց ցանկացած թվով երեխաներ ունենալը համատեղելու բոլոր պայմանները։

Եթե մենք կարողանանք ներդաշնակության հասնել այս հարցում, կշահեն բոլորը՝ թե՛ կանայք եւ տղամարդիկ, որոնք իրենց հավասարապես կիրացնեն ընտանիքում եւ աշխատանքում, թե՛ երեխաները, որոնց կյանքում երկու ծնողի բավարար ներկայությունը կլինի, թե՛ հասարակությունը եւ պետությունը, որոնց բարգավաճման գործում ներդրում կանեն բոլոր անդամները։

Չմոռանանք, որ այսօր Եվրոպայում զարգացման սանդղակի վերեւում են հիմնականում այն երկրները, որտեղ կանանց եւ տղամարդկանց համար առավել հավասար պայմաններ են ապահովված (եւ, ի դեպ, դրանք ունեն նաեւ ծնելիության ամենաբարձր ցուցանիշները): Ըստ Համաշխարհային բանկի, աշխատուժում գենդերային անջրպետը փակելը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն միջինում կավելացնի գրեթե 20 տոկոսով: Իսկ ՄԱԿ-ի վերջին ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ ցածր ծնելիություն եւ ծերացող բնակչություն ունեցող երկրների տնտեսական կայունության վրա առավել մեծ ներգործություն է ունենում աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց իրական հավասարությունը, քան ավելի բարձր ծնելիության ցուցանիշի վերադարձը։

Եթե սոսկ ծնելիությունը թիրախավորելը լուծում չէ, ի՞նչ քայլեր կարելի է անել, ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու ունակ երկիր կառուցելու համար։ Այստեղ դրական փորձ կա։ Ֆինլանդիայի եւ Գերմանիայի օրինակները ցույց են տալիս, որ ծերացող բնակչությամբ եւ ցածր ծնելիությամբ երկրները կարող են բարգավաճել:

Եվ ուրեմն, ի՞նչ կարելի է անել։

Նախեւառաջ, հարկ է շեշտը տեղափոխել մարդկային կապիտալի զարգացման վրա. ներդրումներ անել մարդկանց կրթության եւ առողջության համար՝ իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ժամանակակից հասարակությունների ուժը չափվում է ոչ թե դրանց անդամների քանակով, այլ համատեղ տաղանդով, հմտություններով եւ արտադրողականությամբ։

Անհրաժեշտ է խթանել բնակչության բոլոր խմբերի լիարժեք ներգրավումը հասարակության եւ տնտեսության մեջ։ Երբ բնակչությունը նվազում է, բոլորի՝ այդ թվում կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ներդրումն ու պոտենցիալը կարեւոր է:

Հարկ է նաեւ նախապատրաստել սոցիալական պաշտպանության եւ առողջապահական համակարգերը՝ կանխատեսվող ժողովրդագրական փոփոխություններին։ Առաջին հերթին, այստեղ խոսքը մեր ավագ սերնդի աճող մասնաբաժնի մասին է։

Ճիշտ մշակված ընտանիքակենտրոն քաղաքականությունների միջոցով, հատկապես՝ կանանց համար, մենք պետք է հնարավորություն ստեղծենք համատեղելու ընտանիքը եւ աշխատանքն ու մասնագիտական զարգացումը։

Իհարկե, բնակչության թիվը կարեւոր է, սակայն երկրների հզորությունը միայն թվաքանակով չի չափվում։ Մարդու զարգացման համար կարեւորագույն երեւույթները հաճախ թվային արտահայտություն չունեն։ Հետեւաբար, կարեւոր է այն սոցիալական նորմերի արմատավորումը, որոնք ընդգծում են համատեղ պատասխանատվությունը երեխաների համար, ներկայությունը երեխաների կյանքում, տան հոգսը կիսելու կարեւորությունը։

Այսօր Բնակչության համաշխարհային օրն է։ Այսօր առավել եւս պետք է հիշել, որ անկախ բնակչության թվից, հնարավոր է կառուցել զարգացած, ներառական, բարեկեցիկ պետություն։ Եվ այդ գործին պետք է լիարժեք մասնակցենք բոլորս։

Ծովինար Հարությունյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին