«Ալիսան» 1985-ին եւ այսօր՝ անսպասելի բացահայտումներ եւ ուժի աղբյուր - Mediamax.am

«Ալիսան» 1985-ին եւ այսօր՝ անսպասելի բացահայտումներ եւ ուժի աղբյուր
2145 դիտում

«Ալիսան» 1985-ին եւ այսօր՝ անսպասելի բացահայտումներ եւ ուժի աղբյուր


Անցյալ կիրակի ռուսաստանյան Առաջին ալիքը ցույց էր տալիս «Гостья из будущего» կինոնկարի բոլոր 5 սերիաները: Մեծ հաճույքով նայեցի:

1985 թվականի գարնանային դպրոցական արձակուրդների օրերին առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի բոլոր հիմնական դրվագները, իհարկե, հիշում էի: Ես ու սերնդակիցներս ֆիլմը մեկ անգամ չէ, որ դիտել ենք եւ ինչ-որ հատվածներ անգիր ենք հիշում: Բայց 47 տարեկան հասակում դպրոցականների համար նկարահանված ֆիլմ դիտելը իր յուրահատկությունն ուներ՝ շատ հատվածներ կամ երկխոսություններ միանգամայն այլ կերպ էի ընկալում՝ համադրելով դրանք 8 տարեկանիս տպավորությունների հետ: Իսկ քանի որ Մոսկվայից նոր էի վերադարձել, լրացուցիչ «էֆֆեկտ» էր տալիս մտովի համեմատել այսօրվա եւ 1985 թվականի Մոսկվայի պատկերները:

Մոտ 5 ժամ ֆիլմը դիտելուց հետո որոշեցի ֆիլմի եւ դերակատարների մասին տեղեկություններ փորփրել համացանցում ու տարբեր բացահայտումներ արեցի:

Դրանցից ամենաառաջինն ու տխուրն այն էր, որ Կոյլա Գերասիմովի դերակատար Ալեքսեյ Ֆոմինը դժբախտ կյանք է ունեցել եւ զոհվել է ֆիլմի պրեմիերայից 11 տարի անց, երբ ընդամենը 26 տարեկան էր:

Հայ դպրոցականներիս հպարտության հատուկ առիթ էր հանդիսանում այն, որ գլխավոր հերոսուհի Ալիսայի ամենամոտ ընկերուհու՝ Յուլիա Գրիբկովայի դերը խաղացել էր հայազգի Մարիաննա Իոնեսյանը: Պարզվեց, որ Մարիաննան սովորել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, որը 1993 թվականին ավարտելով՝ մայրիկի հետ արտագաղթել է ԱՄՆ: Հետո եւս երկու բարձրագույն կրթություն է ստացել՝ Նիդեռլանդներում եւ Ամերիկայում: Հիմա ապրում է Վիրգինիա նահանգում, զբաղվում է բիզնես-խորհրդատվությամբ եւ դասական երաժիշտների համերգների կազմակերպմամբ:

Ալիսային մարմնավորած Նատալյա Գուսեւան գիտնական է՝ կենսատեխնոլոգ: 2007 թվականին, երբ ՆՏՎ-ն նկարահանել էր այս ֆիլմը, նա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ զբաղվող ընկերության ղեկավարներից մեկն էր:



Բայց ինձ համար ամենագլխավոր բացահայտումը ֆիլմի գլխավոր ռեժիսոր Պավել Արսենովն էր:



Պավել Արսենովն ու Նատալյա Գուսեւան

Չեմ հիշում, որ դպրոցական տարիներին կենտրոնացած լինեինք նրա հայ լինելու փաստի վրա: Երեւի, Մարիաննա Իոնեսյանի հայ լինելը մեր համար ավելի քան բավարար էր:

Հիշո՞ւմ եք հայկական կինոյի գոհարներից մեկը՝ 1967 թվականին Հենրիկ Մալյանի նկարահանած «Եռանկյունին»: Պավել Արսենովը խաղացել է Մկոյին՝ այս լուսանկարում նա կանգնած է ձախից առաջինը.




Ավելի վաղ, 1960 թվականին Պավել Արսենովը խաղացել էր «Մեր թաղի ձայները» ֆիլմում, որը Յուրի Երզնկյանը նկարահանել էր Պերճ Զեյթունցյանի համանուն գրքի հիման վրա:

Հետաքրքիր բացահայտումների օր էր նախորդ կիրակին: Կարող եք ասել՝ ինչի՞ հետեւից ես ընկել, երբ Հայաստանի լինել-չլինելու հարցն է օրակարգում: Իսկ ես կպատասխանեմ, որ եթե դուք երջանիկ մանկություն եք ունեցել, երբեմն մտովի վերադառնալով այնտեղ, նոր ուժ եւ ոգեւորություն եք ստանում, որոնք այսօր այդքան անհրաժեշտ են:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին