Այդին Մորիկյան. Կյանքը զբաղմունք գտնելու փնտրտուք է - Mediamax.am

Այդին Մորիկյան. Կյանքը զբաղմունք գտնելու փնտրտուք է
3306 դիտում

Այդին Մորիկյան. Կյանքը զբաղմունք գտնելու փնտրտուք է


Կարդացեք նաեւ. Այդին Մորիկյան. Ես ծայրահեղությունների մարդ եմ կյանքում

Երբ Այդին Մորիկյանը դարձավ «Հայաստանի Հանրապետութիւն»-ի խմբագիրը, մեկ շաբաթ առաջ ես էլ նշանակվել էի «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի խմբագիր (որ հետո վերանվանեցի «Մայրենի»): Պարբերաբար զանգահարում էինք միմյանց՝ գործով ու հենց այնպես, ընդհանուր հետաքրքրություններն ու տեսակետների ընդհանրությունը մեզ մտերմացրեց:

1995-ի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններից 11 օր առաջ, ես նրա հետ արեցի հերթական հարցազրույցը, այս անգամ «Երկիր Նաիրիի» համար «Պետությունն առաջին դեմքերով» խորագրով և «Մենք՝ մեզ հետ ու առանց մեզ» վերնագրով: Չգիտեմ ինչու՝ բայց մեր բազում հարցազրույցներից (որ միշտ եղել են ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ոչ թե հարց ու պատասխանի պայմանական ծես), ուզում եմ ընտրել հենց այս մեկը, երբ երկուսս էլ դեռ հավատում էինք երկրի, պետության ու բոլորիս պայծառ ապագային…

***

Ամեն ինչ ունենում է իր սկիզբն ու վերջը, նույնիսկ երկու մարդկանց խոսակցությունը, որ միմյանց հետ անվերջորեն կարող են խոսել ու չսպառել ասելիքը: Ու խոսակցությունը վերածվում է կյանքի երկարատև մի ընթացքի, երբ ամեն հանդիպում մի պահ է միայն, մի օղակ, մի էջ, իսկ օրը, շղթան, գիրքը ապրվում, հանգուցվում, գրվում են անկախ քեզնից… Եվ այնուհանդերձ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան ճիշտ է: Ճիշտ է, որ մեր այս խոսակցությունը «Հայաստանի Հանրապետութեան» գլխավոր խմբագիր Այդին Մորիկյանի հետ իրապես էլ չուներ ու չէր կարող ունենալ սկիզբ ու վերջ, որովհետև ամեն ինչից առաջ ու ամեն ինչից զատ նա իմ ընկերն է, իսկ ընկերներին երբեք հրաժեշտ չես տալիս՝ նրանց հետ ես, թե առանց նրանց:

Ընկերներիդ հետ ես ապրում մշտապես, յուրովսանն, թեպետ երբեմն ինքդ էլ չգիտես՝ ի՞նչ ես ուզում դու նրանցից ու ի՞նչ են ուզում նրանք քեզնից: Կյանք է, ապրում ես, ու…

-Մեր նախորդ հարցազրույցից անցել է 4 տարի, ի՞նչ փոխվեց այդ ընթացքում:

-Փոխվեցինք ինքներս ու կյանքը փոխվեց: Նախ պետությունը դարձավ պետություն: Հռչակագրով հավաստված  ճշմարտությունները թղթից վերածվեցին իրական կյանքի, պետական կառույցների, ժողովրդի հոգեբանության, համարյա թե արդեն փոխված տնտեսակարգի: Կամաց-կամաց այդ կառույցները կայունացան, ձևավորվեցին և երևի թե առաջիկա 4-5 տարում կամբողջանան: Ռոմանտիզմը, երազայնությունը, ցանկություններին ապավինելը փոխվեց իրատեսության: Եվ ոչ միայն իրատեսության, նաև՝ իրապաշտության: Ռեալ հնարավորությունների գնահատում, հնարավորի ակնկալիք ու հնարավորի իրագործում: Ամեն առավոտ արթնանալիս ուզում ես տաք լինի, լուսավոր լինի, օրդ հրաշալի անցնի, ամենաբարդ գործերդ էլ 5 րոպեում կատարվեն: Բայց եթե այդ տրամադրությամբ տնից դուրս եկար, համարիր, որ ոչինչ չի լինի, որովհետև 5 րոպեում ոչ մի գործ չի լինում: Իվերջո, բոլորս էլ աճեցինք, կողքից նայելով, ճիշտն ու սխալը քննելով չէ, այլ յուրաքանչյուրս բեռի մեր բաժինը քաշելով՝ մեկինը ծանր էր, մեկինը թեթև էր: Իհարկե՝ համեմատաբար թեթև: Բայց այդ բեռը, այդ պատասխանատվությունը նպաստեց հասունացմանը: Ամենաառաջինը՝ պատասխանատվություն զգացինք: Պատասխանատվություն գործի առաջ, որ արվում է ոչ միայն քեզ համար:

-Ու՞մ համար:

-Թող տրիվիալ չհնչի՝ մի վագոն ցորեն ավելի Հայաստան մտնելու, հացի գինը մի քիչ ավելի ցածր պահելու համար… Եթե քեզ համար անես, ուրիշ բան կանես: Հազար ու մի ճանապարհներ կային ու միջոցներ, որոնցից գոնե մեկի ծայրը կբռնեիր ու կգնայիր ու քեզ համար նվազագույնը հազարապատիկ անգամ լավ կապրեիր այսօրվա կյանքիցդ, ու դա կլիներ իսկապես քեզ համար, քո մտերիմների համար: Ճիշտ, թե սխալ՝ չգիտեմ, բայց անում ես այնպես, որ բոլորի համար լավ լինի: Սրանից մի 100-200 տարի հետո ոչ ոք քո անունը չի հիշելու, բայց քո արածից ինչ-որ բան մնալու է, և այդ 100-200 տարվա մեջ ապրած սերունդները քո սխալները չեն կրկնելու, քո արածին ավելացնելու են իրենցը ու այս երկիրը ավելի լավն է դառնալու:

-Շատ ռոմանտիկ չէ՞:

-Չէ, պատասխանատվության զգացումն է, որովհետև եթե մտածես անձիդ մասին, այդ ամենը չես անի:

-1990-ի «Հայաստանի Հանրապետութիւն» և 1995-ի «Հայաստանի Հանրապետութիւն»՝  ի՞նչ թերթեր են:

-Չգիտեմ, ես դա չեմ  կարող ասել: Ագռավն իր ճտին սև չի ասի: Ես գնահատական տալ չեմ կարող: Բոլոր թվերին էլ թերթը նույնն է եղել, եղել է մի ջանք՝ նոր, լավ բան անելը: Հաջողության չափը չեմ կարող որոշել, բայց ձգտումը, ցանկությունը եղել է: Համարներ կան, որ ինձ շատ են դուր գալիս, համարներ կան, որ սկզբից գիտեմ՝ վատն են: Օրաթերթ է՝ ամեն օր բոլորի աչքի առաջ, 5 տարի շարունակ: Դժվար է:

-1991-ի հարցազրույցում դու ասացիր, որ թերթի խնդիրներից մեկը կոմունիստական մամուլի մենաշնորհը վերացնելն է, փառք Աստծո, այդ մենաշնորհը ինքնին վերացավ…

-Չէ, ինքնին չվերացավ: Ջանքերով վերացավ: Բոլորիս:

-Լավ, հետո լույս աշխարհ եկան կուսակցական ու անկուսակցական բազում պարբերականներ, այդ խառնիճաղանջի մեջ ո՞րն է հանրապետության գլխավոր թերթի՝ քո թերթի առաքելությունը:

-Պետականության շահը պաշտպանելը: Արկածախնդրության մերժումը բոլոր ասպարեզներում, բոլոր բնագավառներում, բոլոր ձևերով: Դու կարող ես ասել, որ ընդդիմությունն էլ պետության ու պետականության շահ է պաշտպանում, ինձնից սուբյեկտիվիստն էլ չկա, ընդդիմությանը տեղ չեմ տալիս: Սուտ է, մեզ մոտ ընդդիմություն չկա, մեզ մոտ կան միայն խմբեր, որոնց առաջնորդում է «Ինչու՞ ես չեմ նախագահը», «Ի՞նչ անեմ, որ ես լինեմ նախագահը» միտքը:

-Եթե ընդդիմություն ես համարում իշխանության համար պայքարը, բնական երևույթ է:

-Բնական է, երբ իշխանությունն ուզում ես վերցնել ինչ-որ բան անելու համար:

-Ի՞նչ գիտես, որ չի արվելու:

-Այսքան ժամանակ ոչ մի ծրագիր, ոչ մի խելամիտ գաղափար, կարևոր ու արժեքավոր առաջարկություն չեմ լսել, փոխարենը շարունակ լսել եմ՝ «Եթե ես լինեի նախագահ»: Բայց ինչու՞ չմտածել, որ առանց նախագահ լինելու էլ կարող ես գործդ անել: Եթե կարագ ես բերելու այս հանրապետություն, բեր-լցրու, թող դառնա կիլոգրամը յոթ ու կես դրամ, քո ժողովուրդն է: Ինչի՞ ես սպասում: Հա, մեկ էլ միայն հայհոյանք եմ լսել…

-Ինչու՞ ես անտեսում, որ ինչ-որ բան անելու համար իշխանություն է պետք:

-Այսօրվա իշխանություն ցանկացողների համար իշխանությունն ու պաշտոնը միայն վայելք է: Այդ վայելքն այսօր չկա ու չի կարող լինել: Մի 3-4 ընտրություն հետո, մի 10-20 տարի հետո այդ իշխանությունը իրոք կարող է վայելք լինել, ոնց որ վայելք էր կոմունիստների օրոք: Նախարարի արածն ի՞նչ էր որ: Մոսկվայից զանգահարում էին, ասում էին՝ էս պիտի անես, ինքը տեղակալներին էր ասում, տեղակալները՝ վարչությունների պետերին, ու՝ այդպես: Իսկ հիմա նոր բան է ստեղծվում: Դժվար է նորը ստեղծելը: Այսքան ժամանակում այս պետության տարիքը դեռ մեկ տարի պիտի հաշվես՝ մեկ տարի է, որ խաղաղություն է: Այս պետությունը մեկ տարի է, որ հնարավորություն ունի մակերեսից մի քիչ խորք իջնելու, որովհետև մինչև այդ մեկ տարին մակերեսի վրա այնքան անցքեր էին բացվում, որ պետությունը ստիպված էր անվերջորեն անցքերը փակելով զբաղվել: Հիմա մի քիչ խորքն իջնելու հնարավորություն կա: Կասես՝ վատ են իջնում, այն կետերը չեն ընտրում, ուր պետք էր սկզբից իջնել: Գուցե: Անսխալական է միայն ընդդիմությունը, որովհետև ոչ մի գործ չի անում: Սխալվում է այն մարդը, որ գործ է անում: Ընդդիմությունը հանգիստ կարող է ասել՝ էս չկա, էն չկա, էս թերթը լավը չի, էս նախարարությունը վատ է աշխատում, էն պաշտոնյան տեղում չի… Բայց ինքն ի՞նչ է անելու իշխանության գալուց հետո… Միանգամից լրագրության դպրո՞ց է ծնելու, պատրաստի աշխատող նախարարության համակա՞րգ, թե՞ իդեալական պաշտոնյաներ…

-Անդրադառնանք լրագրությանը՝ ո՞րն էր և ո՞րն է քո լրագրական հավատամքը:

-Ճիշտն ասելը:

-Երբեմն ճիշտը վնասում է:

-Կայուն հասարակություն է պետք: Իր հիմնավոր կառույցներն ունեցող պետություն, հզոր, բազմաձև տնտեսական համակարգով տնտեսություն է պետք՝ մասնավոր, սեփական, մանր, միջին, և այլն, և այլն սեփականության ձևերով, բայց այնպիսի մի տնտեսություն, որն անշրջելի լինի, և դու միշտ կասես ճիշտը, և դա չի վնասի բնավ:

-Լրագրության այս պահը և լրագրության հնարավոր ապագան ինչպե՞ս ես գնահատում:

-Վատ չէ: Սա սովորական վիճակ է, ոնց որ կուսակցությունները, այնպես էլ թերթերը, միանգամից ազատություն ստացան ու սկսեցին աճել-աճել-աճել… Այսօր հանրապետությունում կարելի էր մի լավ թերթ ունենալ, այն էլ պայմանով՝ տարբեր թերթերից, բոլորից լավ, կարող, բայց ինքնուս ուժերին հավաքել մի տեղ և տպել մի թերթ, ուր ամեն ինչ լինի…

-Ու՞մ է պետք այդ խառնիճաղանջը:

-Խառնիճաղանջ չէ: Լավ թերթի իմ բնորոշումը հետևյալն է՝ թերթ, որտեղ կա ամեն ինչ, որը մտնում է ընտանիք և կարդում են տատն էլ, պապն էլ, հայրն էլ, մայրն էլ, երեխան էլ, թոռն էլ, ու ամեն մեկը գտնում է իրեն անհրաժեշտը: Իսկ ապագայի մասին, քանի դեռ լրագրության ասպարեզում պրոֆեսիոնալ կրթական համակարգ չկա, ոչ մի բանի չես հասնի: Իսկ դա, կարծում եմ, ընթացքում կլինի: Սևակն ասում էր, չէ՞. «Միանգամից զույգ չեն կազմում, ուր մնաց, թե երեքանան»: Մենք միանգամից ամեն ինչ ուզում ենք՝ մոռանալով, որ բնական ընթացքն է որոշում որևէ բանի գոյությունը:

-Մտավորականի ու քաղաքական գործչի քո բնորոշումը, ո՞վ է այսօր մտավորականը և ո՞վ՝ քաղաքական գործիչը:

-Մտածող մարդը, որ կարողանում է հնարավորություններն իրողություն դարձնել, դարձնել ռեալ գործ: Քաղաքական գործիչն իր քաղաքական իրապաշտությամբ պիտի կարողանա իր հնարավորությունները դարձնել փաստաթուղթ, պայմանագիր, գործ, որ եղածից մի քայլ առաջ կտանի ու թույլ կտա մի նոր բանի մասին մտածել:

-Ո՞րն է այսօրվա մտավորականի դերն իվերջո:

-Դանտեի «Աստվածային կատակերգության» մեջ մի հերոս կա, անունը չեմ հիշում, կարծեմ «Քավարանում» է, այդ հերոսը գնում է խավար ճամփեքով ու նրա մեջքին մի լապտեր կա կախած, ինքը գնում է խավարի միջով, բայց հետևից եկողների ճանապարհը լուսավորում է: Դա է մտավորականիդերը:

-Բայց այսօր մտավորականը գերազանցապես լույս է ակնկալում, բողոքում է ու սպասում իր նախկին վաստակի արժևորմանը, վերջապես այսօր այդ մտավորականը թակում է տարբեր կուսակցությունների դռներ՝ ոչ այնքան գաղափարական ազդակներով:

-Մտավորականը կուսակցական չպիտի լինի:

-Բայց այսօր՝ են…           

-Ուրեմն գնացել են շահի հետևից: Այն մտավորականը, որ գնում է շահի հետևից, անձնական շահի, մտավորական չէ:

-Բա ի՞նչ է:

-Մարդ, սովորական մարդ: Լուրջ մտավորականին ինչ-որ կուսակցության պատկանելը միշտ կաշկանդելու է, նա մեծ աշխարհին նայելու է կուսակցության բացած փոքր լուսամուտով, որտեղից երևում է միայն մի բան՝ միայն ու միայն մեկ տեսանկյունով: Լուրջ մտավորականն այսօր իր գործն է անում, առանց խառնվելու մյուսի գործին, և ճիշտը դա է:

-Ամեն մեկս ունենք մեր Հայաստանը, մեր Երևանը, քոնը ո՞րն է:

-Մի ժամանակ ունեի: Իմ Հայաստանն ու իմ Երևանը 5 տարի ահա այս սենյակն է, որտեղից եթե դուրս գամ, գտնելիք շատ կա: Հայրենիքն անբացատրելի է, չգիտեմ… Աշխարհի ցանկացած կետից էլ Երևան գալիս, երբ իջնում ես օդանավակայանում, լավ ես զգում, որ այստեղ ես: Գնում ես ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու, իսկ վերադառնում ես ինքդ քեզ մոտ: Ուրիշ տեղ հյուրանոց է, այստեղ՝ տուն: Անլույս, անջուր, բայց տուն է: Ոնց որ վերադառնաս քո մաշկի մեջ:

-Երևանն ի՞նչ է քեզ համար:

-Իմ քաղաքը, ուր ուզում եմ ապրել:

-Մահից չե՞ս վախենում:

-Վախենում եմ: Վախենում եմ այնքան անակնկալ լինի, որ չհասցնեմ ինձ համար իմ արածն ու չարածը պարզել:

-Հավատու՞մ ես Աստծուն:

-Անպայման:

-Ի՞նչ է քեզ համար Աստված:

-Ամեն ինչի սկիզբը:

-Միայն սկի՞զբը:

-Չէ, բնականաբար, ընթացքն էլ, վախճանն էլ:

-Լավ, այդ դեպքում՝ եթե ամեն ինչ Աստծո կամքով է, մենք ի՞նչ ենք անում:

-Իրականացնողներ ենք:

-Չե՞ս զգում, որ ռոբոտ ենք դառնում, խամաճիկներ:

-Չէ, կյանքն ի՞նչ է: Զբաղմունք գտնելու փնտրտուք: Հաճելի է, լավն է, գեղեցիկ է, թե լրիվ հակառակը՝ դու ես որոշում: Բայց դու ի՞նչ ես անում: Օրվա մեջ ի՞նչ ենք որոնում: Վերջը: Կամ՝ հաջորդ օրը:

-Երբ գրիչ ես վերցնում, ինչի՞ մասին ես մտածում:

-Ուզում եմ ինչ-որ լավ բան անել: Մտածում եմ՝ էս բանն անհրաժեշտ է, եթե ոչ բոլորը, գոնե մի փոքր մասը պիտի իմանա: Այլապես ես ինքս ինձ համար մի երեք-չորս գիրք ունեմ գրած, մի չորս-հինգ ֆիլմ ունեմ նկարած՝ իմ մտքում: Կարևորը տիրոջ զգացողությունն է: Մարդը պետք է տեր լինի իր ոտքին, իր ձեռքին, իր շնչին: Կարևորը շունչն է: Ամենակարևորը տիրոջ զգացողությունն է: Ամեն սերունդ իր զգացողությունն ունի, իր պահվածքը, իր պատրանքները: Ես ապրում եմ 73 կամ 37 կյանք օրվա մեջ ու 73-ում կամ 37-ում էլ պիտի տեր լինեմ: Մենք ընդունում ենք ինչ-որ պայմանականություններ ու ապրում ենք դրանց մեջ: Սխալ է, անհրաժեշտ պահին այդ պայմանականությունը հաղթահարելը ուժի երաշխիք է: Էնքան սիրուն բաներ կան էս աշխարհում, գնա ու մտածիր էդ բաների մասին, գնա ու ապրիր…

…Այդպես է: Վերջ չունի այս խոսակցությունը, որովհետև եթե շարունակեի, պիտի ասեի՝ խորհրդարան, Ազգային ժողովի ընտրություններ, Սահմանադրություն, սիրածդ փողոցը, թիվը, երգը, գույնը, պիտի ասեի՝ ինձ հարց չունե՞ս, իսկ նա պիտի պատասխաներ՝ Հողը, Ազգը, Երկիրը, Հացը, Ոգին, պիտի ասեր՝ «Որ լույս աղանք»: Ու պիտի նորից երկարի, օրուգիշերի մեջ մտնի խոսակցությունը, որ ոչ սկիզբ ունի, ոչ ավարտ: Աստծո օրվա մեջ մենք ենք՝ նա, ես, մեզ հետ ու առանց մեզ:

***

1999-ի փետրվարի 3-ին «Առավոտում» տպագրված «Օրը… տարին…դարը…» հարցազրույցը, թերևս, ամենադառը և ամենապրագմատիկն էր մեր տասնյակ հարցազրույցներից: Այդին Մորիկյանն արդեն հեռացել էր «Հայաստանի Հանրապետութիւն»-ից, փակվել էր Տեղեկատվության նախարարությունը, նա Աժ պատգամավոր էր:

-Դուք կամա թե ակամա զբաղվում եք քաղաքականությամբ, որ շատերն են անբարոյականություն հռչակում: Համաձա՞յն եք այդ բնորոշմանը:  

-Բնավ: Ինչպես ամեն ինչ՝ քաղաքականությունն էլ ինքնին բարոյական կամ անբարոյական չի լինում: Անբարոյական է դառնում, երբ զբաղվում են անբարոյական մարդիկ:  

-Դուք համաձա՞յն եք, որ «Երկրապահի» Ընտրական օրենսգիրքը իշխանապահ դիրքորոշում ունի:

-Ոչ: Որովհետև դժվար է պաշտպանել չեղածը: Ես չեմ տեսնում երկրում իշխանություն, որը պահելու անհրաժեշտություն ու հնարավորություն կա: Մինչև ընտրությունները իրական իշխանության հարցը հանրապետությունում պիտի լուծվի, որ դրանից հետո որոշվի՝ իշխանությունը պահվու՞մ է, թե՞ չի պահվում, կամ՝ ոնց է պահվում: Հանրապետության նախագահը երկրի փաստացի ղեկավարն է արդեն մեկ տարի, բայց գոնե մեկ հայեցակարգային-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական ելույթ, որոշում, քայլ ցույց տվեք, որ նա արել է, կամ էլ ասել՝ ինքը գիտի՝ ինչ ենք անում, ինչպես և ինչու: Բոլոր սխալները, որ նա արել է այս մեկ տարում, ես համարում եմ մանր-մունր բաներ՝ ընդամենը հետևանքներ: Էականն այն է, որ կատարվել է հայեցակարգային մեծ սխալ՝ միջոցն ու նպատակն են իրար խառնվել: Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը ոչ թե միջոց է դիտվել ինչ-որ բան անելու, այլ՝ նպատակ: Նպատակն իրականացել է:

-Ազգային ծրագիրը դարձել է անվերջ շահարկման նյութ: Բոլորը պահանջում են, բոլորը հիմնավորում են… Ոչ ոք չունի: Ի՞նչ է Ձեզ համար ազգային ծրագիրը:

-Չգիտեմ, թե ազգային ծրագիրն ինչ է, բայց գիտեմ նվազագույնը 7 խնդիր, որոնց լուծումից հետո միայն պետք է մտածել ավելի գլոբալ բաների մասին, ինչպիսին ազգային ծրագիրն է: Առաջին՝ ժողովրդին պետք է նպատակ տալ: Երկրորդ՝ ժողովրդի հետ պետք է հաշվի նստել: Երրորդ՝ հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի ժողովուրդը հարգի ինքն իրեն ու իր պետությունը և հավատա իրեն ու իր պետությանը, ոչ թե գովազդվող ծարավին: Չորրորդ՝ 5 դրամ գնով 16 էջանոց թերթ պիտի հրատարակել և հասցնել հարյուր հազարավոր մարդկանց, որ ժողովուրդը գրագետ լինի, տեղեկացված, կարողանա ինչ-որ բան հասկանալ, ինչ-որ բան վերլուծել: Պետրոս Մեծը 1703-ին սկզբնավորելով ռուսական թերթերի տպագրությունը, ձրի պարտադրում էր անգամ բարեգործական ճաշարաններում: Մենք հիմա էլ այդ վիճակին ենք հասել և արժի հետևել քաղաքակիրթ պետություն ստեղծած այրի օրինակին: Հինգերորդ՝ սեր պետք է արթնացնել գրքի նկատմամբ: Իրոք, առեղծված է, բայց փորձեք ինքներդ պատասխանել՝ գրականության և հասարակության համար ավելի նպաստավոր էր 1933-ը, երբ Չարենցի «Գիրք ճանապարհին» հավաքեցին, 1971-ը, երբ Սևակի «Եղիցի լույսը» մկրատեցին ու քանդեցին, թե այսօրը, երբ ոչինչ արգելված չէ, այս գաղջ մթնոլորտում չգիտես էլ ինչ կարող է ստեղծվել, շատ քիչ բան է հրատարակվում և գրեթե ոչինչ չի ընթերցվում: Չարենցի ու Սևակի գրքերը պահում-պահպանում էին, կյանքի գնով կարդում ու իրար մասունքի պես փոխանցում: Իսկ այսօ՞ր: Վեցերորդ՝ պետք է իրականում հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, ոչ թե հայտարությունների ու նախընտրական ծրագրերի դրույթներում: Տնտեսություն է պետք: Իրական՝ արտադրանք տվող, արտադրանք արտահանող, արժանապատիվ աշխատավարձով: Տնտեսական անվտանգություն ու անկախություն ապահովող: Յոթերորդ՝ քայլ անել: Հետքայլը կամ տեղում դոփելը նկատի չունեմ:

-Ձեր կարծիքով՝ կադրային ի՞նչ քաղաքականություն է վարվում վերջին տարիներին:

-Կադրային քաղաքականության սկզբունքը մեկն է՝ լավին փոխարինում է վատը, վատին՝ ավելի վատը, ավելի վատին՝ անտանելին: Որովհետև ձեռնտու է: Ինչքան քրեականացված լինի, այնքան հեշտ կառավարելի է իշխանությունը:

-Ուրեմն՝ ի՞նչը կամ ո՞վ է մեզ ղեկավարում:

-Մարդիկ, որ իրենց կյանքում միայն մեկ գիրք են կարդացել և այսօր էլ շարունակում են կարդալ:

-Ի՞նչ գիրք:

-Հեռախոսագիրք: Մեր մեծերից մեկն այս ամենը անվանեց որբի լկտիություն, որ, ըստ էության, փայլուն բնորոշում ու բնութագիր է: Ցավոք:

-Այսինքն՝ մեկ տարում ոչ մի նվաճում չի՞ եղել:   

-Չէ, ինչու՞: Նախագահի նստավայրում նոր հսկիչ կետ է բացվել, նախագահի նստավայրի վերանորոգումից հետո փոխվել են ներքին հարդարանքն ու կահույքը: Աժ ավտոպարկը նորացվել է, նախկին մեքենաները փոխարինվել են «Միցուբիշիներով» ու «Ֆորդով»: Էլեկտրաէներգիայի գինն է բարձրացել: Կոնյակը ջրի գնի վաճառել ենք: 3-4 անգամ բարեհաջող խախտել ենք Սահմանադրությունը: Վերջին աբսուրդը՝ ԱրմենՏելը: Մնում է ջրամատակարարման համակարգն էլ թուրքերին ծախենք ու վերջ…

-Խիստ ընդդիմադիր չէ՞ Ձեր կեցվածքը:

-Բնավ: Ինձ ընդդիմադիր չեմ համարում: Ինձնից շատ իմ բնագավառում գոնե հրապարակավ ոչ ոք իշխանություններին չի օգնել՝ մեկ առ մեկ նշելով՝ ինչն ինչպես, ինչու ու երբ անել: Իդեպ՝ իմ ասածները չեն էլ հերքվել: Իմ ասածն ու արածը օգնելու, շտկելու նպատակ է ունեցել: Մինչդեռ այդ ամենը չի հասկացվել: Հասկանալու կարողության բացակայության պատճառով: Այսօր արդեն համոզված կարող եմ պնդել, քանզի կասկածի նշույլները փարատվեցին վերջին օրերին խորհրդարանում բեմադրված խեղկատակությունից հետո…

-Ի՞նչն եք այսօր անհետաձգելի խնդիր համարում:

-Անցումային շրջանի հստակ համակարգի մշակումը: Իսկ, ընդհանրապես, գիտե՞ք՝ ո՞րն է սատանայի խորամանկության ու նենգության գագաթնակետը: Այն, որ աշխարհին համոզել է, թե ինքը չկա: Մինչդեռ, ցավոք, կա և շարունակում է գայթակղել հոգով թույլերին: Այդ գայթակղությանը չտրվելու խելացիություն պետք է ունենանք: Վիկտոր Ռոզանովը «Մեր ժամանակի ապոկալիպսիսը» գրքի (1918-1919)  «la divina comedia» («Աստվածային կատակերգություն») էսսեում գրում է. «Աղմուկով, շառաչով, ճռինչով Ռուսական Պատմության վրա իջնում է երկաթե վարագույրը: «Ներկայացումն ավարտված է»: Հանդիսատեսները ոտքի են կանգնում: Մուշտակները հագնելու ու տուն գնալու ժամանակն է: Հետ են նայում, բայց չկան ոչ մուշտակները, ոչ տները»: Իրավունք չունենք մերը դարձնել այս վերջը…  

***

Գերագույն խորհրդի ու Ազգային ժողովի պատգամավորի հետ՝ «Հայաստանի Հանրապետութիւն»-ն էր, Տեղեկատվության նախարարությունն էր, հետո՝ «Հայացք Երևանից» ամսագիրը, «Օրրանը», «Ժամանակը»… Դասախոսական աշխատանքը Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, գրքերը՝ «Ժուռնալիստիկա՝ ինչ, երբ, որտեղ», «Անթոլոգիա»: Տասնյակ թարգմանական ու խմբագրական գրքերը՝ ճապոնական հոքուներ ու թանկաներ, Կոմիտասից՝ Զահրատ, Վանո Սիրադեղյանից՝ Վազգեն Սարգսյան, Էդուարդ Եգորյանից՝ Արամ Սարգսյան… Իր գրքերը տպագրվեցին հետո՝ առանց իրեն՝ «Ասացի և ազատեցի հոգին իմ», «Մնացյալ կյանքի առաջին օրը»… Գրքերի գիրքը՝ Հիսուսի խաչելությունից մինչև հարություն երեք օրվա մասին, չգրվեց, թեպետ մտքում գրել էր, խմբագրել էր, տպագրել էր ու գրախոսել էր՝ ինչպես միայն ինքը կարող էր՝ հատու, բառի մեջ նախադասություն խտացրած, նախադասության մեջ՝ վեպ: Կինո էլ էր նկարել՝ միանշանակ «Սեզարների» ու «Օսկարների» տարափով, որ այլևս երբեք չի նկարվի… Օրվա մեջ՝ կյանք, կյանքի մեջ՝ հավերժություն: Այլևս:    

Կարդացեք նաեւ. Այդին Մորիկյան. Ես ծայրահեղությունների մարդ եմ կյանքում

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին