Մի քիչ կատարելություն մարդկային արարումների հոսքի մեջ - Mediamax.am

Մի քիչ կատարելություն մարդկային արարումների հոսքի մեջ
2800 դիտում

Մի քիչ կատարելություն մարդկային արարումների հոսքի մեջ


Ձգտել լինել գրեթե անտեսանելի, անդեմությամբ քողարկել տեսակդ ու պարփակվել փշոտ պատյանի ներսում. մարդիկ տեսնում են միայն արտաքինը, պարզը, իրենց ընկալման շրջանակում ընդունելին ու ճանաչելին, բայց ոչ երբեք խրթինը, բացահայտում ակնկալողն ու ներքին շերտեր ունեցողը: Ինքդ ես շարել պատը, կախել կողպեքը: Ինքդ ես մեկուսացել շրջապատված ամբոխի անդադար բվվոցով, շրջապատված անտարբերությամբ, եսակենտրոնությամբ, փոքրոգությամբ, մերկանտելիզմով, սնոբիզմով, շրջապատված հասարակարգով, որը վաղուց սպառել է պարզ կարողությունը՝ նայելու ու տեսնելու գեղեցիկը, վեհը:

«Ո՞րն է այն պատերազմը, որը երբեք չենք դադարում վարելուց, թեև գիտակցում ենք, որ ի սկզբանե դատապարտված ենք պարտության»:

Փարիզի Գրընել փողոցի յոթերորդ բազմաբնակարան շենքն ունի երկու արտառոց բնակիչ՝ 54-ամյա Ռընե Միշելն է ու 12-ամյա Պալոմա Ժոսեն: Նրանք տարբերվում են ոչ միայն տարիքով, նաև սոցիալական սանդղակում զբաղեցրած դիրքով: Ռընեն տասնամյակներ է՝ ինչ նույն շենքի դռնապանն է: Պալոման ֆրանսիական պառլամենտարիստի դուստրերից կրտսերն է: Երկու կյանք՝ նրբորեն միահյուսված մեկ պատմության մեջ.  Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը» պատմվում է երկու կերպարներ տեսանկյունից:

«Մարդիկ հավատում են, թե կարող են հետևել աստղերին, բայց ի վերջո ոսկե ձկնիկների պես հայտնվում են ակվարիումում»:

Ռընեն ընտրել է թաքնվելը, հարմարվելը, չնկատվելը, Պալոման՝ մերժելը, հեռանալը, քանդելը: Այս բայերը գործողության մեջ ավելի մեղմ են արտահայտվում, քան հնչում են: Բարբերիի երկու հերոսուհիներն էլ չափազանց խելացի են լինելու համար այնտեղ, որտե՛ղ են: Որևէ մեկը չի կարող կասկածել, որ աղքատ, կոշտուկոպիտ, անդեմ դռնապանը կարող է ճանաչել ու մեկնաբանել բարձր արվեստ, գրականություն, երաժշտություն, կինո, գլուխ հանել տնտեսագիտությունից, փիլիսոփայական տեսություններից ու գիտական նորարարություններից: Ոչ ոք չի պատկերացնում նաև, որ 12-ամյա աղջնակը օժտված է իր տարիքի համեմատ բարդ գիտելիք կլանելու, ընկալելու, վերլուծելու ունակությամբ: Ու ոչ ոք չի հասկանում նրանց, չի էլ փորձում: Երկուսի իրար հաջորդող ձայների միջոցով էլ մենք աշխարհը տեսնում ենք այլ լույսի ներքո և հայացք ենք գցում կյանքի վերաբերյալ Ռընեի ու Պալոմայի  յուրահատուկ տեսակետներին:

«Որտեղ է գեղեցկությունը: Մեծ բաների մեջ, որոնք, ինչպես մյուսները, դատապարտված են մահվան, կամ փոքր բաների մեջ, որոնք, չհավակնելով, ոչնչի, գիտեն պահի մեջ հավերժության բողբոջ դրվագել»:

Վեպի հիմքում ընկած է մարդկային փոքր կյանքը մեծ աշխարհի անարդարության հորձանուտում: Ռընեն խորապես գիտակցում է սոցիալական և դասակարգային խոչընդոտները, որոնք իրեն բաժանում են շենքի բնակիչներից, ապրել է կյանքի կեսն ու ընտրել հաշտվելու ուղին՝ թաքնվելով անդեմ դռնապանի կերպարի տակ: Պալոման փոքր տարիքից է հասկացել իր ապահոված կյանքի իմաստազուրկ լինելն  ու պլանավորում է ինքնասպանություն:

«Տիեզերքը դաշն է կնքել դատարկության հետ, կորուսյալ ոգիները ողբում են գեղեցկությունը, մեզ շրջապատում է աննշանությունը»:

Որոշումներն արդեն կայացված են, կյանքերը, որ ապրվում են տաղտկալի օրերում,  հանկարծ բախվում են մեկ այլ կյանքի, ինչն էլ գլխիվայր փոխում է իրականությունը: Փարիզի Գրընել փողոցի յոթերորդ բազմաբնակարան շենք է տեղափոխվում ապրելու միջին տարիքի ճապոնացի հայտնի ռեժիսոր Կակուո Օզուն: Ու ոզնին ակամա հարկադրվում է ներս քաշել փշերը, ցույց տալ նուրբ մաշկը:

«Մենք երբեք մեր համոզմունքներից դուրս ոչինչ չենք տեսնում և, որ ավելի կարևոր է, հանդիպումներ չենք փնտրում. Հանդիպում ենք միայն մեր իսկ արտացոլանքին հայելու մեջ ու չենք ճանաչում: Եթե գիտակցենք դա, եթե հասկանանք, որ այլոց մեջ լոկ ինքներս մեզ ենք  տեսնում և միայնակ ենք, ասես անապատում, կգժվենք»:



Բարբերիի գրվածքը նրբագեղ ու բանաստեղծական վեպ է։ Կերպարների, ապրումների, միջավայրի նկարագրությունները վառ են, լի գերիրական, ինքնաբավ մթնոլորտով: Անհնար է չունենալ հերոսների հետ մտերմության և ծանոթության զգացում:  Գիրքը հարուստ է  նաև գրական հղումներով և փիլիսոփայական մտքերով, որոնք խորություն և բարդություն են հաղորդում պատմությանը: Այս գիրքը պարտադիր է կարդալ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գրականություն, փիլիսոփայություն կամ պարզապես լավ պատմություն անսպասելի ավարտով, որը կարող է ցնցել, ապտակել, սթափեցնել, զգուշացնել՝ «այլևս երբեք»-ը գուցե ամենադաժան արտահայտությունն է, որ կարող է պատահել որևէ մեկի կյանքում:

«Գրականության առաքելությունն է մեր կենսական պարտականությունների կատարումը տանելի դարձնել»:

Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը» թարգմանվել է 40 լեզվով ու համաշխարհային լոնգսելեր էր: Հայերեն թարգմանությունը պակաս բեսթսելինգ չէ: Պատճառը ոչ միայն լավ վեպն է, նաև ընտիր թարգմանությունը, որի հեղինակը Լուսինե Մուսախանյանն է: Այն ընթերցվում է մեկ բաժակ տաք թեյով, ստիպում խորհել ու զգալ սեփական փշերը:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին