2020 թվականի պատերազմից հետո թվում էր, որ հանրության ինտելեկտուալ հատվածի ներկայացուցիչները սկսելու են իրենց «անհարմար» հարցեր տալ, խոստովանել, որ երբեմն սխալվել են, ինչ-որ տեղ անկեղծ մոլորության մեջ են եղել կամ էլ տուրք են տվել կոնֆորմիզմին:
Ինքս շատ բաներ վերաիմաստավորեցի եւ փորձեցի ներկայացնել դրանք պատերազմի առաջին տարելիցի օրերին հրապարակված այս փոխկապակցված երեք հոդվածներում.
Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում
«Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել
Գլոբալ Մատենադարան եւ հայկական «Ֆինլանդիզացիա»
Այս հոդվածների վրա աշխատել եմ 9-10 ամիս: Իսկապես, ծանր աշխատանք էր, քանի որ պետք էր հարցականի տակ դնել այն, ինչին հավատացել էի (երբեմն՝ կուրորեն) առնվազն 20 տարի:
Մեր պարտությունից հետո անցել է գրեթե 2.5 տարի, բայց դոգմատիզմի ճիրանները ոչ միայն չեն անհետացել, այլեւ ավելի են սրվել: Մեզանում կյանք է ստանում մեծերից մեկի «եթե պարտությունը կատարսիսի պատճառ չի դառնում, այն վերածվում է ֆարսի» արտահայտությունը: Ավելին, շատերը վայելում են այդ ֆարսը:
2022 թվականի վերջում որոշեցինք դասախոսություն-քննարկումների շարք անել, որի ընթացքում պրոֆեսիոնալ պատմաբանները ներկայացնում են մեր պատմության տարբեր դրվագներ՝ ոչ դասագրքային ձեւով: Դասախոսությունները հիմնված են բացառապես հայտնի աղբյուրների վրա, որեւէ «ինքնագործունեություն» չկա: Պատկերավոր ասած, եթե մի դրվագի մասին կա ե՛ւ Խորենացու, ե՛ւ Բյուզանդի վկայությունը, ներկայացվում եւ համադրվում են երկուսն էլ:
Վերջին դասախոսությունն անվանել էինք «Տրդատ Մեծի «պրոյեկտը». ի՞նչ էր Հայաստանում քրիստոնեության ընդունումը՝ տարածաշրջանային մրցակցության հետեւա՞նք, քաղաքական այլընտրա՞նք, թե՞ մշակութային կողմնորոշում»։
Երբ իմ շատ բանիմաց ու խելացի ընկերներից մեկին ուղարկեցի կայանալիք հանդիպման հղումը, նա ինձ համար լրիվ անսպասելի ասաց. «Վերնագրից երեւում է, որ ակնհայտ հակաեկեղեցական քննարկում է լինելու»: Եվ սա այն դեպքում, որ կրոնական որեւէ հարց շոշափելու միտք անգամ չունեինք:
Ակնհայտ եւ քողարկված կշտամբանքներ ստացանք նաեւ շարքի առաջին դասախոսության ժամանակ՝ «Տիգրան Մեծ. Հայաստանի բանաձևը»: Հուզմունքի հիմնական պատճառն այս ենթավերնագիրն էր. «Տիգրանի կերպարի ժամանակակից ըմբռնումը՝ «հողատու՞», «պարտվողակա՞ն», թե՞ «ոչմիթիզական»»։
Հատկանշական է, որ այս զրույցների (ավելի ճիշտ՝ դրանց վերնագրերի եւ ենթավերնագրերի) ընդդիմախոսներն իրենց ներկայությամբ չեն հարգում բուն քննարկումները՝ դրանց բովանդակությանը ծանոթանալու եւ հնարավոր անհամաձայնությունը հայտնելու համար:
Բայց պատմությունը մի կողմ դնենք:
Դոգմատիզմը շատ ավելի շատ է մեր առօրյա կյանքում: Այն գրեթե ամենուր է: Եթե Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսն ես, «իրավունք չունես» հարց տալու, թե, այնուամենայնիվ, ի՞նչ միջոցներով է տարիներ շարունակ «Վահագնի» թաղամասում կառուցվում Սեյրան Օհանյանի տունը: Եթե նախկին իշխանությունների կողմնակից ես, «իրավունք չունես» խոսել այն մասին, որ, օրինակ, հանրային վայրերում ծխելու արգելքը կարեւոր ձեռքբերում է, իսկ քաղցկեղածին հիվանդությունների դեմ պայքարի համար անհամեմատ ավելի շատ միջոցներ են հատկացվում, քան նախկինում:
Նման օրինակներ կարելի է հարյուրներով բերել:
Ընդունված է կարծել, որ «սեւերի» եւ «սպիտակների» բաժանումը տեղի է ունեցել Հայկ Մարությանի «թեթեւ ձեռքով»: Իրականում այդ բաժանումը խորը նստած է մեր մեջ: Եթե հայրենասեր ես, «չես կարող» լիբերալ լինել: Եթե կարծում ես, որ ընտանեկան բռնությունն անընդունելի է, եւ տղամարդը կնոջը ծեծի ենթարկելու իրավունք չունի, ուրեմն «դեմ ես մեր ավանդույթներին»:
Այս ցանկը եւս կարելի է անվերջ շարունակել:
Մեզանից շատերը, եթե չասեմ մեծամասնությունը, ունակ չէ ընկալել, որ մարդիկ, այս կամ այն գաղափարական առանցքն ունենալով հանդերձ, միաժամանակ կարող են տարբեր բաներ համատեղել: Այս ուղին միայն մեկ ավարտ ունի՝ ինքնակործանում: Քննադատական մտածողությունն ի սկզբանե մերժող եւ այն դոգմատիզմով փոխարինող հասարակությունը պարզապես չի կարող ելքեր գտնել այն աննկարագրելի դժվար իրավիճակից, որում գտնվում ենք այսօր:
Ինչպե՞ս դա կարելի է փոխել: Սկսեք ձեզանից: Նախքան ինչ-որ բանի մասին դոգմատիկ դատողություն անելը, փորձեք հետաքրքրվել, հետազոտել, զրուցել, քննարկել: Կարճ ասած՝ ինքնուրույն որոշումներ կայացրեք, մի տրվեք այս կամ այն ճամբարի հնարքներին:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: