2022 թվականը անկայունության, անորոշության, երբեմն էլ՝ անզորության տարի էր մտածող մարդկանց համար: Այնուհանդերձ, մենք Մեդիամաքսում փորձում էինք տոկուն լինել, չդավաճանել մեր սկզբունքներին եւ նոր ուղղություններ մշակել՝ ինչպես ֆինանսական անկախությունը պահպանելու, այնպես էլ ստեղծագործական առումով տեղում չդոփելու համար: Այդ իմաստով 2022 թվականը մեզ համար նաեւ փորձարկումների տարի էր:
Տարեսկզբին գործարկեցինք Mediamax Premium հարթակը. այն բաժանորդներին հնարավորություն է տալիս ստանալ բովանդակություն, որը կայքում չի հրապարակվում եւ այդ իմաստով բացառիկ է: Այս տարի Mediamax Premium-ի բաժանորդներն ամեն շաբաթ ինձանից ստացել են երկուական՝ ընդհանուր առմամբ՝ 82 նամակ: Նամակների մի քանի օրինակ հասանելի է հարթակում՝ ուրախ կլինեմ, եթե դուք էլ բաժանորդ դառնաք:
Տարեվերջին էլ գործարկեցինք Mediamax Events ձևաչափը. գրասենյակում հանդիպումներ ենք անցկացնում ասելիք ունեցող մարդկանց հետ: 2023-ին մտադիր ենք զարգացնել եւ ընդլայնել այս ձեւաչափը։
2022-ին թարմացրեցինք մեր www.Itel.am կայքը: Փոխվել է ոչ միայն դիզայնը՝ ավելի ժամանակակից եւ հարմար դառնալով, այլեւ բովանդակությունը՝ ավելի հաճախ ենք պատմում առաջին քայլերն անող հայկական ստարթափների մասին: Տարվա ընթացքում շատ է առաջադիմել մեր Sport.Mediamax.am կայքը՝ վերջին շրջանում գրանցելով այցելությունների կայուն աճ:
Դեկտեմբերին հրապարակեցինք Հայկական Կարմիր նախագծի վերջին գլուխը՝ 1991 թվականի մասին: Երկու տարվա ընթացքում ներկայացրեցինք 71 գլուխ՝ Խորհրդային Հայաստանի 71 տարիների մասին: 2023-ին կսկսենք նոր հատուկ նախագիծ՝ պատմելու ենք անկախ Հայաստանում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին:
Ինչպես եւ 2021-ին, այս տարվա Մեդիամաքսի լավագույն հրապարակումների ընտրանիում գերիշխում են պատմությունները, որոնք կապված են 2020 թվականի պատերազմի հետ: Փորձել ենք նաեւ ուշադիր լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք դրա կարիքը հատկապես ունեն:
Անցնող տարին ամփոփել եմ 2022 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր հոդվածում, որը, ցավոք, հուշում է, որ 2023-ը եւս հեշտ տարի չի լինելու: Բայց մենք շարունակելու ենք ձեզ հետ միասին փնտրել դժվար հարցերի պատասխանները՝ ապացուցելով, որ իսկապես անկախ ու որակյալ մեդիայի ու մտածող մարդկանց «դաշինքը» շատ բան արժե:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: