2022 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
5354 դիտում

2022 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` նախագահի մամուլի ծառայություն

Բրայան Մեյը եւ Գարիկ Իսրայելյանը
Բրայան Մեյը եւ Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` STARMUS

Իշխան Սաղաթելյանը
Իշխան Սաղաթելյանը

Լուսանկարը` «Հայաստան» դաշինք

Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Հայ Ազգային Կոնգրես

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Արցախի կառավարություն

Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


2022-ը Հայաստանի նորագույն պատմության հերթական կորսված տարին էր: Իշխանությունն ու ընդդիմությունը ոչ միայն չփորձեցին քայլեր անել դեպի երկխոսություն, այլեւ կոշտացրին դիրքորոշումները: Արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերում իշխանությունների վարած ցաքուցրիվ քաղաքականության հետեւանքով՝ 2022 թվականի վերջում ունենք ամբողջապես տապալված «խաղաղության օրակարգ», շրջափակված Արցախ, շատ վտանգավոր լարում հայ-ռուսական հարաբերություններում: Հասարակության մեջ շարունակվեց ուժեղանալ բեւեռացումը, շատ խոսելու եւ միմյանց չլսելու անզուսպ ցանկությունը:

 

Տարվա բառը

 

Մտածում էի, թե ինչպես կարելի է սեղմ նկարագրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների վարքը 2022 թվականին: Օգնության եկավ քաղաքագետ Արման Գրիգորյանի՝ վերջերս արած գրառումը, որում շատ դիպուկ բնորոշում էր տվել «անդրդվելի ագրեսիվությամբ» աչքի ընկնող իշխանությունների վարքագծին: Նա նշել էր, որ իդիշում կա «խուցպա» բառ, որի սահմանումը հետեւյալն է. երբ սպանում ես ծնողներիդ ու դատարանում մեղմ պատիժ ես ակնկալում, պատճառաբանելով, որ որբ ես։

 

Տարվա ցինիզմը

 

Եթե վերը նշված բառի հետ համամիտ չեք, կառաջարկեմ վերընթերցել հատվածներ Ազգային Ժողովում ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթից.

 

«Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Մեղավոր եմ, քանի որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»:

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

«Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»:

 

Տարվա սուտը

 

Հունիսի 30-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Բերձորի եւ Աղավնոյի մասին, ասել էր. «Մենք դեռ ժամանակ ունենք՝ եւ ճանապարհի մասով, եւ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»:

 

Երկու ամիս անց՝ օգոստոսի 28-ին, Իլհամ Ալիեւը հայտարարեց Բերձորի եւ Աղավնոյի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին:

 

Տարվա փախուստը

 

Հունվարի 23-ին (կիրակի օրը) հրապարակվեց Արմեն Սարգսյանի, հայտարարությունը, որով նա տեղեկացրեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից։

 

Հայտարարության հրապարակման պահին նա գտնվում էր Հայաստանից դուրս, ուստի իր քայլը ավելի շատ փախուստ էր հիշեցնում: Իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը պարբերաբար բողոքում էր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների սղությունից՝ «մոռանալով», որ համաձայնելով Սերժ Սարգսյանի առաջարկին՝ քաջ ծանոթ էր լիազորությունների շրջանակին:

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` նախագահի մամուլի ծառայություն

2018 թվականի գարնանը Արմեն Սարգսյանն իսկապես օգնեց հավասարակշռություն պահպանել քաղաքական դաշտում, սակայն, կարծում եմ՝ պարտավոր էր հրաժարական տալ ոչ թե 2022-ի հունվարին, այլ 2018-ի դեկտեմբերին՝ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո:

 

Տարվա խայտառակությունը

 

Մարտի 3-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ Հայաստանի նախագահ ընտրեց Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանին։

 

Կես տարի անց Վահագն Խաչատուրյանը հայտնվեց բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ որոշել էր լուսանկարվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ:

 

Տարվա ֆարսը

 

Մարտ ամսին Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Գերագույն հոգեւոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովում քննարկվել էր Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

 

Գերագույն հոգեւոր խորհուրդը վերահաստատել էր, որ «Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին»։

 

Չնայած դրան, տարվա ընթացքում Հատիս լեռան վրա ակտիվորեն նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում: Ավելին, հայտնի դարձավ, որ լեռան գրեթե ողջ տարածքը սեփականաշնորհվել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձանց եւ ընկերությունների կողմից:

 

Տարվա մարդը

 

Փետրվարի սկզբին սոցիալական ներդրող եւ ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հրապարակեց «Հայաստանի ապագայի 15 սկզբունքները» ծրագրային հոդվածը:

 

Սեպտեմբերի 1-ին նա հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվում է Արցախ։

 

Սեպտեմբերի 15-ին Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ Հայաստանի ղեկավարության քննադատությամբ.

 

«Անընդունելի է, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը եւ շատ կարեւոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են»:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Արցախի կառավարություն

Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար:

 

Տարվա հետապնդումը

 

Տարվա ընթացքում շարունակվեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հանդեպ, «քրեադատավարական փաթեթավորմամբ, «թավշյա» քաղաքական հետապնդումը» (բնորոշումն իրենն է-խմբ.):

 

Ապրիլին Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ համաձայնելով ստանձնել ՊՆ ղեկավարի պաշտոնը՝ «քաջ գիտակցել է, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չի լինի»:

Դավիթ Տոնոյանը Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

«Վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան եւ իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է», - նկատել էր Տոնոյանը՝ փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին:

 

Տարվա ձախողումը

 

Թվում էր, որ գարնանը ընդդիմության կողմից ծավալած փողոցային պայքարը կարող է արդյունքներ տալ, սակայն հանրահավաքային ալիքը աստիճանաբար մարեց, իսկ ընդդիմության շարքերում ճգնաժամ սկսվեց, որի արտացոլումը դարձավ մի շարք պատգամավորների հրաժարումը մանդատներից:

Իշխան Սաղաթելյանը Իշխան Սաղաթելյանը

Լուսանկարը` «Հայաստան» դաշինք

Ընդդիմության առաջնորդները, խոսելով ձախողման պատճառների մասին, ամենից հաճախ հիշատակում են հասարակության պասիվությունը՝ համառորեն հրաժարվելով ընդունել ներկայի եւ անցյալի սեփական սխալները եւ անկեղծ ներողություն խնդրել դրանց համար:

 

Տարվա տապալված նախաձեռնությունը

 

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին ասել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպմանն ինքն առաջարկել է «կառուցողական երկխոսություն սկզբնավորել իշխանության եւ ընդդիմության միջեւ»։

 

Առաջին նախագահն ասել էր, որ այդ առաջարկը տեղ չէր գտել հանդիպման արդյունքները ներկայացնող հաղորդագրության մեջ, քանի որ հավանության չի արժանացել այլ մասնակիցների կողմից։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Հայ Ազգային Կոնգրես

Տեր-Պետրոսյանի այս հարցազրույցից հետո Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումներ այլեւս տեղի չունեցան:

 

Տարվա լուսավոր կետը

 

2022 թվականի, թերեւս, միակ լուսավոր կետը Հայաստանում արվեստի եւ գիտության STARMUS փառատոնի անցկացումն էր, որի համար պետք է մեծ շնորհակալություն հայտնենք փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին:

 

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում էին Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ճանաչված գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ: Հյուրերը ոչ միայն մասնակցում էին գիտական քննարկումներին, այլեւ գնում էին բուհեր, դասախոսություններ կարդում Ազատության հրապարակում բացված «Գիտական ավանում»: STARMUS-ի շնորհիվ Հայաստան եկավ լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Բրայան Մեյը եւ Գարիկ Իսրայելյանը Բրայան Մեյը եւ Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` STARMUS

Փառատոնի ավարտից ընդամենը երեք օր հետո Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա եւ Բրայան Մեյը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, ասելով, որ «Հայաստանը գրեթե անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների պիղծ դաշինքի դեմ եւ գոյատեւելու համար Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի»։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին