Կարդացեք նաեւ. Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ. Էհեհեեեե՛յ
2000-ին Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Ուրախ ավտոբուսը»: Պրեմիերան սեպտեմբերի 22-ին էր, կինո «Մոսկվայում»: Սեպտեմբերի 26-ին «ՀՀ»-ում ֆիլմը գրախոսեցի «Անցյալդ ներկա մի դարձրու» վերնագրով.
«Օրինաչափություն է՝ գրքի, ներկայացման, ֆիլմի մասին գրելիս անպայման պատմում են բովանդակությունը, ախտորոշում կամ բնորոշում են գլխավոր հերոսին (հերոսներին), անցնում են երկրորդական (դրվագային) հերոսներին, դրվատում գրողին (սցենարիստին կամ պիեսի հեղինակին եւ անտարակույս ռեժիսորին), վերջում անպայման նշում են մեկ-երկու անէական թերություններ, որոնք, իհարկե, լավ կլիներ՝ չլինեին, բայց կան, եւ այնքան էլ չեն փչացնում եղածը… Այս գծակարգը իրեն հիմնովին արդարացրել է ու հազիվ թե առաջիկայում էլ արխիվ հանձնվի: Բայց գիրքը, ներկայացումը, ֆիլմը կյանք են մտնում ու գոյատեւում են (երբեմն հարատեւում են) բոլորովին այլ պատճառներով: Պարզապես մենք բոլորս հայելու կարիք ունենք (ավելի հաճախ՝ անգիտակից), որտեղ ուզում ենք մեր ցանկացած կյանքը տեսնել (ավելի ճիշտ ունենալու պատրանքը ապրել): Մենք բոլորս հայելու կարիք ունենք նաեւ այդ հայելու մեջ մեր այս ու այն արարքի հասարակական գնահատականը ստանալու համար: Բայց այնպես, ասես դա մենք չենք ու մեզ չեն այպանում կամ դրվատում: Ահա եւ ստեղծում ենք մեր կյանքի կրկնակը՝ գրքեր ու ներկայացումներ ու ֆիլմեր: Եվ միշտ գնահատելիս նկատի ունենք մեզ ու մեր կենսափորձը: Չգիտեմ՝ ճի՞շտ է դա, թե՞ այնքան էլ իրեն չի արդարացնում, բայց այդպես է: Օրենքը (որքան էլ արտառոց) ամենաստույգը հաստատում են բացառությունները: Եվ լինում է փաստ, դեպք, իրադարձություն, որի մասին չես ուզում պատմել: Չես ուզում, ու՝ վերջ: Խանդում ես, որ ուրիշներն էլ կիմանան ու քեզ կողոպտված կզգաս: Չես ուզում բաժանվել քո ապրումից ու քո ապրումի եսասիրական քաղցրությունից: Չես ուզում աշխարհին մատնել քեզ, թեեւ խոսքն ամենեւին էլ քո մասին չէ: Այդ դեպքերը, փաստերը, իրադարձությունները քո կյանքինը չեն ու քոնը չեն, բայց հետայդու դու առանց նրանց ու գոնե նրանց մասին հիշողության անհնար ես համարում քո կյանքը:
Սեպտեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմի անդրանիկ դիտումն էր: Ռեժիսորի բնորոշմամբ՝ 110 րոպե տրագիկոմեդիա: Սուտ է: Ոչ մի անդրանիկ դիտում էլ չկար: Կար մի կտոր կյանք, պարզապես գաղտնի տեսախցիկով նկարված: Սուտ է, թե ֆիլմում Հայաստանի տարբեր թատրոնների հանրահայտ ու պակաս հայտնի դերասաններ էին խաղում: Ոչ ոք էլ չէր խաղում, մարդիկ ապրում էին, ապրում էին իրենց կյանքը՝ բնական ու սովորական: Ամենասովորական ու ամենաբնական ցանկություններով ու արարքներով: Եվ ֆիլմը կարող էր տեւել ոչ թե 110, այլ՝ 110 անգամ 110 րոպե ու ավելի: Որովհետեւ կյանքը շարունակվում է, ու մարդիկ պիտի ապրեն իրենց կյանքը: Հետո, շատ հետո կմտածես նրանց մասին, որ հասկանաս՝ ինչու՞ Ղազարոսը ոչ մի կերպ չէր մեռնում, ինչու՞ Գառնիկը չուներ իր կյանքը, ինչու՞ Խորենին աշխարհի բոլոր ստերը չէին հերիքում իր ճիշտը հիշելու համար, ինչու՞ Մարուսը ամենաբարի կինն էր, ինչու՞ Տեր հայրը չէր լսում, բայց հասկանում էր գոյություն չունեցող զանգակատան զանգերի ղողանջը: Վերջապես՝ ինչու՞ Գագիկի համար այդքան կարեւոր էր հեռախոսի գծերի ակորդը եւ ինչու՞ Սաթենիկը կարողացավ նրան ներել կամ համոզեց իրեն, թե ներում է: Այս բոլոր ինչուները, սակայն, չեն վերաբերում ֆիլմին: Վերաբերում են մեզ: Իսկ ֆիլմը իր համար ապրում է իբրեւ հայելի, որտեղ մենք տեսնում ենք ու չենք տեսնում մեզ: Ֆիլմը խանգարում է մեզ մենակ մնալ, խանգարում է ապրել աղետն ու դժբախտությունը իբրեւ մեկընդմիշտ տրված հավերժություն, խանգարում է կուլ գնալ ցավին ու կորստի դառնության մեջ քաղցրություն գտնել (որ ամենաբնականն է, երբ կորցնում ես հարազատիդ, ու երբ կանգնում է սիրտդ, երբ աշխարհի ամենացանկալի վայրը գերեզմանատունն է): Ֆիլմը ոչինչ չի խոստանում, ոչ մի ցավ չի ամոքում, ոչ մի դուռ չի բացում դեպի լուսավոր ապագա (ուղղակի ու փոխաբերաբար): Բայց ֆիլմից հետո ինքդ ես այդ դուռը քո ձեռքով բացելու: Եվ սա ամենակարեւորն է: Եղել է շատ մեծ աղետ, արհավիրք, ողբերգություն (ռեժիսորը կարող էր խուսափել գայթակղությունից ու գեղարվեստական պատում չներմուծեր վավերագրական կադրեր), բայց կյանքը շարունակվում է, ու երեխան պիտի մայր ունենա, տունը՝ տեր: Այս եռանկյունում մեզնից ամեն մեկը տասնյակ պատմություններ կարող է բարեհաջող տեղավորել: Իրական կյանքի փաստեր: Եվ բոլոր այդ իրական փաստերը գալու են ու լրացնելու են ֆիլմին՝ հաստատելով: Որովհետեւ «Ուրախ ավտոբուսը», որի երթուղին ոչ ոք չգիտի, ընթացքի մեջ է հաստատապես: Այդ ծռմռված, մի քանի կյանք քշված, կարմիր ավտոբուսը մի անգամ միայն խափանվել է ու կանգ է առել, որպեսզի մանկան տոտիկի, թե թաթիկի զարկն առաջին անգամ զգացած հղի մի կին գա ու շարժի, գա ու մարդկանց շարժման մեջ դնի (հիանալի, փառահեղ ավարտ, որից հետո ֆիլմը, չգիտես ինչու, չի ավարտվում ու դեռ ինչ-որ որոշակի հարցերի որոշակի պատասխաններ է տալիս):
«Ուրախ ավտոբուս»: Պաշտոնապես ու հավուր պատշաճի ասված շատ բառերի մեջ սեպտեմբերի 22-ին ֆիլմը բնորոշվեց իբրեւ «Հին օրերի երգի» ու «Մեր մանկության տանգոյի» օրինաչափ երրորդություն: Ֆիլմը բնորոշվեց հայ մարդուն մի գաղափարի ու մի զգացմունքի շուրջ համախմբող, այսօրվա կյանքին մարդկայնություն վերադարձնող: Միջնադարյան (ողորմի Գրիգոր Մագիստրոսին) առակներ հիշվեցին՝ ինչպես է ճնճղուկը երկինք պահում, երբ բոլորը գլուխներն են ազատում փլվող երկնակամարի աղետից, ու բոլոր արվեստագետները ճնճղուկ հռչակվեցին: Նաեւ կենաց անեկդոտներ պատմվեցին: Բնորոշվեց հայրենիքը իբրեւ խիղճ, հայհոյվեց հեռուսատաէկրանը, որից բոլոր ալիքներով կրակում են մարդու վրա: Բնականաբար ներկայացվեցին ֆիլմի նկարահանմանը մասնակցած անձինք ու դերասանները, որ նույնիսկ անփող չէին կարող չնկարահանվել, որ հայրենիքն իրենց չանիծեր: Այս ամենն այսպես է ու այսպես չէ: Շիրակի մարզի մի գյուղում Ժորա Բաղդասարյան անունով մի պստիկ էր ապրում՝ կապույտ աչքերով, պեպենների մեջ կորած ու չգիտեր, որ ինքն իրականում Գագիկ է ու իրականում աշխարհի ամենամեծ էկրանն է իր տեղը, Գյումրիի թատրոնում Անահիտ Հարությունյան դերասանուհի էր խաղում ու չգիտեր, որ ինքն իրականում Սաթենիկ է ու իրականում աշխարհի ամենամեծ էկրանն է իր տեղը: Սոս Սարգսյանն այդ գիտեր, բայց շարունակում էր «անտեղյակ-անտեղյակ» հաստատել իր Սոս Սարգսյան լինելը՝ իբրեւ հայ բեմի ու հայ էկրանի առասպել: Իսկ «ամենաանտեղյակը» Ալբերտ Մկրտչյանն էր, որ «համեստ» ֆիլմ էր նկարել ու ոչինչ չէր ակնկալում: Չհավատաք, թե այսքանով ամեն ինչ ասված է: «Ուրախ ավտոբուսը» դեռ լիքը գաղտնիքներ ունի, որ պիտի առանձին, դեմ առ դեմ պատմի իր բոլոր ու յուրաքանչյուր հանդիսատեսի լռության մեջ՝ մենակ: Եվ թող ամեն մեկն ինքը որոշի՝ ու՞ր է գնում ավտոբուսը, ինքն ուղեւո՞ր է, թե՞ ոչ: Եվ թող ամեն մեկն ինքը որոշի՝ գոյություն ունի՞ հայ կինոն, թե՞ամեն ինչ սիրելի ու պայծառ անցյալ է: Իսկ ապրել կարողանալու համար անցյալը չի կարելի ներկա դարձնել»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
…Ալբերտ Մկրտչյանին գրախոսությունս դուր չէր եկել՝ ինքն ասաց, երբ հանդիպեցինք պատահաբար, ինչ-որ համերգի ժամանակ: Հատկապես համաձայն չէր, որ ֆիլմի ավարտը ձգձգված է: Չգիտեմ ինչու՝ նրան թվացել էր, որ ես ծայրից ծայր հեգնել եմ իրեն ու հարցնում էր, թե ինչու՞: Ինձ մնում էր ասել, որ հեգնանքը թվացյալ է ու ես ընդհանրապես հակված չեմ տրաֆարետային գրախոսությունների ու որեւէ մեկին երբեւէ հեգնելու, առավելեւս՝ արվեստագետի, որ ազատ է իր որոնումների, լուծումների ու ընտրության մեջ: Վստահաբար՝ չհամոզեցի:
***
Մենք նորից հանդիպեցինք 2009-ի մայիսին եւ «Ինձ մի քիչ օտար է այն, ինչի մեջ ազգայինը չկա» վերնագրով հարցազրույցը հրապարակվեց «Իրատեսում»: Ես նրան տվել էի իմ ավանդական, անփոփոխ առաջին հարցը.
-Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:
-Ես դեռ փնտրում եմ, հաստատ գիտեմ, որ կինոյով եմ զբաղվում, որ ապրում եմ արվեստի մեջ: Արդյունքն ինչքանով է լավ, ինչքանով է վատ, ես չէ, որ պիտի ասեմ: Անում եմ այն, ինչ իմ հոգու մեջ կա: Հոգուս մեջ կռիվ կա, որ ինձ երկար տանջում է, եւ իմ հոգու կռվից ազատվելու համար ես նկարում եմ ֆիլմեր, մնացածը ժողովուրդն է դատում, տեսաբանները, եւ այլն, եւ այլն… Համենայն դեպս, ես գոհ եմ այդ կռվից, որ ստեղծել է ֆիլմեր՝ «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառությունը», «Ուրախ ավտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը»… Ինձ թվում է՝ ժողովուրդը գոհ է մնացել, փողոցով քայլելիս ես միշտ լսում եմ թեւավոր խոսքեր այդ ֆիլմերից: Այդքան էլ դժվար չէ իմանալ՝ ո՞վ ես դու, բայց այդ հարցն ինձ բոլորովին չի հետաքրքրել:
-Կյանքը որոշակիորեն փոխվել է, այն չափանիշները, որոնցով ապրում էինք, արվեստ ու մշակույթ ստեղծում, մեզ էինք գնահատում, փոխվել են: Չե՞ք կարծում, որ հասարակությունն ու արվեստագետը այսօր կորցրել են իրենց արժեհամակարգի չափանիշը:
-Շատ տարիներ առաջ, երբ ուսանող էի, գոյություն ուներ Արվեստի աշխատողների տունը, եւ ես երջանիկ մարդ եմ, որ տեսել եմ այնտեղ Ավետիք Իսահակյանին, Հրաչյա Ներսիսյանին, Հովհաննես Շիրազին, Հրաչյա Քոչարին, մեր շատ մեծերի: Մի օր քննարկում էր, ու երիտասարդ, տաղանդավոր, երես առած դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը Վահրամ Փափազյանի հետ փորձեցին կատակ անել: Նրանցից մեկը՝ Ֆրունզիկն էր, թե Խորենը, ասաց. «Վարպետ, Դուք հին ոճի դերասան եք»: Փափազյանը զարմացած նայեց նրանց ու հանկարծ մի կտոր խաղաց «Օթելլոյից»: Իսկ Փափազյանին գնահատելու համար նրան ամեն օր պետք էր բեմում տեսնել, նա վարպետությամբ կարող էր հուզել հանդիսատեսին, բայց այդ օրերից մի օր նա իսկապես խաղում էր, իսկապես վերարտադրում էր կերպարը ու պետք էր նրան տեսնել այդ օրը, դա ամենահզոր ներկայացումն էր: Երբ Վահրամ Փափազյանն Արվեստի աշխատողների տան այդ փոքրիկ բեմի վրա Օթելլո խաղաց, թնդացին բուռն ծափահարությունները, իսկ նա շրջվեց այդ երեքի կողմն ու նետեց. «Լակոտներ, այն, ինչ տաղանդավոր է, նոր է, այն ինչ անտաղանդ է՝ հին է»: Այնպես որ, նորի ու հնի չափանիշները մի քիչ ուրիշ են:
Դասական ու ժամանակակից պիեսներ են բեմադրում, դասականը կարող է ավելի ուժեղ ու այսօրվա լինել: Վերջին հաշվով՝ ի՞նչ է արվեստը: Արվեստը պիտի հուզի՝ եւ թատրոնը, եւ կինոն, եւ կերպարվեստը, եւ երաժշտությունը, մարդը պիտի հուզվի, պիտի հագենա իր ապրած վայրկյաններով: Նույնիսկ անցյալի հագուստներն են ժամանակ առ ժամանակ վերադառնում: Ես չեմ կարծում՝ մարդկության երեւակայությունը կարճ է ու փոքր, բայց մանրամասներ են ավելացվում, հիմքը մնում է: Եթե այսօրվա կյանքը փոխվում է, եթե այսօր շատ ու շատ տհաճ բաներ ենք տեսնում կամ հաճելի, բնական երեւույթ է: Արվեստագետը չպիտի արհեստականորեն փոխի իր տեսակետները:
-Խնդիրն արհեստականորեն փոխելը չէ, պարզապես այն արժեքները, որ երեկ իրական էին, որոնցով ապրում էինք, այսօր չեն գործում: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, մարդկային հարաբերություններին, ոչ միայն մշակույթին:
-Դա բնական է, դա կանցնի, եւ իսկապես արժեքավոր երեւույթներ կծնվեն: Անցման շրջան է, վերջին հաշվով արվեստում եւ տեղատվություններ են լինում, եւ մակընթացություններ: Այդպիսի ժամանակներ եղել են, կան ու էլի կլինեն: Հիմա արվեստի շատ տեսակներ կան, բոլորը ձգտում են հասնել եվրոպական մակարդակի, բայց կորցնում են ազգային չափանիշները:
-Իսկ մենք իրոք գիտե՞նք այդ չափանիշները, մենք գիտե՞նք եվրոպական արվեստը:
-Ինչու՞ միայն եվրոպական, բրազիլական, արգենտինական, մեքսիկական: Մենք կիլոմետրերով ֆիլմեր ենք տեսնում ամեն օր: Երեկվա դպրոցն ավելի լուրջ դպրոց էր, երեկ երեխաներն ավելի լուրջ կրթություն էին ստանում, եթե այսօր դպրոցն ավարտողները Թումանյան չեն ճանաչում, անցած տարիներին 2-3-րդ դասարանից գիտեին: Եթե այսօր Նարեկացուց մինչեւ Չարենց, այսօրվա լավագույն բանաստեղծների ու արձակագիրների մասին հաղորդումներ չկան, երեկ հաղորդումների շարքեր կային:
-Հիմա մի ամբողջ ալիք կա, որ հին հաղորդումներ է ցույց տալիս, կամ՝ գովազդ ու ֆուտբոլ:
-Հեռուստաթատրոն կար, գրական հաղորդումներ կային, Արմեն Հովհաննիսյանի երաժշտական «22.30»-ը կար, նայում էին ոչ միայն երեխաներն ու երիտասարդները, այլեւ ծերերը: Այսօր մենք սնվում ենք տարատեսակ ընդօրինակված շոուներով: «Շանթ» հեռուստաընկերությամբ մի երկու օր առաջ նայում էի՝ ոնց են տանգո պարում արտասահմանցի պրոֆեսիոնալները, ու ապշել էի՝ մի՞թե չեն ամաչում նման բան տեսնելուց հետո իրենց անորակ ընդօրինակումներից: Բայց ես հավատում եմ, որ անցման շրջան է, դրանք օրինաչափ երեւույթներ են, օրինաչափ ու անցողիկ: Ես մի քիչ պահպանողական եմ, ինձ մի քիչ օտար է այն, ինչի մեջ ազգայինը չկա:
-Մտավորական եւ հասարակություն: Ձեր կարծիքով՝ մտավորականը քաղաքացուն պետք է առաջնորդի՞, նրա կողքի՞ն լինի, թե՞ հետեւի նրան: Առաջ ասում էին, որ մտավորականը նախեւառաջ քաղաքացին է, այսօր ո՞վ է:
-Ես նախեւառաջ ուզում եմ հայ մնալ:
-Ի՞նչ է այսօր նշանակում հայ մնալ:
-Հայ մարդը պիտի սիրի իր հողը, փողոցի ծառը, սիրի իր երկրի արեւածագը, իր երկրի մայրամուտը, սիրի իր երկրի անձրեւը, հողը, դիմացի հային, սիրի իր պետականությունը ու նախնիների պանթեոնը: Հայ մնալը դա է, բայց դա բառերով չի բացատրվում, պիտի ստեղծագործի, աշխատի՝ հանուն իր հոր ու որդու: Ամբողջ բնությունը հիմնված է երկու սկզբունքի վրա՝ սեքս ու սերունդ, ուր ուզում ես գնա՝ նույն պատմությունն է՝ հողի մեջ, ջրի մեջ, օդի մեջ, երկրի վրա: Ամեն մեկն իր տեսակի կյանքի իրավունքն է պաշտպանում, շարունակականությունը:
-60-ականներին եկավ Հենրիկ Մալյանը, եկավ Ֆրունզե Դովլաթյանը, եկավ Ալբերտ Մկրտչյանը, ու մի 20-25 տարի հայկական կինո ունեինք, հետո նրանք գնացին ու վերջին մոհիկան մնաց Ալբերտ Մկրտչյա՞նը:
-Ինչու՞ Ալբերտ Մկրտչյանը, կա Երվանդ Մանարյանը, կա Ներսես Հովհաննիսյանը, սերունդ կա, շնորհքով ու տաղանդավոր երիտասարդներ կան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Շնորհքով երիտասարդներ կան, հայ կինոն ու՞ր է:
-Հայ կինոն կա: Անպայման կգան երիտասարդներ ու կփոխարինեն, ժամանակ է պետք վերածնվելու:
-Ես չէի կասկածում, որ այդ պատասխանն է հնչելու: Բայց հարցերի հարցը մնում է նույնը՝ ե՞րբ: Ե՞րբ է լինելու մեր արվեստի այն մակարդակով ու որակով տեսակը, որ փակի կիլոգրամներով հաշվարկվող օտարածինի մուտքը:
-Գովազդել է պետք հայ կինոն, հայ թատրոնը: Տեսեք՝ այսօր ինչ է պրոպանգանդվում, ինչ է առաջ մղվում: Փող լինի՝ թատրոնն ու կինոն էլ կգովազդվեն, այնքան արագ են առաջ գնում օրերն ու տարիները, եւ շահում են նրանք, ովքեր եւ շնորհք ունեն, եւ փող՝ շոուներ են անում, ամեն օր երգիչներ են ծնվում՝ աստղեր:
-Հանդիստեսի իմ տեսակը կյանքի մասին ինչ-որ բան հասկանալու համար շոուներից նախընտրում է «Հին օրերի երգը»:
-Տեղի է ունեցել հասարակարգի փոփոխություն: Ժամանակ է պետք, որ փոքրից մինչեւ մեծը այս հասարակության բարքերով սնվեն ու իրենք վերապրեն: Ես չեմ ուզում ինչ-որ վատ երեւույթի մասին խոսել, քննադատել, ջարդել, փշրել, բայց կողքին լավն էլ կա, չէ՞:
-Այս պահին կինոյում ու թատրոնում ինչո՞վ եք զբաղված:
-Թատրոնում բեմադրության եմ պատրաստում «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը: Թատրոնը հիմնականում շրջագայելով է զբաղված, հյուրախաղերով լինում ենք ամբողջ Հայաստանում: Դա Մհեր Մկրտչյանի սկզբունքն էր, Հայաստանում այնպիսի քաղաք ու գյուղ չի եղել, որ Մհերը ելույթ ունեցած չլինի: Մենք դեկտեմբերին Իջեւանում էինք, սահմանապահների համար ներկայացում խաղացինք, ֆիլմեր ցույց տվեցինք, զինվորներ կային, որ չգիտեին՝ ի՞նչ է թատրոնը, մենք ամբողջ գիշեր խրամատներում խարույկի շուրջ արտասանում էինք, երգում էինք, երկնքից թափվում էին ձյան փաթիլները, առավոտյան ձմեռ էր արդեն: Ծրագրել ենք՝ շուտով գնալու ենք Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, նաեւ՝ Նոյեմբերյան, Ալավերդի, ոչ միայն ներկայացումներ ենք տալու, այլեւ հանդիպումներ ենք ունենալու: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը միայն Երեւանի համար չէ, սահմանամերձ գոտիների ժողովուրդը մայրաքաղաքի բնակիչներից պակաս չէ, արվեստը պիտի հասանելի լինի բոլորին:
-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ֆիլմը:
-Ես երազում եմ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ նկարել, որ ինձ համար շատ դժվար է, բայց եւ շատ հեշտ, գեղարվեստական ֆիլմ:
-Ո՞վ է խաղալու Մհեր Մկրտչյանի դերը:
-Դեռ չգիտեմ:
…Ֆիլմը չնկարվեց:
***
ԽՍՀՄ ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 49 ֆիլմերում նկարահանված, տասնյակ կերպարներ բեմ բարձրացրած Մհեր Մկրտչյանը վախճանվեց 1993-ի դեկտեմբերի 29-ին, 67 տարեկանում, ցուրտ էր ու մութ: Նրան Պանթեոն տարան ձեռքերի վրա, ու սուգը համաժողովրդական էր: Անհավատալի: Անընդունելի: Անհավանական: Էհեհե՛յ…
ՀՀ ժողովրդական արտիստ, 11 ֆիլմի ռեժիսոր ու 3 ֆիլմի դերասան Ալբերտ Մկրտչյանը վախճանվեց 2018-ի փետրվարի 28-ին, 81 տարեկանում՝ ծննդյան հաջորդ օրը: Հիմա նրանք միասին են, ու հաստատ նկարել են իրենց սիրած ֆիլմը, երբ խելագարված աշխարհը քեզ ուզում է ապացուցել, որ դու էլ գիժ ես: Բայց մենք այդ ֆիլմը այս կյանքում չենք տեսնի:
Կարդացեք նաեւ. Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ. Էհեհեեեե՛յ
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: