Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ. Էհեհեեեե՛յ - Mediamax.am

Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ. Էհեհեեեե՛յ
1941 դիտում

Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ. Էհեհեեեե՛յ


Նոր էի աշխատանքի ընդունվել «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» նորաբաց ամսագրում, որ մանկավարժական էր, բայց խմբագիրը՝ Լյուդվիգ Կարապետյանը, գտնում էր, որ ուսուցիչների մտահորիզոնը պետք է ընդլայնել հանրահայտ մարդկանց հետ հարցազրույցներով, ու ընդլայնողը պիտի լինեմ ես՝ երեկվա նորավարտս, որ առաջին քայլերն էր անում լրագրության մեջ: 21 տարեկանում: Ու ահա հայտնվել եմ Նալբանդյան փողոցի վրա ու թակում եմ Մհեր Մկրտչյանի տան դուռը: Պայմանավորվել էինք ժամը 2-ին հանդիպել: Ես, որ չեմ սիրում ուշանալ, մի կես ժամ ծանր մագնիտոֆոնը ձեռքիս պտտվում էի Կամերայինի շրջակայքում, որ ճիշտ 14.00-ին հայտնվեմ տեղում: Դուռը ոչ ոք չէր բացում: Մի քանի թակոցից հետո արդեն հեռանում էի, երբ դուռը բացվեց ու հայտնվեց … սպիտակ մայկայով ու կապույտ կիսավարտիքով Մհեր Մկրտչյանը: Ամառ էր, շոգ էր, բայց նման ընդունելություն չէի սպասում: Առավելեւս անսպասելի էին նրա… նակոլկաները, այսօրվա բառապաշարով՝ տատուները: Հայացքս չգիտեի ուր ուղղել, թեւիցս բռնեց ու ներս քաշեց: Ու սկսվե՛ց:

-Ախր դու ո՞վ ես, որ ես քեզ հարցազրույց տամ:

-Բայց մենք պայմանավորվել ենք, Դուք համաձայնել եք…

-Հա, բայց դու ո՞վ ես, չիմանա՞մ՝ ու՞մ եմ հարցազրույց տալու…

Ու ես ստիպված էի մանրամասն պատմել կենսագրությունս, ամսագրի կենսագրությունը, մի քանի անգամ: Ստիպված էի բացատրել՝ ինչու՞ այդ տարիքում սիրած տղա չունեմ, ինչու՞ քույր-եղբայր չունեմ, խոստանալ, որ ամուսնանամ, մի քանի երեխա եմ ունենալու: Արդեն մեկ ժամից ավելի նրա տանն էի, ու… հարցազրույցը չէր սկսվում: Հենց հարց էի տալիս, որ պիտի արդեն ձայնագրեմ, բղավում էր՝ անջատի, թե չէ՝ չեմ խոսի: Առաջարկեցի՝ ուրիշ անգամ գալ: «Չէ, ինչու՞, գիտես պարա՞պ եմ…», վիճակս անելանելի էր: Ոչ գնալս էր ստացվում, ոչ մնալս իմաստ ուներ: Այդ ընթացքում նա արդեն հասցրել էր քիչ թե շատ հավաքել թափթփված սենյակը ու տաբատ հագնել, բայց սպիտակ մայկան ու նակոլկաները շարունակում էին շողշողալ: Արդեն թվում էր, որ ինչ-որ հաջողության հասել եմ, համենայն դեպս՝ ձայնագրիչը միացնելու թույլտվություն ունեմ, հանկարծ շրխկոցով բացվեց սենյակի դուռը ու մերկ մարմնին հագած սպիտակ պենյուարով հայտնվեց Թամար Հովհաննիսյանը… Նա զննեց ինձ ու հարցրեց՝ ես ո՞վ եմ: Եթե պնդեր, որ կենսագրությունս նորից պիտի պատմեմ, հաստատ ինֆարկտի էի հասնելու: Օգնեց ամուսինը.

-Մի խանգարի, հարցազրույց ենք անում:

Թամար Հովհաննիսյանը գնաց խոհանոց ու մի մեծ սկահակով ծիրաններ բերեց, դրեց սեղանի կենտրոնում ու հայտարարեց.

-Կես ժամ՝ մենք գնալու տեղ ունենք:

Մհեր Մկրտչյանը սկսեց մեկ առ մեկ կիսել ծիրանները ու ստիպել, որ ուտեմ: Ես չէի ուզում, յոթերորդից հետո վեր կացա ու ջղային ասացի.

-Շատ շնորհակալ եմ, որ ինձ ժամանակ հատկացրիք, հատկապես շնորհակալ եմ ծիրանների համար, ես գնում եմ:

-Ու՞ր ես գնում, բա հարցազրու՞յցը:

-Մենք ընդամենը 15 րոպե ունենք, մեկ է, չենք հասցնի, դուք գնալու տեղ ունեք:

-Թամարի՞ն ես լսում, այ հիմա բոլոր ծիրանները կստուգեմ, ինքն է առել, եթե մեկի մեջ որդ եղավ, բաժանվելու եմ, Թամարին մի լսի, հարցդ տուր: Ի՛նչ տարօրինակ աղջիկ ես՝ եկել ես հարցազրույցի, ասում ես՝ գնում եմ…

Հարցազրույցը հրաշալի ստացվեց, ժամից ավելի: Բայց հետո նա նորից հիշեց, որ ես անծանոթ մեկն եմ իր համար ու պահանջեց, որ իրեն տամ ձայնագրությունը: Դա վերջն էր: Ամբողջ պերճախոսությունս, երդումներս, որ տեքստը կնայի՝ ինչ ուզի՝ կհանի, ինչ ուզի՝ կավելացնի, չի հավանի, չի տպվի, իզուր էին, ոչինչ չօգնեց: Որպեսզի կարողանայի դուրս գալ, պիտի հանձնեի սկավառակը: Ու ես՝ հոգնած, տանջահար ու իսկապես ինֆարկտի եզրին, նրան տվեցի սկավառակը: Տնից դուրս թռա՝ երջանկության ու ազատագրման գերագույն զգացումով: Խմբագրությունում ասացի, որ մագնիտոֆոնը, որ համարյա 5 կիլոգրամ քաշ ուներ, չի ձայնագրել ու ստիպված եմ հիշողությամբ վերականգնել: Այդպես էլ արեցի՝ գրեցի, ինչ հիշում էի ու վերնագրեցի «Մենախոսություն», առանց իրեն զգուշացնելու՝ հանձնեցի տպագրության: Դա իմ փոքրիկ վրեժն էր: Արդեն մեկ ամիս անցել էր, ես հասցրել էի հաշտվել իմ ֆիասկոյի հետ ու ինձ համոզել էի, որ նա Մհեր Մկրտչյանն է ու իրավունք ունի քմահաճույքների: Նոր էի մտել խմբագրություն, զանգ:

-Բարեւ Ձեզ, ես կարդացի, շատ շնորհակալ եմ, հիանալի է ստացվել, բայց մի քիչ տխուր է, ես ավելի հետաքրքիր մարդ եմ ու ավելի բազմակողմանի:

Բնականաբար՝ նրա ձայնը հնարավոր չէր չճանաչել, ես չգիտեի՝ ինչ ասել…

-Ինչու՞ եք լռում:

-Զարմանքից:

-Ինչու՞:

-Նախ, որ զանգել եք, երկրորդ, որ կարդացել եք, երրորդ, որ ինձ Դուք-ով եք դիմում:

-Հա, կրպակի կողքով անցնում էի, վաճառողը ծանոթ էր, ասաց՝ քո մասին է գրած, ես էլ գնեցի ու կարդացի: Հեռախոսի համարն էլ ամսագրում կար, ի՞նչ կա զարմանալու: Ժամանակ ունենաք, եկեք ձայնագրությունը վերցրեք, ես լսել եմ, լավն է, թող չկորչի:
-Շնորհակալ եմ, կզանգեմ, երբ հարմար լինի, կգամ:

-Եկեք, կարող ենք նոր հարցազրույց անել՝ իսկական:

…Բայց ես ընդամենը 21 տարեկան էի ու բավականին հիմար, որ… նորից գնամ:

Տարիներ անց հարցազրույցի եղելությունը պատմեցի Հենրիկ Մալյանին: Սպասում էի, որ կմխիթարի ինձ ու կզարմանա, թե ինչ պատմության մեջ եմ ընկել, իսկ նա իր անիրական կապույտ աչքերով շատ լուրջ նայեց ինձ ու ասաց. «Դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, դու խաղացել ես աշխարհի միակ ու անկրկնելի ներկայացման մեջ, որի պիեսը գրել է Ֆրունզը, բեմադրել է Ֆրունզը ու որտեղ դու Ֆրունզի խաղընկերն ես եղել: Դեռ նրա հետ էլ ծիրան ես կերել»: Ու ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկանում աշխարհից:   

***

 Մհեր Մկրտչյանի 70-ամյակն էր, 2000-ի հուլիսի 4-ին: Ես, որ աշխատում էի «Հայաստանի Հանրապետությունում» ու վարում էի մշակույթի էջը, որոշել էի «մեղքերս» քավել՝ «Պարզապես՝ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ»-ը սիրո խոսք էր.

«Այս էջն ամբողջական դարձնելու համար հնարավորն ու անհնարը պիտի անեի ու անպայման պիտի գտնեի Վարդան Աճեմյանին՝ իր խոսքն իմանայի, Գուրգեն Ջանիբեկյանին՝ իր կարծիքը հարցնեի, Հենրիկ Մալյանին էի խնդրելու սրտի խոսք ասել, ուրիշներին… Անպայման ու անկասկած հենց իրեն էի հանդիպելու ու համոզելու, հարցազրույց էի կորզելու… Բայց գալիս է մի չսպասված-չցանկացած-դառը պահ, երբ հասկանում-զգում ես, որ քեզ հարազատ (գուցե նույնիսկ անծանոթ հարազատ) մարդիկ ընդմիշտ հեռացել են: Եվ այդ «ընդմիշտ»-ը գալիս, գամվում է մտքիդ ու … ամեն ինչ թվում է իզուր…  Ու արդեն ամենքից առաջ ինքդ քեզ պիտի համոզես, որ արածդ իմաստ ունի, կարիք ու պահանջ, երբ գալիս է մահը, եւ բոլորն արդեն անզոր են:

70 տարի եւ 7 տարի: Ապրած 63 տարիներ, չապրած՝ ավելի երկար: Հենց այդ 63 տարիներին՝ չապրած: Որովհետեւ կյանքը հնարավորությունների իրականացման, այնուամենայնիվ, նվազագույն հնարավորությունն է տալիս: Անարդար է, որ նաեւ նրան: Մհեր Մկրտչյանի մասին գրելը նույնն է, թե փորձես բանաձեւել առասպելը, փորձես ձեւ ու կերպարանք տալ հրաբուխին, չափագծես ծովը: Նույնքան հնարավոր է, որքան՝ անհնար է: Աշխարհը բացատրելու ու հասկանալու ամբողջ պայմանականությունը ընդունելով հանդերձ՝ դերասանի խաղը միշտ մնում է անբացատրելի: Խորքում՝ նույնիսկ անկառավարելի: Որովհետեւ ինքն է, բեմն է, պահը, ու ամեն ինչ փոփոխական է՝ մարդիկ, օրը, տրամադրությունը, անգամ նույն բառը, որ ունի հազար հնչերանգ, նույն շարժումը, որ ունի հազար նրբերանգ: Մհեր Մկրտչյանի դեպքում՝ հազար անգամ հազար, որովհետեւ նրա դերասանական հնարավորությունը եւ երեւակայությունը սահման չունեցան ոչ թատրոնում, ոչ կինոյում: Ավելի հաճախ չունեցավ նաեւ ժամանակ՝ չբեմադրված ներկայացումների, չնկարահանված ֆիլմերի, չխաղացած դերերի: Ու մնաց տխուր-ուրախ մարդու նրա ամենահայտնի-ամենաչբացահայտված կերպարը: Մարդու, որ այլեւս ապրում է ամեն հայի մեջ՝ իբրեւ իր ինքնության մաս: Մնաց անվերջ դերասանի նրա առասպելը, որ ամբողջ կյանքում եղավ թատրոնում ու անվերջ բոլորի ու նույնիսկ ինքն իր համար խաղաց՝ խաղաց ուրիշների ու ինքն իր դերը: Աշխարհում ամենաչհասկացվածը մնալով հենց այդ վերջին դերում: Եվ մենք խելահեղ հրճվանք ապրեցինք ու խելահեղ ծափերի հեղեղ տեղացինք, երբ նա կարիք ուներ լռության եւ իր անպարագիծ մենակության մեջ իրեն մենակ չթողնելու:

Աշխարհում շատ քիչ մարդիկ կան, ում անուն-ազգանունից հետո պետք չէ ոչինչ ավելացնել, ում միայն անուն-ազգանունը պատմություն է եւ բացատրում է ոչ միայն իրենց անձնականը, այլեւ իրենց ապրած երկրի ու ժամանակի կյանքը: Եվ ուրեմն՝ Մհեր Մկրտչյան, ու՝ վերջ: Մնացածը թող յուրաքանչյուրը պեղի իր ներսում ու գտնի իր համար: Պարզապես այսօր նա 70 տարեկան է, եւ ոչ ոք չի կարող այլեւս նրան անձամբ շնորհավորել»:  

***

Հոբելյանի նախօրեին հանդիպեցի Ալբերտ Մկրտչյանի հետ, նպատակս եղբոր մասին նրա խոսքով թերթի հոբելյանական էջը հարստացնելն էր: Սկզբում չհամաձայնեց, ասաց՝ դժվար է Ֆրունզի մասին պատմել, չի կարող ու չի ուզում, պնդեցի, որ եղբոր 70-ամյակին իր խոսքը ամենապահանջվածն ու ամենակարեւորն է, ո՞վ, եթե ոչ ինքը, կարող է ու պարտավոր է պատմել այն, ինչ միայն իրենք երկուսով գիտեն: Ի վերջո հանդիպեցինք եւ ստացվեց հարցազրույցը, որ հրապարակվեց «Մենակ՝ իր Աստծո հետ» վերնագրով «ՀՀ»-ի 2000-ի հուլիսի 4-ի համարում:

-Ձեր առաջին հիշողությունը Մհեր Մկրտչյանի մասին:

-Փոքր ժամանակ բոլորս գիտեինք, որ մեր մոր երեխաներն ենք: Մհերը մեծն էր եւ ուներ իր աշխարհը: Ես էլ իմ աշխարհն ունեի, բայց մեր աշխարհները միանում էին իրար մեր շենքի մուտքի աստիճանների վրա: Ինքը 10 տարեկան էր, ես՝ 3: Երկրորդ հարկի հարթակին սավաններից վարագույրներ էր սարքում եւ տարեկիցների հետ ելույթներ էր ունենում: Փոքրերս հանդիսատեսներ էինք խաղում, իրենք՝ դերասաններ: Հազիվ թե այն ժամանակ ընկալում էինք, որ եղբայրներ ենք: Բայց իմ առաջին հիշողությունը դա է՝ երկրորդ հարկի «բեմահարթակը», եւ Մհերը՝ արտասանելիս. «Հե՛յ կանաչ ախպեր, Հե՛յ ճանաչ ախպեր, Արի, քեզ հետ բեր արեւի շողեր»… Հետո երգում էր: Ժողովրդական երգեր: Սոված տարիներ էին: Հիվանդություն: Չարքաշ տարիներ էին: Լենինականում պալիգոններ կային՝ ռուսական զորքերի, եւ զորանոցներն ունեին բոստաններ, ուր գնում էինք պլեճ հավաքելու՝ հիմնական բերքահավաքից հետո մնացած մթերքները: Պատերազմն սկսվեց ռուս մի զինվորի զայրացած շարժումով գետին նետված «Կազբեկի» գլանակով:

-1946-ին Մհեր Մկրտչյանը գեղանկարչական ուսումնարան է ընդունվել, ինչու՞: Երեխային փողոցից կտրելու խնդի՞ր էր, հակու՞մ էր, ի՞նչն էր պատճառը:

-Գեղանկարչական ուսումնարանն այն ժամանակ Մերկուրովի ստուդիան էր, Լենինականի համար կարեւորագույն կենտրոն, որի բովով անցնում էր ամեն երկրորդ լենինականցի: Նկարել էինք սովորում: Բոլորս: Ես էլ եմ սովորել: Գյումրին արվեստագետներ է տալիս՝ նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, երաժիշտներ, որովհետեւ Գյումրին սիրում է արվեստը, եւ այդ ավանդույթը պահպանում է:

-70 տարի է անցել Մհեր Մկրտչյանի ծնունդից եւ 7 տարի մահից հետո, ի՞նչ է նշանակում այսօր Ձեզ համար Մհեր Մկրտչյանը այսքան տարի հետո:

-Նշանակել եւ նշանակում է իմ մեծ եղբայրը, իմ հայրը, իմ որդին… Ֆրունզիկը մեզ համար հայր էր, որովհետեւ 3 մետր բյազի համար հայրս բանտում էր: Հետո, շատ հետո ես դարձա իր համար հայր՝ իմ բոլոր գործերը մի կողմ թողած, որովհետեւ ինքն ի սկզբանե մենակ մարդ էր: Ինքը մենակ ծնվեց, մենակ ապրեց, մահացավ մենակ: Այդքան ժողովրդականություն վայելող մարդը, որ անընդհատ մարդկանց մեջ էր, մենակ էր:

-Մենակությունն ի՞ր մեջ էր, թե՞ մարդիկ էին շատ հեռու:

-Աստված էր նրան մենակ ստեղծել, իր տաղանդի, իր ուժի, իր թուլության հետ: Ասում էին՝ տխուր եւ ուրախ մարդ էր: Ամբողջ իր կյանքն ի՞նչ էր: Մանկությունից սկսած նրան չի տրվել այն, ինչ ուրիշները բնականորեն ստանում էին: Պատմում էին, որ հայրս՝ շատ գեղեցիկ մարդ, նորածնին տեսնելով տխրել է՝ էս ի՞նչ գեշ է: Հայրս իր ամբողջ կյանքում հակամարտություն ուներ Ֆրունզի հետ: Ուզում էր՝ տղան նկարիչ դառնար, իսկ տղան դերասան էր դառնում: Մի մարդու համար, ում 5 տարեկանում սայլից շպրտել են, որ գուցե պատահաբար փրկվի, ով տեսել է՝ ոնց են մորը սպանում ու ամերիկյան որբանոցում է մեծացել, հասկանալի չէր, որ ի՛ր տղան… դերասանություն անի: Նկարիչը՝ ուրիշ: Հայրս տան պատին ձուկ-աղջիկ էր նկարել եւ ուզում էր տղան հենց նկարիչ դառնա: Այդ օրերից Ֆրունզը մենակ էր՝ իր ցանկությունների, իր ձգտումների, իր երազների աշխարհի հետ: Հետո ապշելու բան կատարվեց՝  Լենինականում Ֆրունզը խաղում էր, հայրս դահլիճում էր, ներկայացումից հետո ավանսցենայի տակ կանգնած երկա՛ր նայում էր որդուն, երկա՛ր, լու՛ռ, Ֆրունզը սարսափահար սպասում էր: Իրիկունը տանն ասաց. «Տղա ջան, ես ուզում եմ այսօր քո ոտքերի տակ քնել»: Ու հայրս Ֆրունզի ոտքերի տակ քնեց: Հայրս հիացել էր, զգացել էր, որ մեծ դերասան է ու ուզում էր պառկել մե՛ծ դերասանի ոտքերի տակ:

-Միասին խաղացե՞լ եք բեմում:

-Տեքստիլի ակումբում: Գիքոր էի խաղում: 10 տարեկան էի արդեն, Ֆրունզը բազազ Արտեմ էր խաղում: Տեքստիլի ակումբի նկուղները պատերազմից հետո լաբիրինթոս էին, ես այնտեղ մեծահասակների հետ զառ էի խաղում, ղումար, Ֆրունզը իմացել էր, ու այն տեսարանում, երբ Գիքորը բալի թանկությունից է բողոքում, Ֆրունզը հո չապտակե՛ց՝ բալը թանկ է, հա՞, ղումա՞ր ես խաղացել, հա՞… Մայրս ճչալով վազեց բեմ՝ բազազի ձեռքից Գիքորին փրկելու…

- «Լուսանկար», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»…  Ընդամենը ֆիլմե՞ր էին, ուր Ալբերտ Մկրտչյանը ռեժիսոր էր, Մհեր Մկրտչյանը՝ դերասան, թե՞ ինչ-որ այլ իմաստ կար Ձեր երկուսի համար:

- Ֆրունզիկը գրել է. «Ես ամենաշատը սիրում եմ աշխատել 4 ռեժիսորի հետ՝ Վարդան Աճեմյան, Գեորգի Դանելիա, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան: Ալբերտ Մկրտչյանը մնացածներից տարբերվում է մի բանով՝ շատ դաժան է»: Ընթացքում ու փորձի ժամանակ մյուս ռեժիսորները միշտ խրախուսում էին նրան, ես՝ միայն նկարելուց հետո: Առաջին հայացքից նրա հետ աշխատելը շատ հեշտ էր, իմ սցենարների մարդկանց հետ ապրել էինք, ամեն ինչ տեսել-զգացել էինք: Մենք միայն զգեստավորում էինք դերը: Ինձ համար սարսափելի դժվար էր, որովհետեւ Ֆրունզն ահռելի մեծ երեւակայություն ուներ, մի փոքր տեսարանի 100 տարբերակ կառաջարկեր՝ մեկը մյուսից լավ: Եթե ես չիմանայի, թե ինչ եմ նկարում, կփչացնեի ֆիլմը: Ամեն դեր իր չափը պիտի ունենա, իր դերը… Այն ռեժիսորը, որ չի կարողանում չափը ճիշտ որոշել, փչացնում է իր ֆիլմը: Երբ Ֆրունզը չէր ուզում աշխատել, սպանեիր՝ չէր աշխատի, կփախչեր, կհարբեր, բայց երբ ինքը պատրաստ էր նկարվելու, քեզ կստիպեր, որ նկարես: Ապշելու աշխատասեր էր: Ապշելու: Մինչեւ դերը չէր քրքրում, չէր քանդում-հավաքում, չէր խաղում: Տանն էլ էր այդպես: Հայտնի հեռուստացույց «սարքող» էր՝ քանդում էր ու չէր կարողանում հավաքել: Խաղալիքներ էր բերում արտասահմանից երեխաների համար ու ինքն էր փչացնում՝ քանդելով, որ տեսնի՝ ո՞նց է սարքած: Այդ ֆիլմերը մեր կյանքն են: Մարդիկ ծնվում են, իրար հետ մեծանում, իրար հետ ապրում կյանքը, ու մեկը կորցնում է մյուսին… Ամենասարսափելին ինձ համար այն է, որ ժողովուրդը նրան տարավ ինձնից: Ամենասարսափելին ու ամենամեծ երջանկությունը:

-Այդ ամենից հետո ո՞րն եք համարում Մհեր Մկրտչյանի գլխավոր ժառանգությունը՝ Ձեզ, ժողովրդին, ժամանակին:

-Ինչ այսօր կատարվում է, անցողիկ է: Ժողովուրդը հզոր երեւույթ է եւ ամեն ինչ հավասարակշռում է: Ժողովուրդն ունի հավաքական հիշողություն, որի մեջ ապրում է արվեստը: Հայրենական պատերազմից հետո էլ նույն վիճակն էր՝ աղանդները տարածվեցին, գռեհկությունը մտավ արվեստ՝ վիճակն էր այդպիսին: Արվեստում միշտ լինում են մակընթացություններ ու տեղատվություններ: Հիմա տեղատվության ժամանակն է: Ես համոզված եմ, որ կծնվեն մեծ դերասաններ: Մեկ-մեկ հարցնում են՝ Ֆրունզիկ Մկրտչյանին ո՞վ է փոխարինելու: Ոչ ոք: Ֆրունզիկ Մկրտչյանի ամբողջ արվեստն այդ ժամանակահատվածի մեջ էր: Մենք բոլորս ծնվում ու ստեղծագործում ենք որոշակի ժամանակի մեջ: Եկող ժամանակը կծնի իր արվեստագետին: Դրանով է ժողովուրդը հարուստ: Նարեկացուց հետո Քուչակ է ի հայտ գալիս, Թումանյան, Սեւակ… Այդ ժառանգությունը պիտի մնա: Երկու տարեկան երեխան, երբ նայում է Ֆրունզի նկարին կամ հեռուստացույցով տեսնում է, ուրախացած ճչում է՝ Ֆրունզի՛կը… Անկախ նրանից՝ բեմում տեսել են-չեն տեսել, ծանոթ եղել են, չեն եղել, նրա գոյությունը մարդկանց մեջ կա, մնացել է…

-Մհեր Մկրտչյանին 70 տարեկան պատկերացնու՞մ եք:

-Ինքը միշտ ասում էր՝ վերջացրեք, ես պիտի 90-ից հետո մեռնեմ: Նվազագույնը՝ 78 տարեկան: Մենք մի տարբերություն ունեինք՝ ինքը շատ անօգնական էր, իսկ ես չհաշտվող էի: Երբ մահացավ, ամբողջ գիշեր մենակ նստեցի կողքին ու ամբողջ գիշեր խոսել ենք իրար հետ: Ամբողջ գիշեր: Նա ինձ խորհուրդներ էր տալիս, ու ես ամեն ինչ անում եմ իր ասածի պես:

-Ձեր ամենաուրախ ու ամենատխուր հիշողությունը:

-Ամենաուրախ ու ամենատխուր հիշողությունը մեր ապրած ամբողջ կյանքն է: Բոլոր օրերը եղել են եւ ուրախ, եւ տխուր: Առանձին մի օր, առանձին մի դեպք չկա: Եվ ես երջանիկ եմ, որ այդպիսի եղբայր եմ ունեցել, որ նրա հետ կյանք եմ ապրել: Մահվան ամբողջ օրը իր մոտ էի, մի ժամով միայն տուն գնացի: Իր մութ սենյակում, մենակ… Տուն հասա թե չէ՝ զանգահարեցին, վերադարձա՝ մահացել էր: Ինքը մենակ էր ապրել կյանքը եւ գուցե օրինաչափ էր, որ մենակ էլ պիտի մեռներ: Մենակ՝ իր Աստծո հետ, իր տաղանդի: Այդ մութ տարիներին նա շատ ծանր էր ապրում, ամեն մարդ արցունքի կաթիլ էր նրա համար:

-Կարծում եք, որ հիմա լիներ, կխաղա՞ր, կնկարահանվե՞ր:

-Նա չէր կարող չաշխատել:

-Ամենից շատ ի՞նչ դեր էր ուզում խաղալ, որ չխաղաց:

-Օթելլո: Չգիտեմ՝ ինչպե՞ս էր մեկնաբանելու, ինչու՞ էր ուզում, բայց Օթելլոն անընդհատ մտքի մեջ էր:

-Կինոյում ավելի շա՞տ էր ինքն իր հետ, քան թատրոնում: Թե՞ դա խաբուսիկ տպավորություն է:  

-Խաբուսիկ է: Կար մի ժամանակ, որ բոլորն ասում էին՝ չի խաղում, ինչու՞ չի խաղում: Ինքը մի օր փայլուն պատասխանեց.  ՙԳիշեր-ցերեկ խաղում եմ, ի՞նչ եք ուզում՚: Եվ ճիշտ էր ասում, գնում էր Վրաստան՝ հայերի համար խաղալու, ֆիլմերում էր նկարահանվում: Առանց մի օր, մի ժամ խաղալու՝ նա չէր կարող: Վիրավորված էր Աստծուց, որ տաղանդը տվել է, դրսեւորման հնարավորությունը՝ չէ: Վերջին օրերին ասում էր՝ ֆիլմ նկարի, ես կխաղամ, թեման տալիս եմ՝ քեզ շրջապատել են խելագարները ու ուզում են ապացուցել, որ դու էլ գիժ ես: Ես պատկերացնում եմ՝ ո՛նց կխաղար: Հույս չուներ արդեն կյանքում իր կյանքը փոխելու ու… տխուր էր: Դրամատիկ մե՛ծ դերասան էր ու կյանքի ողբերգության տակ ճկվել էր: Ես իսկապես երջանիկ եմ, որ եղել եմ իր կողքին ու իմ կողքին ունեցել եմ Մհեր Մկրտչյան մեծ եղբայր… Ողբերգությունը կյանքի մասն է, բայց իր կորուստը մի տեսակ չեմ կարողանում ընդունել:

-Ռուս շատ գրականագետներ պնդում են, որ Ալեքսանդր Պուշկինը Դանտեսի հետ մենամարտը ինքն է հրահրել, որովհետեւ այլեւս հոգնել էր ապրելուց: Գուցե ճգնաժամային ինչ-որ ժամանակ է լինում արվեստագետի կյանքում, երբ ապրելն այլեւս իմաստը կորցնում է:

-Մհեր Մկրտչյանը հնարում էր իր աշխարհը ու ապրում էր իր հնարածի մեջ: Իր կյանքում թատրոնը թատրոն չէր: Խորեն Աբրահամյանը պատմում էր, որ երբ Ֆրունզը բեմում էր, կուլիսների հետեւում բոլորը նրա խաղն էին նայում, եւ ինքը փոխում էր միզանսցենը, որ խաղար թե կուլիսների, թե դահլիճի համար… Եվ դա ամեն անգամ անկրկնելի խաղ էր:

***

Մհեր Մկրտչյանի 70-ամյակին նվիրված էջի համար Հրանտ Մաթեւոսյանից խոսք էի խնդրել եւ ստացա.

«Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել: Չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը՝ Մհերը այլ կերպ էր լինելու այդ մեծը, ասենք, որպես ոմն Պոլոզ Մուկուչ, ոմն Պլը Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ՝ ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադրությամբ, դեպքերին ու դեմքերին շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում:Եվ Աստծո այս բեմում Մհերը թերեւս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծու մի մեծ ստեղծվածք՝ իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում, կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում եւ վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր:

Իր համար ինքն էր գրելու եւ գրեց՝ բեմի վրա եւ բեմից դուրս՝ նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը՝ այսօր մեր միջավայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը՝ աշխարհի համար մենք ավելի լավը կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթեւ ու մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեծերը ինչու՞ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչու՞ են մեզնից երես դարձնում: Ի՞նչ է՝ մեծի նրանց պարտքը չէ՞ մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել եւ խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ, թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի»:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին