Հայկական կամավորական գումարտակները պետք է դառնան ԶՈՒ մաս - Mediamax.am

Հայկական կամավորական գումարտակները պետք է դառնան ԶՈՒ մաս
38405 դիտում

Հայկական կամավորական գումարտակները պետք է դառնան ԶՈՒ մաս


2020 թ.-ի Արցախի/Լեռնային Ղարաբաղի պատերազմը վեր հանեց հայկական զինված ուժերում առկա մի շարք խնդիրներ, որոնցից մեկը պահեստազորի արդյունավետ զորահավաք անցկացնելու անկարողությունն էր։ Այն բանից հետո, երբ ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցեց, որ պահեստազորի՝ օրենքով նախատեսված զորահավաքը  այլևս իրեն չի արդարացնում, վերջինս փոխարինվեց ջոկատային մոտեցմամբ՝ կամավորական փոքր՝ 40-ից բաղկացած խմբերով։ Սակայն, այս մոտեցումը նույնպես արդյունավետ չեղավ, քանի որ ջոկատները իրապես ինտեգրված չէին Զինված ուժերի մեջ, կամավորականները չունեին պատշաճ պատրաստվածություն, իսկ հրամանատարները՝ համապատասխան փորձառություն։ Պատերազմից հետո մի նոր միտում սկսեց նկատվել Հայաստանում, այն է՝ մասնավոր կամավորական միավորումների ստեղծումը։ Այս առումով ամենից հայտնին «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) է, որը ձևավորվել էր 2014 թ.-ին և մասնակցել 2020 թ.-ի պատերազմին։ Կան նաև այլ կազմակերպություններ, ինչպիսիք են «Տիգրան Մեծ»-ը և «Ազատազէն»-ը։ Քաղաքացիական ներգրավվման և ակտիվության՝ «ներքից վերև» սկզբունքով աշխատող այս տարբերակը, որը կոչված է իրականացնելու այն գործառույթները, որում պետությունը թերանում է,  կարող է լինել լավ այլընտրանք, բայց միևնույն ժամանակ, այն իր հետ բերում է նոր խնդիրներ և մեծ ռիսկեր։

Այս հոդվածը վեր է հանում գործառնական, նյութական և իրավական այն բոլոր ռիսկերը, որոնք կապված են կամավորական գումարտակների հետ և առաջարկում է որոշ լուծումներ այդ խնդիրներին։

Ինտեգրման և սպառազինության խնդիրը

Վերոնշյալ միավորները հիմնված են քաղաքացիական կամավորների վրա, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել մարզումներին՝ սովորաբար երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին։ Այս խմբերից որոշները՝ ներառյալ ՈՄԱ-ն և «Տիգրան Մեծ»-ը նաև մարտական ծառայություն են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Այս խմբերը բավականին մոտիվացված են,  բայց լայն առնչություն չունեն կանոնավոր բանակի հետ և իրենց մարզումները անցկացնում ենք իրենք իրենցով ՝ հիմնականում դուրս մնալով բանակի կառավարման շղթայից։ Վերջինը, իհարկե, լավագույն ուղին չէ օգտագործելու երկրում առկա մոտիվացված մարդկանց ներուժը։

Կան նաև խնդիրներ հանդերձավորման հետ կապված։ Նրանց հագուստները և զրահաբաճկոնները երբեմն ավելի լավն են, քան Զինված ուժերինը, մյուս կողմից, սակայն, նրանք չեն կարող մարզումների ընթացքում օգտագործել այլ զինատեսակներ, բացի փոքր զենքերից (հիմնականում ինքնաձիգեր)։  Անձնակազմի՝ եղած զենքերի և ամենաժամանակակից սպառազինության տիրապետմանն ուղղված մարզումների բացակայությունը դժվարացնում է այս խմբերի արդյունավետ ինտեգրումը կանոնավոր բանակի հետ։

Երրորդ մտահոգությունը այն է, որ այս միավորները ամբողջությամբ հենված են մասնավոր ֆինանսների վրա։ Ներկայումս Հայաստանի և Սփյուռքի դոնորների շրջանում կա ցանկություն աջակցելու նման ծրագրերին և հուսանք, որ դա շարունակական կլինի։ Այնուամենայնիվ, հույսը այն կատեգորիան չէ, որ պետք է ընկած լինի նման լուրջ սպառնալիքներ ունեցող երկրի ռազմական պլանավորման կամ անվտանգային ճարտարապետության հիմքում, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ մարտական պատրաստություն ունեցող խմբերի տեղաբաշխումը և գործունեությունը հսկայական ծախսեր է պահանջում։

Կամավորները կարող են դատապարտվեն և սպանվեն Ադրբեջանում

Մասնավոր կամավորական միավորների գլխավոր խնդիրը այն է, որ նրանք պաշտպանված չեն գործող պատերազմական կոնվեցնիաներով։ Սահմանային բախումների կամ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարված կամավորականները չեն դիտարկվի որպես ռազմագերիներ։ Արդյունքում, Բաքվի իշխանությունները լավագույն դեպքում կդատապարտեն նրանց ահաբեկչության կամ վարձկան լինելու մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ նրանք կգնդակահարվեն հենց ռազմադաշտում։ Սա անտեսելը այս դեպքում կնշանակի հետ կանգնել հայ զինվորների ճակատագրի նկատմամբ ունեցած բարոյական պարտավորությունից։

Վերոնշյալ իրավիճակը հիպոթետիկ չէ, քանի որ արդեն իսկ Ադրբեջանի իշխանությունները և զինված ուժերը բացեիբաց գնդակահարել են հայ ռազմագերիներին, որոնց լուսանկարները և տեսանյութերը նաև տարածվել են Ադրբեջանի իշխանամետ լրատվական աղբյուրներում՝ հիմնականում Տելեգրամ և այլ սոցիալական մեդիաների միջոցով։

Մեկ այլ օրինակ, որն ակնհայտ է դարձնում նման ռազմականացված խմբերին սպառնացող հնարավոր վտանգները, Ադրբեջանում՝ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ գերեվարված անձանց դատավարություններն են, չնայած նրան, որ դրանք հակասում են միջազգային քրեական իրավունքի կոնվենցիաներին։

Կարևոր է նաև նշել, որ միջազգային հանրությունը աջակցում է Հայաստանի դիրքորոշմանը. ամենավերջին գնդակահարության դեպքերը դատապարտվեցին բազմաթիվ երկրների կողմից՝ ներառյալ ԱՄՆ-ի:

Ավելին, հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միջնորդական դեր ունեցող երկրները ջանքեր են գործադրում ռազմագերիների ազատման ուղղությամբ, ինչը երբեմն հաջողությամբ է պսակվում։

Մեկ այլ միջազգային բնույթի խնդիր, որը կարող է գլուխ բարձրացնել, պաշտպանական սպառազինության ձեռք բերման հարցն է, մասնավորապես այն երկրներից, որոնք զենքի վաճառքին զգուշորեն են մոտենում, ինչպիսիք են օրինակ՝ արևվտյան երկրները։ Թեև ներկայումս Հայաստանը զենք չի գնում այդ երկրներից, այժմ կա դիվերսիֆիկացիայի միտումներ այս առումով՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոչ պաշտոնական սառեցմամբ։ Մասնավոր ֆինանսավորմամբ գործող ոչ կանոնավոր զինված խմբերի կիրառումը այս պարագայում լավագույն ուղին չէ արևմտյան սպառազինության ձեռք բերման, պահպանման և կիրառման համար անհրաժեշտ պատրաստվածություն և բարձր ստանդարտներ ցուցադրելու համար, մինչդեռ տեսականորեն Երևանը կարող է գնել այդ սպառազինությունը։

Առաջարկվող լուծումներ

Գոյություն ունեցող լուծումները օպտիմալ չեն Հայաստանի անվտանգության համար։ Միևնույն ժամանակ կան որոշ նշաններ, որ դրական տեղաշարժեր են տեղի ունենում այս առումով. կամավորական միավորների հիմնական անձնակազմը կարճաժամկետ պայմանագրեր է կնքում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ և մարտական ծառայության անցնում Ադրբեջանի հետ սահմանին, որը փաստացի նրանց դարձնում է Զինված ուժերի մաս։ Սա նաև թույլ է տալիս ծառայության ընթացքում բանակից ստանալ որոշ փոքր զինատեսակներ։ Սակայն մյուս կողմից, չենք կարող ամբողջությամբ փաստել, որ այս միավորները ամբողջությամբ ինտեգրված են պետության պաշտպանական ինստիտուտների հետ։

Կամավորական խմբերի ձևավորման և կիրառման ամենաթարմ և հայտնի օրինակը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որը սկսվել է 2014 թ.-ին։ Այն ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերը բավական վատ վիճակում էին, զորքերի մեծ մասը շարքից դուրս էին եկել, ինչը հանգեցրեց կամավորական գումարտակների ձևավորմանը, որոշ չափով այնպես, ինչպես դա եղավ Հայաստանում։ Առանցքային տարբերությունը այստեղ ուկրաինական պետության մասնակցությունն էր այս խմբերի ձևավորման գործում. բոլոր միավորումները կա՛մ մաս էին նոր ձևավորված Ազգային գվարդիայի (այն գործում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կազմում) և Տարածքային պաշտպանության զորքերում (ստեղծված Գլխավոր շտաբի կողմից), կա՛մ մաս էին Զինված ուժերի։ Այդ խմբերից որոշները ունեին և ունեն մասնավոր ֆինանսավորում, բայց այն 100%-ով չի ծածկում գործառնական ծախսերը, այն ավելի շատ կոչված է պետական ֆինանսական կարողությունները լրացնելու, բայց ոչ՝ փոխարինելու։

Քանի որ այս պահին Հայաստանը ձևավորում է սեփական Տարածքային պաշտպանության ուժերը, ստեղծվել է լավ հնարավորություն եղած կամավորական խմբերը ընդհանուր պետական համակարգի մեջ ինտեգրելու համար։ Նրանք պետք է դառնան Տարածքային պաշտպանության գումարտակներ։ Միևնույն ժամանակ, այս խմբերը պետք է պահպանեն իրենց անունները, հրամանատարներին, ներքին ավանդույթները, ինչպես նաև դոնորների աջակցությունը, որը, սակայն, չպետք է հարուցի այս խմբերի լոյալության կամ առաջնահերթությունների հետ կապված խնդիրներ։ Այս զորքերը պետք է ֆինանսավորվեն պետության կողմից այնպես, ինչպես նոր ձևավորվող գումարտակները, իսկ մասնավոր աջակցությունը պետք է լինի միայն օժանդակ և կատարվի պետական խողովակների միջոցով։
 Զուգահեռ, անկախ կամավորական խմբերի գործունեությունը պետք է խստորեն արգելվի և սահմանվեն նման խմբերի ստեղծման պետական ընթացակարգեր։

Լեոնիդ Ներսիսյանը APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող է: Նա «Փոթորկին սպասող. Հարավային Կովկաս» և «Փոթորիկ Կովկասում» գրքերի համահեղինակն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին