ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հնացել է - Mediamax.am

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հնացել է
18299 դիտում

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հնացել է


Պետությունների մեծամասնության համար Ազգային անվտանգության ռազմավարությունը ամենակարեւոր եւ հիմնարար փաստաթղթերից է։ Բացառություն չէ նաեւ Հայաստանը, ուր նման փաստաթուղթ ընդունվել է դեռեւս հեռավոր 2007 թվականին եւ այդ ժամանակից ի վեր չի թարմացվել։ 

 

Վերջին 12 տարիների ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, իսկ Հայաստանի ներքաղաքական լանդշաֆտը փոխվել է ինչպես սահմանադրական բարեփոխումներից, այնպես էլ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո: Որքանո՞վ է այսօր արդիական առկա Ազգային անվտանգության ռազմավարությունը եւ ի՞նչ փոփոխություններ է այն պահանջում:

 

Հնացել է գրեթե ամեն ինչ

 

Ինչպես արդեն նշեցինք, 12 տարիների ընթացքում բազմաթիվ եւ բազմաբնույթ փոփոխություններ են տեղի ունեցել: Դա վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքական իրավիճակին: Ամենապարզ օրինակը միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունն ու ինտեգրացիոն նախագծերն են՝ ռազմավարության մեջ բառ անգամ չկա ԵԱՏՄ-ի մասին։ Դա զարմանալի չէ, հաշվի առնելով այն փաստը, որ 2007 թվականին այդ կազմակերպությունը գոյություն չուներ: Համապատասխանաբար, պետք է վերանայվեն նաեւ տնտեսական բազմաթիվ դրույթներ։ 

 

Նույնը վերաբերում է տեղեկատվական (այդ թվում՝ կիբեր) անվտանգության թեմային՝ այն գրեթե ներկայացված չէ 2007 թվականի փաստաթղթում, թեեւ այսօր դրան պետք է առանձին, մանրակրկիտ ուշադրություն դարձնել:

 

Արցախի թեման նույնպես պետք է վերանայվի 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո․ ռազմական ագրեսիայի իրականացման ցածր հավանականության մասին ձեւակերպումները պետք է բացառվեն, իսկ հակամարտության կարգավորմանը վերաբերող դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, պետք է խստացվի՝ ներառելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության մասին դրույթը (Արցախի Սահմանադրության շրջանակում)։ 

 

Զինված ուժերի շինարարության մասին կետը նույնպես հնացել է՝ դրանում խոսվում է բացառապես պաշտպանական ռազմավարության մասին, որն այսօր արդիական չէ։ Զինված ուժերի զարգացման թեման ավելի մանրամասն նկարագրված է ռազմական դոկտրինայում, որը նույնպես վերանայման կարիք ունի, սակայն այս հարցն արժանի է առանձին վերլուծության:

 

Ինչ վերաբերում է ներքաղաքական փոփոխություններին, ապա երկրի անցումը խորհրդարանական կառավարման համակարգի եւ, ընդհանուր առմամբ, «թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած փոփոխությունները նույնպես արտացոլանք են պահանջում երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում:

Պակաս կարեւոր չէ հակակշիռների ու զսպումների գործունակ համակարգի ձեւավորումը՝ որեւէ կոնկրետ անձի ձեռքում իշխանության ավելորդ կենտրոնացումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ նախագահի ինստիտուտի եւ նրա  լիազորությունների հստակ տեղը սահմանելու համար (այդ թվում՝ որպես հավասարակշռող օղակ)։ Նախագահի ու նրա աշխատակազմի դերն այդքան էլ  հստակեցված չէ, եւ այդ բավականին հզոր գործիքը լիովին չի օգտագործվում ի շահ պետության: Օրինակ՝ Արմեն Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը, կարող է զգալիորեն ուժեղացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով ինչպես տարբեր երկրների քաղաքական գործիչների ու խոշոր գործարարների, այնպես էլ հայկական սփյուռքի հետ նրա հզոր կապերը:

 

Ձեռք բերված արդյունքների գնահատումը եւ հայկական ռեսուրսների գույքագրումը

 

Փաստաթղթում հայտարարված արժեքները, մարտահրավերները, սպառնալիքները եւ ներքին ու արտաքին անվտանգության ռազմավարության սկզբունքները 2007 թվականին բավականին արդիական էին։ Սակայն մեզ մոտ բացակայում է 12 տարվա ընթացքում կատարվածի գնահատականը։ Սուբյեկտիվ ընկալմամբ, սահմանված  ուղղություններից շատերը ձախողվել են, մյուսները՝ իրականացվել են ոչ ամբողջությամբ: Դա վերաբերում է տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը, տրանսպորտային անվտանգության ապահովմանը, ատոմային էներգիայի նոր հզորությունների ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը, հասարակության բեւեռացման հաղթահարմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտի զարգացմանը եւ այլն։ 

 

Շատ կարեւոր է նաեւ գրագետ կառուցել Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ փոխգործակցությունը՝ անհրաժեշտ է ուժեղացնել ոչ միայն պետության, այլեւ ազգային ինքնության կառուցումը։ Այս ասպարեզում վերջին տարիներին ավելի շատ հիասթափություններ, քան լավատեսության առիթներ են եղել:

 

Բոլոր այս կետերը մանրակրկիտ վերլուծություն եւ գնահատում են պահանջում, առանց որի նորացված Ազգային անվտանգության ռազմավարության ստեղծումն իմաստ չի ունենա։ Մակերեսային մոտեցման արդյունքում կառաջանան զգացմունքային եւ դրական կարգախոսներ, որոնցից շատերը անիրականանալի կլինեն, իսկ իրապես կարեւոր ուղղություններ կարող են բաց թողնվել: Գործող ռազմավարությունը որոշակիորեն դարձավ նաեւ այդ գործոնների զոհը:

 

Պահանջվում է առկա բոլոր ռեսուրսների խորը գույքագրում ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Առանց սկզբնական ճշգրիտ կոորդինատների որոշման, լուրջ փաստաթղթի ստեղծումը նույնպես անհնար կլինի, իսկ սահմանված նպատակները  կարող են անիրագործելի, կամ ամբողջովին սխալ լինել:

 

***

Այս ուղղությամբ աշխատանքը պետք է սկսվեր դեռեւս մի քանի տարի առաջ, եւ չի կարելի էլ ավելի հետաձգել այդ գործընթացը։ Փաստաթղթի վրա աշխատելու համար պետք է ներգրավվեն ոչ միայն պետական առաջատար ծառայողներ, այլեւ լավագույն փորձագետներն ու մասնագետները, հնարավոր է նաեւ սփյուռքի որոշ մասնագետների ներգրավումը։ Ստեղծված (կամ թարմացված) փաստաթուղթը պետք է նաեւ «կարմիր գծեր» սահմանի, որոնք չի կարող հատել Հայաստանի եւ ոչ մի կառավարություն, իսկ այդ գծերի հատումը ներքաղաքական պայքարում պետք է բացառվի: Հետագայում Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է պարբերաբար թարմացվի եւ դառնա իսկապես հիմնարար փաստաթուղթ, այլ ոչ թե հեռավոր պահարանի դարակում մոռացված թուղթ։ Գաղտնի կետերը եւ գործունեության ուղղություններն ամրագրելու նպատակով կարող է մշակվել նաեւ փաստաթղթի փակ հատվածը։ 

 

Լեոնիդ Ներսիսյանը ռազմական վերլուծաբան է, Armenian Research & Development Institute-ի (ARDI) պաշտպանական հետազոտությունների բաժնի ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին