Գրետա Սարգսյան. Թուրքերն իրար հաղորդում են՝ բարձունքում Վազգենն է, հանկարծ չխփեք - Mediamax.am

Գրետա Սարգսյան. Թուրքերն իրար հաղորդում են՝ բարձունքում Վազգենն է, հանկարծ չխփեք
3892 դիտում

Գրետա Սարգսյան. Թուրքերն իրար հաղորդում են՝ բարձունքում Վազգենն է, հանկարծ չխփեք


Կարդացեք նաեւ. Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս

Ընտրություններում հաղթեցին: Մենք էդ ժամանակ իր մոտ էինք: Ուզում էինք տուն գնալ, չթողեց, թե մի գնացեք դեռ: Մի օր եկավ, թե խոսելու բան կա: Ասեց՝ երկու-երեք ամիս համոզում են, որ վարչապետ դառնամ, ասեք-տեսնեմ՝ դուք ի՞նչ եք ասում: Ասեցի, Վազգեն ջան, էդքան տարի չարչարվեցիր, էրեխու պես բանակը պահեցիր-մեծացրիր, ոտքի հանեցիր, հիմի մի քիչ հանգիստ է, գոնե հիմա հանգիստ քո բանակով զբաղվիր: Արտաշես արքայի որդի Արտավազդի օրն ես ընկնելու՝ էս ավերակներին ո՞նց ես թագավորելու… Ասեցի՝ Վազգեն ջան, կարո՞ղ է՝ ուզում են թևերդ կտրել, որ չկարողանաս էդ տնտեսությունը ոտքի հանել, ձախողվես ու քեզ մրոտեն-հանեն: Ծիծաղեց, ասեց՝ Մոսոյի նման ես մտածում: Ասեց՝ էս երկու ամիս տալիս-առնում եմ, ինձ վարչապետություն պետք չի, չեմ ուզում գնալ, բայց մտածում եմ, որ չկա էնպես մեկը, որ նստի էդ աթոռին ու մտածի երկրի ու ժողովրդի մասին:

Երկիր չի մնացել, ժողովուրդ չի մնացել, տնտեսություն չկա: Բանակը տնտեսությունից առաջ է անցել, երկու տարի հետո բանակը պահելու հնարավորություն չենք ունենալու: Ոչ մի նորմալ երկրում չի լինում, որ բանակը տնտեսությունից առաջ անցնի: Ես գնում եմ, որ տնտեսությունը ոտքի հանենք, որ կարողանանք բանակ պահել, պատերազմը դեռ չի ավարտվել, ինչ իմանաս՝ ի՞նչ կլինի: Հայրն էլ ասաց՝ մարդը երեսունից քառասուն տարեկանում է կյանք անում, տուն-տեղ դնում, ամուսնանում, դու քո կյանքի լավագույն տարիներն անցկացրիր: Կուզեի, որ նախարարությունն էլ թողնեիր, ոչ մի աթոռ չունենայիր, գայիր, կողքիս նստեիր, ամուսնանայիր, հանգիստ կյանքով ապրեիր, դու գիտես՝ ինչ ուզում ես արա:

Եթե ինքը չդառնար վարչապետ, էդ ամեն ինչը չէր լինի: Ախմախ-ախմախ ասեցի՝ գնա, տղա ջան, Աստված քո թիկունքին է: Երազիս մեջ տեսել էի, որ մեջքը լվանում եմ, մաքրում եմ՝ թիկունքին Մարիամ Աստվածածնի նկարն է բացվում՝ Հիսուսը գրկին: Ուրախացել էի, որ Աստված իր թիկունքին է: Մարիամ Աստվածածինը իրեն շատ փորձանքներից է փրկել: Փոքր ժամանակից: Ասեցի՝ տղա ջան, Քրիստոսն իր խաչը տարավ, դու էլ քո խաչը տար, գնա: Գնաց: Հաջորդ օրը շուտ տուն եկավ, զարմացա՝ էս ինչի՞ եկար: Ասաց՝ արդեն ներկայացնելու են: Անտրամադիր էր, խոսել չէր ուզում: Ես էլ, հայրն էլ անտրամադիր էինք: Գնաց գործի, եկավ տուն: Գնաց գործի, եկավ տուն: Վերջին անգամ՝ գնացի, ձեռքս գցեցի ուսին ու ասացի՝ անհանգիստ եմ շատ, էնքան լավ կլինի, իրենց որոշումը փոխեն: Ասեց՝ չէ, Սոֆի ջան, հրամանս տվել են: Ասեցի՝ տղա ջան, դու կհաղթես, դու որ պատերազմում հաղթեցիր, չեղած տեղից բանակ սարքեցիր, տնտեսությունը ոտքի կհանես:



Մի ամիս հետո եկավ տուն, պառկեց խոտերին, գնացի կողքը նստեցի, հարցրի. «Վազգեն ջան, բալա, ի՞նչ ես անում, գլուխ հանու՞մ ես»: Մի տարուց ավելի տնտեսագիտական գրքեր էր կարդում, ծանոթանում էր տնտեսությունը վարելուն, ասեց. «Հա, Սոֆի ջան, էդքան էլ դժվար չի, ինչքան պատկերացնում էի: 91 թվին շատ ավելի դժվար էր, երկու տարում ամեն ինչ կկարգավորվի»:

Հետագայուն եղան աստղագուշակներ, որ եկան մեր տուն, ասացին՝ գնացել ենք իր մոտ, թույլ չեն տվել, որ մտնենք, զգուշացնենք, որ իրեն վտանգ է սպառնում: Բան էիր ասում, ասում էր՝ շպիոնամանիայով եք տառապում: Իմ երկրում ես ումի՞ց պիտի վախենամ: Պատերազմում էլ բրոնեժիլետ չէր հագնում: Մի ռեժիսոր կար՝ Ռուբեն Շահնազարով, անցած տարի եկել էր մեր տուն, պատմում էր, որ մի օր գնացել էր ֆիլմ նկարելու, խրամատում էին, Վազգենը եկավ դիրքերը: Մեկ էլ թշնամու ուղղաթիռը եկավ ու կրակում է, դե մարդ ես, վախենում ես, ամեն մեկը մի անկյուն մտան, որ չկպչի: Վազգենը ձեռքը գցեց զենիթային հրանոթին, դրեց կրծքին ու կրակում է… Ի՛նչ գոռոց է դրել, ի՛նչ հայհոյանք, ու կրակու՛մ է, կրակու՛մ է… Նա կյանքում բրոնեժիլետ չի հագել: Գրպանում կյանքում զենք չի դրել: Ասում էի՝ տղա ջան, ախր մի ատրճանակ գոնե պահիր մոտդ, մենակ նստում ես, գիշերները գալիս-գնում ես, ասում էր՝ մի բան, որ մարդու կյանք է խլում, մարդ ձեռքը կվերցնի՞… Սկզբնական շրջանում տղերքին էլ չէր թողնում, որ զենք պահեն: Մոսոն վերջին տարիները թաքուն էր ավտոմատը դնում մեքենայի մեջ: Ասում էր՝ ես վախենալու պատճառ չունեմ, բոլոր կուսակցությունների հետ էլ իմ հարաբերությունները նորմալ են: Բայց մարդիկ առերես ուրիշ էին… Իսկ ինքը հավատավոր մարդ էր: Ավելորդ կասկածամտությամբ չէր տառապում, չէր ուզում շրջապատում թշնամիներ տեսնել: Ի՞նչ իմանար՝ իր ընկեր կարծածները ի՞նչ են անում իր թիկունքում:

99-ի մարտին Քոչարյանի նախագահության մեկ տարին լրացավ, զանգեց, թե Սոֆի ջան, չենք ուզում ռեստորան գնանք, ուզում ենք տնական նստենք, ուրախանանք, հյուր կընդունե՞ս: Երեքով եկան, դուդուկահար Ջիվան Գասպարյանն էլ հետները, ուրախացան, կերան-խմեցին, քեֆ արեցին, շնորհավորեցին: Գնալիս էլ հանեցի շղթայով խաչ նվիրեցի էն երկուսին՝ ասեցի՝ խաչը ձեզ պահապան, առողջ եղեք, իմ բալիկի հետ միասին երկիրն առաջ տարեք: Ի՞նչ իմանայի՝ նրանց հոգում ինչ կար:

…Դատին չեմ հավատում, ոչ մի նշանակություն չեմ տալիս: Դա ոչ թե դատ է, այլ՝ խեղկատակություն: Ի՞նչ դատ, որ դատավորը ծպտուն հանել չի կարողանում, էդ ստահակները, էդ ոճրագործներն են դատը վարում: Ի՞նչ դատ: Առաջին օրերը գնում էի, հույս ունեի, որ տղամարդիկ են, թասիբ կունենան, կբացահայտեն՝ ո՞վ է կանգնած դրանց թիկունքում: Հազար անգամ երկինք բարձրանան, իջնեն գետին՝ նրանք մենակ չեն եղել: Էդ իրենք ո՞վ էին, որ ըտենց մտնեին խորհրդարան ու էդ եղեռնը կատարեին: Նրանց թիկունքում մարդիկ կան՝ պիտի դա բացահայտվի, պիտի դա ապացուցվի: Չեն ուզում, կոծկում են: Էդ մարդասպանը գալիս է սիրուն հագնված, սափրված, իր համար հուշեր ու ոտանավորներ է գրում, սա չի՞ նշանակում, որ առոք-փառոք պահում են: Ի՞նչ դատավարություն: Մինչև հիմա ի՞նչ են ասել, մեկ տարի է անցել, ի՞նչ են պարզել: Դեռ մարդիկ կան, որ փող են տալիս, էդ վիժվածքների հոր գիրքն են տպում: Ես ոչ մի կարևորություն չեմ տալիս էդ դատին: Ոչ հեռուստացույցով եմ նայում, ոչ թերթերն եմ կարդում: Գիտեմ, որ սարքած շոու է, Խորեն Սարգսյանը ճիշտ ասաց՝ դատը ինչ-որ տեղ կայանում է, որոշվում է՝ ինչ պիտի լինի ու դատարանում խաղում են: Դատավորն էլ մեղք է, ամոթ է, որ տղամարդն այդքան խեղճանա ու կամակատար դառնա: Ինչի՞ էր հանձն առնում գործը, որ գիտեր՝ պիտի այդքան ճնշումներ գործադրեն: Քանի էս ղեկավարությունն է, դատը էսպես շոու է մնալու, չի էլ ավարտվելու, ջուր են ծեծելու… Երկրում մահապատիժ են վերացնում, ինչու՞: Վազգենի ընկե՞րն է ասում՝ քանի ես կամ, մահապատիժ չի լինելու: Էդ ինքը հավե՞րժ է: Հայտարարեց-չհայտարարեց՝ քանի՞ սպանություն եղավ: «Առագաստինն» էլ հետը: Էս երկրում մտավորական չի՞ մնացել: Ի՞նչ ունեն վախենալու, իրենց ձիրքը նախագա՞հն է տվել, իրենց շնորհքը իրենցից առնելու՞ է:

…Վազգենի էքնահողի օրն էր՝ հայրը գոռալով տուն մտավ: Այ մարդ, էլի ի՞նչ պատահեց: Արամին ուզում են վարչապետ տանեն: Արամ ջան, գործ չունես: Ինքը հենց Վազգենի դիակի մոտ ասաց՝ մտնելու եմ քաղաքականություն, եթե չմտնեմ, էս գործը չի բացվի: Արամի նպատակը դա էր: Սկզբում մտածում էինք՝ դատ ու դատարան կա, կառավարություն կա, նախագահ կա, օրինականություն կա: Մենք օրինապահ մարդիկ ենք, պետականություն ու օրենք հարգող մարդիկ ենք: Իմ տղան էդպես էր սովորեցրել: Արամի հանելն էլ հենց նպատակ ուներ, որ գործը չբացվի: Եթե Արամն էնտեղ լիներ, լծակներ կունենար, իրենք չէին կարող էդ տականքներին այդքան օգնել՝ իրենց խոստումները կատարել: Մինչև Արամի հանելը բավականին լավ էր, չեմ ասի, թե սկզբնական շրջանում գործը վատ էին տանում: Մի ամիս էր անցել՝ ասում էին ևս 3 օր, գործն արդեն բացված է…



Ոչ Արամին, ոչ Վազգենին աթոռ պետք չէր, էդ պաշտոններից դառնությունից բացի, վշտից ու ցավից բացի ոչինչ չեմ տեսել: Զավենը հիվանդացավ, ես հիվանդացա: Վազգենը քանի՞ անգամ սրտի նոպա է ունեցել, գիտեի՞ք, նույնիսկ ես չեմ իմացել, տղաները հետո էին պատմում: Ո՞վ է իմացել: Հե՞շտ էր էդ շնագայլերի ոհմակից  գլուխ հանելը: Հիմա եմ զգում, հիմա եմ հասկանում, էն ժամանակ Վազգենը տանը էդ մասին չէր խոսում, որ տուն էր գալիս, երեխաների հետ էր խաղում, լիցքաթափվում, գնում էր: Իր մեծությունն այն էր, որ կարողանում էր բոլորին իրենց տեղում պահել, հաշտեցնել, խաղաղեցնել, ում էլ պատժում էր, մի քանի օրից կանչում, սիրտն առնում էր: Վազգենի մեջ նենգություն չկար, քեն չկար:

…Որ էդ տականքն իմացավ՝ մահապատիժ չկա, ինքը ողջ է մնալու, ոչինչ չի ասի: Ես նախագահին ասել եմ՝ վաղը-մյուս օրը բանտից կհանեք, փողերը կտաք ձեռքը, կուղարկեք արտասահման: Որ հույս տված չլինեք, էդքան վստահ չի պահի իրեն: Ասաց՝ «Վիրավորական բաներ եք ասում, տիկին Գրետա», իսկ ես էս ամեն ինչից չե՞մ վիրավորվում: Նա պիտի զգա, որ մահապատիժ կա, զգա, որ իրեն այլևս չեն պաշտպանում: Դա է նրան մղելու ճշմարտության: Թե չէ նրան մի գիշերում բանտում կսատկացնեն: Բայց էդ ամենահեշտն է: Որ իմ տղաները էսպես խաղաղ-հանգիստ սպասում են, ինչի՞ են սպասում: Արմենս գիշերները չի քնում, Արամս գժվում է: Գիտե՞ս՝ ինչ վիճակում են: Վազգենին սպանեն ու իրենք էսենց սուսուփուս սպասե՞ն: Ցերեկները մի կերպ դիմանում եմ, գիշերները ուզում եմ վեր կենամ գնամ-գնամ-գնամ… Ու՞ր գնամ: Ի՞նչ անեմ: Նրանց սատկացնելը՝ կսատկացնեն, բայց պիտի ճշմարտությունն ասեն՝ նոր սատկեն: Ու պիտի պահանջենք, որ զոհերի հարազատներից ներկայացուցիչներ լինեն մահապատժին, որ չփրկեն, որ չփախցնեն: Մահապատիժ չի կարելի տալ էն մարդուն, ում հանցանքը հաստատ ապացուցված չէ, որ մի տոկոսի կասկած կա, թե մեղավոր չի, բայց էս դեպքում ուրիշ ի՞նչ ապացույց է պետք, որ մարդասպանը մարդասպա՞ն է: Արտասահմանից պահանջում են, որ 1915-ի եղեռնը ընդունեն, իրենք իրենց խորհրդարանում կատարված եղեռնը կասկածի տակ են դնում: Ժամերով խորհրդարանի գետնին պառկած պատգամավորները ու նախարարները Վազգենի չէ, թող իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Բա իրենց ինքնասիրությունը չի՞ վիրավորվում, որ Պարույր Հայրիկյանը մարդասպաններին է պաշտպանում: Բա մեկնումեկը չի՞ հարցնում՝ Պարույր Հայրիկյան, որտե՞ղ էիր, գայիր մեր իրավունքները պաշտպանեիր, որ մեզ վրա կրակում էին, մեզ ստորացնում էին…

Էս ինչի՞ ենք հասել: Աթոռի համար ամեն ինչ կմոռանա՞ն: Էդ աթոռը էսօր կա, վաղը չկա, բա տղամարդկությու՞նը, բա մարդկությու՞նը, բա պատի՞վը:

Մուշեղ Սաղաթելյանը իր կարծիքն ասեց, բռնեցին: Դե թող ապացուցեն, որ էդպես չի, ինչի՞ են բռնում: Արտասահմանից համարս իմանում, զանգում են՝ նույնն են ասում՝ «անոնք են», հա «անոնք են, փան մը ըրեք: Մանչուկն ալ գիտե՝ անոնք են»: «Մենք ձեզնից Սպարապետ կուզենք»: Մեկին տվեցի, գլուխը կերան, երկրորդին էլ տվեցի, ուրիշ ինչ անեմ: Դե թող բոլորին բռնեն: Բա ինձ ինչու՞ չեն բռնում: Մուշեղին են բռնում: Էդ մարդիկ իրենց կյանքն են դրել էս երկրի համար: Բանակի տասնամյակ են անում, մահապարտների հրամանատար Ալբերտ Բազեյանի պես մարդուն չեն կանչում: Էդ մարդը կռվել-վիրավորվել է, դու՞ք ինչ եք արել: Արցախը թողել, փախել են երևանները: Վաղարշակ Հարությունյանին չեն կանչում: Ստորություն չի՞: Ես էդ օրը գեներալներին ասեցի՝ անձնական հաշիվները նման դեպքերում մի կողմ են դնում: Էդ բանակը Լևոնի, Վանոյի, Վազգենի, Բաբկենի ժամանակ է կայացել ու հաղթանակներ տարել: Այո, թերություններ ու սխալներ կային: Բա ոնց: Անփորձ մարդիկ, պատերազմ, երկրաշարժ, շրջափակում: Բա ոչ մի ճիշտ բան չի՞ եղել: Անկախություն չի՞ եղել: Արցախը չի՞ ազատագրվել: Բանակ չի՞ ստեղծվել: Հանրապետության առաջին նախագահը, էդ բանակի առաջին գերագույն գլխավոր հրամանատարը բա բանակի 10-ամյակին չլինի՞: Պուտինը Ելցինին կասի՞ նախկին հանցավոր նախագահ է: Դա կուլտուրա է, դա երկրի պատմություն է: Դա դաստիարակություն է: Արամս ճիշտ էր ասել՝ երկրի որ ղեկավարին էլ նման բան եղած լիներ, Վազգենս ողջ լիներ, ընթացքը էս չէր լինի:

Արդարությունը, ճշմարտությունը սիրող մարդ եմ ու ամեն ինչին սթափ եմ նայում, ես գտնում եմ, որ չի կարելի  նենգություն անել, գրքի, թերթի երկու երեսն էլ պիտի կարդաս: Ժապավեն կտրելուց բացի ոչինչ չեն անում ու առավոտից իրիկուն նրանց սխալներից են խոսում: Էնքան խոսեցին, ժողովրդին էլ թշնամացրին:

Էս նենգության, էս անբարոյականության մթնոլորտում ի՞նչ պիտի լինի էս երկրի, էս ժողովրդի վիճակը: Սխալ է, թե Վազգենը բերեց, թե Վազգենն է մեղավոր: Էս ամեն ինչը նախապես լավ նախապատրաստված քայլեր էին ու Վազգենն էլ մենակ չէր որոշումներ ընդունում: Վազգենին էլ համոզեցին: Վազգենն էլ մտածում էր՝ Ղարաբաղի հարցը ուրիշ ո՞վ պիտի ավելի լավ լուծի, եթե ոչ Ղարաբաղի նախագահը: Հեչ էլ էնպես չի, թե Վազգենը հանուն Ղարաբաղի Հայաստանը քանդեց: Վազգենը կենդանի լիներ ու Հայաստանը քանդվե՞ր: Ղարաբաղ տայի՞ն: Վազգենը մարդուն մարդու տեղ էր դնում, իր արշինով էր չափում, նենգությունը չէր տեսնում, հավատում էր: Իսկ նախագահ դառնալու հարցում արդեն հայտնի չէ, թե ինչ խաղեր խաղացին Վազգենի գլխին: Մի քանի ամիս անց Վազգենն ինձ ասաց՝ Լևոնը պիտի հրաժարական չտար, շատ իզուր հրաժարական տվեց, Լևոնը եթե մնար, միասին գերազանց կաշխատեինք: Ուրիշներին էլ է ասել:

100 տարի, 200 տարի՝ իր նման էլ չի լինի: Էդքան պահանջկոտ, էդքան պատասխանատու, ու էդքան բարի: Էդքան կամեցող: Էդքան ազգային: Եվ էդքան՝ արխային…»:

Դիմացդ Արարատն է, երբ տուն ես գնում, ու Արարատն է թիկունքիդ, երբ տնից դուրս ես գալիս: Ինքդ որոշիր՝ ինչպես ապրես:

Ապրեց: 40 տարի՝ մեր կողքին էր ու մահից հետո միայն պիտի հասկանայինք՝ ով էր: Մահից հետո: Քչերս: Որովհետև մահից հետո էլ Վազգեն Սարգսյանը այս երկրի միակ ու իսկական ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ է, իրական ու միակ ՎԱՐՉԱՊԵՏԸ: Ու որովհետև նաև այս երկրի ՏԵՐՆ էր, այլևս մեր կողքին չէ: Եվ ոչ մի նշանակություն իր համար արդեն չուներ՝ ով ինչ կասի, ով ինչ կանի, ինքն իր ԳՈՐԾԻ ու իր ԵՐԿՐԻ հետ էր: Մենք պիտի նրան հասնելու ճանապարհն անցնենք: Մենք պիտի նրան հասկանալու ճանապարհն անցնենք: Կարողացա՞նք: 21-րդ դարը մերը կլինի: Չկարողացանք, իր ժամանակը իրենն ու իրենն է: Ինքն այլևս երկիր ու ժամանակ է:          

…Հարցազրույցից հետո ինձ ստիպեցին հաց ուտել՝ «Մեր տնից ոչ ոք սոված դուրս չի եկել: Քանի ժամ է՝ մեր տանն ես, տոլմա եմ եփել, Վազգենիս սիրած տոլման, ո՞նց չուտես»: Ու ես կերա աշխարհի ամենահամով տոլման, որից հետո ոչ մի տոլմա տոլմայի համ չուներ:

***

Այդին Մորիկյանը կազմում էր «Վազգենը» գիրքը, ու ես գնացել էի Արարատ՝ Վազգեն Սարգսյանի ծնողների, հարազատների, իր այդքան սիրած «էրեխեքի» հետ հարցազրույցների, ավելի ճիշտ՝ մտերմիկ զրույցների՝ ի՞նչ են հատկապես հիշում, ի՞նչ են ուզում ասել…

Եվ Գրետա Սարգսյանը պատմեց Վազգենի «մանկության տարիների ամենածիծաղելի հիշողությունը»՝ ծիրան ծախելու պատմությունը.

- Հինգերորդ դասարանի երեխա էր, մեր թաղի իրեն տարեկից բոլոր երեխաները, ովքեր ծիրան ունեին, քաղում էին, արկղերով տանում կայարան, որ մեզ մոտիկ էր, ու վաճառում էին անցող-դարձող գնացքների ուղևորներին: Վազգենը մի օր եկավ, թե. «Մամ, ես էլ եմ ուզում ծիրան տանեմ, ծախեմ»: Ասում եմ՝ «Տղա ջան, անհարմար է, ինչու՞ ես տանում ծիրան ծախես»: Վազգենը թե՝ «Բոլորը տանում են, ես էլ եմ ուզում»: Ասացի՝ «Դե ուզում ես՝ տար-ծախի»: Բարձրացավ ծառը, հատիկ-հատիկ ծիրանները քաղեց, բերեց, շարեց փայտե երկու արկղերում, վերցրեց, առավ, գնաց կայարան: Ծիրանն էլ այն ժամանակ այնքան էժան էր, որ ասելու չէր: Երկու արկղ ծիրանից երկու ռուբլի փող աշխատեց: Երկու ճռճռան ռուբլիանոցներ ձեռքին եկավ՝ «Մամա, ծիրանը ծախել եմ, երկու ռուբլի էլ փող եմ բերել»: Ծիծաղում ենք, ուրախանում ենք՝ Վազգենը փող է աշխատել… Մեկ էլ թնկթնկալով, ունքերը կիտած եկավ՝ «Մամ, երկու ռուբլիս կորավ»: Ո՛նց են արցունքները թափվում՝ հոնգուր-հոնգուր: Ասում եմ՝ «Այ տղա ջան, կորավ, կորավ, լավ, ինչ անենք, մի լացի»: «Ոնց թե լավ, ես էդքան չարչարվեցի, ոնց թե կորավ»: Ասում եմ՝ «Վազգեն ջան, գնա լավ նայի, որտեղ էիր խաղում, քարերի տակ, փողոցը»: Չէ, որ չէ, նայել եմ՝ չկա: Մտածում եմ՝ ի՞նչ անեմ, էս երեխան տանջվում է, փնտրեցի, երկու նոր, ճռճռան ռուբլիանոցներ գտա, դրեցի խալաթիս գրպանը ու ասեցի՝ գնում եմ հիմա էլ ես փնտրեմ, Վազգեն ջան: Գնացի-հասա քարերի մոտ ու հետ եկա՝ «Վազգեն, արի, փողդ գտել եմ…»: Էդ ոնց ուրախացավ, աչքերը փայլեցին: Բոլորովին գլխի չընկավ՝ հավատաց: Երեկոյան հայրը եկավ՝ պատմեց՝ տարել եմ տղերքի հետ ծիրան եմ ծախել, երկու ռուբլի եմ վաստակել: Պարզ, միամիտ երեխա էր, շատ փոքր չէր, կարող էր գլխի ընկնել, բայց հավատաց, որ իր կորած փողը գտել-բերել եմ… Էդպես էլ մինչև վերջ մնաց հավատացող, շուտ համոզվող…

***

Սիրում էր ֆուտբոլը, մարզահագուստ չուներ: Յոթերորդ դասարանում հայրը ծննդյան օրը բավականին թանկ, կարմիր մարզահագուստ բերեց, բոթասներ, մեկ էլ՝ իսկական գնդակ: Էդ օրն իր համար աշխարհի ամենաերջանիկ օրն էր, ամբողջ օրը հագից չհանեց, գիշերը հագուստները դրեց բարձի կողքին ու քնեց: Գնդակն էլ, շորերն էլ, բոթասներն էլ: Զգայուն, հուզառատ երեխա էր, սիրում ու գնահատում էր ուշադրությունը, ինքն էլ սիրում էր նվերներ տալ ու ուրախացնել:

***

Վազգենս շատ ուշադիր էր տատիների-պապիների հանդեպ: Երկու կողմին էլ սիրում էր, հատկապես կապված էր մորական տատի՝ Ծովիկի ու հորական պապի հետ: Սկեսրայրս տարիքով մեծ էր, կյանքում շատ բան տեսած, գլխով շատ բան անցած մարդ էր, հետաքրքիր պատմություններ էր անում, Վազգենս էլ հարցեր էր տալիս, հետաքրքրվում էր: Թուրքերի նկատմամբ ատելությունը էդ պատմություններից սկսվեց, իր կարդացած գրքերից՝ 8-րդ դասարանում մեր դասականներին կարդացել-ավարտել էր, ռուսներին էր անցել: Մայրս էլ թուրքերին ատում էր, պատերազմի տարիներին որ երկիրը մաքրեցինք, Վազգենս ասեց. «Սոֆի, տատին ողջ լիներ, տեսներ՝ ոնց երկիրը մաքրեցինք»: Մայրս հիվանդ էր, այդ ժամանակ ինքը «Գարունում» էր աշխատում, ամեն օր աշխատանքից հետո գալիս էր տուն՝ տատին տեսնելու: Դեղեր էր առնում, բժիշկ էր բերում, մայրս կաթվածահար էր եղել, գնաց թթվածին գտավ-բերեց, մինչև հասավ՝ տեսավ արդեն մահացել է, լաց ենք լինում, դռան մոտից բարձը շպրտեց ու չոքեց տատի մահճակալի առաջ: Աղջիկ երեխան ըտենց լաց չէր լինի, ոնց Վազգենն էր տատի համար ողբում: Հետո ամեն անգամ տատիի տուն գնալիս՝ ասում էր՝ բացեք, սենյակը նայեմ, տատիս շունչը առնեմ:

***

Արդանիշում շատ զոհեր էին լինում, Վազգենը ջղայնանում էր, հրամանատարներն ասում էին՝ սնայպեր կա, սնայպերներն են խփում: Քրոջս տղան էլ էր Արդանիշում, նա էլ էր ասում, որ ռուս աղջիկներ էին, թուրքերի կողմից խփում էին: Վազգենը գնում է ստուգելու, բարձրանում է դիրքերի ամենաբարձր տեղը ու կանգնում: Սպասում է՝ չեն խփում, ասում է՝ բա ու՞ր են ձեր սնայպերները, ասում եք՝ կրակում են-կրակում են… Իսկ մերոնք ռացիայով լսում են, որ թուրքերն իրար հաղորդում են՝ բարձունքում Վազգենն է, հանկարծ չխփեք: Դրա համար էլ վստահ էր՝ մեկ-մեկ ասում էի՝ զգույշ եղիր, զրահաբաճկոնդ հագի, ծիծաղում էր, ասում էր՝ ի՞նչ ունեմ վախենալու, ես իմ երկրում եմ, ոչ մեկի հետ էլ թշնամի չեմ, որ վախենամ:

***

Արարատում մահացել էր Վազգենի քեռին, տիկին Գրետան հիվանդանոցում էր, «Նաիրի»-ում, վերակենդանացման բաժանմունքում, գնացի տեսության, մի քանի րոպեով ներս թողեցին, ինձ թվաց՝ քնած է, ուզում էի ծածկոցն ուղղել, ձեռքս բռնեց, ուրախացա, ուրեմն՝ գիտակցությունը վերականգնվել է: Նստեցի կողքը, սկսեցի շշուկով խոսել, ձեռքս սեղմում էր՝ խոսքերիս հետ, կարծես արձագանքում էր: Բուժքույրը եկավ, որ դուրս հրավիրի, ասացի՝ ձեռքս բռնել է, վախենում եմ՝ քաշեմ, արթնանա: Ասաց՝ լավ, մի քիչ էլ նստեք… Բայց՝ լուռ: Չկարողացա, շարունակեցի շշուկով պատմել, չեմ հիշում ինչ էի ասում, բայց իմ ասածից ես էի լաց լինում, իսկ նա սեղմում ու թուլացնում էր մատները խոսքերիս հետ: Իմ կյանքում դա ամենաբովանդակալից խոսակցությունն էր՝ մինչև եկավ բուժքույրը ու համարյա մեկ ժամ հետո ինձ դուրս հրավիրեց:



Հետո էլի եմ հիվանդանոց գնացել նրան տեսնելու (պարբերաբար՝ ստուգման ու վերականգնման կուրսեր էր անցնում), երբ հարցնում էի՝ ո՞նց եք, պատասխանում էր՝ Արամն է, էլի, հենց հիմա էլ կարող եմ տուն գնալ, ոչ մի անգամ ռիսկս չհերիքեց՝ հիշեցնելու այն օրը ու հարցնելու՝ լսու՞մ էր, թե ինչ էի ասում: Հետս մագնիսի գնդեր էի տարել՝ մատների մոտորիկան վերականգնելու համար, սկսեց խաղալ՝ երեխայի պես ուրախանալով՝ էս ի՞նչ լավ խաղալիք ես գտել… Էնքան վաղուց չեմ խաղացել…

***

Մի օր պատմեց ամենափոքր թոռան՝ Ծովինարի մասին, որ ծնվել էր հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ, Վազգենը չհասցրեց նրան տեսնել: Ասում էր, որ երեխային տուն էին բերել ու տանը սուգ էր, մի ամիս, երկու, երեք, վեց, յոթ… Ամեն օր լաց ու կոծ, երեխան լաց չէր լինում: «Մի օր ես ինձ ասացի՝ Գրետա, քեզ հավաքի, էս երեխան ինչո՞վ է մեղավոր, որ աչքերը բացել է ու քո լացուկոծն է տեսնում, հիմա մանկություն չպիտի՞ ունենա, ու էդ օրվանից սկսեցի գրկել-սիրել, «Հանիկ նանարը» երգել, Ծովինարս մեզ փրկեց, թե չէ գժվելու էի, իմ բոլոր թոռները շատ լավն են, սիրուն են, խելոք են, բայց Ծովինարս լույս էր, որ էդ օրերին մեզ բոլորիս իրականություն վերադարձրեց, կյանք տվեց: Պատկերացնում եմ՝ Վազգենս ոնց էր սիրելու Ծովինարիս»…

***

2018-ի մայիսի 19-ին Գրետա Սարգսյանը գնաց հանդիպելու Վազգենին: Մեկ տարի առաջ էի մորս կորցրել, նորից կորցրի: Հոգեհանգստին ու հուղարկավորությանը նայում էի խաղաղ դեմքին, այնքան խաղաղ, որ վստահ էի՝ արդեն գտել է Վազգենին, ու հիմա հաստատ պատմում են իրար ինչ կա-չկա երկրում ու այն աշխարհում: Իսկ ցավն ու կարոտը մնացել են այս աշխարհում, որտեղ այդպես էլ չհաշտվեցին մահն ու արդարությունը:

Կարդացեք նաեւ. Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին