Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս - Mediamax.am

Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս
3690 դիտում

Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս


Հեռվից հեռու գիտեի, որ Վազգեն Սարգսյանը աշխարհի չափ սիրում է մորը եւ նրա խոսքը իր համար օրենք է՝ մի անգամ ինքն էր ասել: Չգիտեմ լուրջ, թե կատակով հավելելով՝ «Մերս չտեսնի՝ ինչ եմ անում, սեւս կտա»: Ի՞նչ էր անում՝ անլվա խաղող էր ուտում: Ճանապարհին էին վաճառում: Ինքը վարչապետ էր, շրջում էր երկրում ու առիթը բաց չէր թողնում մարդկանց հետ շփվելու: Հիմա այդ ամենը թվում է… կինո: Բայց ես այդ կինոն տեսել եմ, ավելին՝ խաղացել եմ այդ կինոյում: Ու համոզված եմ՝ վերջին սերիան դեռ չի նկարվել:

***

Գրետա Սարգսյանին առաջին անգամ տեսել եմ Վազգեն Սարգսյանի հոգեհանգստի օրը: Ահավոր էր՝ Վազգենին մոտեցա, երկար կանգնել էի կողքին, իսկ Գրետա Սարգսյանին՝ վախեցա, չէի կարողանում նայել նրա աչքերին: Մարդիկ մոտենում էին, համբուրում էին, ձեռքն էին սեղմում, ծնկի էին գալիս նրա առաջ, ես՝ չկարողացա: Ականջներումս Վազգենի ձայնն էր՝ «Մերս չտեսնի՝ ինչ եմ անում, սեւս կտա»: Նա նստած էր կարմրած, բայց չոր աչքերով, ու ինձ թվում էր՝ հենց լաց եղավ, Արարատյան դաշտում նոր ջրհեղեղ է լինելու: Ձեռքերի մեջ թաշկինակը դողում էր, հայացքը բացակա, ինքը՝ ներկա: Ինչ-որ պահի մեր հայացքները իրար հանդիպեցին, ու ինձ թվաց՝ Վազգենին տեսա…

***

Հետո մի քանի անգամ նրան տեսել եմ Եռաբլուրում, բայց նորից փորձ չեմ արել մոտենալու, թեեւ արդեն ճանաչում էի Արամ Սարգսյանին ու կարող էի խնդրել, որ ծանոթացներ: Կամ՝ պարզապես մոտենայի ու կողքին կանգնեի, ոչինչ չասեի, կանգնեի կողքին: Չէր ստացվում, ինձ թվում էր՝ ցավը նրանից ալիք-ալիք տարածվում է, ու ես ուժ չունեի այդ ցավը հաղթահարելու: Առավելեւս՝ Եռաբլուրում, որտեղ ոչ ոք խոսելու իրավունք չունի…

***  

Հանդիպեցինք 2002-ի փետրվարին, Արարատում, հարցազրույց պիտի անեի: Սարսափելի չէի ուզում, ի՞նչ հարցնես մորը, որ զավակ է կորցրել: Դու ո՞վ ես, որ, լրագրողի անվան տակ, խցկվես նրա հոգու մեջ քո անկապ-անհեթեթ հարցերով…

Շատ էի նյարդային-ձգված-կաշկանդված, ինձ ընդունեցին սիրալիր, ջերմ ու սիրով: Այնքան սիրով, որ հինգ րոպե հետո արդեն թվում էր՝ այդ տանն եմ մեծացել, ու իմ մասին ամեն ինչ գիտեն: Նույնիսկ ավելին՝ քան ես: «Վազգենը՝ երկրի ու ժամանակի մեջ» վերնագրով հարցազրույցը տպագրվեց «Հայացք Երեւանից» ամսագրում (2002, թիվ 3), որ այդ ժամանակ խմբագրում էր Այդին Մորիկյանը:

***

Դիմացդ Արարատն է, թիկունքիդ՝ Արարատը: Ինքդ որոշիր՝ ինչպես ապրես:

Ապրեց 40 տարի: Ապրելու էր 83՝ Վանգայի սանուհին էր գուշակել՝ ապրելու էր երկար եւ կատարվելու էր Աստծո կամքը, որովհետեւ աշխարհ էր եկել մեծ առաքելությամբ: Կիսատված կյանքը կիսատեց առաքելությունը: Մնաց երկիրը: Մնաց հիշատակը՝ այդ երկրի բոլոր անկյուններում, որ հասցրել էր պաշտպանել, որովհետեւ նույնիսկ իր հայրենիքի մայրաքաղաքը սահմանամերձ էր, եւ հայրենիքի սահմանները չէին վերջանում այնտեղ, ուր սկսվում էին այլ պետությունները:



Գրետա Սարգսյանի հետ անհնար է հարցազրույց վարել: Ցավը նրա խոսքում հարցերի տեղ չի թողնում: Հարցերի կարիք էլ չկա: Կա Վազգեն Սարգսյանի ապրած կյանքը՝ մոր աչքերով:

…Վազգենն իմ առաջնեկն է: Սկեսուրիս տան առաջին թոռը: Ամենամեծ տղան պատերազմում զոհվել էր: Վազգենը կրում է զոհված հորեղբոր անունը: Մյուս տեգրս ամուսնացել էր, տաս տարուց ավելի երեխա չէին ունեցել: Առաջին թոռնիկը, իհարկե, մեծ ուրախություն էր բոլորի համար: Ճիշտն ասած՝ Զավենն ուզում էր երեխային եղբորը տալ, ասաց. «Կառլեն ջան, էդ երեխան քեզ, եթե ուզում ես»: Տեգորս կինը կանխեց. «Չէ, ձեր առաջին երեխան է, թող մնա ձեզ: Աստված մեզ երեխա կտա-կտա, չի տա, հետո կվերցնենք»: Հետո Արմենիս նրանց տվեցինք: Մի բակում են մեծացել: Փարթամ երեխա էր Վազգենս: Փոքր ժամանակից՝ չարաճճի: Յոթ ամիս լացը չէր կտրվում՝ կապել չէր թողնում: Յոթ ամիս: Չէր հանգստանում՝ մինչեւ չէինք դնում ծածկոցի մեջ ու հոր հետ տանում-բերում էինք: Մի տարի, 8 ամիս կրծքով կերակրել եմ: Վեց ամսական՝ 11 կիլոգրամ էր: Սկեսուրս չէր կարողանում գրկել, մեջքը ցավում էր: Մեկ տարեկան էր, պիտի կնքեինք (էն ժամանակ տանն էին կնքում, եկեղեցի տանել չկար), տերտերը մտցրեց ջուրը, մի քիչ պահեց ու ինձ թե. «Փռնե, աղջիկս, փռնե, չեմ կրնար պահիլ, մանչը ծանր է»:

Երկու-երեք տարեկանից շատ խելացի, ուշիմ երեխա էր: Անպայման ուզում էր, որ իրենով զբաղվեմ, նկարում էր ծաղիկ, ձուկ, տնակ, ասում էր՝ ձեռքս բռնիր, միասին նկարենք: Չորս տարեկան էր՝ սկսեց ինքնուրույն նկարել: Հեքիաթներ պիտի կարդայի իր համար: Անպայման պիտի «Հանիկ նանարը» երգեի, որ քներ: Որ ուրիշ երգ երգեի, բողոքում էր: 1999-ի հունվարին տանն էր, հարցրեց. «Սոֆի, թոռներիդ «Հանիկ նանարո՞վ» ես քնացնում»: Ասի՝ «Բա ո՞նց, Վազգեն ջան»:

…Պարը սիրեց: Թռչում էր սեղանին՝ ծափ տվեք, որ պարեմ, ու ինքն էլ երգում էր. «Լինտա-լինտա-լինտա…»: «Վլագի, որ պարեմ, վլագի, որ պարեմ»՝ չէր կարողանում ասել՝ նվագի: Հանկարծ ու մեկը ծափ չտար՝ նեղանում էր, ծափ տուր: Հայրս իր համար պարի չուվաքիներ կարեց, շալվար, փայտիկն ուսին չոբանի էր պարում: Եղբայրս պարի խմբից քոլոզ բերեց: Երգ-երաժշտությունը մանկուց շատ սիրեց: Տանն էլ մայրս, եղբայրս, ես լավ երգում էինք: Եթե պատերազմ չլիներ, իմ մայրը ժողովրդական արտիստուհի կդառնար, Մոսկվայից եկել-հավանել էին: Վազգենն ասում էր՝ «Տատիս տաղանդը կորավ՝ ծաղիկը փոշու մեջ»: Ամեն ինչով հետաքրքրվում էր: 8-9 տարեկան էր, տանը գաջ էինք անում, տեսնեմ՝ Վազգենը չկա, թաց գաջը հավաքել-տարել, Կոմիտաս էր քանդակել: Լավ էլ նման էր: Մինչեւ վերջերս մեր դպրոցի տնօրենի սենյակում էին քանդակները: Նկարելը դպրոցում շարունակեց: Հինգերորդ դասարանում դպրոցի ամբողջ պատով մեկ իր ջրանկարի ցուցահանդեսը բացվեց: Գեղեցիկ նկարներ էին: Բնություն: Դաշտավայր: Հենց նստեր՝ Մասիս էր նկարում: Ծոցատետրերում ամբողջ Մասիսի պատկերներ են:

«Ծիծեռնակ» ամսագիր կար երեխաների համար, իր աշխատանքները ուղարկեցի, ոչ մի պատասխան չեղավ, ընդունեցին-չընդունեցին, հավանեցին-չհավանեցին: Սպասում էր, շատ հիասթափվեց: Հիշողությանս մեջ մնացել է՝ նկարել էր մի տատիկ, որ տան շեմին նստած, տխուր-տրտում սպասում է որդուն: Էդ տարիներին պատերազմական թեմաները շատ էին շոշափվում: Երրորդ դասարանում սկսեց փոքր-մոքր բանաստեղծություններ գրել:

Դպրոցում շատ պարտաճանաչ էր, շատ պատասխանատու էր բոլոր առարկաների նկատմամբ: Տարբերություն չէր դնում, գերազանց սովորում էր: Դասից կգար, հաց կուտեր, մի քիչ էս կողմ-էն կողմ ու կնստեր դասերին: Մինչեւ չսովորեր, տանից դուրս չէր գալիս: Բոլոր երեք երեխաներս էլ էդպես են եղել: Լավ էր սովորում: 9-10-րդ դասարաններում շարադրություններ էր գրում, ուսուցչուհին հիացմունքը չէր կարողանում զսպել, «6» էր դնում: Գոնե տետրերից մի քանիսը պահած լինեի: Ինձ դպրոցում տեսնում էր՝ ասում. «Ես մի շաբաթ տանը նստեմ-չարչարվեմ, չեմ կարողանա գրել, քո տղան որտեղի՞ց է գրում»: Եթե հիմա սեւագրությունները վերցնես-նայես, մի ուղղագրական սխալ չես գտնի: Հինգերորդ դասարանում ուսուցչուհին փոխվեց, Մարուսյա Կարապետյանը վերցրեց Վազգենենց դասարանը: Իմ ուսուցչուհին էր եղել, հարցրի՝ «Ընկեր Կարապետյան, Վազգենը ո՞նց գիտի առարկան»: Ասաց՝ «Լավ գիտի, Գրետա, բայց «5» չեմ դնելու, էնքան՝ մինչեւ շատ լավ իմանա»: Լավ չարչարվեց, մի օր էլ Վազգենս եկավ ուրախ-ուրախ՝ «Մամա, ընկեր Կարապետյանը ինձ «5» դրեց, հետն էլ ասաց՝ ապրես»: Ինձ ասում էր՝ մեր դպրոցից գնա, ինչքան լավ սովորում եմ, էրեխեքն ասում են՝ դասատուի տղա ես, քեզ «5» են դնում: Ասում էի՝ արի քեզ տեղափոխեմ Արարատ քաղաքի դպրոց: Ասում էր՝ չէ, ես իմ ընկերներից չեմ բաժանվի: Քննությունների օրերին ասում էր՝ դպրոցում երեւացիր, քննության չեմ մտնի: Դպրոց չգաս: 10-րդ դասարանում հատկապես դպրոցում չեմ երեւացել: 9-րդ դասարանում քիմիայից ընդամենը մի քառորդ «4» ստացավ: Քիմիայի լաբորատորիայի սեղանին ցմփոր մարդ էր նկարած եղել, դե, օրական քանի՞ դասարան է լաբորատորիայում դաս անում, ուսուցչուհին կանգնել էր գլխին, թե Վազգենն իր պապին է նկարել, ինքն էլ խոլոր-մոլոր նայել էր. «Մամա, որ էդ րոպեին չմտածեի, թե քեզ դիրեկտորի մոտ կկանչեն, պիտի ասեի՝ քեզ եմ նկարել, թող դպրոցից հեռացնեին»: Ուսուցչուհին քառորդը «4» դրեց, երեխան մեդալից ընկավ: Էդքան տարի երեխաներս դպրոցում սովորել են, ոչ մեկի համար ոչինչ չեմ խնդրել:



Դպրոցն ավարտեց: Տեսանք՝ որ էդքան լավ է սովորում, դպրոցի պատմության ուսուցչին, որ հիմա տնօրենն է՝ Թաթոսյան Վազգենը, խնդրեցի, որ հետը մի քիչ պարապի: Էն ժամանակ փող տալ-բան չկար, հարգանք-պատիվ կար, ուսուցիչն ինքն էր ձգտում աշակերտի հետ պարապել, պատիվ էր, որ աշակերտն ընդունվում էր ինստիտուտ: Վազգենս մի ամիս գնաց, դասատուն ասաց՝ ամեն ինչ գիտի:

Դպրոցում շատ էր կարդում՝ հայ, ռուս, արտասահմանյան գրականություն: Պատմությունը շատ էր սիրում: Փոքր ժամանակից ասում էին՝ ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ Գոգինյան ձյաձյա: Գոգինյանը տեգորս հետ պատերազմում կռված մարդ էր: Տեգրս նրա կյանքը փրկել էր ու պատերազմից հետո եկել, մեզ գտել էր: Մինչեւ հիմա էլ կապված ենք: Գոգինյան ձյաձյան դատավոր էր: Վազգենը դպրոցը որ ավարտեց, ուզում էր իրավաբանական տալ, բայց մենք… սովորական ապրող մարդիկ էինք: Զավենն ինժեներ-մեխանիկ էր, ես էլ՝ մանկավարժ: Ասացի. «Վազգեն ջան, գործերդ տանե՞նք համալսարանի պատմական ֆակուլտետը»: Ասաց՝ տանենք: Գործերը տվեցինք, եկանք, մեկ էլ իմանում ենք՝ հուլիսի 30-ին քրոջս հետ հետ գնացել են, գործերը վերցրել, տարել են ֆիզկուլտ ինստիտուտի ֆուտբոլի բաժինը: Չորրորդ դասարանից ֆուտբոլի գնաց՝ վատ էր ուտում, Զավենն անհանգստանում էր, թե չուտելով՝ հիվանդանալու է, տարավ Արարատի սպորտդպրոց: Զավենը ֆուտբոլ շատ էր սիրում, «Արարատի» բոլոր խաղերին գնում էր, Վազգենին էլ հետը տանում էր: 8-9-րդ դասարանից հայերեն, ռուսերեն, լեհերեն, ֆրանսերեն թերթերից, ամսագրերից ֆուտբոլի մասին ինչ կար, կտրում էր, պահում էր, կողքերը գրում էր՝ ով ով է, ինչ է արել: Որ գործերը տվել է ֆիզկուլտ ինստիտուտ, ընդունողը հարցրել էր. «Տղա ջան, դու լա՞վ ես մտածել, էս գնահատականներով գալիս ես ֆիզկուլտ ինստիտու՞տ»: Ինքն էլ թե՝ հա-հա, լավ եմ մտածել: Առաջին քննությունը շարադրություն էր, էդ օրը միակ «5» ստացողն ինքն էր եղել: Պռոշյանի «Հացի խնդիրն» էր գրել: Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը արխիվից հանեց, շարադրությունը ուղարկեց, հիմա թանգարանում է: Ինստիտուտում էլ շատ լավ սովորեց: Կարմիր դիպլոմով ավարտեց:

Շրջապատում միշտ հաշտեցնողի դերում էր, կռվարար չէր, բայց Աստված մի արասցե, որեւէ մեկն իրեն վիրավորեր՝ պիտի ծեծեր: Մեծ էր, փոքր էր, թույլ էր, ուժեղ էր՝ ծեծելու էր: Երբեք առաջինը կռիվ չէր սկսի: Ընկերները սիրում էին, խոսքը հաշվի էին առնում, կարծիքը հարցնում էին: Շատ հետաքրքրասեր էր՝ էդ ի՞նչ է, ինչի՞ է էդպես, էդ ո՞նց եղավ, էս ո՞նց եղավ… Մեր խաղերը, երգերը, պարերը ամեն ինչ պիտի հարցներ, իմանար, սովորեր: Ակորդեոն նվագել սովորեց, հետո՝ կիթառ: Հավաքում էր թաղի երեխաներին, երգում, պարում էին: Մագնիսական լիցքեր ուներ՝ քաշում էր, ամեն ինչի կենտրոն էր: 8-րդ դասարանում էր, մի օր առավոտից ֆուտբոլ էր խաղում, Զավենը ջղայնացավ՝ «Այ տղա, դասերդ սովորե՞լ ես, որ գնդակ ես տշում»:
Վիրավորվեց, գնաց իր սենյակ, աչքերը լցրեց՝ ինչի՞ եք ինձ դիտողություն անում, ես մի օր եղե՞լ է, որ դասերս չեմ սովորել:

Մինչեւ 9-րդ դասարան մեծերի հետ սեղան չի նստել: Հյուր կգնայինք, չէր գա: Միաժամանակ կարողանում էր կարդալ-գրել, հեռուստացույց նայել: Աշխատասեր էր: Պատասխանատու: Ասեց, ուրեմն պիտի աներ: Հետագայում ասում էր, որ դու դպրոցում չլինեիր, բոլոր առարկաները լավ չէի սովորի, ինչի՞ս էր պետք: Էն ժամանակվա դպրոցը բազմակողմանի զարգացած մարդիկ էր տալիս, ամեն ինչից գաղափար ունեինք: Դպրոցի սովորած անգլերենով հետո արտասահմանցիների հետ էր հաղորդակցվում:

Ինստիտուտը ավարտեց 1979-ին, նշանակում ստացավ մեր գյուղում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մանկավարժ աշխատեց մի քանի տարի: Միաժամանակ՝ Արարատի սպորտդպրոցում ֆուտբոլի խումբ էր մարզում: Արարատի ցեմենտ-շիֆերի գործարանում ընդունվեց որպես բանվոր, վագոնները շիֆեր էր բարձում: 7 ամիս աշխատեց: Ամեն շիֆերը 14 կիլոգրամանոց, միանգամից 5-6-ը վերցնում էին: Մատները փուչիկ էին տվել: Հայրը մի օր ջղայնացավ՝ ի՞նչդ է պակաս, որ ինստիտուտն ավարտել, բանվորություն ես անում: Մի ժամանակ էլ եղբորս հետ բրիգադում դաշտային աշխատանքների էր գնում: Արամիս հետ: Էնքան էին ուրախանում, գալիս-պատմում էին՝ ինչ արեցին, ոնց արեցին: Կոմբինատում առաջարկեցին կոմերիտմիության ազատված քարտուղարի հաստիքը, որ վճարովի էր: Սկզբում չէր ուզում, գլխավոր ինժեները մեր հարեւանն էր՝ համոզեց, տարավ: 1-2 տարի աշխատեց: Լավ-լավ գործեր արեց, վետերանների համար միջոցառումներ, ղռերում՝ ծառատունկ կազմակերպեց, քանի հազար ընկուզենի բերեցին-տնկեցին, բայց շոգ-ցամաք տեղ էր՝ արեւը վառեց:



Ինքն իրեն չէր գտնում: Ինչ-որ բան պակասում էր: Աշխատանք ուներ, տուն ուներ, ամեն ինչ ուներ, բայց… Կպավ, թե գնում եմ Մոսկվա, ՎԳԻԿ, ռեժիսոր դառնամ: Ախր, այ Վազգեն ջան, Մոսկվայում ո՞վ ունենք, ի՞նչ ունենք… Չէ, գնամ, փորձեմ, Աղուն ջան: Էդ ժամանակից տարված էր Հրանտ Մաթեւոսյանով ու ինձ Աղուն էր ասում: Ռուս գրականություն էր շատ կարդում՝ Շուկշին, Բելով, Ռասպուտին, Աստաֆեւ, Կուպրին, ռուսերեն էր կարդում: Իրենից հետո ես էլ էի կարդում: Մարկեսով էլ էր շատ տարված: Գնաց «Հայֆիլմ», ընդունվեց ռեժիսոր Լեւոն Գրիգորյանի ֆիլմում ասիստենտ՝ «Էդելվեյսներ եւ ձնծաղիկներ» էր ֆիլմի անունը: Արարատ քաղաքից մի գյուղացի էլ տարավ՝ Ալեքսեյին, անունն էլ դրին դեդո, բեղով-մորուքով, մի իսկական գյուղացի: Էլբրուս-Կազբեկ հասան, մի քանի ամիս նկարահանումների էր, վրանների տակ էին ապրում, ինքն էլ նկարահանվեց: Մինչեւ այդ՝ ամեն ազգի ներկայացուցիչ ՎԳԻԿ-ում իր լեզվով էր շարադրություն գրում, Վազգենիս գնացած տարին կարգը փոխել էին՝ պիտի ռուսերեն գրեր: Նստում է, հայերեն գրում է, հետո բառարան է խնդրում ու թարգմանում է: Ճիշտ է, ռուսերեն գիտեր, բայց ոչ այնքան, որ ՎԳԻԿ-ում շարադրությունից «5» ստանար: «3» ստացավ: Բանավորը շատ լավ էր հանձնել, հիացած էին մնացել, բայց միավորները քիչ էին: Մտնում է ինստիտուտի ռեկտորի մոտ, բացատրում, որ Հայաստանից է եկել, շատ է ուզում ռեժիսոր դառնալ, անպայման կսովորի, կհաղթահարի: Էդ կնոջը շատ է դուր գալիս, բայց ասում է՝ ոչինչ անել չեմ կարող, դուք մենակ չեք, որ ձեզ բացառություն անենք, մյուսներին էլ պիտի ընդունենք: Վազգենը փոշմանած վերադարձավ: 10 օր չանցած՝ հեռագիր եկավ, թե դուք ընդունված եք: Ի՛նչ ուրախություն էր: Գժվեց: Փող գտանք, տոմսերն առանք, ուղարկեցինք, ինստիտուտի ռեկտորը թե՝ իմ խղճի վրա ծանր նստեց, բայց սցենարի բաժնին են համապատասխանում միավորները: Իսկ ինքը սցենարի բաժինը բոլորովին չէր ուզում, թողեց, ետ եկավ…

Տեսնում եմ՝ մեկ-մեկ անջատվում է, ճոճաթոռը դնում է բակում, ծառերի տակ, պառկում է խոտերին, մտքերի մեջ ընկնում: Հետո տեսա՝ գրում է: Մի օր էլ տանը չէր, գրածը վերցրի, կարդացի: Պատմվածք էր: Եկավ, ասի՝ «Վազգեն ջան, էս ի՞նչ ես անում, տղա ջան»: «Գրում եմ, մամա»: «Ո՞նց ես գրում»: «Դե ուղեղս գալիս է, գրում եմ»: Էդպես սկսեց գրել: Առաջին անգամ «Հայաստանի աշխատավորուհին» տպագրեց, հետո՝ «Գրական թերթը», «Ավանգարդը»: Էդ տարիներին բավականին դժվար էր գրական ասպարեզ մտնել, անմիջապես տպագրվելը: Բայց ոչ ծանոթ, ոչ մարդ մեջ գցել, տալիս էր, տպագրում էին: Իր շուրջը երիտասարդ գրողների խումբ հավաքվեց, ու Վազգենն սկսեց գրել: Էդ ժամանակ էր, երկու ընկերով գնացին Մեղրի: Երեք օր նոթերը կիտած էր: Մռայլված: «Պատկերացնու՞մ ես, մամ, հրաշք երկիր է: Ուր գնում ես, թուրքեր են, հայ չի մնացել, էս ի՞նչ ենք անում: Մերոնք դուրս գան, տանք թուրքերի՞ն»: Ու գրեց իր հրապարակախոսական ակնարկը Մեղրիի մասին, հետո՝ Արարատի ցեմենտի, որ «Գարունում» տպագրվեց: Կանչեցին «Գարունում» աշխատելու: Արձակի բաժնի վարիչ նշանակեցին: Հետը լիքը գործեր էր բերում տուն՝ կարդալու: Ես էլ էի կարդում ու մի օր էլ ասացի՝ էդ բաժինը թող, էնքան ուրիշներինը կկարդաս, քո ոճը կկորցնես: Հետո Մարգո Ղուկասյանը ինքը հրապարակախոսական բաժինը թողեց Վազգենին: 1986-ին լույս տեսավ առաջին գիրքը՝ «Ոգու փորձությունը»: Երկրորդ ժողովածուն կապած-պատրաստ էր տպագրության 1988-ին, 1989-ին պիտի լույս տեսներ:

Շարժումը սկսվեց: «Գարունում» արդեն ծանոթացել էր Վանո Սիրադեղյանին, Ռոլանդ Շառոյանին, Ղուկաս Սիրունյանին, Հակոբ Մովսեսին, Հրաչիկ Թամրազյանին, Լիզա Ճաղարյանին, Ասպրամ Ծառուկյանին: Բերում էր՝ Վանոյի գրածներն էլ էր կարդում, Ասպրամինն էլ, Մուղնեցյան Շավարշինը, հետո՝ Վահագնինը: Բոլորին բերել է մեր տուն: Առաջին պատմվածքը որ լույս տեսավ, բոլորով եկան՝ նշելու: 100 ռուբլի հոնորար էր ստացել, նոփ-նոր կարմիր տասանոցներ, ասեցի՝ պիտի պահեմ հարսանիքիդ:

Շարժումը որ սկսվեց, ամբողջ օրը Վանոյի հետ էր, էլի տղաների հետ հավաքվում էին մեր տանը: Մի սենյակ էր սարքել, սվաղել էր մառանը, թախտ էր դրել, դարակ էր սարքել, կարպետ էր բերել, կուժ-կուլա հավաքել: Թեյնիկ բերեց մորս տնից: Էդ օրերին հավաքվում էին էդ խցում Լեւոնը, Բաբկենը, Վանոն: Ամբողջ գիշերներով խոսում էին, խոսում, խոսում…Կամաց-կամաց սկսեցին շրջանի տղաները գալ, հավաքեց ամբողջ շրջանի տղաներին: Շարժման մեջ Վանոն ներքաշեց: Իրար հետ շատ մոտ էին: Էդպես էլ շարունակվեց մինչեւ վերջ՝ անկախ ամեն ինչից: Գնում էր, գալիս էր ոգեւորված՝ Լեւոնն էս ասեց, Վանոն էն ասեց, էսենց պիտի լինի, ընենց պիտի լինի: Մինչեւ գիշերվա 4-5-ը նստում էի, որ գար՝ իմանամ՝ ինչ եղավ, «Ղարաբաղ» կոմիտեն ի՞նչ որոշեց: Շարժման սկզբից իրենց հետ էր, բայց կոմիտեի անդամ չէր: Ելույթներ չէր ունենում, հարթակին չէր կանգնում: Մի երկու անգամ եկան, տարան հարցաքննության՝ էդ ո՞վ էր, էդ Լեհաստանից եկած աղջիկն ինչի՞ համար էր եկել: Դռանը կանգնած մեքենաների համարներն էին գրում, ուղարկում ԿԳԲ: Վազգենն արդեն հետդարձ չուներ: Հերը մի օր ասաց՝ «Էրեխուն բան եղավ, քեզ կգյուլլեմ, էս պետության հետ խաղ չեն անի…»: Ասացի՝ մեր երեխայի արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի: Թուրքը գալիս է, իմ երեխան ո՞նց չգնա, պետք եղավ՝ ես էլ, դու էլ գնալու ենք: Արդեն սկսել էին երկրապահ խմբեր ստեղծել: Մեր գյուղում փողոցների գլխներին գիշերները կրակները վառած՝ տղամարդիկ կանգնած էին, վախենում էինք, որ թուրքերը կհարձակվեն: Վազգենը Երասխում շտաբ էր դրել, հերթապահություն էր սահմանել:




Էդ օրը գիշերը Արամս հերթապահ էր, ժամը 11-ին եկավ, պառկեց քնելու, 4-ին զանգեցին, թե Երասխում կռիվ է սկսվել, ասացի՝ չի կարող պատահել, Արամը նոր եկավ: Զանգեցի տղաներին, ասացին՝ 4-5 հոգի ենք, զենք էլ չունենք, սնայպերները խփում են: Զանգեցի Ավշար, Վեդի, ուր կարող էի, թե կռիվը սկսվել է, հասեք: Արամս էլ քնած, չգիտեմ՝ երեխին քնից հանեմ, կռիվ ուղարկե՞մ: Բա չհանե՞մ, ուրիշների երեխեքին հանեմ, իմին թողնեմ քնա՞ծ: Վերկացրի: Արդուկի շորը հանեցի, տեգորս որսորդական հրացանը փաթաթեցի մեջը, որ չտեսնեն, հայրը Արամին տարավ-հասցրեց Արարատ, նստեցրեց ավտոբուս, որ հասնի Երասխ: Զավենը երեք օր պառկեց՝ անուտել-անխմել, թե իմ ձեռով իմ երեխին կռիվ տարա: Արմենն էլ արդեն գնացել էր: Ժամը 6-ին Վազգենը մտավ տուն: «Վայ, Վազգեն ջան, կռիվը սկսվել է, ու՞ր ես»: Ասաց՝ գիտեմ, գնում եմ: Շուտ-շուտ շորերը փոխեց, տեգորս կնոջ եղբոր հետ նստեց ավտոն, որ գնա: Խոհանոցից միս կտրելու չափաղաջը վերցրի ու վազեցի, որ ես էլ նստեմ: Ջղայնացավ՝ «Դու ի՞նչ գործ ունես, կռվի տեղը կնանիքի տեղ չի»: Ասեցի՝ երեք ախպեր էնտեղ եք, մնամ, ի՞նչ անեմ: 18 օր Վազգենը տուն չեկավ, եղբայրներս գնում էին, պտտվում էին, գալիս էին: Էդ ոգեւորությունը տեսնել էր պետք, Սուրենավանի մոտ, Երասխ չհասած՝ ավտո էր, որ գալիս էր, կռիվ էին գնում, բայց զենք չկար: Ստիպված Վազգենը շլագբաում էր դրել, նշանաբան էր դրել ընկերոջ՝ Աբրիկի անունով՝ Քեռի, որ չիմացողերը չանցնեն: Ասում էր՝ գալիս եք նահատա՞կ դառնաք, զենք չունեք:

Մեր ամբողջ գյուղի ժողովուրդը հաց էր թխում, ոչխար էր մորթում, որ տղերքին հասցնի: Շրջակա բոլոր գյուղերը, ոչ միայն մենք: Տաք շորեր էինք ուղարկում: Բրդե թաթեր: Հունվարն էր: Ձյուն էր: Ցուրտ: Էդ թաթերը կոշիկների վրա էին քաշում, որ սոթ չտան ձյան վրա: Էնքան էին փորի վրա պառկել, փորացավ էին կպել: Մի օր էլ տեսնում եմ՝ Վազգենը տանկի պոչին նստած գնում է Սադարակ բանակցությունների: Սիրտս պայթեց: Էդ մի տանկն ունեինք, էդ էլ կարծեմ Աշտարակից էին բռնագրավել-բերել: Մինչեւ գնաց-եկավ, մեռա-մնացի: 18-րդ օրը Վազգենս զանգեց՝ «Սոֆի՞ ջան, ոնց ես…»: Էդ ժամանակ տղերքը Վազգենին արդեն հրամանատար էին ընտրել, ինքն էր ղեկավարում ամեն ինչը: «Ղարաբաղ» կոմիտեի տղաները գալիս էին, Վանոն էր անընդհատ էստեղ, Բաբիկն էր գալիս, Լեւոնը… Էդ օրերի նկարներն էլ կան թանգարանում: Հետո դարձավ երկրապահների հրամանատար: Արցախի պատերազմը որ սկսվեց, առաջիններից մեկը գնաց Արարատի ջոկատի հետ: Բոլորն էլ գնացին: Ոչ մեկը չէր փախչում, ոչ մեկը չէր դժգոհում, էնպիսի մի ոգի կար, մեր արիական ոգին իսկապես արթնացել էր: Գրագետ-անգրագետ, ուսում առած-չառած՝ մի մարդու պես գնում էին՝ մենակ թե զենք տվեք: Գնացին, կռվեցին, հաղթեցին: Թե Վազգենս ինչ չարչարանք կրեց, Աստված գիտի միայն, ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական՝ էդ կռիվները, ընկերների զոհվելը: Էդքանից հետո էլ խորհրդարանում կուսակցությունների կռիվը՝ ԱԺՄ, ԱԻՄ, իրենց անշնորհք ղեկավարներով, որ ավել-պակաս խոսում էին, զորքերի թիվ էին ասում… Ես հիմա եմ պատկերացնում՝ ի՛նչ կամք ուներ, որ էդ հոգեկան ապրումներին ու այլանդակ խոսակցություններին դիմացավ: Լավ էր, հետո հաղթանակներ եղան:

Փող էինք հավաքում՝ երեքնոց, հինգանոց, տանում, զենք էինք առնում, բյուջեն ի՞նչ ուներ, որ զենք առներ: Ապրի Գրաչովը, ինչքան օգտակար եղավ էս ազգին: Էդ հարցերում ինչքա՛ն օգնեց Վաղարշակ Հարությունյանը: Մոսկվայի հետ կապված ինչքան հարցեր լուծեց բանակցություններում: Վաղարշակը պատերազմի սկզբից մեզ հետ էր: Վազգենը պաշտպանության նախարար դարձրեց, նորաթուխներից ոմանք բողոքել էին՝ նա ի՞նչ գեներալ է: Վաղարշակը գեներալ չէր ու գեներալն իրենք էին:

…Տղաները միաձայն որոշեցին՝ էլ ո՞վ պիտի դառնա պաշտպանության նախարար, եթե ոչ դու: Դու պիտի լինես, ամբողջ կռվի սկզբից դու ես եղել: ՀԱԲ-ի դեպքերն էլ էնպես միանգամից եղան: Էն ժամանակ մտածում էինք, որ Հայոց ազգային բանակ է, ժողովրդի համար է: Մեջներն ազնվագույն մարդիկ կային, որ իրոք ազգի համար էին կռվում, բայց տղաներ էլ կային, որ երկրի ներսում սկսեցին թալանով զբաղվել ու շատ անշնորհք բաներ արեցին: Հենց այն օրը, որ Վիտյան ու Գեղազնիկը՝ Չավուշը, զոհվեցին, Վազգենը կսկիծից մղկտում էր՝ բա մեր երկրում, մեր հայրենիքում մեր գնդակից մեր զինվորները զոհվե՞ն… Ոչ կարգ էին իմանում, ոչ կանոն: Խորհրդարանում էլ ասեց՝ հարցը պիտի կարգավորել, զենք է ընկել նաեւ թափթփուկների ձեռքը, չի բացառվում, որ մի օր էլ խորհրդարան մտնեն ու… Ելույթը կա: Մտան էլի… Իր նպատակը անպայման բանակ ունենալն էր, ինչ գնով էլ լինի: Առաջին գնդերը մայիսի 28-ին հրապարակով եկան-անցան, հանգուցյալ Վազգեն կաթողիկոսն էլ ներկա էր: Ուրախությունից լաց էինք լինում՝ մեր բանակն էր, ընդամենը հինգ ջոկատ էր, բայց ՀԱՅՈՑ բանակի: Հենց հրապարակից ուղիղ Արցախ էին շարժվում: Գիտես՝ ի՛նչ օրեր էին:   

Մահապարտների գունդը հավաքագրելու ժամանակ ես տանը չէի, Դիլիջանում էի՝ մորաքրոջս տանը, հեռուստացույցը միացնում եմ՝ Վազգենն է խոսում, էդ օրը անընդհատ էդ խոսքը կրկնեցին: Ես ու մորաքույրս վախից դողում էինք: Ուզեցի գիշերը զանգեմ՝ ասեմ. «Էս ի՞նչ ես անում, տղա ջան», բայց ռիսկ չարեցի, ուրեմն պետք է, որ հավաքում է: Ոչ մի անգամ, ոչ մի բառ չասացի՝ թե էդ ի՞նչ ռիսկ ես անում: Երբ կտրուկ որոշումներ էր կայացնում ու կտրուկ քայլերի էր գնում, միշտ հաղթող էր դուրս գալիս: Ու չէր սխալվում: 500 հոգի հավաքեց: Էն ժամանակ գոնե 3 միլիոն էինք, 500 չէ, 5000 պիտի հավաքվեինք, բայց 500-ը եկան: Ինքը ընտրեց 386-ին: Ովքեր 2-3 երեխաներ ունեին, վերադարձրեց, չտարավ, որ իրենց ընտանիքներին տեր կանգնեն: Գնացին, կռվեցին, հաղթեցին, եւ դա կտրուկ փոխեց պատերազմի ընթացքը: Ի՞նչ էր պատահել, մենք էլի մենք էինք, թշնամին էլ նույն թշնամին էր, ուղղակի կուսակցությունները պառակտել էին կռվողներին, հատկապես դաշնակցությունը: Պետք էր, որ նորից համախմբվեին ու համախմբվեցին: Գնացին ու հրաշքներ գործեցին: Տղաներն էլ ոգեւորվեցին, տեսան, որ իսկապես մենք ուժ ենք, եթե ուզենք, կարողանում ենք հաղթել ու հաղթեցինք: Փառք Աստծո:

Շուշիին երկար պատրաստվեցին: Ինքն անընդհատ կապի մեջ էր Դալիբալթայանի, Կոմանդոսի հետ: Մի օր գնացի իր մոտ էդ օրերին: Տղաներն օպերացիան Վազգենի պատվին անվանել էին «Հարսանիք», որ Շուշին ազատագրելուց հետո ամուսնանա: Քեռին՝ Սենիկը, պատմում էր, որ 4 օր շարունակ հաց էլ չի կերել, քարտեզների վրա պառկած՝ ռացիայով ամեն ինչ ղեկավարել է: Այսօր Շուշիի մասին ֆիլմ են նկարում ու Վազգենի անունը չեն էլ տալիս: Ոչինչ, ում արձանը Շուշիի կենտրոնում է դրված, նա էլ Շուշին գրավել է, թող անունը չտան: Շուշիի գրավման օրը շատ ուրախ էր: Շուշիի ազատագրման հնգամյակին գնացինք Ղարաբաղ, հիվանդ էի, բայց հետը գնացի: Ինքը առջեւից էր գնում, ես՝ հետեւից՝ Մոսոն էր մեքենան վարում: Մինչեւ 12 կիլոմետր ճանապարհը շատ լավ էր, հետո շինարարություն էր, փոշու մեջ կորել էինք: Հասանք Լաչին, հրաշք՝ անտառների մեջ, կանաչ-սիրուն, մայիս ամիս, բայց Լաչին չկա, ավերակներ, դուռ-պատուհան չկա, մենակ պատեր են: Գնացինք, հասանք Ղարաբաղ, էնպես արեց, որ Ղարաբաղի ներկայացուցիչները չիմացան, որ ես իր հետ գնացել եմ: Մոսոն ինձ տարավ Գրիշայենց տուն, էնտեղ մնացի: Գիշերը քնեցի, առավոտյան գնացինք շքերթին: Վազգենս ասաց՝ եւս 5 տարի, 50 տարի, 500 տարի, 5000 տարի Շուշին մերն է լինելու, իսկ հիմա ուզում են թուրքերին վերադարձնեն…

Բա էդքան արյունը, էդքան զոհերն ինչի՞ համար էին:

Արցախի ժողովուրդն իրեն շատ է սիրում: Երբ ես Արցախ եմ գնում, ամեն մեկն ուզում է գալ, փարվել, համբուրել ինձ: Ասում են. «Դու լաց մի լինի, նա մեր բալան ա, ինքը որ չէր ըլի, մենք հիմա չկայինք»: Արցախի քաղաքային գնդում առաջինը դրեցին Վազգենի կիսանդրին, Շուշիում իր անունով փողոց կա, Ստեփանակերտում մի լայնահուն պողոտա կա իր անունով: Մարդիկ հասկանում են՝ Վազգենն ո՞վ է, Վազգենն ի՞նչ արեց:  

…Վարչապետ չէր ուզում դառնալ: Ընտրարշավից որ տուն էր գալիս, սեւացած էր լինում: Հոգնածը՝ հոգնած, բայց որ տեսնում էր ժողովրդի վիճակը, շատ վատ էր տանում: Հատկապես լեռնային շրջաններից սեւակնած էր գալիս, բերանը չէր բացվում, որ խոսի: Ձայն չէի հանում, մենակ հարցնում էի՝ հաց ուտու՞մ ես, Վազգեն ջան: Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին